Արա Սարգսյան. ահեղ ժամանակների գեղագետը

Արա Սարգսյանին առանձնահատուկ դեր էր բաժին ընկել` լինել Հայաստանում առաջին խոշոր քանդակագործը և երկար տարիներ որոշիչ ազդեցություն ունենալ հայկական քանդակագործության զարգացման վրա։ Նա եղավ սարսափելի, և միաժամանակ՝ խիզախումների, մեծագործությունների մղող ժամանակների ոչ միայն ականատեսը, այլև մասնակիցն ու արվեստի միջոցով մեկնաբանողը։

Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին՝ Կոստանդնուպոլսից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մաքրի հայաբնակ գյուղում, իր իսկ բառերով՝ «հետամնաց ու դաժան Թուրքիայի արյունաթաթախ յաթաղանների սպառնալիքի տակ ապրող մի բուռ հայերի միջավայրում»։ Գրագիր Միհրանի և ուսուցչուհի Կատարինեի կրտսեր որդին էր։ Սկզբում նկարչությամբ է զբաղվում, իսկ 11 տարեկանից հետաքրքրվում է նաև քանդակագործությամբ, հիշողությամբ ֆիգուրներ կերտում։ 12 տարեկանից ընտանիքի հետ բնակվում է Կոստանդնուպոլսում։

Երբ սկսվում է Մեծ եղեռնը, ձերբակալվում է նաև Սարգսյանի հայրը։ Հետագայում քանդակագործն իր հուշերում ներկայացրել է Բերայի քրիստոնյաների ջարդերի ահասարսուռ պատկերները։ Միայն զինադադարից հետո է հաջողվում ընդունվել Պոլսո գեղարվեստի վարժարան, որի քառամյա դասընթացն ավարտում է երկու տարում։ Ցեղասպանությունը և հայրենազրկումը ծանր ազդեցություն էին թողել Սարգսյանի վրա, ինչի անմիջական արձագանքներն էին «Հուսահատություն» (1919) կոմպոզիցիան, «Քաղց» (1919) խմբաքանդակը և «Լուռ վիշտը» (1924) դիպլոմային աշխատանքը․ «ես մեկն էի նրանցից, որ խորն էր ապրում համազգային այդ ողբերգությունը և մի տեսակ ընկել էի հուսահատության մեջ»։ Նույնիսկ կյանքի վերջում գրված հոդվածներում նա անընդհատ անդրադառնալու էր Ցեղասպանությանը։

Պոլսում քանդակագործության ասպարեզը նեղ էր, ապրուստի և ուսման հնարավորությունները՝ սահմանափակ, և Եվրոպան՝ իր թանգարաններով, անտիկ արվեստի գլուխգործոցներով, ժամանակակից ուղղություններով՝ իմպրեսիոնիզմ և մոդեռն, և գեղարվեստի լավագույն ակադեմիաներով ձգում էր երիտասարդ Արային։ Այդ շրջանում ՀՅԴ նրան ուղարկում է Հռոմ՝ «Նեմեսիս» գործողությանը մասնակցելու, ինչից հետո, 1921-ին ընդունվում է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի վարպետների դպրոց։ Սարգսյանի՝ իմպրեսիոնիստական ոճով արված կոմպոզիցիաները և դիմաքանդակները ներկայացվում են ցուցահանդեսներում ու տեղի թանգարաններում։ Վիեննայի մամուլը նրա մասին գովեստով էր գրում, նշում, որ նրա տաղանդը մեծ հեռանկարներ է խոստանում։ Ակադեմիան ավարտելուց հետո Սարգսյանը գրավիչ առաջարկ է ստանում մնալ ու աշխատել այնտեղ, սակայն Թամանյանի, Սարյանի և այլոց նման նախընտրում է հայրենիքը, որտեղ աշխատելու և ապրելու պայմաններ դեռ նոր պիտի ստեղծվեին։

Խորհրդային Հայաստան գալու ճանապարհին Փարիզում հանդիպում է Հակոբ Գյուրջյանի հետ։ 1925-ի ապրիլին հասնում է Երևան, որտեղ սկսում է քանդակագործություն դասավանդել Գեղարդ տեխնիկումում։ Արտասահմանում մնացած ծնողներին նա այլևս չտեսավ, դաշնակցական եղբոր գոյությունն էլ խնամքով թաքցնում էր, մինչև որ ՊԱԿ-ը չիմացավ այդ մասին․․․

Սարգսյանի արվեստը մարդակենտրոն է, նրա ստեղծագործությունների հիմնական թեման անհատն է։  

Սարգսյանի քանդակներին բնորոշ առանձնահատկությունն այն է, որ դրանք բոլոր դիտանկյուններից շահեկան տեսք ունեն։ Այսպես, Շիրվանզադեի դիմաքանդակն (1930) արտահայտիչ է, գրողի ժպիտը քմահաճ է, հայացքն՝ ինքնագոհ, սակայն լուսավորությունից ու դիտման կետից կախված՝ նրա դեմքի արտահայտությունը փոխվում է։

Ճարտարապետ Թորոս Թորամանյանի բազալտե կիսանդրին (1936) զարդարում է Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունը։ Համոզիչ կերպով քարին է փոխանցված ճարտարապետի մտքի կենտրոնացումը: Ըստ Սարգսյանի. «միայն և միայն քարը, այո, ծանրակշիռ, կուռ և ամուր զանգվածը կարող էր միակ արտահայտիչը լինել Թորամանյանի փառավոր ու ազդեցիկ կերպարի»։

Հայաստանում՝ բացի հաջողված դիմաքանդակներից, նա աշխատում է նաև բարձրաքանդակի ժանրում, ստեղծում հանրապետությունում այդ ժանրի առաջին գործերը («Մայիսյան ապստամբության հերոսներին», 1931թ., «Հայկական ԽՍՀ» և «Ադրբեջանական ԽՍՀ» մոնումենտալ բարձրաքանդակները Նյու Յորքի ցուցահանդեսի համար, 1938թ.)։

Սակայն, օրեցօր նոր թափ էին առնում ստալինյան բռնաճնշումները․ քանդակագործին մեղադրում էին սոցռեալիզմից հեռանալու համար, 1932 թվականից Հայաստանի նկարիչների միության հիմնադիր-նախագահ Սարգսյանը 1937-ին հեռացվեց այդ պաշտոնից։ Պատմում են, որ այդ տարիներին նա տանը պատրաստ ճամպրուկ ուներ, որ ձերբակալվելիս հետը վերցներ։

Եվրոպական կրթությամբ, տարբեր լեզուների իմացությամբ, փայլուն արտաքինով երիտասարդը Խորհրդային Հայաստանում խիստ տարբերվում էր, գրավում մարդկանց ուշադրությունը։ Ցավոք, նա այլևս ազատ չէր քանդակելու այն, ինչ ուզում էր և ինչպես ուզում էր, այլ պիտի ենթարկվեր արվեստի բնագավառում թելադրվող պարտադրանքներին, չնայած իր ուսանողները (օրինակ, Արտո Չաքմաքչյանը) վկայում էին, որ դա ամենևին նրա սրտով չէր։ Այդուհանդերձ, նույնիսկ համատարած վախի մթնոլորտում ստեղծված նրա շատ աշխատանքներ սոցռեալիզմի հետ ոչ մի աղերս չունեն։

1931-ին Սարգսյանը սկսեց լրջորեն զբաղվել թատերական նկարչությամբ, ինչն ընդհանրապես հատուկ չէ քանդակագործներին։ Երևանի Սունդուկյանի անվան, Լենինականի և այլ թատրոններում ձևավորեց 16-17 բեմադրություն (այդ թվում՝ «Համլետ», «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար»), այսպիսով իր մասնակցությունը բերելով հայկական թատրոնի վերելքին։ Հատկապես արդյունավետ էր նրա համագործակցությունը ռեժիսորներ Վարդան Աճեմյանի և Արշակ Բուրջալյանի հետ։

Սարգսյանը բազմատաղանդ արվեստագետ էր․ արել է հետաքրքիր ճեպանկարներ և էտյուդներ, որոնք կարելի է տեսնել նրա տուն-թանգարանում։ Սարգսյանին բնորոշ առանձնահատկություններից էր նաև այն իրողությունը, որ որոշ հուշարձանների պատվանդաններ ինքն էր նախագծում։

Քիչ հայտնի է, որ Երևանի գլխավոր հրապարակում՝ ըստ 1939-ին կայացած մրցույթի պիտի տեղադրվեր Սարգսյանի համարձակ նախագծով արված Լենինի մոնումենտը, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի իրականանում և այդտեղ կանգնեցվում է Սերգեյ Մերկուրովի աշխատանքը։

Դեռ պատերազմի տարիներից նա սկսեց աշխատել «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակի վրա, որի բրոնզե տարբերակն անկախության տարիներին տեղադրվեց Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի առջև։ Կերպարների փոքր-ինչ ստատիկ կեցվածքը կոչված է ընդգծելու նրանց վեհությունը, ստանձնած բախտորոշ առաքելության գիտակցումը․ այս երկու սրբերը խորհրդանշում են կրթությունն ու լուսավորությունը՝ մեր ազգի առաջխաղացման այն ամենակարևոր գործոնը, որի նվիրյալն էր և ինքը՝ Սարգսյանը։ Երկրի համար դժվարագույն՝ 1945 թվականին Երևանում բացվում է գեղարվեստական ինստիտուտը, որի հիմնադիրը, առաջին ռեկտորը (դիրեկտոր) և քանդակագործության ամբիոնի վարիչը Սարգսյանն էր:

«ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի պատմություն» կոթողային բազմահատորյակի հեղինակները՝ բարձր գնահատելով Սարգսյանի արվեստը, մատնանշում են 1940-ականների դիմաքանդակներում դրսևորված ձգտումը դեպի ընդհանրացում, յուրաքանչյուր առանձին կերպարի բնավորության բնորոշ գծերի շեշտադրում, ինչպես Սուրեն Սպանդարյանի, Վաղարշ Վաղարշյանի և Վարդան Աճեմյանի դեպքերում։ 1950-ին Երևանի Կոմայգում բացվեց դեպի երկինք ուղղված արծվային հայացքով օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, իսկ «Վարդան Աճեմյան» դիմաքանդակն (1954) իր արժանի տեղը գտավ Տրետյակովյան թանգարանի մշտական ցուցադրությունում։ «Րաֆֆին» (1957) ներկայացնում է մեծ գրողի, թերևս, ամենաընդունված պատկերումը կերպարվեստում, որում Սարգսյանն ասես որսացել է կերպարի ստեղծագործական մտքի թռիչքի նվիրական պահը։ Ըստ էության, նույնը կարելի է ասել և Վալերի Բրյուսովի դիմաքանդակի մասին։

Սարյանի հայտնի գլուխգործոցի մասին Սարգսյանը գրել է, թե Չարենցի դիմանկարում նկարիչն ընդգծել է «պոետի խորաթափանց և խրոխտ հայացքը, որի մեջ վերամփոփված է բանաստեղծի պոեզիային հատուկ ռոմանտիկ թափը»։ Սակայն, զարմանալի է, որ հենց Չարենցի դիմաքանդակում Սարգսյանի կերտած պոետական հայացքը համոզիչ չի ստացվել։

1956-ին Սարգսյանը բազալտի վրա է փոխադրում 1934-ին ծեփած «Կանացի իրանը»։ Մարմնի համաչափությունը, պլաստիկ կորագծերը մայոլյան հմայք են հաղորդում գործին։

Դեռևս Վիեննայում ուսանելու տարիներին ծանոթանալով մեդալային արվեստի նրբություններին՝ Սարգսյանը մինչև կյանքի վերջն անդրադարձավ դրան՝ որպես ինքնադրսևորման ուրույն միջոցի։ Այս բնագավառում էլ նա եղավ առաջինը և լավագույններից մեկը Հայաստանում․ նախկինում մեդալներ պատրաստում էին հիմնականում ոսկերիչները, իսկ 1900-1910-ական թթ․՝ Անդրեաս Տեր-Մարուքյանը՝ Մոսկվայում և Փարիզում։ 1927-ին Սարգսյանը կերտեց Բեթհովենի մահվան 100-ամյակին նվիրված պլակետ, 1938-1939 թթ․՝ «Անուշ» և «Ալմաստ» օպերաների թեմաներով փոքրածավալ պլակետ-բարելիեֆներ, իսկ 1944-ին՝ Երևանի շեքսպիրյան կոնֆերանսի հուշամեդալը։ Սարգսյանը Հ․ Պողոսյանի հետ համահեղինակեց Խորհրդային Հայաստանում թողարկված առաջին մասսայական հուշամեդալը՝ նվիրված հանրապետության 40-ամյակին (1960 թ․)։ Սարգսյանն էր նաև հայ թատրոնի 2000-ամյակին և Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված մեդալների հեղինակը։ 1950-1960-ական թթ․ նա ստեղծեց գիտության և մշակույթի նշանավոր գործիչներին նվիրված մեդալներ և պլակետներ, որոնց հատուկ է հեղինակային վառ արտահայտված ոճը, լակոնիկ պլաստիկան։

Արա Սարգսյանը գրել է բանաստեղծություններ, պիեսներ, ԵՊՀ-ում վարել է գերմանական գրականության հատուկ կուրս։ Նրա գրչին են պատկանում մի շարք գրական մանրապատումներ․ օրինակ, նա է թղթին հանձնել և փրկել ուշագրավ այն պատմությունը, թե ինչպես Դերենիկ Դեմիրճյանը և Ավետիք Իսահակյանը հյուրընկալվել են վերջինիս պապի մոտ՝ Ղազարապատում, սակայն Դեմիրճյանը ոչ մի խոսք այդպես էլ չի արտաբերել։ Երբ դուրս են եկել, Իսահակյանի զայրույթին ի պատասխան Դեմիրճյանը բացատրել է․

«Ի․․․ ի․․․ ինչպես խոսեի, պա․․․ պա․․․ պապդ կակազ, դուն կա․․․ կազ, ես կա․․․ կա․․․ կազ։ Եթե ես էլ խոսեի, մարդը պի․․․ պի․․․ պիտի կարծեր, թե իրեն ձեռք ենք առնում»․․․

Քառասունականների վերջերից Հայաստանում նոր թափ է ստանում մոնումենտալ քանդակագործությունը։

1957-ին Երևանում բացվեցին Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները․ առաջինը միայն Արա Սարգսյանի գործն էր, իսկ երկրորդի համահեղինակն էր Սարգսյանի նախկին ուսանող Ղուկաս Չուբարյանը։ Երկու գործերն էլ առ այսօր հիացնում են իրենց առինքնող հմայչությամբ, համաչափությամբ ու դասական լուծումներով, դրանք գեղագիտորեն կատարյալ են, արտահայտիչ։ Ընդ որում, եթե Սպենդիարյանը ներկայացված է որպես աշխարհից ավելի կտրված, կախարդական հնչյուններ որսացող արվեստագետ, ապա Ամենայն հայոց բանաստեղծը անմիջական է, հասանելի է ու բաց ամենքի առջև (ինչպես ծնկներին դրված գիրքը), համակ սեր է ու նվիրում։ Իր մոնումենտալ արվեստում Սարգսյանը շեշտը դնում էր ոչ թե տեղադրված գործերի քանակի, այլ որակական ու գեղագիտական հատկանիշերի վրա, ու զարմանալի չէ, որ չնայած Երևանում ու Գյումրիում կանգնեցված նրա գործերն այդքան էլ շատ չեն, բայց հենց դրանք են որոշակիորեն թելադրում երկու մայրաքաղաքների դիմագիծն ու առանձնահատուկ մթնոլորտը: Մինչդեռ Սարգսյանի առաջին անհատական ցուցահանդեսը բացվում է միայն 1959-ին՝ Ներքին Դվին գյուղում։

1957-ին որպես «Հուսահատության» յուրահատուկ շարունակություն, Սարգսյանը ստեղծեց «Հիրոսիման», որում ևս վարպետորեն հաղորդում է կերպարի ներքին լարումը, համրացած բողոքը ճակատագրի դեմ։

Նա նաև հասցրեց կերտել իր գիպսե «Կոմիտասը» (1967)՝ մտասևեռուն, հանդարտ, փոքր-ինչ վերացած շրջապատից։

Ջանֆիդայի «Զոհված զինվորների հիշատակին» (1968) հուշարձանը Սարգսյանի վերջին շրջանի գործերից է, որը նրա ստեղծագործական վերելքի վկայությունն էր։ Հայ քանդակագործներից Հակոբ Գյուրջյանը դեռ 1922-1923-ին էր ստեղծել իր «Պիետաները», բայց Սարգսյանի աշխատանքը միանգամայն տարբեր է՝ թե՛ իր ռեալիստական ոճով, թե՛ կոմպոզիցիայով։

Սարգսյանի կարապի երգը դարձավ արդեն հետմահու Լենինականում տեղադրված «Մայր Հայաստանը»՝ մի ձեռքին արմավենու ճյուղը, մյուսին՝ Զվարթնոցի խոյակը, որն այլևս ներդաշնակորեն այդ միջավայրի անբաժան մասն է։ Արձանի չափսերն այնպես են հաշվարկված, որ տրված բարձրությունում դիտվեն հնարավոր համաչափ ու վեհ, ինչն էլ իրագործվել է քանդակագործ Երեմ Վարդանյանի և ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի մասնակցությամբ։

1965-ին ազգային վրիժառու Արշավիր Շիրակյանը Բեյրութում հրատարակեց իր հուշերը՝ «Կտակն էր նահատակներուն» վերտառությամբ, որի օրինակը Լյուսի Իշխանյանի միջոցով հասցրեց ուղարկել Սարգսյանին։ Չնայած հեղինակի զգուշավորությանը, գրքից կարելի էր կռահել, որ Շիրակյանին աջակցած, նրա մանկության ընկեր Ա. Ս.-ն նույն ինքն ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանն է, որի օգնությամբ Եվրոպայում կարողացել էին գտնել թուրք ոճրագործների հետքերը: Կա վարկած, որ դրանից հետո խորհրդային իշխանությունները որոշել են վերացնել հայրենասեր քանդակագործին։ Սառույցի վրա ոտքը պատահաբար կոտրելուն հաջորդում է նրա  երկարատև բուժումը ու շատ անսպասելի մահը՝ այդպես էլ չպարզված պատճառներով․․․ Վերջին գործը՝ «Եղեռն» կոմպոզիցիան, անավարտ է մնում։

Որպեսզի քանդակագործի գիպսե գործերը փրկվեն բրոնզաձույլ քանդակներում՝ նրա թոռնուհին, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանը ստեղծել է տուն-թանգարանի աջակցման հիմնադրամ։ Մաղթենք, որ Արա Սարգսյանի ծննդյան 125-ամյակին թանգարանն այցելուին ներկայանա հիմնովին վերանորոգված ու մեծանուն արվեստագետների վաստակին պատշաճ կահավորմամբ ու ցուցադրությամբ։

Չնայած Սարգսյանը տեսավ Եղեռն, անհատի պաշտամունք և պատերազմ, սակայն կարողացավ իր արվեստով դիմակայել չարին՝ հանուն վերընձյուղվող կյանքի։ Նա ապրեց ողբերգական ժամանակներում, երբ ստեղծագործական ազատությունը չէր խրախուսվում, այդուհանդերձ, նրա շատ ստեղծագործություններ արված են ոչ թե տիրապետող սոցռեալիզմի, այլ ազգային ավանդույթների, դասական մեկնաբանության կամ կոնստրուկտիվիզմի ոգով․ ուրիշ հարց, որ նման ճնշող պայմաններում նա, թերևս, հնարավորություն չունեցավ կերտել իր գլուխգործոցը: Ամեն դեպքում, նրա թողած ժառանգությունը ցանկացած ազգային կերպարվեստի հպարտությունը կարող է համարվել՝ շատ բան պատմելով նաև իր ժամանակաշրջանի մասին:

 

Աշոտ Գրիգորյան

Լուսանկարները (բացի գլխավորից)՝ հեղինակի․

2․ Գրող Ալեքսանդր Շիրվանզադե, 1930 (ՀԱՊ)

3. Կանացի իրան, 1934 (Սարգսյանի և Կոջոյանի տուն-թանգարան)

4․ «Մայր Հայաստան» հուշարձան, Գյումրի

5․ Սարգսյանի շիրիմը Երևանի քաղաքային պանթեոնում՝ «Լուռ վիշտ» արձանի կրկնօրինակով

 

... ... ... ...