Անդրանիկի երևանյան և թիֆլիսյան հետքերով

Երկու հարևան հանրապետությունների մայրաքաղաքներում՝ Երևանում և Թբիլիսիում մինչև օրս Զորավար Անդրանիկին նվիրված որևէ հուշատախտակ չի տեղադրված, ուստի սոսկ տքնաջան, երկարատև աշխատանքի միջոցով կարելի է հայտնաբերել նրա կյանքի և գործունեության հետ կապված հասցեները, տներն ու շինությունները։ Հայոց պատմության վճռորոշ պահերի այդ լուռ վկաները նախորդ դարասկզբի մեր՝ առանց այն էլ քիչ պահպանված աշխարհիկ կառույցների անգին նմուշներ են, որոնք պատկերացում են տալիս այն արտաքին միջավայրի մասին, որում աշխատել է ազատագրական պայքարի հերոսը։

Անդրանիկն առաջին անգամ Երևանում եղել է 1897թ․։ Համեմատաբար երկար՝ ընդհանուր առմամբ մի քանի շաբաթ (ընդմիջումներով) Անդրանիկը Երևանում է գտնվել 1915 թ․ ամռանը և աշնանը, երբ նրա գնդի անձնակազմը վարժվում էր Քանաքեռի «Ավանափոսում»։ Օգոստոսի 9-ին նա Քանաքեռի զորակայանում իր գնդի զորավարժական փորձերն է ղեկավարել, իսկ սեպտեմբերին նրա և Հովսեփ Արղությանի զինվորների միջև տեղի է ունեցել փորձամարտ, որում հաղթել են Անդրանիկի զինվորները: Զորակայանի շենքերը պահպանվել են ու մինչև օրս ծառայում են զինված ուժերին։

1917թ․ մայիսի սկզբին Անդրանիկը մասնակցել է Երևանում բացված Արևմտահայերի առաջին համագումարին, որը 10 օր է տևել։

Ցավոք, վաղուց քանդվել են Զորավարի երևանյան օրերին առնչվող «Օրիանտ» հյուրանոցի (ներկայիս ԱԳՆ բակում), քաղաքային ակումբի (որտեղ գումարվել է Արևմտահայոց Ա համագումարը) շենքերը։

Քիչ հայտնի է, որ Անդրանիկը բնակվել է նաև Հին Ավանի Մարշալ Խուդյակով-6-րդ փողոց խաչմերուկում գտնվող բարձրադիր տանը։ 2002-ին Ավան թաղամասին նվիրված Հանրային հեռուստատեսության հաղորդումից տեղեկանալով այդ մասին, Ավանում հարցուփորձի միջոցով գտա մի ծերունու, որի մայրը գյուղում եղել էր Անդրանիկի օգնականը։ Զրուցակիցս հյութեղ լեզվով պատմում էր, թե ինչ է Անդրանիկը պատասխանել Դրոյին, երբ վերջինս համոզել է նրան մտնել Երևան։ Ծերունու խոսքերով Անդրանիկն ասել էր՝ այս բարձունքից պիտի հետևեմ ձեզ Երևանում, որ վնասաբեր քայլեր չանեք։ Հետո ծերունին ինձ ցույց տվեց իր նախնական տեսքը կորցրած՝ ավանցի Գարսևանի նախկին տունը, որը նրա հավաստմամբ մինչև Հայաստանից հեռանալը ժամանակ առ ժամանակ զբաղեցրել էր Զորավարը։ Ուշագրավ է, որ Անդրանիկին նվիրված բազմահատոր գրականության մեջ այս փաստը որևէ կերպ արձանագրված չէ։ Ծերունու պատմած միջադեպը թերևս վերաբերում է 1919թ․ ապրիլին, երբ «Արարատ» կայարան հասած Անդրանիկին դիմավորում է ռազմական նախարարի տեղակալ Դրոն ու առաջարկում Երևան գալ, սակայն Անդրանիկը մերժում է։ Ապրիլի 13-ին հասնելով Էջմիածին՝ Անդրանիկն Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին է հանձնում զորամասի զենքերը և խնայած գումարը, խնդրելով Հայաստանի մայրաքաղաքում ազգի նահատակների հիշատակին հուշարձան կանգնեցնել։ Այնուամենայնիվ, Հայաստանից հեռանալիս Անդրանիկը վերջին անգամ եղել է Երևանում․ պատմաբան Համբարձում Կարապետյանը նշում է, որ Զորավարը ապրիլի 27-ին Թիֆլիս է մեկնել գնացքով՝ Երևանից։ Չի բացառվում, որ հենց դրանից առաջ է նա եղել Հին Ավանի տանը (նշենք, որ դրանից մի քանի օր առաջ` լուր ստանալով, որ Երևանում կրակել են իր զինվորի վրա՝ Անդրանիկը ռազմերթ կատարելով հասել էր Երևանի մատույցներ)։ Ավելին, հավանական է, որ դեռևս 1915 թ․, երբ մերձակա Քանաքեռում վարժվում էր նրա գունդը, Զորավարը բնակվել է այս տանը և Հայաստանում անցկացրած վերջին օրերին կրկին եղել է այստեղ։

 

***

Իր հուշերում Անդրանիկը գրում է, որ 1904-ի աշնանը գտնվելով Թիֆլիսում, այդ 17 օրերն ապրել է քաղաքի «Լոնդոն» հյուրանոցում (ներկայիս Ատոնելի փող․, 31), մինչդեռ Վարդգես Ահարոնյանի վկայությամբ՝ Անդրանիկը գիշերել է Ահարոնյանների տանը՝ Վերա թաղամասի Մոսկովսկայա (ներկայիս Կակաբաձե եղբայրների) փողոցում։ Հայտնի է, որ Անդրանիկն այցելել է Հովհաննես Թումանյանին, եղել է Վերնատանը (նախկին Բեբութովսկայա, ներկայիս Լադո Ասաթիանի փող․, 44, չորրորդ հարկ)։ Պահպանվել է ոչ միայն այդ տունը, այլև դեպի վեր տանող մետաղյա գեղազարդ պտուտակաձև սանդուղքը։ Իսկ 1914-ին վերադառնալով Թիֆլիս՝ նույն Վարդգես Ահարոնյանի խոսքերով՝ Անդրանիկը բազմիցս հյուր է եղել Ահարոնյանների նոր տանը՝ ներկայիս Ասաթիանի փող․, 54 շենքում (Սոլոլակ թաղամաս)։ Դիմացի շենքում, որը ևս պահպանվել է, սկզբնական շրջանում գտնվում էր հայ կամավորներին հավաքագրող շտաբը։

Քիչ ներքև՝ Լադո Ասաթիանի փող․, 28 շենքն է (նախկին Բեբութովսկայա, 30), որտեղ տեղակայված էր Զորավար Անդրանիկի «Հայաստան» թերթի խմբագրությունը։ Այնտեղ էին տեղակայված նաև Արևմտահայ Խորհրդի (որի պատվավոր նախագահն էր Զորավարը) գրասենյակը, Հայաստանի Ապահովության Խորհուրդը, որը կոչված էր պաշտպանել Արևմտյան Հայաստանը և արևմտահայերին։ Բացի այդ, շենքում տեղի էին ունենում արևմտահայերի հայրենակցական ժողովներ։ Երբ 1917թ․ ամռանը Սիբիրից Թիֆլիս են հասնում 119 հայ գերիներ, նրանք ժամանակավորապես բնակեցվում են նույն շենքում։

Այդ շենքում ի սկզբանե գործում էր Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցը։ Պսևդոգոթական ոճով նախագծված շենքը 1905թ․ կառուցել է Ալեքսանդր Օզերովը՝ բարեգործ Հովնանյանների (Անանով) նախաձեռնությամբ և միջոցներով։ Դպրոցում են աշխատել Ս․ Մալխասյանը, Դ․ Դեմիրճյանը և այլք։

«Հայաստան» օրաթերթը տպագրվել է 1917-1918-ին, խմբագիրը Վահան Թոթովենցն էր, արտոնատերը՝ Գարեգին Լևոնյանը, աշխատակցում էին Զապել Եսայանը, Լևոն Լյուլեճյանը, Լևոն Թյությունջյանը, Եղիշե Քաջունին և ուրիշներ։ Թերթը հրատարակվում էր զուտ ժողովրդական նվիրատվություններով, ֆինանսապես աջակցում էին Գևորգ Ե Տփղիսեցի կաթողիկոսը, Սեյլանյան եղբայրները և այլք։ Թերթի նպատակներից էր ի մի բերել արևմտահայերին՝ հայրենիքի վերաշինության համար․ ««Հայաստան»-ը հանդէս կուգայ մեր հայրենիքի առասպելական չարչարանքի ժամուն և կողջունէ այն ամենը, որոնք, մոռցած քաղաքական ամեն դաւանանք` կը միտին ստեղծելու հայ ազգային ազատագրութիւնը, ըլլան անոնը Արևմտահայեր, ըլլան Արևելահայեր, «Հայաստան»-ը պիտի ըլլայ այն հանգրուանը, ուր պիտի միանան և իրարու ձեռք սեղմեն բոլոր տառապած հոգիները»։

Գուրգեն Մահարու «Երիտասարդության սեմին» հուշագրությունում կարդում ենք․ «Ես հեշտությամբ գտա Հովնանյան դպրոցը, կարդացի մի դռան վրա «Արևմտահայ խորհուրդ», սանդուղքով վեր բարձրացա և ծեծեցի առաջին պատահած դուռը»։  

Անդրանիկի սան Վազգեն Անդրեասյանն իր «Անդրանիկ» (1982) գրքում այսպես է նկարագրում «Հայաստանի» գրասենյակը․ «երէկի «Կամաւորական Շտապի» շէնքին առաջին յարկին վրայ բնակարան մը, ուր Անդրանիկի սովորական ժամու հանապազօրեայ ներկայութիւնը հաւաքած է պաշտօնէութենէն բազմապատիկ անձեր»։ Անդրեասյանի վկայությամբ՝ խմբագրությունը տեղակայված  է եղել մուտքից ձախ․ ««Հայաստան» կը գրաւե շէնքին Ա․ յարկի ձախ յարկաբաժինը։ Փողոցի վրայ ունի երկու սենեակ՝ մէկական պատուհանով, ներս քաշուածը՝ խմբագրութեան յատկացուած, միւսը, որ հանրային պարտէզ տանող անցքի մը վրայ եւս կը նայի ուրիշ պատուհանով մը, վարչական աշխատանքի երեք պաշտօնեաներուն։ Միշտ պարտէզ տանող անցքին երկայնութեան վրայ սենեակ մը, պատշգամով մը ապակեպատ, խոհանոց եւ լուացարան-պէտքարան։ Մուտքին աջակողմը մութ եւ խոշոր սենեակ մը, օրաթերթի պահեստի թուղթերուն հակերով գրեթէ լեցուն, նախապէս ուրեմն իբր մառան ծառայող»։ Աջ կողմից շենքը եզրափակում էր Բուսաբանական այգի տանող դարպասը։ Պատանի Անդրեասյանը ևս ամիսներ շարունակ բնակվել է այս շենքում ու աշխատել «Հայաստանի» խմբագրությունում․ «Այնքա՜ն բան կար տեսնելիք, լսելիք, սորվելիք, որոնց մէջէն ընտրութիւն ընել աւելորդ էր, մէկը միւսեն անմխիթարական, թէեւ մէկ առ մէկ կը մեղմանային բախտիս եւ լաւատեսութեանս հարուածներով»։

Դպրոցի կողքի տանը բնակվում էր Թիֆլիսի քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանի ընտանիքը։ Ինքը՝ Զորավարն, իջևանել էր դպրոցից ոչ հեռու՝ ներկայիս Գուդիաշվիլու հրապարակում գտնվող կարնեցի Գարեգին Վասիլյանի տանը։

Հուշագիրները հաճախ են հանդիպել Զորավարին Գոլովինսկի (այժմյան Ռուսթավելու) պողոտայում զբոսնելիս։ 1917թ․ աշնանը Փիթոևի Արտիստական թատրոնում (ներկայիս Ռուսթավելու անվ․ թատրոնի շենքը) Անդրանիկը մասնակցել է Արևելահայերի առաջին համագումարին։ Նրա սիրելի վայրերից էր «Չաշկա չայա» սրճարանը, որը գտնվում էր Փիթոևի թատրոնի մոտ։

Անդրանիկն ընկերական անմիջական հարաբերություններով էր կապված Հովհաննես Թումանյանի հետ, հաճախ էր հյուրընկալվում ներկայիս Ամաղլեբա փող․, 18 տան երրորդ հարկում գտնվող նրա ընդարձակ բնակարանում (2017 թվականից այնտեղ գործում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը)։ Բանաստեղծի դուստր Նվարդը գրում էր․ «Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…»։  

1919-ի ապրիլ-մայիսին վերջին անգամ լինելով Թիֆլիսում՝ Անդրանիկն իջևանում է Թումանյանի բնակարանում: Թիֆլիսի արական գիմնազիայի և Հովնանյան դպրոցի աշակերտները հավաքվում են Թումանյանի տան առջև՝ Անդրանիկին ողջունելու, բնակարանի պատշգամբից նրանց պատասխան խոսք է ուղղում Զորավարը և ծաղիկներ սփռում նրանց վրա: Դեռ կյանքի օրոք հայրենակիցների կողմից որպես համազգային հերոս ճանաչված առասպելական անձնավորությունն այլևս տեղ չուներ իր հայրենիքում․․․ Ավետիս Թերզիպաշյանի խոսքերով՝ ոչ միայն Անդրանիկի մարմինն էր հոգնել, այլև նրա՝ խռովքի մատնված հոգին։ Ինչևէ, անասելի դառնություններ տեսած, հարազատ եզերքը մեկընդմիշտ լքող Անդրանիկը 1919թ․ մայիսի 11-ին Բաթումից Թումանյանին հրաժեշտի բացիկ է հղում՝ այսպիսի խորիմաստ բառերով․ «Աշխարհը այսպէս եկեր, այսպէս կերթայ»։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1․ Անդրանիկը զինակիցների հետ՝ Երևանում, 1915 թ․

2․ Գարսևանի նախկին տունը Ավանում

3․ Այստեղ են տեղակայվել Արևմտահայ Խորհուրդը և «Հայաստան»-ի խմբագրությունը (Թբիլիսի)

... ...