Աննի Ժիրարդո. «Հին թատրոններում ինչ-որ դյութական բան կա»

Թատրոնի և կինոյի Ֆրանսիացի դերասանուհի Աննի Ժիրարդոն առավել հայտնի է «Ռոկկոն և նրա եղբայրները» (Նադյա), «Ապրել ապրելու համար» (Կատրին Կոլոմբ), «Մեռնել սիրուց» (Գաբրիել Ռյուսյե), «Պառաված օրիորդ» (Մյուրիել), «Խառնակչություն» (Բեռնադետ) ֆիլմերում խաղացած իր դերերով:

Մինչդեռ  իր դերասանական կարիերան նա սկսել է թատրոնում՝ խաղալով Փարիզի «Կոմեդի Ֆրանսեզում»: 1990 թվականին «Կուլիսներ» թատերագրական ամսագրի Revue de théâtre Coulisse թղթակից Սիլվեն Լամբերը հանդիպել է Աննի Ժիրարդոյին Էժեն Իոնեսկոյի «Թագավորը մահանում է» պիեսի առաջնախաղի առիթով: Ներկայացման Բեմադրող ռեժիսորն էր Ռենե Դյուպուին, գլխավոր դերում հանդես էր գալիս Դանիել Իվերնելը: Առաջարկում ենք ծանոթանալ նրանց զրույցին:

«Նոյեմբերի 19-ին Աննի Ժիրարդոն խաղում էր Վեզուլի Էդվիժ Ֆեյերի անվան թատրոնում՝ Էժեն Իոնեսկոյի «Թագավորը մահանում է» պիեսում և մասնակցում էր  մամուլի ասուլիսին, որին հրավիրված էր նաև «Կուլիսներ» ամսագիրը:  

Աննի Ժիրարդոն գնդակի պես ներս է նետվում և ուշանալու մեղքը քավելու համար բոլորին իր հաշվին խմիչք է հյուրասիրում:  Մեկնարկը տրված է, մթնոլորտը շատ սրտագին է, բարյացակամ, այստեղ նա հանդիպում է Ֆրանսուա Թոմսուին և Ժիսլեն Գուբիին, որը ներկայացում էր ստեղծել իր պատվին…

Ես դեռ ուշքի չեմ եկել դրանից, այս դիպվածն ինձ հետ երբևէ պատահած ամենագեղեցիկ բաներից մեկն է: Այն աստիճան գեղեցիկ, որ ես հիացմունքով ընդունեցի այն…» Սիլվեն Լամբեր

 

Հյուրախաղեր և ընթացիկ իրադարձություններ

-Դուք շատ եք ճանապարհորդում: ԽՍՀՄ-ում դուք նկարահանվեցիք «Հռութում»: Դուք նորություններով հետաքրքրվելու ժամանակ ունե՞ք: (Նկատի ունի տաջիկ ռեժիսոր Վալերի Ախադովի «Հռութ» կենսագրական դրաման (1989), որտեղ Աննի Ժիրարդոն մարմնավորել է ֆրանսուհի դաշնակարուհի Մարի-Լամբալ Բուլատովային)

-Ես առաջին անգամ մեկնեցի ԽՍՀՄ 22 տարի առաջ՝ Բրեժնևի ժամանակ. Նկարահանվեցի իմ տեսարաններում և շտապեցի տուն վերադառնալ: Մինչդեռ այս անգամ ես մնացի նկարահանումների ամբողջ ընթացքում: Հաճելի է մտածել, որ այժմ արտիստները կարող են արտահայտել իրենց կարծիքները և ազատորեն տարածել իրենց ստեղծագործությունները: Նրանք ուտելու բան չունեն, բայց մյուս կողմից էլ մենք՝ արտասահմանցիներս, ունենք այն ամենն, ինչ ուզում ենք։ Ես շատ ներկայացումներ տեսա։ Շատ թատրոններ կան և շատ հանդիսատես կա։ Ամեն երեկո դահլիճները լեփ-լեցուն են: Սա հիանալի է, այդպիսի իղձ, այդպիսի հույս: Սա արտասովոր երևույթ է: Սա արտակարգ է։ Այս անգամ բարին գերակշռում է չարին: Դա արտառոց է: Դա մի բան է, որին  չես հանդիպի Չինաստանում, և սա դրամատիկ է:

 

Հյուրախաղ և շրջագայություն

-Ո՞ր երկրները կցանկանայիք այցելել:

-Ես կցանկանայի տեսնել բոլոր երկրները, բայց միայն դեր խաղալու կամ շրջագայելու նպատակով եմ այնտեղ գնում: Ես մեկնեցի Լոս Անջելես, Նյու Յորք, Հարավսլավիա, Բուլղարիա, Բուենոս Այրես։ Այնտեղ ես հանդիպեցի տեղաբնակների, որոնք ապրում են այդտեղ և այլևս չեն ցանկանում հեռանալ այդ վայրից: Դստերս և մորս պատճառով ես տուրիզմով զբաղվելու, տեսարժան վայրեր այցելելու ժամանակ չունեի: Բայց ես տեսա, թե ինչպես էր դա կազմակերպվում Հունաստանում: Զբոսաշրջիկներն իջնում են նավից, բացիկ են գնում ու հեռանում... Ռեստորանատերերը շրջագայություններ են կազմակերպում, ձմռանը՝ Ֆրանսիայից, Հոլանդիայից մեծածախ գներով միս են պատվիրում, և վերջապես, յուրաքանչյուր նոր եկած տուրիստական ավտոբուսի համար միշտ նույն ուտեստն են պատրաստում:

 

Հյուրախաղի ավարտը

-Հիմա դուք «Թագավորը մահանում է» պիեսով հյուրախաղերի եք մեկնում: Ի՞նչ եք անելու դրանից հետո:

-Հանգստանալու եմ: Թատրոնը մի աշխատանք է, որտեղ մենք ամբողջապես լիցքաթափվում ենք։ Հետո մենք մեզ վերագտնելու կարիքն ենք ունենում:

 

Կրթություն և կարիերա

-Դուք հաճախել եք Դրամատիկ արվեստի կենտրոնի դասընթացներին, դերասանի մասնագիտությունը սովորել հնարավո՞ր է:

-Ամեն ինչ կարող է պատահել: Կան մարդիկ, որոնք քառասուն տարեկանում են սկսում, ինչպես Լինո Վենտուրան: Նա զբաղվում էր ռեսլինգով, այնուհետև կոշիկ էր վաճառում։ Փոքր ժամանակ ես ուզում էի թատրոնում խաղալ, բայց ոչ մի գրոշ չունեի, ուստի հաճախեցի Դրամատիկ արվեստի կենտրոնի դասընթացներին, իսկ հետո ուսանեցի Կոնսերվատորիայում։ Բայց այժմ երիտասարդները կարող են ֆիլմ նկարահանել հենց այնպես՝ դրա մասին կխոսեն, հետո պրոդյուսերները մեկ ուրիշին կհրավիրեն…

Ի՞նչ կարծիք ունեք սիրողական թատրոնի մասին:

-Անչափ շատ մարդիկ են եկել սիրողական թատրոններից: Ես ինքս եմ այնտեղ խաղացել, երբ պստիկ աղջնակ էի: Այնքան երիտասարդներ կան, որոնք ինչ-որ բան են ստեղծում: Դա դպրոց է... Ապակենտրոնացումը հենց այսպես սկսվեց:

-Ձեզ «Կոմեդի Ֆրանսեզը» աշխատանքի էր վարձել …

-Ես չէի ուզում դառնալ «Կոմեդի Ֆրանսեզ» ընկերության բաժնետերը: Ես ուզում էի թատրոնով զբաղվել, այլ ոչ թե քսան տարի փակի տակ մնալ, այդ դեպքում ե՛ս չէի որոշելու, թե ինչ եմ ուզում անել: Ես կցանկանայի ևս երկու տարի մնալ և ուսումս շարունակել, սակայն դա անհնարին էր:

-Ի՞նչ եք մտածում այսօրվա այն միտումի մասին, երբ դերասանների երեխաները մի ակնթարտում դառնում են աստղեր:

-Դա հասկանալի է: Դերասանները մյուսների համեմատությամբ փոքր-ինչ յուրատեսակ  են ապրում։ Նորմալ է, որ երեխաները ցանկանան զբաղվել այս մասնագիտությամբ։ Ոմանց մոտ դա կստացվի, մյուսների մոտ՝ ոչ։

-Ձեր դուստրը խաղո՞ւմ է ձեզ հետ:

-Այս պահին: Նա համալրեց դերասանական կազմը Ջուլիետի դերակատարուհու հեռանալուց հետո։ Նա լավ է խաղում: Բայց պետք է, որ ինչ-որ մեկը բավականաչափ սիրի նրա խաղը, որպեսզի ասի նրան. ես այս պիեսը քեզ եմ տալիս:

 

Դերասանի մասնագիտությունը

-Դուք կարծում եք, որ մշակույթը լավագույն հակաթո՞ւյնն է:

-Ես չգիտեմ, եթե դա ասում են այն մարդկանց մասին, որոնք վեր են կենում առավոտյան ժամը հինգին և խժռելու բան չունեն, չգիտեմ՝ մշակույթը նրանց ինչ-որ բան ասո՞ւմ է…

-Հեռուստաֆիլմերում, բազմաթիվ կինոնկարներում, Իոնեսկոյի պիեսում Դուք մարմնավորում եք ուժեղ կանանց: Դուք ձեզ ուժեղ կին զգո՞ւմ եք:

-Ոչ, բոլորովին: Բայց ես պետք է որ Ֆրանսիայում լինեմ միակ դերասանուհին, որը մարմնավորում է ցանկացած մասնագիտությամբ զբաղվող շարքային կանանց։ Ես չեմ պատկանում մարդկանց այն տեսակին, որոնք համաձայնում են ընդունել վայելուչ կանանց, կամ սպասուհիների դերերը խաղալու առաջարկը:

-Դուք աշխատել եք շատ ռեժիսորների հետ: Նախընտրում եք, որ  Ձեզ ղեկավարե՞ն, թե որ Դուք ազատ մնաք:

-Ռեժիսորից է կախված: Սակայն Լելուշի, Վիսկոնտիի, Կայատի դեպքում՝ նրանք հենց դա՛ են ուզում:

-Իսկ թատրոնո՞ւմ:

-Դա ավելի հեշտ է, քանի որ մենք հանդիսատեսի հետ ենք: Եվ պիեսը ընթանում է սկզբից մինչև վերջ: Մինչդեռ կինոյում նկարահանում են դրվագ առ դրվագ, ֆիլմի մի հատվածը: Բացի այդ, շատ միջամտող մարդիկ կան. լուսավորման, հնչունավորման բոլոր տեխնիկական աշխատողները, օպերատորները: Հենց նրանք են ընտրում կադրը, դերակատարը երբեք դա չի անում։

-Ինչպե՞ս եք ընտրում ձեր դերերը:

-Ավելի շուտ ինձ են ընտրում: «Հռութի» պարագայում, որը Blick-in-die-Welt-ի հետ համատեղ արտադրություն էր, ես հեռագիր ստացա: Ինչ վերաբերում է «Թագավորը մահանում է» պիեսին, ապա պրոդյուսերն իմ տուն եկավ։

 

«Թագավորը մահանում է»

-Դահլիճն ազդո՞ւմ է ձեր խաղի վրա:

-Ժամանակակից թատրոնները նման են Վեզուլ քաղաքի թատրոնին: Դրսից նրանք հսկայական բետոնե բլոկների տեսք ունեն, դա բնավ գեղեցիկ չէ, սակայն ներսում կա մի գեղեցիկ սրահ: Այնուամենայնիվ, ես նախընտրում եմ հին թատրոնները։ Ես կարծում եմ, որ դրանք ավելի ջերմ են։ Դրանց մեջ ինչ-որ դյութական բան կա:

-Երբ մենք խաղում ենք ամեն երեկո, արդյո՞ք դա սովորություն չի դառնում:

-Ոչ: Միշտ էլ կա վախը բեմից։ Մենք երբեք չենք կարող կանգ առնել այն բանի վրա, ինչին արդեն հասել ենք: Կայծ տվողը հանդիսատեսն է:

-Ինչպե՞ս եք դուք ձեռնամուխ լինում այս պիեսի ստեղծման աշխատանքին:

-Ճիշտ այնպես, ինչպես և բոլոր մյուս պիեսների աշխատանքին: Ես գալիս եմ և ես ոչինչ չգիտեմ: Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե ովքեր են այնտեղ: Ինչպիսի՞նն են նրանք: Ինչպիսի՞նն եմ ես: Ես խաղում եմ թագուհի Մարգարիտայի դերը: Նա առաջին թագուհին է: Թագավորը պետք է մահանա, բայց նա չի ցանկանում ընդունել դա: Թագուհին դա գիտի և ասում է նրան այդ մասին: Նա ինչ-որ կերպով «ծրագրավորում» է դա: Ես նրան օգնում եմ անցնել կյանքի մյուս կողմը: Ինձ դուր է գալիս այս պիեսը, քանի որ այն մահվան մասին է: Այն պահին այդ մարդը մանր-մունր հիմար բաներ է հիշում։

-Պիեսի ի՞նչ մեկնաբանում եք նախատեսում:

-Շատ զվարճալի:

-Ինչպե՞ս եք ընկալում պիեսը:

-Դժվար է բնորոշել: Խոսքը մահվան մասին է, մահվան պահն ուղեկցող բաների մասին, և որքան էլ պարադոքսալ է, երբեմն ինձ թվում է, որ մենք անմահ ենք, որ մենք այդքանով կանգ չենք առնելու:

 

Արտիստուհի

-Ի՞նչ է արտիստուհին Ձեզ համար:

-Դա մեկն է, որն իր գլխում ունի մի բան, որը ջանում է նյութականացնել: Նա չի մտածում աշխատանքում առաջխաղացման մասին: Առաջընթացն այն է, որ  ինքնակատարելագործվես, ինքդ քեզ նվիրաբերես ուրիշներին: Դա անվենրջ եռուզեռի մեջ լինելուց հեռու մնալու, լսելու, առարկաներն ու մարդկանց տեսնելու ցանկությունն է: Դա ազատ լինելու միջոց է:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի