Անլռելի ղողանջ է, որը նաև զենքի ուժով է տարածվել

Գործը դեռ կիսատ է

Արդեն 45 տարի գործում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն։ Տարիների ընթացքում կազմակերպության գործունեության նպատակը նույնն է եղել՝ ազատագրել Արևմտյան Հայաստանը։ Փոփոխվել է գործելակերպը, որը սկսվել է զինյալ պայքարով`որպես արդարադատության կիրառում և պահանջ, իսկ շարունակվում է արդի զարգացումներին համահունչ՝ քաղաքական, դիվանագիտական, անվտանգության սկզբունքներով և ի նպաստ հայկական պետականության ամրապնդման ու զարգացման։ Կազմակերպության գործունեության գաղտնիությունը որոշակի սահմանափակումներ է թելադրում արդյունքների հրապարակման հարցում, սակայն անվիճելի է, որ ԱՍԱԼԱ-ն մեծ դերակատարություն է ունեցել հայկական սփյուռքը թմբիրից հանելու և ուծացումից փրկելու գործում։ Անվիճելի է նաև գնահատելի գործն իրականացրած անձանց հիշատակի հավերժացման անհրաժեշտությունը։ Այդ սկզբունքի կարևորմամբ էլ 1998-ին ձեռնարկվեցին Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նահատակված մարտիկներին նվիրված հուշարձանի կանգնեցման և նրանց աճյունները վերահուղարկավորելու աշխատանքները։ Մանրամասները պատմում են  ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը, և հուշարձանի ստեղծումը նախաձեռնած «Հայաստանի ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Վազգեն Պետրոսյանը։ 

Սաշուր  Քալաշյան. «Հարցը հայրենասիրական էր՝ ինձ հարազատ...»

-ԱՍԱԼԱ-ի մասին տեղեկություն իմանալը հեշտ չէր։ Երբ իրենց որևէ գործողության մասին լսում էի, կարծում էի, որ վրիժառուների հետնորդներն հաջորդական քայլերն են անում։ Իրենց չէի առանձնացնում հերոսական գործ արած վրիժառուներից և ինչ-որ տեղ կարծում էի, որ, երևի, արդարացված է։ Չնայած՝ ավելի ուշ ինքս զգում էի, որ զինված պայքարն արդեն պետք չէ։ Ու որքան էլ արդարացված լինի՝ կարող է հակառակ ազդեցություն ունենալ միջազգային մակարդակում։ Արդեն ինքնուրույն էինք և հարցեր բարձրացնելու հազար ու մի լծակ ունեինք։ Պետք էր ձեռագիրը փոխել։ Կարևոր հարցերում, կարծում եմ, կազմակերպությունը կարող է կառավարությանը սատարել՝ մնալով օրենսդրական դաշտում։ Այսքանը մտածելու առիթը եղավ, երբ Վազգենը կազմակերպության մասին գրականություն տվեց ծանոթանալու։ Նա էլ առաջարկեց հուշարձանը հեղինակել։ Անկեղծ ասած, ես կաշկանդվածություն չզգացի... Բնականաբար՝ համաձայնեցի։ Հարցը հայրենասիրական օրակարգից էր։ Ինձ հարազատ ոլորտ էր։ Հետագա տարիներին մտերմացանք Վազգենի հետ։ Իսկ հուշարձանը որոշակի պատմական նյութի և ստեղծագործական մոտեցումների համակցություն է, ու դա բնական է։ Հատուկ նախընտրություն չունեի։ Խնդիրը ստացել էի, տեղին ծանոթացել, բացի այդ գործառնական իմաստ պիտի ունենար՝ միայն հուշարձան չէր, պետք է տապանների շարք լիներ։ Այս ամենը վերլուծելով՝ ներկա ձևը հարմար գտա և առաջարկեցի։ Ստացվեց այն՝ ինչ կա։ Գաղափարախոսությունը ղողանջն է, էդպես էի և եմ մտածում։ Ղողանջով ինչ-որ մեկին ինչ-որ  բան ես ազդարարում, իսկ մենք ասելիք ունենք մինչև այսօր էլ։ Անլռելի ղողանջ է, որը նաև զենքի ուժով է տարածվել։ Այդ պատճառով էլ հուշարձանի քանդկակազարդ մասում ԱՍԱԼԱ-ի զինանշանն է, զենքերը և, իհարկե՝ կենաց ծառը։ 

Ռուբեն Նալբանդյան. «Իրենցից յուրաքանչյուրը կարողացել է ազդել պատմության ընթացքի վրա»

-Մինչև 1993 թվականը ԱՍԱԼԱ-ի գործունեությունը չէր լուսաբանվում։ Երեխա էինք, գիտեինք, որ կա նման բանակ, բայց՝ ոչ ավելին... Իհարկե, ԱՍԱԼԱ-ի գործունեությունում ինձ ոգեշնչող շատ բան կար։ Հետաքրքրվեցի, կարդացի գրականություն, որը Վազգեն Պետրոսյանն էր տրամադրել։ Նրա հետ պատահական ենք ծանոթացել, 1992 թվականին։ Նայում էի տղաներին ու մտածում, որ ինձ նման սովորական մարդիկ են, բայց իրենցից յուրաքանչյուրը կարողացել է ազդել պատմության ընթացքի վրա։ Ոգևորությունս ԱՍԱԼԱ-ի պատմությունից այնչափ էր, որ ցանկանում էի տղաների կերպարները ստեղծել, բայց ցուցադրման վայր չկար։ Այնուամենայնիվ, գոնե մեկի կերպարը ստեղծելն անհրաժեշտ համարեցի։ Էդպես ստեղծվեց Մկրտիչ Մադարյանի քանդակը, որը հիմա իմ արվեստանոցում է։ Տեղադրման պատշաճ տեղ լինի՝ սիրով կտրամադրեմ։ Իմ ծրագրերում կար Գուրգեն Յանիկյանի կերպարի ստեղծումը։ Նա շատ ոգևորեց որպես հայ մարդու ամբողջական կերպար, որը վաստակ ունի գիտության ու գրականության ասպարեզներում և մեծ հայրենասեր է։ Ծրագրերը՝ ծրագրեր, բայց իրականությունը հուշարձանի կառուցմանը մասնակցելու հնարավորություն ընձեռեց։ Երբ ԱՍԱԼԱ-ն որոշեց հուշարձան կառուցել Եռաբլուրում, եղան մի քանի նախագծեր, որոնք ինձ ցույց տվեցին որպեսզի հուշարձանի հավաքման պրոցեսը կազմակերպեմ`համապատասխան մասնագետների հետ։ Այդ առաջարկին միանգամից համաձայնեցի՝ պատիվ էր այդ գործը ստանձնելը՝ այն էլ Սաշուր Քալաշյանի ղեկավարությամբ։ Որքան կարողացա ինձ արդարացնել այդ գործում՝ թողնում եմ մասնագետների դատին, բայց ինձ համար պատիվ է այդ գործին մասնակցությունս և համարում եմ իմ կենսագրության կարևոր էջերից։ Մտածում էի առանձին կերպարների մասին, բայց այնպես ստացվեց, որ մասնակցեցի ԱՍԱԼԱ-ի նահատակ հերոսների հիշատակը միավորող հավաքական հուշարձանի ստեղծմանը։ Առ այսօր իմ աշխատանքների ցանկը նշելիս մեծ հպարտությամբ եմ ընդգծում, որ ԱՍԱԼԱ-ի հուշահամալիրի քանդակային և հողային աշխատանքների հեղինակն եմ։

Վազգեն Պետրոսյան. «...գործը դեռ կիսատ է»

-Մի քանի անձանց համարյա միաժամանակ տրմադրեցի ԱՍԱԼԱ-ի գործողությունները ներկայացնող «Վասն հայության, վասն հայրենյաց» հրատարակությունը։ Խոսեցի նրանցից յուրաքանչյուրի հետ՝ իրենց մոտեցումները, ընկալումներն ու կարծիքը պարզելու և վերջնականապես հասկանալու, թե ով կլինի հուշարձանի հեղինակը։ 14 ճարտարապետ մասնակցեց նախագծի՝ ասեմ մրցույթին։ Վերջնական տարբերակը եղավ Սաշուր Քալաշյանի հեղինակածը։ Նա էլ առաջարկել էր նույն նախագծի երկու տարբերակ՝ մեկը 12, մյուսը՝ 6 մետր բարձրությամբ։  Ընտրվեց երկրորդը՝ ավելի համապատասխան էր տեղանքին, իսկ բովանդակությամբ՝ կազմակերպության գործունեությանը։

Հեշտ չհամաձայնեց պարոն Քալաշյանը։ Երկու տարի տևեց մինչև 1998-ի նոյեմբերին որոշեցինք, որ պարոն Քալաշյանը նախագծի այդ հուշարձանը։ Նա էլ երկու տարբերակ առաջարկեց։ Հաջորդեց հանդիպումն այն ժամանակ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ, նաև հանդիպեցինք Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնի ղեկավարության՝ Աստվածատուր Պետրոսյանի հետ։ Միասին՝ Սաշուր Քալաշյանը, Աստվածատուր Պետրոսյանը և ես, քննարկումից ու տեղանքը դիտարկելուց հետո, ընտրեցինք հուշարձանի կառուցման վայրը։ Եվ 1999-ի սեպտեմբերի սկզբին արդեն հուշարձանի ընդհանուր տեսքը կար։ Համաձայնեցնելով Վազգեն Սարգսյանի հետ՝ ձեռնամուխ եղանք շինարարությանը, որը սկսվեց 1999-ի հոկտեմբերի 4-ին և ավարտեցինք 2000-ի ապրիլի 21-ին։ Ապրիլի 23-ին տեղի ունեցավ հուշարձանի բացման  արարողությունը, որի մասնակիցների թիվը մեծ էր, իսկ հյուրերի թվում էին Հունաստանի ազգային հերոս Մանոլիզ Գլեզոսը, ՀԵԶԲՈԼԱ կազմակերպության  բարձրաստիճան ներկայացուցիչներ, պաղեստինցիներ, արաբներ։ Բոլոր նրանք Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին եղան  Ծիծեռնակաբերդում։ 

Հայաստանի ժողովրդային շարժում կազմակերպության ֆինանսավորմամբ  հուշարձանը բացվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ստեղծման 25-րդ տարում, և ուրախ եմ, որ կազմակերպության գործունեության 45-րդ տարում կարող ենք փաստել հուշարձանի լինելիությունը և այնտեղ՝ մեր նահատակ մարտիկների մասունքների վերահուղարկավորման շարունակական ընթացքը։

Ինձ համար կարևոր ու հետաքրքիր էր, թե ինչու է հուշարձանի գագաթը կտրված-կիսատ և հարցրի պարոն Քալաշյանից, ասաց. «Գործն էլ է կիսատ»։ Այդպես է՝ Արևմտյան Հայաստանը դեռ չենք ազատագրել, գործը դեռ կիսատ է։

 

 

 

 

... ... ...