Անտարբերության ամրոցում․ «Անգլիական նանա»

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Համազգային թատրոնում  թատերականացված ընթերցանության պրեմիերա է։ Մարգերիտ Դյուրասի «Անգլիական նանա» պիեսի բեմադրությունը տուրք է ֆրանսիացի վիպագրի հիշատակին․ այս տարի Ֆրանսիայում նշվում է Դյուրասի 110-ամյակը։

Ֆրանսիացի գրող, սցենարիստ, դրամատուրգ, կինոռեժիսոր Մարգերիտ Դյուրասը 34 վեպերի հեղինակ է։ Դյուրասը ծնվել է դեռևս ֆրանսիական գաղութ Վիետնամում, բազմանդամ, անապահով ընտանիքում։ 17 տարեկանում Մարգերիտը տեղափոխվել է Ֆրանսիա, իրավունք է ուսանել, մասնակցել Դիմադրության շարժմանը: Գրական Դյուրաս կեղծանունն էլ նախընտրել է՝ ի պատիվ հայրական գյուղի։

Նրա ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Սիրեկանը» վեպը էկրանավորվել է, սակայն մեզանում Դյուրասն ավելի ճանաչելի է որպես «Հերոսիմա, իմ սեր» ֆիլմի սցենարի հեղինակ (ռեժիսոր`Ալեն Ռենե, 1959 թ.)։ Ինքնօրինակ պատկերացում ունենալով, թե ինչպիսին պետք է լինի գրականությունը, թատրոնը, կինոն, բազմատաղանդ Մարգերիտ Դյուրասը նկարահանել է նաև երկու տասնյակ ֆիլմեր, խաղացել բազմաթիվ դերեր։

Ֆրանսիացի գրողի հոգեբանական դրամա-դետեկտիվ ժանրի «Անգլիական նանա» ստեղծագործությունը և’ պիես է, և’ վեպ: Դեռևս հայերեն չհրատարակված պիեսը թարգմանել են Հռիփսիմե Շահինյանն ու Նունե Ղարիբյանը։

Պիեսի գործող անձինք երեքն են՝ Քլեր Լանը, նրա ամուսին Պիեռ Լանը և «Հարց տվողը»։ Հեղինակի մտահղացմամբ, դատարկ սենյակում, լուսարձակի ներքո ամուսիններին հարցեր տվողը կինը քննիչ չէ, ինչը գրական հնար է, որպեսզի ծավալվի ոչ թե քննություն, այլ զրույց, որի երկու կողմերը հավասարապես իրավունք ունենան հարցեր բարձրացնելու։ Հարցազրույցի ձևաչափով այս երկխոսությունները վեր են հանում ընտանիքի անդամների բացահայտ ու թաքուն կյանքի ասպեկտները։

Մեկ ժամ քսան րոպե Համազգայինի հանդիսականը ոչ թե հարցաքննության, այլ հոգեխույզ զրույցի մասնակից և ունկնդիր է։

Թեև Քլեր Լանը (Ալլա Սահակյան) խոստովանել է, որ ինքն է սպանել իր զարմուհի Մարի֊ Թերեզին, սակայն հանցանքը ոչ մի կերպ չի պատճառաբանվում։ Հանցագործության մոտիվն, առաջին հայացքից, բացակայում է, և հարց տվողը (Հռիփսիմե Շահինյան) փորձում է բացահայտել գաղտնիքը, թե ինչպես է բարեկեցիկ կյանքով ապրող, խնամված ու գեղեցկատես (այս հանգամանքը միշտ էր շեշտում ամուսինը) կինը հակվել մարդասպանության։

Հարց տվողն ու հանդիսականը ոչ թե ուզում են հասկանալ թե ի՞նչ է տեղի ունեցել, որը որևէ մեկը չի ժխտում, այլ ինչո՞ւ, ինչպե՞ս․․․Հարցախույզի արդյունքում վեր է հանվում երկար կյանքի մի պատկեր. սեր, ողբերգություն, ինքնասպանության փորձ՝ անհասկանալի, անբացատրելի, լռության պատնեշով պարուրված։

Դյուրասի տեքստում ոչ մի հիմնավորում չկա, կան  պեղումներ՝ մարդու, կնոջ հոգու խորքերում։ Ու երբ թվում է թե անհավանական ու սահմռկելի այս պատմությունը ոչ մի աղերս չպիտի ունենա առօրյա իրականության ու կյանքի հետ, յուրաքանչյուրն այս ընթացքում, հարց տվողի ու պատասխանողների խոսքերին զուգահեռ կամ հետո, քննում է իր կյանքը՝ նոր դիտանկյունից։

Լուսարձակի տաք լույսի տակ, դատարկ սենյակի միակ սեղանի շուրջ առաջինը զրույցի է հրավիրվում ամուսինը( Ստեփան Ղամբարյան), և նրա՝ աթոռին բազմելու կերպից,  մի քանի հարցերի արձագանքից աներկբա է դառնում, թե որքան անհաղորդ է նա կատարված ողբերգությանն ու կնոջ հետագա ճակատագրի հանդեպ. անթաքույց խոստովանում է, որ լիակատար ազատություն է ստացել։

Իսկ թե որքան տարբեր հայացքներ ունեն ամուսինները, երևում է Ալֆոնսոյի հանդեպ տածած վերաբերմունքից։ Ամուսնու համար նա մի քիչ տարօրինակ, տարվա մեջ մեկ անգամ փայտ կոտրող է ընդամենը, Քլերի հայացքով՝ «սիրտը բաց, ձեռքը՝ բաց, խրճիթը՝ դատարկ, ճամպրուկը՝ դատարկ, և չկա մեկը, որ տեսնի, թե որքան կատարյալ է նա»։

Պիեռի Լանի հայացքով սպանված կինը համեղ կերակուր պատրաստող, տանը հարմարավետություն ստեղծող մունջ արարած էր։ «Հեռվից բոլորի նման էր, մոտիկից՝ խուլ ու համր»․ Մարի Բուսկեն այսպիսին էր Քլերի բնութագրությամբ։ Ինքն էլ հեռվից, ուրիշների հայացքով, սեփական այգու նստարանին ժամերով անրջող մեկն է, և ինչպես խոստովանում է հարց տվողին՝ «հիմա էլ լուռ սսկված կլինեի, եթե․․․»։

Քլեր-Ալլա Սահակյանն իր տասնամյակների մենությունը, լսելի չլինելու կուտակումներն անհաղորդ ձայնով ունկնդրին է փոխանցում խորասույզ-կասկածամիտ հայացքով ու հախուռն ոճով, այնքան արագ, ասես ուզում է հասցնել արտահայտվել․ «Ջրի ձայնը, քաղաքականությունը, սնունդը, ջուրը, լճերի սառելը, լճերի ընդերքների, լճերի ընդերքներում գոյություն ունեցող լճերի․․․»։

«Դուք գիտե՞ք, որ ձեր կինը 25 տարեկանում փորձել է ինքնասպան լինել, ջրահեղձ լինելուց են փրկել» հարցը զարմացնում է ամուսնուն, քանի որ կամ առաջին անգամ է լսում, և կամ՝ կարևորություն չի տվել։

Քլերը քառորդ դար լռությամբ ամփոփված նույն հարցին պատասխանում է եկար, համակերպվածի ու ազատագրվածի անգույն ձայնով։

Մարի Քլեր-Ալլա Սահակյանը, հևիհև խոսքով ու սառած հայացքով, ընդամենը կաղապարն էր այն կնոջ, որը 25 տարեկանում բոլորանվեր սիրահարված էր քահորցի գործակալին, և հավատում էր Աստծուն, ու իբրև երախտագիտություն՝ ամեն օր հաղորդություն վերցնում։ Երկինքը փուլ էր եկել, կորցրել էր սերն ու Աստծուն, և մնացյալ տասնամյակներն ապրել իբրև ձմռանը չաճող անգլիական նանա։ Այդ խորհրդավոր բույսը կամ ծաղիկը, որ աճել էր իր նստարանի կողքին, իր պես դուրս էր կյանքից։ Ինքն էլ իր տանը տեղ չուներ, վտարյալ էր սեփական տանից ու նստարանին գամված, «ամուսինը չափից դուրս բարձրահասակ էր, տան մյուս անդամը՝ ազգականուհին՝ չափազանց գեր»։ Եվ արճիճե մտքերը կուտակվում էին նրա գլխում․ «Եվ մի օր էլ նա ինձ  խոցեց, երկինքը փուլ եկավ՝ ես ունեի աստված ու նրան, ու ես չունեցա աստված»։

«Անգլիական նանան» ավելին է, քան սովորական դետեկտիվը։

 

Քննարկում

Համազգայինի հանդիսականն այս ժանրը՝ թատերականացված ընթերցանությունը, կարևորում է ներկայացման ավարտից հետո դերասանների հետ զրույցի, քննարկման հնարավորության համար։

Ըստ Նարինե Գրիգորյանի, այս պատմությունը վանել էր բոլորին ի սկզբանե, Համազգայինում գերադասել են պիեսը, քանի որ վեպն ավելի դաժան էր։ Նա պիեսը դիտարկում է Մարգերիտ Դյուրասի կենսագրության զուգահեռներում՝ «ասես ցավի անատոմիա է վիետնամական փորձառությամբ, վիետնամական մշակույթի ազդեցությունը կա՝ մատը դնել ցավեցնող, բաց վերքի վրա»։

Մեր դիտարկումով, սակայն, ապառաժ քանդելու պես շերտ առ շերտ կնոջ զգացմունքների մեջ խորանալը, ներառյալ նուրբ քմահաճություններն ի գիտություն ընդունելը, ֆրանսիական քաղաքակրթական, կնամեծար մշակույթին բնորոշ գիծ է, երբ կանացի գրականությունը համեմվում է նուրբ դաժանությամբ։

Քննարկմանը հանդիսականը շատ հարցեր, անգամ մեղադրանքներ հնչեցրեց, Պիեռ- Ստեփան Ղամբարյանին մեղադրելով անտարբերության մեջ՝ ինչո՞ւ երբեք չի հետաքրքրվել, թե ինչու է կինը փակվում սենյակում, կամ ժամերով անշարժանում այգու նստարանին։ Ստեփան Ղամբարյանն արդարացավ՝ ցանկացած տղամարդ կդավաճաներ նրան։

Հանդիսականներից մեկի տեսակետով՝ «ամուսինը գործ է ունեցել հետևանքի հետ»։

«Ինչու 24 տարի երբեք չեք լքել նրան» հարցին էլ պատասխանեց, որ այդպես ապրելը հարմար էր, երբեք միմյանց չէին խանգարում, չի հարցրել անգամ, թե ինչու է փորձել ինքնասպան լինել, բացի այդ՝ կինն արտաքնապես իրեն հաճելի էր։

Սա Մարգերիտ Դյուրասի ոճն է՝ պատմել առանց ավելորդ վերացարկման, որպեսզի տեքստն ազդու լինի, քանի որ «խաղը տեքստից խլում է ներկայությունը»։

Համազգայինի «Անգլիական նանա» ներկայացման մեջ Ալլա Սահակյան-Քլերի հուսահատ ու ինքնահոսի մատնված տեսքը, ցասումնալից փայլող աչքերը, զուսպ ու համակերպված խոսքը հուշում էին, որ նրա համար միևնույն է՝ գլխում կուտակված արճիճե մտքերով անշարժ նստել սեփական այգում, իբրև սեփական բանտում, թե քաղաքային բանտում։

 

Գայանե Մկրտչյան