Անի Փաշայան. « Չանտեսել տաղանդավորին»

Ժամանակակից գրականության, արդի գրական գործընթացի առանձնահատկությունների, ազգային գրականության միջազգային քարոզչության ու  հանրայնացման խնդիրների մասին «ArtCollage»-ը զրուցել է գրականության տեսաբան, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, երեք տասնյակից ավելի գեղարվեստական և գիտական գրքերի, բանաստեղծական ժողովածուների կազմող և խմբագիր, ֆեյսբուքյան «Գրականություն» էջի հիմնադիր  Անի Փաշայանի հետ:

 

-Կուզենայի մեր զրույցը սկսել փոքր-ինչ ընդհանրական, բայց, իմ կարծիքով, չափազանց կարևոր գնահատականից: Դուք, որ տարիներ շարունակ զբաղվում եք ժամանակակից գրականության խնդիրներով, ինչպե՞ս կբնորոշեք այսօր Հայաստանում ստեղծվող ազգային գրականությունն ու գրական գործընթացն ընդհանրապես:

-Որքան էլ մոլորակն այսօր փոխվում է ակնթարթորեն, տեղի են ունենում անսպասելի գործընթացներ, միևնույն է, գիրը չի քնում: Իմ կարծիքով, ազգային գրականությունն իր ամբողջ դիմագծով դուրս կժայթքի ավելի ուշ... Պատճառները տարբեր են: Դրանք կապված են մեր արյունակիցների՝ Հայաստան գալու, կրթական ծրագրերը շտկելու և համալրելու, ինչպես նաև հայրենական գրականությունն աշխարհին ներկայացնելու հետ: Սրանք շատ լուրջ գործընթացներ են, որոնց առկայությունը չափազանց կարևոր է հայրենասիրական քնարի արժեքը հասկանալու համար: Պատերազմի օրերին ուսանողներս դասի ավարտին խնդրում էին, որ ես ազգային բանաստեղծության լավագույն նմուշներ կարդամ: Նրանք դրա կարիքն ունեին: Մեզ պետք են Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության բարձրության գործեր: Ցանկացած հզոր գործ կարող է միանգամից և էապես փոխել մթնոլորտը: Պիտի ասեմ, որ Հայաստանում որոշ չափով ստեղծվում է ազգային գրականություն: Ես, անշուշտ, հետևում եմ այդ գործընթացին:

-Ընթերցողական այն ակտիվությունը, որ նկատվում է վերջին տարիներին, մանավանդ՝ երիտասարդների շրջանում, մեզանում հանրային հետաքրքրությունների լուրջ տեղաշարժերի ու արժեհամակարգի փոփոխությունների վկայություն է: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ արդյունք էր այդ ընթերցողական, աjսպես կոչված, «բումը»:

-Այդ ընթերցողական ակտիվությունը կարելի է մի քանի պատկերով ներկայացնել: Առաջին պատկերում ճշմարիտ ընթերցողն է, որը տեսանող է, հետաքրքրասեր: Սա ընթերցողական լսարանի շատ քիչ տոկոս է կազմում: Երկրորդ պատկերում նորաձև, արտերկրի գրականությունը կարդացողն է, ընդ որում՝ տարբեր լեզուներով, իսկ երրորդ պատկերում գրական շարժմանը հետևող «ակտիվիստն» է, որը հետևում  է՝ ով ինչ է կարդում, գրքեր է գնում, որն, իհարկե, չի կարդում: Նա հիմնականում այդ գրքերի թևավոր մտքերն է ուսումնասիրում, միայն: Եվ կա, իհարկե, ընթերցանության մասին անդարձ մոռացած հասարակություն, ցավոք: Եվ պետք է արձանագրենք, որ Հայաստանում մեր օրերում գրական արժեքավոր շատ գործեր են ծնվում, որոնց մասին, սակայն, քչերը գիտեն:

-Այսօր, երբ գրականությունն այնքան մեծ և օրգանական կապ ունի սոցիալական մեդիայի հետ, որ ցանկացած օգտատեր կարող է իրեն գրական գործընթացի լիիրավ մասնակիցը համարել, ի՞նչ որակական փոփոխություններ է կրել գրականությունը, գրական մշակույթը:

-Սա շատ կարևոր հարց է, որը դեռ չի ուսումնասիրվել ամբողջությամբ և լուրջ վերլուծության կարիք ունի: Անշուշտ, սոցիալական մեդիան այսօր կարևոր տեղ է զբաղեցնում մեր կյանքում և իհարկե՝ գրականության տիրույթում, և այն հարկավոր է ճիշտ օգտագործել: Ինքս 2014 թվականին բացել եմ գրական խումբ՝ «Գրականություն» վերտառությամբ, որի միջոցով և շնորհիվ շատ ընթերցողներ այսօր ճանաչում են մեր ժամանակակից գրողներին: Բացի այդ, սոցիալական այս հարթակում ներկայացնում ենք գրաքննադատություն, նաև՝ արվեստ: Սոցիալական մեդիան որոշիչ դեր ունի ընթերցողի կյանքում: Յուրաքանչյուր օր նա կարդում, ծանոթանում է այստեղ ներկայացվող գրականությանը, հետևություններ անում՝ ի՛նչ կարդա և ի՛նչ չկարդա: Այսինքն՝ կենդանի գործընթացներ են տեղի ունենում: Առանց տպագրվելու ստեղծագործողը կարող է հայտնի դառնալ: Եվ այս հարթակում ծնվում են անաչառ կարծիքներ: Հայտնի գրողների կողքին կարելի է տեսնել նոր անուններ, որոնք համարձակ ներկայացնում են իրենց ստեղծագործությունները: Այստեղ ժողովածուներ են ծնվում, գրվում են կարծիքներ:

-Փորձենք անդրադառնալ նաև մեր այն հրատարակչությունների քաղաքականությանը, որոնք փորձում են Հայաստանում ստեղծվող գրականությանը զուգահեռ ներկայացնել նաև միջազգային գրական զարգացումները՝ մեծ զարկ տալով թարգմանական գրականությանը: Ի՞նչ առաջընթաց և բացթողումներ եք տեսնում հրատարակչական ոլորտում:

-Այսօր Հայաստանում կան հրատարակչություններ, որոնք աշխատում են ամբողջ թափով, ստանում են պատվերներ: Բայց շատ ավելի նախընտրելի կլիներ, որ հրատարակչությունն էլ պատվիրեր՝ ինչպիսի գործեր կցանկանար հրատարակել: Ինչ վերաբերում է թարգմանական գործընթացին, ապա այս դեպքում շատ բան կա խոսելու: Նախ, պիտի զարկ տալ հայրենական գրականության թարգմանությանը: Այսօր պիտի լավ թարգմանիչներ պատրաստել, որոնք հայերենից թարգմանեն օտար լեզուներով: Այժմ մեծ քանակությամբ արտասահմանյան գործեր են թարգմանվում՝ թե՛ վաղ անցյալից, թե՛ մեր ժամանակակիցներից: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ թարգմանիչները «մարզվեն», ասել է թե՝ պատրաստված լինեն և թարգմանեն ոչ թե տողացի, այլ՝ ընդգրկուն գեղարվեստական հոսքով, հետևեն գեղարվեստական պատկերների ներդաշնակությանն ու գեղագիտությանը, հմուտ խմբագրեն թարգմանվածը՝ հաշվի առնելով մայրենիի լեզվամտածողության առանձնահատկությունները:

-Մենք պետք է խոսենք նաև ժամանակակից հայ գրողին և ազգային գրականությունը միջազգային գրական հարթակներ հասցնելու և այն աշխարհին ներկայացնելու դժվարությունների ու խնդիրների մասին: Ունե՞նք արդյոք պահանջարկ Հայաստանի սահմաններից դուրս:

-Ամենադժվար ու բարդ խնդիրն է՝ ժամանակակից հայ գրողին և հայ գրականությունը միջազգային գրական հարթակներ հասցնելը: Իհարկե, ունենք գրողներ, որոնց արդեն ճանաչում են դրսում: Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա՝ որքան է մեր երկիրը հետաքրքրություն ներկայացնում աշխարհում, որքան կշիռ ունի: Այո, պիտի ջանալ, անել անհնարինը, և արվում է: Առաջին հերթին պիտի շատ թարգմանել, գրքերի վաճառք կազմակերպել, գրել նրանց մասին, խոսել ստեղծագործությունների մասին, հանրայնացնել դրանք հեռուստատեսությամբ, ռադիոյով, հրապարակներում: Եվ մշտապես ուշադրության կենտրոնում պահել, չանտեսել տաղանդավորին: Հիշենք մեր Համո Սահյանի հետևյալ քառատողը.

                                  Մեր լեզուն ծուխն է մեր տան,
                                  Մեր կշիռն աշխարհի մեջ,
                                  Նա աղն է մեր ինքնության,
                                  Էության խորհուրդը մեր:

-Գիտենք, թե անկախության 30 տարիներն աշխարհացունց ինչպիսի տեղաշարժերի ու ցնցումների ժամանակաշրջան էր: Եթե հետադարձ հայացքով գնահատենք անկախության շրջանի հայ գրականությունը, ինչպիսի արձանագրումներ կարող ենք  անել, արդյո՞ք մեր գրական համայնքը կարողացել է այդ մեծ ցնցումներին համարժեք գրական արժեքներ ստեղծել երեք տասնամյակների ընթացքում:

-Այո, անկախությունը խոր ազդեցություն ունեցավ մեր գրականության հուներում: Խոր տեղաշարժեր և գործընթացներ արձանագրեցինք: Վերելքի շրջան էր հատկապես արձակի համար և այդպես էլ պիտի լիներ: Կարելի է ասել, որ արձակի ոլորտում ստեղծագործ ու արդյունավետ շրջան էր: Բացվեցին լավագույն գրական հանդեսներ, փոխվեց գեղարվեստական ստեղծագործությունների դեմքը:

-Եվ կուզենայի հարցնել, թե ժամանակակից հայ հեղինակների նորատիպ գրքերից ո՞րն եք մեծ բավականությամբ կարդացել:

-Հաճույքով եմ ըմբոշխնել Հենրիկ Էդոյանի և Խաչիկ Մանուկյանի բանաստեղծական ժողովածուները: Արձակի տիրույթում Աղասի Այվազյանի «Երկրի վրայի զբաղմունքը» ժողովածուն, Հրանտ Մաթևոսյանի «Տախը», Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը»:
Հաճույքով եմ ընթերցել, նաև խմբագրել Բենիկ Ստեփանյանի «Փարոսները հայտնի և անհայտ» բանաստեղծական ժողովածուն, որը կարելի է անկախության տարիների լավագույններից մեկը համարել: Բանաստեղծը մանրամասնորեն է տալիս ներկան՝ հիշելով անցյալը, ուրվագծելով գալիքը:

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի