Անդրեյ Տարկովսկի. «Ֆեդերիկո Ֆելլինին նախ և առաջ պոետ է»

1993 թվականի հոկտեմբերի 31-ին վախճանվեց 20-րդ դարի ամենահայտնի եվրոպացի ռեժիսորներից մեկը, որը կենդանության օրոք արժանացավ անհավատալի փառքի և գնահատաման. հինգ «Օսկար» և «Ոսկե արմավենի»: «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում կինոյի մյուս մեծ Վարպետի՝ Անդրեյ Տարկովսկու անդրադարձը Ֆելլինիին: Տեքստը Տարկովսկին գրել է 41 տարի առաջ հատուկ «Կինոյի արվեստ» ամսագրի համար (թիվ 12, 1980 թ.)՝ վարպետի 60-ամյակի կապակցությամբ։

 

Անհնար է պատկերացնել համաշխարհային կինոն առանց Ֆելլինիի, առանց նրա՝  բոլորիս համար հիշարժան ֆիլմերի։

Ֆելլինիի մեծությունն այն է, որ նրա կինոն խորապես ազգային երևույթ է։ Միժամանակ կարելի է և այլ կերպ արտահայտվել. հենց այդ պատճառով, նրա ազդեցությունը համաշխարհային կինոյի վրա եղել և մնում է հսկայական և գրեթե անչափելի է։

«Մայրիկի որդիները», «Ճանապարհ», «Կաբիրիայի գիշերներ», «Քաղցր կյանք», «8½», «Հռոմ», «Սատիրիկոն», «Ամարկորդ», «Ծաղրածուներ», «Կազանովա», «Նվագախմբի փորձ»՝ բոլոր այս կինոնկարները, վստահ եմ, կմնան համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ։ Հիշելով դրանք մեկը մյուսի հետևից, խորհելով դրանց մասին՝ հասկանում ես, որ ինչպես և ցանկացած մեծ, իսկական արվեստագետ, Ֆեդերիկո Ֆելլինին նախևառաջ պոետ է։

Նա նպատակ չունի վերակառուցել, վերստեղծել ժամանակակից աշխարհն իր շոշափելի, տեսանելի, նյութապես ճշմարտացի իրողություններում, նա իր ճանապարհն ունի դեպի կինո։ Եվ, իհարկե, դա բանաստեղծի ուղին է։

Իր անհատական, խորապես սուբյեկտիվ, պայմանական և միշտ ակտիվորեն անհատականացված աշխարհի ստեղծումը`սա է Ֆելլինիի էությունը: Բայց բանաստեղծական ստեղծագործության պարադոքսն այն է, որ որքան ավելի սուբյեկտիվ է վերակառուցված աշխարհի պատկերը, այնքան ավելի խորն է նկարիչը ներթափանցում նրա օբյեկտիվ իրականության մեջ…

Ֆելլինիի ստեղծագործությունը ժողովրդավարական է. Նրա աշխարհը բնավ զտված չէ, այն հասանելի է ամենալայն շրջանակներին։ Հիշենք նրա այնպիսի ֆիլմերը, ինչպիսիք են «Ճանապարհը», «Կաբիրիայի գիշերները» կամ «Ամարկորդը»... Դիտելով այս կինոնկարները՝ դժվար է կասկածել ռեժիսորի կյանքի իմացությանն և ըմբռնմանը՝ նրա ամենախոր շերտերի, նրա ներսի տեսիլքին: Ակնհայտ է դառնում նրա մտերմությունը ժողովրդի հետ, Իտալիայի ամենապարզ, ինչպես ասում են՝ «փոքրիկ», սովորական մարդու՝ նրա ըմբռնումը:

Բայց նույնիսկ երբ նա անդրադառնում է, ինչպես ասենք, «Սատիրիկոնում», հեռավոր պատմությանը, ակնթարթորեն պարզ է դառնում նրա ցանկությունը՝ խոսել իր ժամանակակից աշխարհի մասին՝ ոչ թե հին Հռոմի, այլ այն մասին, ինչ շրջապատում է հեղինակին ամեն օր, ամեն ժամ։

Ֆելլինիի զարմանալի բարոկկոն, նրա՝ դետալներով հարուստ, շռայլ, ես կասեի՝ սնայդերյան, ռուբենսյան սկիզբն արտահայտում է վարպետի կենսասիրությունը, նրա էության մեծությունը, քմահաճ բնավորությունը և հոգեկան առողջությունը...

Որևէ կասկած չկա, որ Ֆեդերիկո Ֆելլինիի ամբողջ ստեղծագործությունը, հենց ամբողջը, լի է խոր կենսահաստատ պաթոսով: Թվում է, թե դա այնքան ակնհայտ է, որ կարիք չկա դրա մասին խոսելու, բայց ես առաջնորդվում եմ մի ցանկությամբ. ևս մեկ անգամ հիշեցնել, որ իսկական արվեստագետի աշխատանքը միշտ հավատի և հույսի լիցք է կրում. լի է ապագայի հույսով, միշտ հոգևոր տարածության և հեռանկարի զգացում է ներշնչում, նույնիսկ երբ արվեստագետը խոսում է հասարակության հոգևոր ճգնաժամի մասին, ինչպես դա անում էր Ֆելլինին «Քաղցր կյանքում», կամ« 8½»-ում։

Գեղանկարելով, հռետորաբանությամբ, պնդելով, հեգնելով, վրդովվելով Ֆելլինին այնպիսի ցավ ու սեր է ապրում, որ տարօրինակ միտք է գալիս նրա նկարների վերջնական իմաստի մասին, որը կարող է չհամապատասխանել նրանց սկզբնական մտահղացմանը, քանի որ արդյունքում այն դառնում է և՛ ավելի լայն, ավելի խոր, և՛ ավելի տարողունակ և ավելի բարդ...

Ֆելլինին, ինչպիսին ես նրան ճանաչել եմ, ամենից առաջ անսովոր բարի է։ Թվում է չի եղել դեպք, երբ նա չօգներ իրենից ինչ-որ բան խնդրողներին, որոնք իր օգնության կարիքն ունեին։ Իսկ նրա օգնությանը շատերն են դիմում՝ և՛ նրա հին ընկերները, և՛ սկսնակ կինեմատոգրաֆիստները, և՛ գործընկերները, և՛ բոլորովին անծանոթ մարդիկ: Սա վկայում է նրա մեծության ու, որ ամենակարևորն է, անշահախնդրության մասին։ Նույնիսկ երբ այս տողերի հեղինակը, որը կյանքում ,ըստ էության, ոչ մի կապ չուներ Ֆելլինիի հետ, Իտալիայում իր աշխատանքում որոշ դժվարությունների հանդիպեց, Ֆելլինին առաջինն էր, որ նրան օգնություն առաջարկեց, ինչը նա երախտագիտությամբ ընդունեց։

Թվում է, թե ժամանակակից արվեստագետներից ոչ ոք չի կարողացել այդքան խորությամբ և ըմբռնումով արտահայտել ստեղծագործության խնդիրը, արվեստագետի հոգեվիճակը և ընդհանրապես ստեղծագործական մարդկային անհատականությունը, ինչպես դա արեց Ֆեդերիկո Ֆելլինին «8½» ֆիլմում. հոգեկան ծանր ճգնաժամի մեջ գտնվող ռեժիսորի պատմությունը՝ նրա շփոթությունն ու սեփական թեմայի փնտրտուքը, անօգնականությունը, հոգնածությունը, դարձան զարմանալի, պայծառագույն, ամեն ինչում ինքնատիպ ֆիլմի հիմքը։ Սա խորապես լիրիկական կինոնկար է։ Ֆելլինին այդ ֆիլմում չափազանց անկեղծ է և անզեն արտաքին աշխարհի առջև իր խոստովանությամբ և բաց լինելով մեր ընկալման համար:

Պետք է խոստովանեմ, որ «8½»-ն իմ ամենասիրելի ֆիլմն է նրա ստեղծագործության մեջ և, իմ կարծիքով, նրա լավագույն ֆիլմը, որում մտահղացման խորությունն ու նրբությունը զուգորդվել են ֆորմալ արտահայտման պարզության և ժողովրդավարական բնույթի հետ, ձևի այն օրգանականության հետ, երբ ամեն ինչ մեզ համար բացահայտվում էր այնպես, ինչպես մտահղացել էր հեղինակը:

Ֆելլինին զարմանալիորեն հաճելի և պարզ է շփման մեջ և չափազանց սակավախոս: Նա շատ նուրբ է, և հմայիչ, ոչ թե դերասանական, այլ բառի խորապես մարդկային իմաստով։ Նա գիտի իր արժեքը, և առավել ևս նշանակալից է նրա անշահախնդիր ուշադրությունն ընկերների նկատմամբ: Նա Իտալիայի ամենահայտնի կինոռեժիսորն է։ Կարծես թե բոլորն են ճանաչում «մաեստրոյին». փողոցում նրան բարևում են  անծանոթները։ Ես գիտեմ մի դեպք, երբ նրան դիմել է մի մարդ, որի որդին բանտում էր. այցելուն խնդրում էր մեղմացնել որդու կալանքի պայմանները և Ֆելլինին կապվեց իրավասու մարդկանց հետ, որպեսզի օգնի դժբախտ հորն իր սարսափելի հանգամանքներում։ Եվ այդ խնդրանքը Ֆելլինիին տարօրինակ չթվաց:

Ֆեդերիկո Ֆելլինին խորապես իտալացի, իսկապես ժողովրդական արտիստ է:

Պոետիկորեն նուրբ իրականության բարդ զգացողության համադրությունը սովորական մարդու աշխարհի հմայիչ, տեսանելի, զգայական կերպարի հետ, ահա թե ինչն է Ֆելլինիին դարձնում ունիկալ, եզակի և անկրկնելի արվեստագետ բոլոր մյուս ռեժիսորների մեջ, որոնց ես ճանաչում եմ: Բոլոր մյուսներից տարբերվող...

Եվ այստեղ կրկին ուզում եմ խոսել այդ մեծ ու ուժեղ մարդու քնքշության, նրա խոցելիության ու հոգու նրբության մասին, որոնք այնքան ակնհայտ, այնքան շոշափելի են «Ծաղրածուներում», և «Հռոմում», և «Ամարկորդում»։ Եվ եթե հիշենք «Կաբիրիայի գիշերները», որտեղ ռեժիսորը դառնում է ժամանակակից քաղաքի խառնաշփոթ տարածություններում կորած թույլ, ունեզրկված մարդկանց բացահայտ պաշտպանը... Այս պաշտպանությունը նրա գեղարվեստական ​​դիրքորոշման առանցքն է, նրա գեղագիտական ​​համակարգի ակունքները, նրա կառուցած կենդանի աշխարհաստեղծման հիմքը։

Այս տխուր ծաղրածուները «Ճանապարհ», «Քաղցր կյանք», «8½» և, վերջապես, «Ծաղրածուները» ֆիլմերից: Չնայած ռեժիսորի մտքի և ոճի ամբողջ նրբագեղությանն ու  ու նրբությանը, մի՞թե դրանք սիրո վառ դրսևորում չեն հասարակ մարդու հանդեպ:

Շատերին կարող է թվալ, թե Ֆեդերիկո Ֆելլինին՝ այդ մեծանուն արվեստագետը, չափազանց հարուստ մարդ է։ Նա իսկապես կարող էր հարստանալ, եթե համաձայներ համագործակցել խոշոր իտալացի, իսկ այժմ՝ առավելապես ամերիկացի կինոգործարարների հետ։ Բայց նա երբեք գործարքների չի գնացել: Նա նախընտրում էր, որ ինքը վճարի իր ստեղծագործական ազատության համար, անելու համար այն, ինչ անհրաժեշտ ու կարևոր է համարում:

Այդ այլընտրանքը հետապնդում է Արևմուտքի շատ կինոռեժիսորների: Իսկ եթե նրանք մեծ արտիստներ են, ապա խուսափում են զուտ կոմերցիոն պրոդյուսերների հետ համագործակցությունից։ Հակառակ դեպքում նրանք իրենց կորցնելու վտանգի առջև են, և իրականում հաճախ կորցնում են...

Այժմ իտալական կինոն դժվար ժամանակներ է ապրում. Իտալական ֆիլմերի արտադրության համար պարզապես փող չկա։ Այլևս չկան մեկենասներ, ոչ ոք չի ցանկանում զբաղվել արվեստով... Իհարկե, այս իրավիճակի ամբողջ բեռն առաջին հերթին ընկնում է այնպիսի առաջատար և ճանաչված վարպետների ուսերին, ինչպիսիք են նույն Ֆեդերիկո Ֆելլինին կամ Միքելանջելո Անտոնիոնին: Նրանց համար այսօր հեշտ չէ: Բայց քանի դեռ ռեժիսոր Ֆելլինին, հակառակ այդ ամենին, կարող է նկարահանել այն, ինչ անհրաժեշտ է համարում, Իտալիայի կինոարվեստը կմնա նույն բարձր մակարդակի վրա, որին նա հասավ ֆաշիզմի պարտությունից հետո։

Այն դժվարագույն պայմաններում, որում այժմ գտնվում է իտալական կինոն, բոլորի հայացքները մեծ հույսով ուղղված են դեպի նրա մեծագույն վարպետները՝ ​​հավատով, որ իտալական կինոն իր մոջ ուժ կգտնի նոր շնչառություն ստանալու...

Շնորհավորելով Ֆելլինիին՝ ես օգտվում եմ առիթից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու նրան այն բանի համար, որ նա մեզ վստահեց իր աշխարհը՝ փայլուն, նրբաճաշակ, նուրբ ու մարդկային, պարզ ու տխուր, այնպիսին ինչպես ինքն էր զգացել և վերստեղծել մեզ համար այդ զարմանալի արվեստագետը:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի