Արա Սարգսյան՝ գեղարվեստական կրթության ազգային կրթօջախի հիմնադիրը

Երևանյան գողտրիկ անկյունում, մայրաքաղաքի հենց սրտում՝ Պուշկինի փողոցի հին բակերից մեկում գործող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ամեն տարի ապրիլի 7-ը վերածվում է ինքնօրինակ տոնի. այստեղ տարբեր նախաձեռնություններով նշում են մոնումենտալիստ, պորտրետիստ, բեմանկարիչ, փորագրող, հաստոցային քանդակի և հարթաքանդակի մեծ վարպետ Արա Սարգսյանի ծննդյան օրը: Եվ հիշում են նրա ապրած զարմանալի կյանքը, որ ստեղծագործական նվիրումի ու խորհրդավոր իրադարձություների մի ամբողջական շղթա է:

Արա Սարգսյանի ստեղծագործական ճանապարհը սկսվել է նախորդ դարի 20-ականներին, երբ 1921-ին Պոլսի Գեղարվեստի վարժարանի շրջանավարտը մեկնեց  Եվրոպա՝ ուսումը շարունակելու Հռոմում, ապա նաև Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայում: Արդեն ուսանողական տարիներին նա առանձնահատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում դիմաքանդակի ժանրի հանդեպ և նրա ուսանողական երկու տասնյակից ավելի դիմաքանդակներն արժանանում են մասնագետների բարձր գնահատականին: Բայց 1924-ին Արա Սարգսյանն իր հետագա ամբողջ կյանքի համար շրջադարձային մի որոշում է կայացնում և հրաժարվելով Եվրոպայում ստեղծագործելու ու մեծ հաջողության հասնելու իրեն տրված բացառիկ հնարավորությունից՝ խորհրդային քաղաքացիություն է ընդունում և 1925 թվականի ապրիլի 26-ին մեկնում Երևան: Սարգսյանի թոռնուհի և թանգարանի տնօրեն Աննա  Սարգսյանը նշում է՝ հայրենիք ժամանելու առաջին իսկ օրերից նա արդեն մտածում էր իր քանդակների ճակատագրի մասին. «Վիեննայում նա արդեն միանգամայն ձևավորված քանդակագործ էր, բայց թողնելով այդ փառքը՝ եկավ Հայաստան: Եվ հենց  առաջին օրը նա գնացել է տեսնելու թե որտեղ կարող է տեղադրել իր քանդակաները: Գիտեք, նրա տաղանդը մի զարմանալի առաձնահատկություն ունի. երբ փոքր  քանդակը, օրինակ՝ Հերոսիման, մեծացնում ես, այն դառնում է մոնումենտալ, դա էլ շնորհ է, ամեն մեկը չի պատկերացնում այդ չափերի ամբողջությունը: Նրա Թումանյանին որ կողմից էլ որ մոտենում ես, թվում է թե Թումանյանը ձեզ հետ է և հետևում է ձեզ»:

Արդեն հայրենիքում Արա Սարգսյանի բազմաշերտ տաղանդը բացահայտվեց իր ամբողջ ներուժով. տաղանդավոր արվեստագետի մեծարժեք ստեղծագործություններով Երևանը նոր շունչ և գեղագիտական միջավայր ստացավ: Արա Սարգսյանի Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի քանդակները երևանյան օպերային թատրոնի շենքի բակում, «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» կոթողային հուշարձանը, երևանյան մի շարք հայտնի շինությունների զարդանախշերը Սարգսյանի էպիկական շնչի ու անկրկնելի ձեռագրի մի ամբողջություն են կազմում, որը մայրաքաղաքի մշակութային դիմագծին առանձնահատուկ ինտելեկտուալ հմայք ու հոգևոր մեծ ներուժ է հաղորդում: Իր գերհագեցած ստեղծագործական կյանքին զուգահեռ Սարգսյանը նաև ակտիվ մանկավարժական գործունեություն է ծավալում և հաճախ բախվում այն իրողությանը, որ շնորհաշատ բազմաթիվ երիտասարդներ, որոնք զրկված էին ժամանակի գեղարվեստական կրթության կենտրոններում՝ Մոսկվայի և Լենինգրադի ստեղծագործական բուհերում սովորելու հնարավորությունից, պարզապես ստիպված էին դուրս մնալ շատ կարևոր գործընթացներից: Այդ ժամանակից ի վեր քանդակի մեծ Վարպետը որոշում է ստեղծել գեղարվեստական կրթության ազգային կրթօջախ, որն էլ, ի վերջո, իրականացրեց 1945 թվականին, երբ նրա նվիրումի և համառ ջանքերի շնորհիվ հիմնադրվեց Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ Բայց այդ ամենին նախորդել էր Վարպետի տիտանական աշխատանքը, դեռ 1943-ին, այդ ծանր տարիներին, Սարգսյանը հասցրել էր երկու կուրս բացել, և երբ 45-ին բացվեց կրթօջախը, այն արդեն գործող երկու ուսանողական կուրս ուներ: 

Աննա Սարգսյանը վկայակոչում է այն բացառիկ ջերմությունն ու սերը, որը  ուսանողները տածում էին իրենց ուսուցչի հանդեպ. «Ուսանողների համար նա ասես կիսաաստված լիներ, բոլոր այդ երիտասարդները նրան իրենց շտապ օգնությունն էին համարում, պապիկս կարծես նրանց բոլորի հայրը լիներ: Մեր տանը երբեք մենակ  սեղան չէին նստում, պապիկիս ուսանողներից շատերը սնվում էին նրա տանը: Նա անգամ գերմաներենի անվճար դասեր էր տալիս իր ուսանողներից մեկին, որն անբավարար էր ստացել գերմաներենից»:

Սարգսյանների ընտանիքն արդեն տարիներ շարունակ արդարացիորեն ակնկալում է, որ հենց Արա Սարգսյանի անունով կկոչվի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, որն իր տասնամյակների պատմության և կայացման համար պարտական է բացառապես հռչակավոր քանդակագործին ու մեծ մտավորականին: Աննա Սարգսյանը որևէ բացատրություն չի գտնում այդ հարցն անարձագանք թողնելու համար. «Անվանակոչության համար մենք երկու անգամ ենք դիմել իրավասուներին. մի անգամ հայրիկս է դիմել և մի անգամ էլ՝ ես: Բայց դիմումը ոլորտային նախարարությունը վերահասցեագրել է Գեղարվեստի ակադեմիայի գիտական խորհրդին, որն էլ, իր հերթին, նպատակահարմար չի համարել կրթօջախն անվանակոչել հիմնադրի անունով: Սա շատ անարդար բան է, չեմ հասկանում ինչու պետք է այդ հարցը գիտական խորհուրդը որոշի, այլ ոչ թե կառավարությունը»:

Արա Սարգսյանի ժառանգների և մտավորականների արդար պահանջի հետ ներկայացնում ենք քանդակագործի 1944 թվականի հունիսի 10-ի նամակը՝ ուղղված Մարտիրոս Սարյանին, որը նախկինում երբևէ չի հրապարակվել: Նամակը լեցուն է Արա Սարգսյանի ոգեշունչ խանդավառությամբ՝ վերջապես ի կատար ածված երազանքի՝ Երևանում Գեղարվեստական ինստիուտ բացելու առիթով:

 

***

Շատ սիրելի Մարտիրոս Սերգեևիչ,

Այս անգամ Երևանից քո բացակայությունը շատ երկար տևեց, քեզ շատ եմ կարոտել: Շատ բան ունեմ պատմելու և նույնքան քեզանից լսելու: Առաջին նորությունն այն է, որ մեր կենտկոմի և ժողկոմիտեի կողմից` հաստատվեց Երևանում Գեղարվեստական ինստիուտ բացելու խնդիրը: Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ այդ երազը իրականանում է: Քեզ ծանոթ է անշուշտ այն, որ Մոսկվայում (БКБШ-ն բարձրագույն դպրոցների կոմիտեն) համաձայն էր: Մենք ներկայացրել էինք Ակադեմիա բացելու առաջարկը, ինչպես Թբիլիսիում է, բայց ինչո՞ւ չգիտեմ, նույն այդ կոմիտեն համաձայնվել է թույլ տալ միայն ինստիտուտ բացելու, այն էլ քանդակի, նկարչության, գրաֆիկայի ֆակուլտետներով: Սրանից մի ամիս ու կես առաջ Զ. Վարդանյանը ինձ կանչեց և երկար խոսելուց հետո՝ ինստիտուտի դիրեկտորի պաշտոնն առաջարկեց, ավելացնելով, որ կան մի շարք դժվարին կազմակերպչական աշխատանքներ, որ այդպիսիք միայն ես կարող էի լուծել: Ճիշտն ասած այդ գործը ինձանից շատ ժամանակ ու եռանդ է խլելու, բայց պատմական գործ է: Երկրի ժողովրդի կուլտուրայի և պատվի հետ կապված լինելու հանգամանքը ինձ ստիպեց տալ իմ համաձայնությունը: Դրանից հետո ինձ կանչեցին կենտկոմի բյուրոյի նիստին: Գրիգորի Հարությունյանը խոսեց այդ մասին և խոստացավ ամեն կերպ օգնել, ավելացնելով, որ ես բոլոր տեսակի միության հասարակական աշխատանքներից ազատվեմ: Մի քանի օրվա մեջ կազմեցինք ինստիտուտի նախահաշիվը: Ինձ օգնեցին արվեստի վարչության աշխատող նախիջևանցի Գ. Ս. Դուբաևը, մի հազվագյուտ և հրաշալի աշխատող: Ինստիտուտի համար տրամադրել են ճարտարապետների նախկին ակումբը, Աբովյանի ծայրը` վերևում, երևի հիշես, բայց դժբախտաբար այդ շենքը նախ շատ փոքր է, երկրորդը` անավարտ: Եթե ես համառեի ասելով՝ անկարելի է այդտեղ բացել, դա նշանակում էր հարցը փակել: Մտածեցի, որ լավ է 2-3 տարի այդ շենքում աշխատել, ապա հարց դնել մեծացնելու նոր կառուցումներով: Կազմեցինք նաև շենքի ավարտման աշխատանքների համար смета: Այդ երկու նախահաշիվներն էլ մեզ մոտ ֆինժողկողմում հաստատվեց, գրեթե առանց կրճատման: Պետք է ասեմ, որ թե ընկ. Հարությունյանի և թե ժողկոմիտեի կողմից, վերին աստիճանի ուշադիր վերաբերմունք կա: Ստացա տախտակ, ցեմենտ և այլն, օրերս ստանում եմ նաև մի ամերիկյան ավտոմեքենա (գրուզավիկ) ինստիտուտի համար, ամեն բան շատ լավ է գնում, բացի երկու խնդրից: Մեկն այն է, որ այդ շենքում պահված են մեր քաղաքի ռադիո ապարատները (քոնն էլ հետը և Наркомсвяз-ը չի աշխատում): Երկրորդ և ամենակարևորը. լուր է հասել մեզ, որ Храпченко-ն դեմ է և միության Cовнарком-ում չի պաշտպանում: Մեր ժողկոմխորհը հեռագրել է ընկ. Մոլոտովին և պահանջում է բացել ինստիտուտը այս տարի: Ահա կարճ բոլորը, այժմ ավելի կոնկրետ. Հայկական գեղարվեստական ինստիտուտի անունը սերտորեն կապված պետք լինի մեր մեծագույն արվեստագետի հետ` Սարյանի հետ, ամենապատվավոր տեղը նրանն է լինելու մեզ մոտ: Դրա համար էլ ինստիտուտի հիմքը լինելու է, անկասկած Սարյանը: Այդ մասին ավելի մանրամասն կխոսենք, երբ հանդիպենք: Բայց սրանով ես ուզում էի հարցնել քեզ, որ հոկտեմբերին, երբ ինստիտուտի բացումը լինի, դու լինեիր հանդիսավոր բացումը կատարողը: Սա պատմություն է: Ինստիտուտը կունենա երեք ֆակուլտետ: Հիմնական, յուղանկարչական, գրաֆիկական և քանդակի: Ես ավելացնում եմ տեղում արվեստաբանական բաժին, որը հետագայում կվերածվի ֆակուլտետի: Հարց էի դրել նաև միացնել ճարտարապետականը, բայց ընկեր Հարությունյանը գտավ, որ դեռ շուտ է: Մի երկու տարի հետո երբ պատերազմը կվերջանա կունենանք հինգ ֆակուլտետ և հարց կդնենք անվանել Հայական գեղարվեստական ակադեմիա: Յուղանկարչությունը և գրաֆիկան առաջին երկու տարիները միասին են: Անցնում են живопись, 3-րդ դասարանից գրաֆիկները բաժանվում են: Քանդակը 1-ին դասարանից է, իսկ рисунок-ը բոլորը միասին: Կունենանք պրոֆեսորներ, դոցենտներ, ասիստենտներ: Յուղանկարչականի դեկանը և պրոֆեսորը պարզ է, որ լինելու է այն մեծ արվեստագետը, որին ես այս նամակը այժմ գրում եմ: Այդ իսկ պատճառով մի քանի խնդիրների շուրջ ուզում էի խոսել: Յուղանկարչականում կլինեն 3-4 խումբ, յուրաքանչյուրը 6-8 մարդ: Ես գիտեմ, որ դժվար է մի մարդով ղեկավարել: Կլինեն քո ասիստենտները և դոցենտները: Եթե համաձայն կլինես կարելի էր նաև հրավիրել ևս մի պրոֆեսոր, գուցե և Մոսկվայից: Ինչո՞ւ - ասեմ: Ինստիտուտում անհրաժեշտ է սովորեցնել ուսանողներին պորտրետ, ֆիգուրա, նատյուրմորտ և այլն: Կոջոյանը, Գյուրջյանը, Գայֆեջյանը, որպես պրոֆեսորներ այդ կդժվարանան: Գյուրջյանը հրաշալի կերպով կարող է տանել ամառային պրակտիկա plenar art-ը, բայց տանել դասարան չեմ կարծում: Չեմ խոսում Կոջոյանի մասին, որին միայն գրաֆիկայի գծով կարելի օգտագործել այն էլ միայն 3-րդ տարվանից: Երիտասարդների մեջ նույնպես դժվարանում եմ: Մնում է, չնայած, որ ես կուզենայի անպայման լինեին տեղի հայ արվեստագետներից, հրավիրել Մոսկվայից կամ այլ տեղից: Դրա համար էլ խնդրում էի քեզ մտածել այդ ուղղությամբ, և եթե հնարավոր գտնես՝ խոսեիր այն մոսկվացի նկարիչների հետ, որոնք կցանկանաին գալ մեզ մոտ: Նույնը պետք է ասեմ նաև рисунок-ի մասին: Անհրաժեշտ է մեզ ունենալ մի պրոֆեսոր: Գուցե գտնեինք այնպիսին, որ կապվի մեզ հետ և յուղանկարչությամբ և рисунок-ով, կամ կարող էր նաև լինել լավագույն մոսկվացի արվեստագետներից մեկը, որը գա մեզ մոտ տարին երկու անգամ երկու- ական ամսով: Մնացած ժամանակը կտանեն մեր տեղի երիտասարդ ուժերը որպես ասիստենտներ: Այսպիսով մենք կունենայինք՝ Յուղանկարչություն՝ Պրոֆեսոր Սարյան և 2 ասիստենտ կամ դոցենտ, հրավիրվածը՝ և 2 ասիստենտ Ամառային աշխատանքների համար Գյուրջյան: Քանդակ՝ Արա Սարգսյան և 1 ասիստենտ Սուրեն Ստեփանյան և 1 ասիստենտ Գրաֆիկան 2 տարուց հետո՝ Կոջոյան Рисунок՝ հրավիրված պրոֆեսոր կամ դոցենտ: Մնացած առարկաների համար կան տեղում: Ահա բոլորը ինստիտուտի մասին: Մնում է սպասել համամիութենական Совнарком-ի վերջնական որոշմանը: Որից հետո ամեն ինչ կգնա իր ուժեղ տեմպով: Առայժմ սպասողական դրություն է: Եթե պատահի, որ հանդիպես Храпченко-ին՝ լավ կլինի խոսեիր հետը: БКБШ-ում Кафтанов-ի տեղակալը Григорев-ը շատ լավ մարդ է։ Եկել էր Երևան քո բացակայության ժամանակ։ Նա միանգամյան համաձայն է: Նրանից կարելի է ամեն բան իմանալ, գուցեև նրա միջոցով արագացնել։ Այժմ ցուցահանդեսի մասին։ Երկար պատմություններից և բանակցություններից հետո վերջապես ստացանք հեռագիր, որ մեր ցուցահանդեսը Մոսկվայում բացվելու է օգոստոս ամսին։ Տրետիկովսկայում: Вистовачная площадь չի գրված։ Չենք իմանում ինչքան տեղ են տրամադրում մեզ։ Բայց ճիշտ ժամանակին կլինեն մեր գործերը Մոսկվայում։ Այստեղի ցուցահանդեսը բացվում է հունիսի 22-ին, բայց կմնա մինչև հուլիսի 5-ը։ Կջոկենք աշխատանքները և 5-ից կսկսենք упаковкан: Աշխատանքները կուղարկենք 15-20 հուլիսի։ Հուսով ենք, որ արագ կերպով գործերը Մոսկվա կլինեն օգոստոսի 1-ին։ Երևի այնտեղ ցուցահանդեսը կբացվի օգոստոսի 20-ից 30-ը։ Այս անգամ բացի մեծ նկարներից կան նաև մեծ քանդկաներ։ Զավենը չի ուզում տանել, վախենալով ծախսից։ Ինչպես երևում է կոնֆլիկտ է լինելու։ Օրինակ` իմ այն էսքիզը, որը դու տեսել ես (Հայուհին) մեծացրել եմ 2 1/2 մետր: Տեսավ և վախենում է ուղարկել։ Տեսնենք ինչպես կլինի։ Բայց կարծում եմ, որ Մոսկվայում պատվով դուրս կգանք, ինչպես միշտ։ Այս անգամ աշխատանքները ավելի մշակված են և ավարտված քան առաջներում։ Երկար ժամանակ կա դրա համար։ Կան հետաքրքիր գործեր։ Մոսկվա կմեկնեն երևի մեզանից 10-15 մարդ։ Այդ կլինի օգոստոս ամսին։ Ինստիտուտի կապակցությամբ ես միևնույնն է՝ գնալու եմ, կարծում եմ նույնպես օգոստոսին: Սարիկը ասաց, որ գալու ես Երևան: Եթե այդ միտքը իրականանալու է հուլիսին կամ օգոստոսի սկզբին, ավելի լավ է գուցե սպասես մինչև մերոնք բոլորը գան Մոսկվա և մենք միասին վերադառնանք։ Կարևորը, այս բոլոր հարցերի հետ ծանոթ է և ավելի մանրամասն երևի կխոսի: *** Ընկ․ Գ Հարությունյանի ասելուց հետո ես ազատվեցի Խուդ-ֆոնդի նախագահի պարտականություններից։ Բավականին մեծ աղմուկ հանեցին մերոնք Զարիկի կապակցությամբ։ Զարիկի փոխարեն աշխատում է Սամվել Մանասյանը, իսկ որպես նախագահ Ուրարտուն։ Ամեն կերպ Ուրարտուին ինքս օգնում եմ և նա լավ կաշխատի, մանավանդ, որ սիրով կպել է գործին։ Վարչության նախագահության կողմից նույնպես ազատվեցի։ Չէ՞ որ քո բացակայության ժամանակ հարցերը լուծում էինք ես ու Միքայելը։ Այժմ իմ տեղը ընտրվեց Գյուրջյանը։ Միքայելը նույնպես իրավագիտորեն է ուզում ազատվել։ Վարչության կազմից տեսնենք ո՞ւմ կարող ենք առաջադրել։ Առհասարակ մենք տեսնում ենք վարչության կազմի փոփոխությունը և նոր ընտրություններ, մանավանդ, որ տարին արդեն լրացել է: Ինստիտուտի դիրեկտոր նշանակվելուս կապակցությամբ ստիպված եմ այլ գործերից ազատվել, որպեսզի լրիվ ժամանակ ունենամ նոր ու մեծ գործեր կազմակերպելու։ Քո Երևանից բացակայության ժամանակ բավականին աշխատանքներ եմ կատարել։ Վաղուց վերջացրել եմ ու ձուլել Սահակ-Մաշտոցը։ Արդեն 6-րդ ամիսն է և ի զարմանս դեռ ոչ ոք՝ ոչ ոքիս գործերը չի նայել։ Կատարել եմ Սահակի և Մեսրոպի գլուխները՝ մեծ չափով, իսկական մեծությամբ։ Շեքսպիրյան ֆեստիվալի առիթով պատրաստել եմ Շեքսպիրի մեծ մեդալյոնը։ Հայկական օրնամենտների (Զվարթնոցի խաղողի) շրջանակի մեջ։ Քանդակել եմ, օգտվելով ֆեստիվալի ժամանակ նրա ներկայությունից՝ Ալեքսեյ Կարպովիչ Ջիվիլիգովի պորտրետը, որն իմ գործերից լավագույնն է։ Ի վերջո, վերջին 3-4 ամիսների ընթացքում անընդհատ աշխատել եմ այդ մեծ արձանի վրա և ավարտել։ Աշխատելու ցանկությունն ու ոգևորությունը մեծ է, մնում է միայն ժամանակ խլել։ Պետք է ասեմ, որ վերջին ամիսներին գրեթե արհեստանոցից դուրս չեմ եկել և ամբողջ օրը եղել եմ աշխատանքի վրա։ *** Ես վստահ էի, որ Երևանի գարունը բացվելիս դուք կվերադառնանք, չնայած, որ այս տարի եղանակը անձրևային է խիստ, բայց գարունը առանց Սարյանի ներկայության, ամեն տարվա գարունը իր վառ ու չնաշխարհիկ ու տոնական գույներով մուծվել է և մուծվում է Սարյանի նկարչության ոսկե ֆոնդը։ Արդեն ապրում ենք ամառվա սկիզբը։ Կանաչ է ամեն կողմ, հատկապես մեր թաղամասը այս տարի ավելի փարթամ է, գեղեցիկ, իսկ Սարյանի պարտեզը՝ ավելի գեղեցիկ։ «Советское Искусство»-ում կարդացի քո Киев մեկնելու մասին, բայց ճշգրիտ չգիտեմ, արդյոք հնարավոր եղավ հանդիպել Զարիկի հետ, այդ երջանիկ օրին երկար ժամանակ էինք սպասում։ Խնդրում եմ գրեք այդ մասին։ Երևի Մոսկվայում նկարած կլինես մի շարք պորտրետներ։ Հետաքրքիր կլինի կազմակերպել Մոսկվայում անհատական ցուցահանդես։ Այդ մասին մի անգամ ինձ ասել է Սարիկը, եթե այդ ճիշտ է՝ ես անչափ ուրախ կլինեի։ Մոսկվան այս դժվարին և անեռ պատերազմական օրերին կտեսներ վառ Հայաստանյան արև և կջերմանար Սարյանի գույներով։ Շատ հաճախ պահանջ է առաջանում խոսել քեզ հետ։ Կան ասնպառ խնդիրներ կապված մեր արվեստի, մեր ժողովրդի արվեստի հետ։ Չկա մեզանում մի ուրիշ մարդ քան Սարյանը, որը իր մեջ մարմնավորեր մեր արվեստը իր բոլոր կողմերով, ներկայով և ապագայով։ Համբերությունն էլ չափ ունի: Ժամանակն է, որ մոտիկ ամիսներին կամ դու վերադառնաս կամ մենք ուղևորվենք Մոսկվա քեզ տեսության։ Լուսիկ Լազարևնան երևի անհանգիստ է երկու հոգսով՝ Մոսկվայի և Երևանի, ավելացրած դրան նաև Զարիկի կարոտը: Գրում եմ միայն Լուսիկի կարոտի մասին, որովհետև վստահ եմ, որ դու նրան արդեն տեսած կլինես Կիևում։ Մոսկվան լավ է շատ, մեծ է ու մեծացնում է մարդուն, բայց Երևանը չքնաղ է, տաք, կանաչ ու հմայիչ։ Ուրեմն Երևանյան ջերմ ողջույններ քեզ։ Լուսիկ Լազարևնային և բոլոր մոտիկներին ու հարազատներին։

Ցանկանում եմ առողջություն

Քո՝ Արա։ 10 հունիսի, 1944թ. Երևան

 

Նունե Ալեքսանյան