Անուկ էմե. «Կին լինելն ավելի կարևոր է, քան դերասանուհի լինելը»

Հունիսի 18-ին, փարիզյան իր տանը, 92 տարեկան հասակում մահացավ 20-րդ դարի կինոյի մեծ լեգենդներից մեկը՝ հրեական ծագումով Ֆրանսիացի դերասանուհի, կինոաշխարհում նրբագեղության խորհրդանիշ համարվող Անուկ Էմեն: Ֆրանսուազ Յուդիտ Սորյա Դրեյֆուսը, որին Ժակ Պրևերը կոչել է Էմե, նկարահանվել է  ֆրանսիական կինոյի գլուխգործոց-ֆիլմերում, եղել է Ֆելինիի մուսան և Ժակ Դեմիի, Կլոդ Լելուշի ֆիլմերի դեմքը, խաղացել է Ժերար Ֆիլիպի, Իվ Մոնտանի, Մաստրոյանիի և Դիք Բոգարդի հետ:

«Art-Collage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում կինոլեգենդի՝ «24 images» կինոամսագրին 2013թվականին տված հարցազրույցը: Կանադայի Քվեբեկ նահանգի «24 images» կինոամսագրի լրագրող Էրիկ Ֆուրլանտի հետ դերասանուհին զրուցել է 11 տարի առաջ, երբ նա պատվո հյուրի կարգավիճակով մասնակցում էր Մոնրեալի 19-րդ  «Սինեմանիա» կինոփառատոնին:

Էրիկ Ֆուրլանտ Ա-ռաջին անգա՞մն է, որ Ձեզ այս կարգի հարգանքի տուրք են մատուցում:

Անուկ էմե -Հիմա դուք ինձ շփոթեցնում եք, որովհետև ես նույնիսկ չգիտեմ: Ոնց որ թե Բեռլինում ինձ «Արջ» են շնորհել... Ոչ, ես այլևս չեմ հիշում... (2003 թվականին Բեռլինի կինոփառատոնը նրան շնորհել  էր պատվո «Ոսկե արջ» մրցանակը):

Էրիկ Ֆուրլանտ -Երբ իմացաք, որ Ձեզ պատրաստվում են հարգանքի տուրք մատուցել, ինչպե՞ս արձագանքեցիք դրան:

Անուկ էմե -Նախ և առաջ, ես շատ եմ սիրում Կանադան: Եվ հետո, հարգանքի տուրքն ավելի շուտ հաճելի է, այդպես չէ՞`hաճելի մարդկանցից, հաճելի երկրում մատուցված: Ինչո՞ւ հրաժարվել: Սա պատիվ է, ինչ ասեմ, նվեր:

Էրիկ Ֆուրլանտ -Սա Ձեզ համար առիթ է կրկին անդրադառնալո՞ւ Ձեր կարիերային:

Անուկ էմե -Ոչ, ես չեմ սիրում վերադիտել իմ ֆիլմերը: Ցանկացած կին ծերանում է, բայց մենք՝ դերասանուհիներս, կրկին ու միշտ տեսնում ենք մեզ 20 տարեկան, 30 տարեկան: Դա ծիծաղելի չէ, հասկանում եք, թե ի՞նչ նկատի ունեմ: Ես դիտում եմ սևագիր կադրերը, երբ դա կարող է օգնել ինձ իմ աշխատանքում, բայց ես երբեք չեմ սիրել դիտել ինձ, նույնիսկ այն ժամանակ, երբ 20 տարեկան էի: Կամ դիտել ինձ մոտ հուշեր արթնացնող այլ դերասանների կամ որոշ տեսարաններ: Հասկանո՞ւմ եք:

Էրիկ Ֆուրլանտ -Տասերեք տարեկանից ի վեր Դուք խաղում եք կինոյում: Ի՞նչ է փոխվել դերերի՝ Ձեր ընտրության մոտեցման մեջ:

Անուկ էմե -Ես նույնն եմ: Ի վերջո, գուցե ոչ այնպիսին, ինչպիսին տասերեք տարեկանում... Մի անգամ, երբ ես քայլում էի փողոցում, մի պարոն խնդրեց ինձ նկարահանվել կինոյում: Ես արեցի դա, և ահա արդյունքը: Ես շարունակեցի նկարահանվել, սակայն դա ինձ առանձնապես դուր չէր գալիս: Այնուամենայնիվ, ինձ բախտ վիճակվեց սերտորեն աշխատել հիանալի մարդկանց հետ՝ Կառնե, Պրևեր, Բեքեր, Ժերար Ֆիլիպ: Ես արեցի այն, ինչ ինձանից պահանջեցին անել, ես չէի մտածում, թե հետո ինչ կլինի: Ամեն ինչ փոխվեց, երբ ես հանդիպեցի Ֆելինիին: Ֆեդերիկոն մի աշխատաոճ էր որդեգրել, որն ինձ գրավեց: Այն ժամանակ Ֆրանսիայում կինոյով զբաղվող մարդիկ իրենք իրենց չափազանց լուրջ էին վերաբերվում։ Եթե դուք նկարահանման հրապարակում ծիծաղում էիք, դուք դերասանուհի չէիք, դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էր, կռահում եք, թե ի՞նչ նկատի ունեմ: Այն ժամանակ ես վստահ չէի, որ ցանկանում եմ զբաղվել այս մասնագիտությամբ։ Ֆելինիի հետ մենք շատ լուրջ էինք վերաբերվում աշխատանքին, բայց ինքներս մեզ լուրջ չէինք ընդունում: (Նա նկարահանվել է Ֆեդերիկո Ֆելինիի երկու ֆիլմերում՝ «Քաղցր կյանք» և «Ութ ու կես»):

Մի հարցազրույցում լրագրողը հարցրեց Մարչելոյին. «Այնուամենայնիվ, սա դժվար մասնագիտությունը է, այնպես չէ՞:» Իսկ Մարչելոն պատասխանում է նրան. «Այո, նրանք գալիս են իմ հետևից լիմուզինով, նստեցնում են ինձ բազկաթոռին, ես ծխախոտ եմ ծխում, նրանք մերսում են գլուխս, դիմահարդարում են ինձ, ես մի քիչ սպասում եմ իմ գրիմանոցում, նրանք ինձ բերում են իմ ուզած բաները: Դուք իրավացի եք, դա սարսափելի է, սա պարզապես զարհուրելի մասնագիտություն է»: Ինձ շատ է դուր գալիս այս պատմությունը։ Նա շատ ծույլ էր՝ Մարչելոն: Ես դա սիրով եմ ասում:

Էրիկ Ֆուրլանտ -Արդյո՞ք փոխվել է ձեր տեսակետը՝ ձեր մասնագիտության վերաբերյալ:

Անուկ էմե -Ոչ, հենց ինքը՝ մասնագիտությունն է փոխվել: Եվ հետո, հաշվի առնելով, որ ես այլևս երիտասարդ կին չեմ, գեղեցիկ դերեր գտնելն ավելի դժվար է դարձել: Այսօր ավելի շատ թվով միջին կարգի լավ ֆիլմեր կան: Ես չգիտեմ, թե ինչպես ասել... Կար ժամանակ, երբ մի կողմից կային իսկապես շնորհազուրկ ֆիլմեր, իսկ մյուս կողմից՝ ցնցող: Միայն Ֆրանսիայում, մենք ունեինք Տրյուֆո, Գոդար, Ռենե, Շաբրոլ... Այսօր հանճարները քիչ են: Իհարկե, կան Սկորսեզե, Մալիկ, Ջեյմս Գրեյ, Վուդի Ալեն, բայց մենք ավելի լավ ֆիլմեր էլ ունենք: Ինչպես ամեն ինչում, միջին ցուցանիշն է տիրում, չեք կարծում, որ սա սարսափելի է: Հասկանո՞ւմ եք, թե ինչ եմ ուզում ասել: Եվ հետո հիշողության խնդիր կա: Իմ ընկերներից մեկը, մի շատ հայտնի մարդ, բայց ես չեմ տա նրա անունը, քանի որ չեմ ուզում նրան ներքաշել այս ամենի մեջ, ասում էր ինձ. «Ես դասախոսություններ եմ կարդում կոլեկտիվ ամնեզիայով տառապող կինոյի մասնագիտություններ ուսումնաասիրող ուսանողների համար: Ֆելինիի անունը դեռ նրանց ինչ-որ բան ասում է, բայց ինչ վերաբերում է Պազոլինիին, ապա նրանք չգիտեն, թե նա ով է» : Դա ողորմելի է:

Էրիկ Ֆուրլանտ  -Ի՞նչ եք սովորել այն ռեժիսորներից, որոնց հետ աշխատել եք:

Անուկ էմե -Ես սովորել եմ բոլորից, նույնիսկ ոչ այնքան լավ ռեժիսորներից: Նրանք բոլորն ինձ դարձրին այն դերասանուհին, ինչ այսօր կամ: Դա նման է իմ կյանքի տղամարդկանց: Շնորհիվ իմ կյանքի հանդիպումներին և իմ աշխատանքին ես դարձա այնպիսին, ինչպիսին որ կամ, հասկանո՞ւմ եք ինչ նկատի ունեմ: Անհերքելի է այն փաստը, որ Ֆելինին շատ մեծ ազդեցություն է թողել ինձ վրա: Հենց նրա շնորհիվ է, որ ինձ սկսեց դուր գալ դերասանուհի լինելը: Դրանից առաջ ես դա ընդունում էի որպես ինքնին հասկանալի մի բան: Ինձ առաջարկեցին Ժերար Ֆիլիպին, և ես համաձայնեցի։ Չէ՞ որ ես չէի պատրաստվում հրաժարվել տորթից, այդպես չէ՞: Ժերար Ֆիլիպը ցանկանում է աշխատել ինձ հետ. դուք ձեզ հաշիվ տալի՞ս եք: (Ժերար Ֆիլիպի հետ նա խաղացել է «Մոնպարնաս, 19» ֆիլմում, երբ կատարել է Ժաննա Էբյուտենի դերը, իսկ Ֆիլիպը կերպավորում էր Ամեդեո Մոդիլիանիին): Դա հիանալի է, հենց սա՛ է կյանքը: Ես դրա համար ոչինչ չեմ արել։ Ես չուզեցի դերասանուհի լինել։ Ես անմիջապես գլխավոր դերեր ստացա, ստիպված չեղա պայքարել փոքր դերերի համար։ Ֆելինիի հետ ես սկսեցի այլ ձևով խաղալ։ Բայց մենք անընդհատ սովորում ենք: Նույնիսկ այսօր, իմ տարիքում, ես դեռ սովորում եմ:

Էրիկ Ֆուրլանտ -Ձեր խաղացանկի պակաս հայտնի ֆիլմերից կա՞ որևէ մի ֆիլմ, որին Դուք առանձնահատուկ ջերմությամբ եք վերաբերվում:

Անուկ էմե -Այո, Ալեքսանդր Աստրյուկի «Բոսորագույն վարագույրը»՝ նրա առաջին կինոնկարը, որը միջին մետրաժի ֆիլմ է: Այն շատ գեղեցիկ է, մեծ շրջապատով: Կա նաև Սիդնի Լյումետի «Ժամադրությունը»՝ Օմար Շարիֆի մասնակցությամբ, որին հաջորդում է Էլի Չուրակիի «Իմ առաջին սերը»: Հակառակ դեպքում, ո՞ր ֆիլմը: Ես այլևս չգիտեմ... Այդ մասին չհիշելը հիմարություն կլինի, քանի որ չեմ մոռանում իմ ֆիլմերը: Ես սիրում եմ դրանք բոլորը:

Էրիկ Ֆուրլանտ -Երբ էկրան բարձրացավ «Լոլայի» վերականգնված տարբերակը, («Լոլա»- Ժակ Դեմիի երաժշտական ֆիլմը) Նոեմի Լուչիանին «Լը Մոնդ» պարբերականում գրեց. ««Լոլան» մեզ մոտ գալիս է մի պոռթկումով, հանգիստ անմահությամբ, որը բնորոշ է այն գլուխգործոցներին, որոնք իրենց ծննդյան ժամանակ անտեղյակ էին, որ իրենք այդպիսին են»: Մի արտահայտություն, որը կարող էր վերաբերել Ձեր անցած ուղուն, որը շատ հեշտ ընկալվող թեթևության տպավորություն է թողնում…

Անուկ էմե -Այո, այո, դա միանգամայն ճիշտ է: Ես երբեք ոչինչ չեմ արել այս մասնագիտությամբ զբաղվելու համար: Նախ, ինձ հարկավոր է, որ ինձ սիրեն: Ես չէի կարող ստիպել որևէ ռեժիսորի աշխատել ինձ հետ: Ես ինքս ինձ վաճառել չգիտեմ, ես չէի իմանա, թե ինչպես է պետք դա անել: Անշուշտ, ես կարող եմ ինչ-որ մեկին ասել. «Ես կցանկանայի աշխատել ձեզ հետ», նույնպես չափազանցնելու կարիք չկա բայց ինձ պետք է, որ ինձ ցանկանան: Կարող է դա այդքան էլ լավ չէ... Եթե որևէ ռեժիսոր ուզում է ձեզ, դա այն պատճառով է, որ նա ձեր մեջ տեսել է մի բան, որը ոչ ոք, ներառյալ դուք, դեռ չի տեսել:

Էրիկ Ֆուրլանտ -Զարմանալի է, որ Դուք չեք նկարահանվել Տրյուֆոյի մոտ: Նա, որը կինոյի և դերասանուհիների այդպիսի սիրահար էր:  

Անուկ էմե -Զվարճալի է, որ դուք  դա ասում եք, որովհետև երբ ես նրան հանձնեցի «Սեզար» մրցանակը (1981 թվականին «Վերջին մետրո» ֆիլմի համար), նա ասաց ինձ.

-Ինչպե՞ս ստացվեց, որ միասին չաշխատեցինք:

-Ահա, ես դա ձեզ եմ հարցնում:

-Չեմ հասկանում…

-Դե, իսկ ես, առավել ևս։

-Համենայն դեպս, այս «Սեզարով» մենք ինչ-որ բան միասին կանենք: Մենք ծիծաղեցինք: Իհարկե, ես մեծ հաճույքով կցանկանայի նկարահանվել նրա մոտ, սակայն դա տեղի չունեցավ:

Էրիկ Ֆուրլանտ -Ժամանակին Դուք ասել եք. «Կին լինելն ավելի կարևոր է, քան դերասանուհի լինելը»: Դուք դեռ այդպե՞ս եք կարծում:

Անուկ էմե -Այո, միանշանակ: Առավել ևս այսօր։ Ես միշտ մտածել եմ, որ կանացիությունը կանանց ամենամեծ զենքն է: Ես շատ եմ սիրում կին լինել: Եվ հետո, կանայք շատ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի