Աննա Կարապետյան. «Հանսայի ամենաարժեքավոր գործը նրա «Արևելքի արհավիրքները» գիրքն է»

Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության մասին օտարագիր հեղինակներից մեկի՝ չեխ գրող, ճանապարհորդ, հայ ժողովրդի բարեկամ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գրքի հրատարակության 100 տարին: Հանսայի այս գիրքը, որ Հայոց ցեղասպանության մասին առաջին վկայություններից մեկն է, զարմանալի ճակատագիր ունի. հրատարակվելով 1923 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այն հայտնվել է արգելված գրականության ցանկում, ու ինչպես և հեղինակը՝ մոռացության է մատնվել: Միայն տասնամյակներ անց՝ 2006 թվականին այն վերահրատարակվել է Պրահայում՝ «Օրեր» ամսագրի նախաձեռնությամբ և ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի առաջաբանով։ Եվ վերջապես այս տարի գիրքը հրատարակվել է հայերեն՝ Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանի թարգմանությամբ: Թարգմանչի չորսամյա հսկայածավալ աշխատանքի արդյունքը օրերս ներկայացվեց Երևանում: Գիրքը հայերեն հրատարակվել է «Մարլենկա Ինթերնեշընլ» ընկերության նախագահ Գևորգ Ավետիսյանի մեկենասությամբ։ «ArtCollage»-ը Աննա Կարապետյանի հետ զրուցել է գրքի սկզբնաղբյուրային արժեքի, թարգմանության տևական ընթացքի և դժվարությունների մասին:

-Իր առաջին հրատարակությունից գրեթե 100 տարի անց ի՞նչ ճանաչողական և փաստական նյութ է ներկայացնում այսօր Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գիրքը, եթե  նկատի ունենանք, որ իր թեմատիկայով բացառիկ է Չեխիայում:

-Այն միշտ էլ բացառիկ կմնա, քանի որ ականատեսի վկայություն է, ուստիև՝ սկզբնաղբյուր։  «Արևելքի արհավիրքները» գիրքն առանձնանում է նաև իր կառուցվածքով. Հանսան նախ ներկայացնում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, պատմությունը՝ սկսած Երկիր Նաիրիից, տնտեսությունն ու Հայաստանի հետ առևտրա-տնտեսական կապերի առավելությունները, մշակույթը, կրոնը, ականավոր գործիչներին, անգամ Հայաստանի արևելյան ու արևմտյան հատվածների հեղինակավոր մամուլը։ Գրքում տեղ են գտել նաև հատվածներ 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ վերաբերմունքի մասին Ջեյմս Բրայսի և Արնոլդ Թոյնբիի խմբագրմամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական հանրահայտ Կապույտ գրքից. ականատես հյուպատոսների, միսիոներների վկայությունները ներկայացվում են երբեմն հատվածաբար, իսկ երբեմն՝ իբրև ամբողջական փաստաթուղթ։ Երրորդ հատվածն արդեն իր տեսածի ու ապրածի շարադրանքն է, որը խիստ յուրօրինակ է այն իմաստով, որ նախ իր աչքով տեսել է Ցեղասպանության հետևանքները, մասնակցել է որբերի փրկության աշխատանքներին և  թողել է ոչ միայն փաստական, այլ նաև զգացական մեծ ազդեցություն ունեցող որոշակի տվյալներ, օրինակ, ինչպես էին կանայք վազում անցնող գնացքների հետևից՝ հուսալով, որ  այնտեղ կտեսնեն իրենց երեխաներին, բայց իրավունք չունեին մոտենալու, քանի որ արդեն  բռնի իսլամացված կանայք էին: Այսպիսի զգացական հատվածները շատ են: Հատկանշական է, որ մինչև տպագրության հանձնելու վերջին պահը հեղինակը հետևել է իրադարձությունների զարգացմանը։ Ավելին, Հանսան իր գրքում ներառել է նաև Հայկական պատվիրակության՝ Լոզանի խորհրդաժողովին հանձնած 1922թ. նոյեմբերի 22-ի թվակիր հուշագիրը, որն, ամենայն հավանականությամբ, նա ստացել է հենց Ալեքսանդր Խատիսյանից։ Ի դեպ, այս փաստաթղթի հայերեն տարբերակը ես ոչ թե թարգմանել, այլ վերցրել եմ Խատիսյանի «Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը» գրքից, որ 1930-ին լույս է տեսել Աթենքում՝ Հանսայի գրքից յոթ տարի անց միայն։

-Եթե այս գիրքը դիտարկենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, նաև՝ թուրքական ժխտողականության դեմ պայքարի ընդհանուր գործընթացի համատեքստում, ապա ի՞նչ տեղ և դերակատարություն է այն ունեցել այդ գործընթացում:

-Գիրքն, ավաղ, տասնամյակներ շարունակ մոռացության է մատնված եղել։ Դրան նպաստել է նաև նացիստների կողմից չեխական հողերի բռնագրավման փաստը։ Ֆրանց Վերֆելի գրքի նման այս գիրքն էլ է որակվել իբրև արգելված գրականություն և դուրս բերվել բոլոր գրադարանների պահոցներից։ Եզակի օրինակներ էին պահպանվել Չեխիայի մեծ գրադարաններում և մի քանի հայերի տներում։ Երբ «Օրեր» համաեվրոպական ամսագրի նախաձեռնությամբ 2006 թվականին գիրքը վերահրատարակվեց, անշուշտ, այն աշխուժություն առաջացրեց ակադեմիական շրջանակներում, և որոշակի հետաքրքրություն առաջացավ։ Բացի այդ, երկրի խորհրդարանի մի քանի նստաշրջանների պատգամավորներ կից մի նամակով «Օրերից» ստանում էին գրքի մեկական օրինակ։ Արդյունքում, դեսպանների հետագա աշխատանքն արդեն պարարտ հողի վրա սկսվեց և հանգեցրեց Չեխիայի խորհրդարանի զույգ պալատների՝ ներկայացուցիչների պալատի (Poslanecká sněmovna) և սենատի կողմից համապատասխանաբար 2017 և 2020 թվականներին Հայոց ցեղասպանության ընդունմանն ու դատապարտմանը։ Անկասկած, երբ գիրքը թարգմանվի անգլերեն, դրա կշիռն ու ազդեցությունն անհամեմատ կմեծանան։

-Իր ունեցած հարուստ փաստական նյութով Հանսայի «Արևելքի արհավիրքները» մասնագետների գնահատմամբ ոչ թե սովորական գիրք է, այլ կարող է նաև որպես սկզբնաղբյուր ծառայել Հայոց  ցեղասպանությունն ուսումնասիրողների համար: Ինչպիսին  է հետաքրքրությունը գրքի հանդեպ մասնագիտական շրջանակներում:   

-Այս պահին գիրքը հանրայնացման կարիք ունի։ Ես այն արդեն ներկայացրել եմ Օքսֆորդի համալսարանի Փեմբրուք քոլեջում, իբրև Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ցանցի (Oxford Netwotk for Armenian Genocide Research) առաջին հրավիրյալ մասնագետ։ Այդուհետ հեղինակին և «Արևելքի արհավիրքները» ներկայացրել եմ Երուսաղեմի եբրայական համալսարանում։ Գիրքն առայժմ զարմանք է առաջացնում, քանի որ հրապարակված լինելով չեխերեն՝ երկար ժամանակ մնացել է անհայտ ու անծանոթ։ Անգամ մեծագույն ցեղասպանագետ ու աղբյուրների գիտակ Վահագն Դադրյանն էր զարմացել գիրքն ու դրա լուսանկարները տեսնելիս։ Աշխատում եմ, որ այն շուտով Հայոց ցեղասպանության մասին վստահելի սկզբնաղբյուրների շարքում իր տեղը զբաղեցնի։ 

-Տրամաբանական կլիներ, եթե Հանսան դեպի Արևելք կատարած իր ուղևորության մասին նախ ճամփորդական նոթեր գրեր, սակայն նա առաջինը գրում է «Արևելքի արհավիրքները» իբրև Հայոց ցեղասպանության ահասարսուռ իրողությունների արձանագրություն, և դրանից հետո միայն ճամփորդագրություն հրատարակում «Դեգերումներ արևելքով և հարեմները ճշմարտության լույսի ներքո» վերնագրով: Հայոց ցեղասպանության մասին գրելիս նա օգտագործում է «բնաջնջում» և «մաքրազտում» եզրերը: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ նա ի սկզբանե գիտակցում էր, թե ինչ մակարդակի պետական հանցագործության հետ գործ ունի և ինչ կարևորություն ունի իր գործը:

-Միանգամայն։ Հանսան անցել է առաջին աշխարհամարտի թոհուբովով իբրև ավստրո-հունգարական բանակի հեծելազորային և պատերազմական գործողություններից շատ հստակ տարանջատում է ծրագրված ու համակարգված տեղահանությունները և դրանց հաջորդող դաժանագույն զանգվածային կոտորածները։ Նա կիրառում է «բնաջնջել» բառը և նշում է, որ հայերի նկատմամբ այնպիսի վայրագություններ են գործել, որ ինքն ի վիճակի չի գրել, քանզի թանաքը չորանում է։ Նա քանիցս նշում է, որ հայերի կոտորածները շարունակական, համակարգված և ծրագրված բնույթ են կրել, իսկ իր ամենամեծ առաքելությունը համարել է ոչ թե վավերագիր թողնելը, այլ հայ որբերի համար դրամական միջոցներ հայթայթելը։

-Այս գրքով Հանսայի կյանքն ու ճակատագիրն անխզելիորն կապվում է հայ ժողովրդի հետ: Փոքր-ինչ ավելի ուշ նա ստեղծել է նաև «Ի նպաստ հայ որբերի Հանսայի հիմնադրամը»: Պիտի խնդրեմ, որ պատմեք այս հիմնադրամի հայանպաստ գործունեության մասին:

-Իրականում Հանսան հիմնադրամում կուտակված գումարները չի օգտագործել հայ որբերի համար։ Նա ականատես է եղել, որ որբանոցներում տեղ չլինելու պատճառով քանի-քանիսին են մերժում օթևան տալ գործող որբանոցներում, և մտադրություն է ունեցել այնքան գումար հավաքել դասախոսությունների մուտքի տոմսերի վաճառքից ու նվիրատվություններից, որ կարողանա Բեյրութում ևս մեկ որբանոց բացել։ Սակայն այդքան գումար չի հավաքվել։ Որոշակի խնդիրներ են ծագել հիմնադրամի շուրջ, որն առանձին խոսակցության նյութ է։ Հանսայի հիմնադրամը բացված է եղել Չեխոսլովակիայի Կարմիր խաչին կից և նացիստների ներխուժումից հետո բռնագրավվել է։ Պետք է ասեմ, որ Հանսան   մինչև 1967թվականը ողջ է եղել, բայց այդպես էլ Հայաստան չի այցելել, հավանաբար որովհետև գրքում մի փոքրիկ նախադասություն ունի գրած, որում ասում է. «Այնտեղ՝  կովկասյան Հայաստանում, բոլշևիկներն ու թուրքերն են իշխում միացյալ ձեռքով»: Ենթադրաբար իրեն չէր ներվել այդ փոքրիկ նախադասությունը: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Հանսայի ամենակարևոր և արժեքավոր գործը նրա հեղինակած գիրքն է՝ «Արևելքի արհավիրքները»։

-Եվ վերադառնալով «Արևելքի արհավիրքների» հայերեն թարգմանությանը. Դուք գրել եք  նաև գրքի նախաբանն ու քննական թարգմանությանն առնչվող բացատրական առաջաբանը, նաև գրեթե 500 ծանոթագրություններ ու մոտ 100 տողատակի բացատրություններ ու վրիպակների ճշգրտումներ եք արել։ Որքանո՞վ են դրանք  ամբողջացնում Հանսայի աշխատանքը և ի՞նչ բացեր են լրացնում:

-Հանսան շատ արագ է աշխատել, խմբագիր չի ունեցել, ինչն անխուսափելի է դարձրել վրիպակների առկայությունը։ Արդյունքում շատ վրիպումներ են սպրդել, օրինակ՝ ինքը  գրում է Հենրիխ 4-րդ, մինչդեռ պետք է գրի Հենրիխ 6-րդ, իսկ դա նշանակում է, որ եթե  կասկածի տակ ես առնում մի պատմական իրողություն, ապա կասկածի տակ ես դնում իր ամբողջ գիրքը: Իսկ թարգմանելիս մենք ընդգծեցինք՝ այո՛, մենք գիտենք, որ այս վրիպակը  կա, նշում ենք՝ ներքևում գրում ենք, որ այստեղ վրիպակ կա, որ այս անունը հայերենում  այսպես է հնչում, որ օրինակ ոչ թե Կրիստիտել է, այլ՝ Մկրտիչ, որ ոչ թե Յոզեֆ է, այլ՝ Հովսեփ: Չեխերն ասում էին, որ շատ բարդ է կարդալ գիրքը՝ շատ հանրագիտարանային  է, շատ սեղմ է: Երբ սկսեցի թարգմանել, հասկացա, որ Հանսան ցանկացել է 2 պատմական  դարաշրջան իրար միացնել և քանի որ որոշակի ժամանակահատված բացակայում է՝ մարդիկ չեն հասկանում: Եվ այդ բացերը ես փորձեցի լրացնել մեկնաբանություն- պարզաբանումներով և ծանոթագրություններով: Սկզբում կարծում էի, որ ծանոթագրությունները կգրեմ միայն նորացված չեխերեն հրատարակության համար, սակայն աշխատանքի ընթացքում հասկացա, որ շատ ու շատ հայեր նունպես դրանց կարիքն ունեն, որովհետև բոլորը չէ, որ պատմաբաններ են, պարզ ընթերցողի համար պետք է միանգամայն պարզ լինի, թե ինքը ինչ է կարդում: Այդ պատճառով երբեմն այդ բացատրությունները կարող են շատ մանրամասն թվալ, բայց կարծում եմ, որ դա օբյեկտիվ անհրաժեշտություն է և դրանք հույժ կարևոր եմ համարում, քանի որ ոչինչ կասկածի տակ չպետք է դնի գրողի բուն ասելիքը։ 

-Եվ, իհարկե, պետք է հարցնեմ թարգմանական դժվարությունների մասին, ի՞նչ խնդիրների  բախվեցիք այս ծավալուն աշխատանքի ընթացքում:

-Առաջին բարդությունը հոգեբանական էր։ Ժամանակ առ ժամանակ ստիպված էի  դադարեցնել աշխատանքը։ Թեման սոսկալի ծանր է։ Երկրորդ բարդությունը ծանոթագրությունների առկայությունն է, որոնք գրվել են մեծաքանակ գիտական աշխատությունների ու ցեղասպանության մասին բազմաթիվ սկզբնաղբյուրների ուսումնասիրությունից հետո։ Եվ, իհարկե, լեզվամտածողության խնդիրները: Հանսայի  առաջին գիրքը մի յուրահատուկ ակադեմիական ոճ ուներ, որը գալիս էր գերմանական ազդեցությունից. մի տեսակ բարդ ու երկարաշունչ նախադասություններ էին: Քանի որ Ավստրո-Հունգարիայի կազմում էին, այդ ազդեցությունը կա, բայց սա միայն նրա առաջին գրքին է վերաբերվում, հետագայում ինքը փոխել է գրելու ոճը: Շատ էին նաև հնաբանությունները: Մենք փորձել ենք պարզեցնել այդ խրթին նախադասությունները, խոսքը միայն այդ մասին է: Եվ այդ է պատճառը, որ հայերենից հետո ես ուզում եմ անել   նորացված չեխերեն հրատարակությունը՝ համապատասխան մեկնաբանություն- պարզաբանումներով և ծանոթագրություններով:

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի