Անրի Վեռնոյը Հայոց Ցեղասպանության մասին

Ֆրանսիական կինոյի մեծ վարպետը՝ Անրի Վեռնոյ-Աշոտ Մալաքյանն այսօր  կդառնար 100 տարեկան: Հայաստանում հայազգի մեծ ռեժիսորի հոբելյանին վաղուց էին պատրաստվում, մշակվել էր հոբելյանական միջոցառումների պետական ծրագիր, բայց պատերազմն ամեն ինչ գլխիվայր շրջեց: Վեռնոյն իր երկարամյա ստեղծագործության ընթացքում ֆրանսիական կինոն հարստացրեց  իր անկրկնելի ու արժեքավոր տեսակով, ստեղծեց շատ սիրված ու աշխարհում հայտնի բազմաթիվ ֆիլմեր և գրեց մի գիրք, որը թեև նույնքան հայտնի չէ, որքան նրա կինոն, բայց մեկ անգամ ևս հաստատում է իրողությունը, որ տաղանդավոր մարդիկ որպես կանոն բազմատաղանդ են: Վեռնոյի «Մայրիկ» հուշապատումը տարագիր հայության վերապրումի ու վերածննդի զարմանալի նուրբ ու հուզիչ պատմությունն է, որից մի հատված ներկայացնում ենք «ArtCollage»-ի ընթերցողներին:

«Այս անգամ առիթը բարենպաստ է»:

Ահա այս բառերով է այդ տարի սկսվել թուրք առաջնորդների համագումարը:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքիան բռնել էր Գերմանիայի կողմը: Այլևս չվախենալով օտարերկրյա ուժերի միջամտությունից, ոչ էլ համաշխարհային մամուլի բողոքներից, որոնք զբաղված էին ուրիշ ճակատներում, նա հայտարարեց սրբազան պատերազմ, մոլեռանդ մուսուլմաններին ոտքի հանելով քրիստոնյաների դեմ:

Մինիստր Թալեաթը եզրակացնում էր. «...ինչ վերաբերում է հային, ապա այն բնակավայրը, որտեղ ապրել է, այլևս չի ճանաչի նրան, և թուրքը կժառանգի նրա բարիքներն ու երկիրը...»: Ցեղասպանությունը «Պետական ծառայության» որոշմամբ իրագործվեց նախապես կշռադատված, ծրագրված, նախորդ սպանդներում փորձարկված պլանով:

Ըստ խնամքով պատրաստված մի անվանացանկի, մտավորականները՝ մամուլի աշխատողներ, բժիշկներ, իրավաբաններ, արվեստագետներ, գրողներ, դարձան առաջին վտարվողները, որպեսզի չկարողանային իրենց ձայնը բարձրացնել արտաքին աշխարհում:

Եվ որպեսզի կանխեին դիմադրության կամ ինքնապաշտպանության որևէ շարժում, տասնութից մինչև քառասուն տարեկան բոլոր տղամարդիկ նախ կանչվեցին թուրքական բանակ, ապա զինաթափ արվեցին և մեկուսացվեցին աշխատանքային ճամբարներում, հետո գնդակահարվեցին հարյուր հոգիանոց խմբերով:

Երբ մնացել էին միայն կանայք, երեխաները և ծերունիները, հռչակվեց դեկրետ «փրկության նպատակով» բնակչության տեղահանման մասին դեպի Միջագետք՝ Օտոմանյան կայսրության ամենադաժան վայրը: Օտարերկրյա դեսպանների, հյուպատոսների, նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիայի ներկայացուցիչների վկայությունները, պատմաբանների կամ Կարմիր խաչի հասարակ հիվանդապահների պատմածները ստիպում են սոսկումից փշաքաղվել, ի տես սովալլուկ, ծարավ, գզգզված մարդկային երկար շարանի, որն առաջանում էր հեծյալ ոստիկանների մտրակի շառաչյունի տակ:

Գալիս էին... տասնյակ հազարներով գալիս էին Զեյթունից, Մոկսից, Ուրֆայից, Տեր-Զորից... Այդ քայլող կմախքները վայր էին ընկնում ճանապարհի եզրերին, և նրանց անմիջապես պատառ-պատառ էին անում ոռնացող շները, որոնք սպասում էին նրանց վերջին հառաչին:

Այդ անդարձ ճամփորդության ժամանակ, խստագույն հրամանով, ողջ մնացածներին տանում էին Հալեպով, որպեսզի քողարկեն սարսափելի ճշմարտությունը և հարց բարձրացնող հյուպատոսների միջոցով ապացուցեն աշխարհին, թե այդ տարագիրները ահա ողջ են, պարզապես ենթարկվում են տեղափոխության:

Երբ վերջին ուրվականները՝ դալուկ, փոս ընկած այտերով, հիվանդություններից հյուծված հասնում էին անապատ՝ բնաջնջման դաշտը, անարգել գործի էին անցնում սովն ու համաճարակը:

Մինիստր Թալեաթի կրկնակի պահանջների վրա, որ անվերջ հայտարարում էր «գործի արագացում», կացինը, բահ ու բրիչները փոխարինում էին դանդաղ մահվան:

Մի զինվորական բժիշկ բացականչել է. «Ես փախչում եմ՝ այսքան տառապանքներ ամոքելու անզորությունից հուսահատ»:

Մահվան այդ ճամփաներին մի բանաստեղծ գոչել է.

 

Օհ, չսոսկաք, երբ անպատմելի պատմությունս

ձեզի պատմեմ...

Թող մարդերը հասկանան, մարդու ոճիրը

մարդուն դեմ...

 

Մորթված մի ժողովրդի մոխրացած բանաստեղծը չէր իմանալու, որ մարդկային աշխարհը սոսկումով փախել էր դժոխքի վրա բացվող պատուհանի մոտից:

 

Անրի Վեռնոյ