Աննա Վիլենսկայա. «Իմ աշխատանքն իմ առաքելությունն ու փրկությունն է»

Երիտասարդ երաժշտագետ, կոմպոզիտոր Աննա Վիլենսկայան Երևանում է կինոյին և երաժշտությանը նվիրված դասախոսությունների շարքով։ Երևանցիներն արդեն հնարավորություն են ունեցել նրան լսել Փոթերիանայում հնչող երաժշտության և Լարս Ֆոն Թրիերի «Մելանխոլիա» ու Սթենլի Կուբրիկի «2001․ Տիեզերական ոդիսական» գլուխգործոցների պարտիտուրի մասին։ Առաջիկայում ևս երեք դասախոսություններ  կլինեն՝ նվիրված Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելլար» («Միջաստղային ճամփորդություն») ֆիլմի՝ Հանս Ցիմերի ստեղծագործություններին, «Radiohead» խմբի կինոերաժշտությանը և խորհրդային ֆիլմերում հնչող մեղեդիներին։

Աննայի հետ զրուցեցինք երաժշտագիտական բարդ տերմինները պարզ բացատրելու և չվախենալու նուրբ արվեստից։

-Ինչպե՞ս եք ընտրում ձեր դասախոսությունների թեմաները։ Եվ ինչո՞ւ որոշեցիք դասախոսությունների շարք կարդալ Երևանում։

-Ես ընտրում եմ այնպիսի թեմաներ, որոնց մասին ինքս կուզենայի դասախոսություն լսել։ Երբեք չեմ պատմում այն կոմպոզիտորների մասին, որոնց չեմ սիրում։ Որովհետև կարծում եմ, որ պետք է պատմես այն, ինչը սիրում ես։ Իսկ ինչը չես սիրում, հաստատ լավ չգիտես, որովհետև չես զբաղվել դրանով։ Իսկ ես ամենևին աշխարհի բոլոր կոմպոզիտորների մասին դասախոսություն կարդալու նպատակ չունեմ։  

Քաղաքներն ինչպե՞ս եմ ընտրում։ Սովորաբար ինձ գրում են՝ Երևան կգա՞ք։ Ես էլ պատասխանում եմ՝ մի օր երևի կգամ։ Բայց եթե տասը հոգի է գրել, արդեն ինքս եմ գրում իմ մենեջերին՝ կարո՞ղ ենք Երևանում դասախոսություն կազմակերպել։

-Շա՞տ մարդ էր գրել Երևանից։

-Այո, բայց ինձ թվում է, որ սխալ ժամանակ եմ եկել։ Կարծում եմ, շատ մարդիկ հիմա գնում են Հայաստանից այս ռազմական կոնֆլիկտի պատճառով։

-Ձեր առաջին երկու դասախոսությունը նախորդ շաբաթ-կիրակի օրերին էր՝ Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո։ Չէի՞ք վախենում։

-Իհարկե վախենում էի։ Հիմա էլ եմ վախենում։ Բայց ես սովորել եմ վախենալուն։ Հասկանալի է․ բոլորը բոլորի հետ պատերազմում են, ես էլ այդ ամենի էպիկենտրոնում եմ ապրում։ Բայց պետք է չէ՞, ի վերջո, ապրել։ Ինձ համար սուրբ պահեր կան, երբ ընդհանրապես վախ չեմ զգում․ երբ դասախոսություն եմ կարդում, կամ պատրաստվում եմ դասախոսության, կամ նոր դասախոսությունների թեմաներն եմ քննարկում։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, ինձ համար այն կյանքի իմաստն է, առաքելությունն ու փրկությունը։

-Ուրեմն խոսենք ձեր աշխատանքից։ Ես շատ լավ եմ հասկանում ինչպես կարելի է վերլուծել կադրը  կամ պատմությունը, նարատիվը, բայց գլխիս մեջ չի տեղավորվում՝ ինչպես կարելի է «բացատրել» երաժշտությունը։

-Երբ ես տասը տարեկան էի, ընկերներ չունեի, ամբողջ օրը նստած էի դաշնամուրի առաջ ու լսողությամբ հեռուստացույցից լսած երգերի ակորդներն էի գտնում․․․

-Չեմ հավատում, որ դուք ընկերներ չունեիք։

-Չէ՜, չունեի։ Իմ ծնողներն այնքան «հոգատար» էին, որ բոլոր երեխաները ջինսով էին դասի գնում, իսկ ինձ համար լավ կտորից զգեստներ էին կարում։ Դե, ես միակ աղջիկն էի, իմ վրա բոլորը դողում էին։ Այնպես որ ես ընկերներ չունեի, ամբողջ օրը տանն էի, «Հարրի Փոթեր» էի կարդում ու դաշնամուր նվագում։ Ու շատ ավելի շուտ, քան իմացա ակորդների անվանումները, արդեն հասկացել էի դրանց օրենքները։ Այսինքն, ես չգիտեի՝ ակորդն ինչ է, բայց գիտեի, ինչպես է այն սովորաբար գործածվում։ Հետո, երբ արդեն սովորում էի ուսումնարանում, մեզ շատ լավ էին դասավանդում։ Ես գիտեմ բոլոր ակորդների անվանումները, կարող եմ նվագել ամենաբարդ մոդուլյացիաները։ Չգիտեմ՝ ինչիս է դա պետք, բայց այդ ամբողջ գիտելիքը համադրվում էր մանկական զգացողություններիս հետ։ Հետո մի մասնավոր դպրոց ընդունվեցի, որտեղ պետք է մեծահասակներին սոլֆեջիո սովորեցնեի։ Այսինքն, պետք է զրոյից մեծահասակներին երաժշտություն սովորեցնեի, ու դա իսկական challenge էր ինձ համար։ Որովհետև մեծահասակները երեխաների պես ճկուն չեն, ու ի տարբերություն երեխաների, չեն վստահում քեզ, նրանց պետք է ամեն ինչ բացատրել, և այնպես բացատրել, որ իրենք հասկանան։

-Ինձ համար հատկապես հետաքրքիր էր, երբ դուք համեմատում եք երաժշտությունը գույնի կամ համի հետ։ Կարծում եմ, մենք բոլորս ենք այդպես բացատրում մեր զգացողությունները, բոլորը՝ բացի երաժշտագետներից։

-Կարծում եմ, պատճառը գիտական, այդ թվում՝ երաժշտագիտական ավանդույթն է, որն ինձ միշտ «զզվեցնում էր» կոնսերվատորիայում[1]*։ Երբ ես սկսում էի դասախոսություններ կարդալ, հենց դրանից էի ուզում խուսափել։ Հիշո՞ւմ եք, ինչպես էր Գլխարկը որոշում Հարրի Փոթերի ֆակուլտետը։ Հարրին էլ ասում էր՝ միայն ոչ Սլիզերին, խնդրում եմ։ Այսինքն, ինքը չգիտեր՝ ինչ է ուզում, բայց հաստատ գիտեր՝ ինչ չի ուզում։ Ես էլ հաստատ գիտեի, որ չեմ ուզում դասախոսություններ կարդալ, ինչպես կոնսերվատորիայում։ Երբեք չեմ հասկացել՝ ինչի՞ համար են այդ բարդությունները։

-Իսկ չե՞ք վախենում, որ ձեզ լուրջ չեն վերաբերվի ոլորտում։

-Իսկ ես չեմ աշխատում մասնագետների հետ, մասնագետներն այս ամենը գիտեն։ Ես միշտ աշխատել, աշխատում ու աշխատելու եմ ոչ երաժիշտների համար։ Ինձ դա դուր է գալիս, ես սիրում եմ իմ «աշակերտներին»։

-Դուք ձեզ «զումեր» եք անվանում․․․

-Այո, բայց նաև միլենիալի հատկություններ ունեմ․․․ Իրականում այս պատերազմից հետո ես այլև չեմ ուզում վերլուծել Z-սերունդը։ Նախ, Z տառը հիմա այնքան էլ չեմ ուզում հիշատակել, և երկրորդ, այնքան հույսեր կային մեր սերնդի հետ կապված, ի՛մ հետ կապված, որ չարդարացան։ Չնայած, ասում են, քսան տարեկանում ամեն սերունդն էլ կարծում է, որ կփրկի աշխարհը․․․

-Անշուշտ, բայց ես այլ բան էի ուզում հարցնել։ Իմ ծնողներն, օրինակ, մինչև հիմա առաջնորդվում են դպրոց-համալսարան-ասպիրանտուրա-գիտական կարիերա սխեմայով, որը, կարծես, ընդհանրապես չի հետաքրքրում «զումերներին»։ Կարո՞ղ ենք ասել, որ «սիրողական» լսարանի հետ աշխատելու ձեր պատրաստակամությունը գալիս է նրանից, որ ձեզ չի հետաքրքրում ստատուսը, կամ որովհետև «զումերները» ստատուսն այլ կերպ են հաշվարկում։

-Չգիտեմ, արդյո՞ք, դա կապված է սերնդի հետ, բայց կոնսերվատորիայի ամենածեր և ամենահարգված դասախոսներն այնքան վատ էին դասավանդում, որ դա հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել։ Նրանք ընդհանրապես չէին մտածում՝ ինչ է պետք ուսանողին։ Ես պարզապես հասկացել եմ, որ ինձ շատ վատ եմ զգում, երբ ինչ-որ սիստեմի մեջ պետք է լինեմ։ Դրա համար էլ կիսատ թողեցի կոնսերվատորիան։ Բայց չեմ կարծում, որ դա «զումերների» հետ է կապված։ Ես կիսատ եմ թողել բարձրագույն կրթությունը, ամուսինս էլ, չնայած ինքն ինձանից տարիքով շատ ավելի մեծ է՝ բոլորովին այլ սերնդի ներկայացուցիչ։ Երկուսս էլ երբեք որևէ պետական հիմնարկում չենք աշխատել ու միշտ խուսափել ենք համակարգի մաս դառնալուց։

-Իսկ կա՞ն թեմաներ, որոնք ձեզ համար տաբու են։

-Ես կարծում եմ, յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչ սիրում է։ Երբեք չեմ պատմում այն կոմպոզիտորների մասին, որոնց չեմ սիրում, որոնց սիմֆոնիաների տակ քնում եմ, որոնց գերագնահատված եմ համարում, նրանց մասին, որոնց անվանում են ավանգարդիստներ, բայց իրենց երաժշտությունը «հաշվարկված է», ու նրանց չեն լսում սովորական մարդիկ։ Անուններ չեմ թվարկի, որովհետև դա սխալ է։ Մի հարցազրույցում ասացի, որ չեմ սիրում Շյոնբերգին, բայց հետո խնդրեցի, որ չգրեն դա։ Իսկ իրենք ի՞նչ արեցին։ Գրեցին՝ ես չեմ սիրում Շյոնբերգին (բայց, խնդրում եմ, դա մի գրեք)։ Երաժշտագետները շատ էին ջղայնացել։

Չեմ պատմում նաև այն երաժշտության մասին, որը չեմ հասկանում։ Օրինակ, ես ոչինչ չգիտեմ sound design-ի մասին։ Երբ ինձ ասում են՝ չե՞ս ուզում Բիլլի Այլիշի մասին դասախոսություն կարդալ, ես ասում եմ, որ Այլիշը հեղափոխություն արեց հենց sound design-ում, իսկ ես դա չեմ հասկանում։

 

Սոնա Արսենյան

 

[1] Աննան սովորել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայում։