Արամ Աբրահամյան. «Ուզում եմ, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ տեսնի, շփվի այս գեղեցկության հետ»

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցավ Արամ Աբրահամյանի հավաքածուի գոհարները մեկտեղող ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Տարին հոբելյանական է․ լրանում է ականավոր բժիշկ-ուրոլոգի և հավաքորդի ծննդյան 125-ամյակն ու նրա հավաքածուի հիման վրա ստեղծված Երևանի Ռուսական արվեստի թանգարանի 40-ամյակը։ Միջազգային ցուցահանդեսային ծրագրի շրջանակներում առաջին անգամ ռուսական արվեստի գլխավոր պատկերասրահում լայնորեն ներկայացված են պրոֆոսոր Աբրահամյանի հավաքածուի մաս կազմած ռուսական արվեստի գործերը՝ Երևանի Ռուսական արվեստի թանգարանից և Աբրահամյան ընտանիքի հավաքածուից։ Պատկերասրահի կայքում նշված է, որ 1970-1980 թթ․ «հայկական Տրետյակովի» հավաքածուն «19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի ռուսական գեղանկարչության մոսկովյան խոշորագույն հավաքածուներից էր»։ Հիրավի, Աբրահամյանի հավաքածուն իր ընդգրկմամբ ու նշանակությամբ եզակի երևույթ է, ինչը նշանավորվել է այս ցուցահանդեսով։ Հատկանշական է, որ պատկերասրահն այցելուներին առաջարկում է հայերեն հեղինակային շրջայցեր ցուցահանդեսի սրահներով։ Լույս ընծայված «Մոսկվա-Երևան-Մոսկվա․ Արամ Աբրահամյանի հավաքածուն» մեծադիր գունազարդ պատկերագրքում նշված է, որ Աբրահամյանը եղել է «տաղանդավոր հավաքորդ, որի լավ հիշողությունը և արտասովոր կռահողականությունը պայմանավորեցին նրա հետաքրքրությունը մշակույթի աշխարհի արդի միտումների հանդեպ ու նաև հազվագյուտ, քիչ հայտնի նկարիչների գործեր ձեռք բերելու ցանկությունը»։ Խորհրդային տարիներին «Արծաթե դարը» և ռուսական ավանգարդը ներկայացնող գործերի հավաքումն ու հանրահռչակումը վտանգավոր նախասիրություն  էր․ ինքը՝ հավաքորդը տարբեր պատճառներով խուսափել է երբևէ Մոսկվայում ամբողջությամբ ցուցադրել իր հավաքածուն, ուստի այն քաջածանոթ չէ Ռուսաստանի լայն հասարակությանը։ Մինչդեռ այս հավաքածուի օգնությամբ կարելի է բացահայտել հախուռն և բազմանշանակ ժամանակաշրջանի ոգին, մթնոլորտն ու առանձնահատկությունները։ 

Արամ Աբրահամյանը ծնվել է Թիֆլիսում՝ առևտրականի ընտանիքում։ 1917 թվականին մեկնել է ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը։ Հայաստանում գործող առանձին կորպուսի լեռնահեծելազորային մարտկոցի շարքերում մասնակցել է Կարսի, Սարիղամիշի, Ալեքսանդրապոլի, Ղարաքիլիսայի մարտերին, Սարդարապատի ճակատամարտին։ Քսան տարեկանում տեղափոխվել է Մոսկվա ու ավարտել տեղի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1941-1945 թթ․ ՀԽՍՀ էվակուացիոն հոսպիտալների առաջատար ուրոլոգն էր։ 1949-ից 25 տարիների ընթացքում նա Կրեմլի բժշկա-սանիտարական վարչության գլխավոր ուրոլոգն էր, միաժամանակ՝ ուրոլոգիական կլինիկայի տնօրենը։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամյանը ԽՍՀՄ-ում ուրոլոգիայի առաջամարտիկներից էր, Ուրոլոգների համամիութենական ընկերության նախագահը, 150 գիտական հոդվածների և երեք մենագրության հեղինակ։ Պրոֆեսոր Ե․ Չազովն Աբրահամյանի մասին գրում էր․ «Ժամանակակիցները նրան անվանում էին «իմաստուն Արամ»․ նրանում միաձուլվել էին ներըմբռնողությունն ու տրամաբանությունը, օպերատիվ տեխնիկան ու բժշկման արվեստը»։ Ականավոր ուրոլոգի ղեկավարությամբ ԽՍՀՄ-ում առաջին անգամ սկսեցին կիրառվել ախտորոշման նոր մեթոդներ, փորձարկվեց և գործածության հանձնվեց միզապարկի քարերը կոտրատող «Ուրատ-1» սարքը: Անուրանալի է նրա վաստակը նաև նոր կադրերի պատրաստման գործում։ Իր ծառայությունների համար Աբրահամյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, Սոցիալիստական աշխատանքի հերոսի, Մոսկվայի պատվավոր քաղաքացու ու Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման։

Չբավարարվելով իր մասնագիտական գործունեությամբ՝ նա հաճախ է այցելել ցուցահանդեսներ և հնաոճ իրերի խանութներ, ծանոթացել է արվեստի աշխարհի ներկայացուցիչների հետ ու 1950-ականներից սկսել հավաքորդական իր գործունեությունը։  

Պատմում են, որ Աբրահամյանի մոսկովյան բնակարանը լեցուն էր արվեստի գործերով․ նա դրանք խնամքով համակարգում էր ու պահպանում, ապա ժամեր շարունակ անձամբ ներկայացնում հյուրերին։ Ըստ ժամանակակիցների՝ Աբրահամյան-անհատի բնորոշ գծերն են եղել բարությունը, մարդասիրությունն ու նվիրումը հայրենիքին։ Աբրահամյանն ամբողջ կյանքի ընթացքում շփումներ և ջերմ հարաբերություններ է ունեցել իր անվանի հայրենակիցների (Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Մարտիրոս Սարյան, Նիկոլայ Նիկողոսյան և այլք) հետ։ Մարշալ Հովհաննես Բաղրամյանն իր հիշողությունների գիրքը մակագրությամբ նվիրել է Աբրահամյանին․ «Այս տողերը շարադրելիս, ինձ համար առանձնապես հաճելի է, որ մենք միասին կռվել ենք ատելի օսմանյան լծի դեմ, եռանդուն մասնակցություն ենք ունեցել Սարդարապատի պատմական ճակատամարտին, որն ավարտվեց թուրքական բանակների դեմ տարած փայլուն հաղթանակով»։

Աբրահամյանի հավաքածուն բազմազան է և համընդգրկուն, այն ներառում է մի քանի սերունդների ու տարբեր ուղղությունների («Պերեդվիժնիկի», «Արվեստի աշխարհ», «Երկնագույն վարդ» և այլն) ներկայացուցիչների աշխատանքներ։ Հավաքածուում կարևոր տեղ ունեն Կ․ Կորովինի, Մ․ Վրուբելի, Վ․ Բորիսով-Մուսատովի, Ա․ Գոլովինի, Ա․ Բենուայի, Բ․ Կուստոդիևի, Պ․ Կուզնեցովի, Կ․ Պետրով-Վոդկինի, Ն․ Գոնչարովայի, ինչպես նաև՝ Բ․ Գրիգորևի, Պ․ Կոնչալովսկու, Ա․ Դրևինշի, Ն․ Ուդալցովայի, Ռ․ Ֆալկի ստեղծագործությունները։ Առանձնահատուկ հետաքրքրություն տածելով «Արծաթե դարի» և ռուսական ավանգարդի ժամանակաշրջանների արվեստագետների նկատմամբ՝ այդուհանդերձ հավաքորդը ձեռք է բերել նաև ավելի ուշ ժամանակների նկարիչների ու մինչև իսկ 1960-ականների սերնդից Վ․ Պոպկովի ու Ն․ Անդրոնովի գործերը։ Իհարկե, Աբրահամյանի հավաքածուն դժվար է պատկերացնել առանց նրա հայրենակիցների գործերի (Մ․ Սարյան, Հ․ Միհանաջյան, Մ․ Ավետիսյան, Ռ․ Խաչատրյան և այլք)։ Եզակի են նաև Աբրահամյանի ձեռք բերած դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները։  

Ուշագրավ է, որ հավաքորդի ուշադրության կենտրոնում եղել են արվեստի՝ ԽՍՀՄ օրոք չխրախուսվող ուղղությունները։ Նրա հավաքածուի գոհարներից են Մ․ Նեստերովի՝ ռուսական սրբապատկերի նմանությամբ ստեղծված «Գորովը» (1906), Կ․ Կորովինի «Նատյուրմորտը» (1916), Ա․ Լենտուլովի ավանգարդիստական բնանկարները։  

Գեղանկարներից բացի՝ հավաքածուում տեղ են գտել գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, ճենապակե, ապակե իրեր, կահույքի նմուշներ, ժամացույցներ և այլն:

Պետք է ընդգծել, որ հավաքածուն ներկայացրել է ո՛չ միայն ազգությամբ ռուս նկարիչների․ «ռուսական արվեստ» հասկացությունն ընդհանրացնող է և որոշ դեպքերում վերաբերում է միայն ստեղծագործողի բնակավայրին։ Այսպես, Աբրահամյանը ձեռք է բերել լատվիացի նկարիչ Ալեքսանդր Դրևինշի (Դրևին) գործերից․ ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած արվեստագետը եղել է Հայաստանում, պատկերել Երևանը, թերևս այս հանգամանքով է պայմանավորված նրա արվեստի նկատմամբ հավաքորդի հետաքրքրությունը։ Աբրահամյանի կյանքի օրոք քիչ հայտնի նկարչի ստեղծագործություններն այսօր մեծ հռչակ են վայելում, և ուրախալի է, որ Հայաստանում դրանք ներկայացված են ինչպես ազգային պատկերասրահի հավաքածուում, այնպես էլ Ռուսական արվեստի թանգարանի մշտական ցուցադրությունում։ Աբրահամյանի շնորհիվ է, որ Երևանում են հայտնվել Դրևինշի կնոջ՝ Նադեժդա Ուդալցովայի ստեղծած հայկական բնանկարներից երեքը (1933-1934 թթ․)։ Ցավոք, տաղանդաշատ նկարչուհին ևս այդ տարիներին ենթարկվել է հալածանքների և ստիպողաբար հրաժարվել «ֆորմալիզմից»։ Հետագայում՝ ծանոթանալով Աբրահամյանի հետ՝ Ուդալցովան ստեղծել է նրա դիմանկարը։

Սոցռեալիզմի տիրապետության տարիներին ռուսական ավանգարդը խիստ քննադատության թիրախ էր դարձել, ուստի հավաքածուի կազմավորման շատ հարցեր այսօր էլ մինչև վերջ պարզված չեն, ինքը՝ հավաքորդը քիչ տեղեկություններ է հայտնել այդ մասին։ Բազմաթիվ նկարներ ձեռք բերելուց հետո նա վաճառել կամ փոխանակել է, հավանական է, որ դրանք չեն բավարարել նրա մտքում ձևավորված սկզբունքներին և պահանջներին։

Աբրահամյանի հավաքածուն ուսումնասիրելիս կարելի է առանձնացնել այն ընդհանրացնող մի քանի սկզբունքներ․ նախ՝ գործերի համապատասխանությունը հավաքորդի ճաշակին, գեղեցիկի մասին պատկերացումներին և նախընտրություններին, ապա դրանց՝ հավաքորդի երկար կյանքի օրոք ստեղծված լինելը, և վերջապես՝ ժամանակաշրջանի ռուսական արվեստի հիմնական ուղղությունների մասին համապարփակ պատկերացում տալու կարողությունը։ Ինչպես արվեստաբան Դ․ Սարաբյանովն է նշել՝ Աբրահամյանի «հավաքած գործերում չկան բարձր որակի և նրբագեղ ճաշակի պահանջները չբավարարող աշխատանքներ»։ Իսկ Է․ Հասրաթյանն ընդգծել է, որ հավաքածուի գեղանկարչական գործերը բացահայտել են Աբրահամյանի անհատականությունը, «յուրովի դարձել նրա բնավորության անձնավորումը»։ Իսկապես, հավաքորդի մասին շատ բան կարող են ասել նրա հավաքածուում պահվող այնպիսի աշխատանքները, ինչպիսիք են Կ․ Կորովինի տպավորապաշտական, սակայն ավելորդություններից զերծ գիշերային «Փարիզը», Զ․ Սերեբրյակովայի եթերային «Բալետի պարուհին», ու առավել ևս՝ Սարյանի քնարական «Դեղին ծաղիկները» կամ Մինասի ներդաշնակ և գունավառ «Մենք ապրել ենք այստեղը»։ Որոշ աշխատանքներ հավաքորդը նվեր է ստացել․ այսպես, Աբրահամյանի բուժառու Ս․ Տորոպովը ի երախտագիտություն նրան է նվիրաբերել իր «Գեղարդավանքի տաճարը» ջրանկարը։

Աբրահամյան-հավաքորդի համար առաջնային խթանը ոչ թե նեղ անձնական շահն էր, այլ պետական մտածողությունն ու քաղաքացու հեռատեսությունը։ Հավաքածուի նշանակալի մասը նա կնոջ՝ Մարիայի հետ նվիրաբերեց իր հայրենիքին՝ Հայաստանին, որտեղ հատուկ նրա հավաքածուն ցուցադրելու ու հանրահռչակելու նպատակով 1979-1980 թթ․ կազմավորվեց Երևանի Ռուսական արվեստի թանգարանը։ Այն բացվեց 1984 թ․ նոյեմբերի 19-ին և արվեստաբանների կարծիքով դարձավ ռուսական մշակույթը Ռուսաստանից դուրս ներկայացնող ամենաուշագրավ թանգարաններից մեկը։

Պրոֆ․ Աբրահամյանը կյանքից հեռացավ 1990 թ․ հունվարի 13-ին՝ Մոսկվայում՝ 91 տարեկան  հասակում։ Մեծ բժշկի ու քաղաքացու համեստ շիրմաքարը գտնվում է Երևանի քաղաքային պանթեոնում։

Ցավոք, արտերկրում բնակվող հայազգի հավաքորդների բազում հարուստ հավաքածուներ չունեցան այն երջանիկ ճակատագիրը, որը վիճակվեց Աբրահամյանի հավաքածուի մեծ մասին․ կողոպտվեց և մի քանի մասի բաժանվեց Նիկոլայ Խարջիևի արխիվ-հավաքածուն, անհայտ է Արմեն Թախտաջյանի հավաքածուի ապագան, մինչև հիմա Կարիկ Պասմաճյանի ժառանգներին չի վերադարձվել նրա հավաքածուի՝ Ռուսաստանում գտնվող մասը․․․ Անշուշտ, որևէ առաջնակարգ հավաքածուի համար լավագույն հանգրվանը հանրային կամ պետական հոգածությամբ գործող թանգարանն է, և այս առումով մեծ կռվան կարող է հանդիսանալ Հայաստանում հավաքածուների թանգարանի ստեղծումը․․․ Ի վերջո, հայ ժողովուրդն ունեցել է և ունի բազում նվիրյալ հավաքորդներ, որոնց առաքելությունը եղել է արվեստի երևելի գործերը հանրությանը հասանելի դարձնելը։ Ինքը՝ Աբրահամյանն այսպես է ձևակերպել իր գերնպատակը․ «Ուզում եմ, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ տեսնի, շփվի այս գեղեցկության հետ»։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1. Դ․ Նալբանդյան, Պրոֆ․ Ա․ Աբրահամյանի դիմանկարը, 1976 

2․ Բ․ Գրիգորև, «Կենդանաբանական այգի», 1917, Ռուսական արվեստի թանգարան

3․ Ն․ Ուդալցովա, «Հայաստան։ Նորք», 1934, Ռուսական արվեստի թանգարան

 

... ...