Անդրանիկ Բերբերյան. «Ճանապարհը, որ անցնում եմ, չափազանց հետաքրքիր է»

2022-ը ստեղծագործական առումով խիստ արդյունավետ ու հագեցած էր կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանի համար: Նա կինոյում հեղինակել է վերջին տարիների ամենահայտնի ու սիրված ֆիլմերի երաժշտությունը, ինչպիսիք են օրինակ` «Արմատներ», «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց», «Էրկեն գիշեր», «Կաֆկայի երազը», «Նոր տարվա գոճի», «Սողոմոնի երգերը», «Ամերիկացի» և «Ավրորայի լուսաբացը» ֆիլմերը: Այս տարի կոմպոզիտորը նաև արժանացավ Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակին՝ «Սողոմոնի երգերը» ֆիլմի երաժշտության համար: Կոմպոզիտորի հետ զրուցել ենք կինոերաժշտության այսօրվա խնդիրների և նրա ստեղծագործական ծրագրերի մասին:

 

-Որքան գիտեմ, դուք բավականին վաղ տարիքում եք կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում՝ ընտրելով երաժշտությունը, մասնավորապես՝ կոմպոզիցիան: Իսկ ինչպե՞ս եղավ, որ նախընտրեցիք հենց կինոերաժշտությունը:

-Այո, իրականում շատ վաղ տարիքից մեծ հետաքրքրություն ունեմ կինոյի հանդեպ: Ես ծնվել եմ երաժշտական ընտանիքում. մայրս ջութակահարուհի է, հայրս` կոմպոզիտոր, և երաժշտությունն իմ ուղեկիցն է եղել սկսած մանկական տարիքից: Արդեն այն ժամանակ ակնհայտ էր, որ ես պետք է երաժշտական կրթություն ստանայի: Շատ հաճախ ներկա էի լինում դասական համերգների: Երաժշտական դպրոցում սովորում էի ջութակ և դաշնամուր նվագել, հետո նաև` ալտ-սաքսոֆոն: Սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ դա իմը չէ: Հետագայում այնպես ստացվեց, որ արդեն կոնսերվատորիայում ուսանելիս ես չափազանց տարված էի էքսպերիմենտալ և ակադեմիական երաժշտություն գրելով, սակայն միաժամանակ արդեն սկսել էի նաև իմ առաջին քայլերը կինոյում: Երաժշտություն գրելու փորձերը սկսեցի երբ ընդամենը 14-15 տարեկան էի: Ինձ համար տարբեր հատվածներ էի վերցնում հայտնի ֆիլմերից և դրանց համար իմ լուծումներն ու մեկնաբանություններն էի մշակում, որպեսզի որոշակի էքսպերիմենտ անեմ և հասկանամ, թե ինքս ինչ լուծում կարող եմ առաջարկել: Այդ ընթացում ինձ, իհարկե, շատ օգնեց համաշխարհային փորձը. ես շատ էի ուսումնասիրում երաժշտական կինոժառանգությունը, փորձարկումներ և վերլուծություններ էի անում: Եվ հետագայում՝ արդեն կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ, ես սկսել էի համագործակցել տարբեր ֆիլմարտադրողների հետ՝ միաժամանակ աշխատելով ակադեմիական և փորձարարական երաժշտությունների վրա:

-Պետք է որ լավ հիշեք ձեր առաջին ֆիլմը, որի համար երաժշտություն գրեցիք: Դեբյուտը միշտ էլ առանձնահատուկ է:

-Առաջին ֆիլմը, եթե չեմ սխալվում, 2014-ին էր, փոքրիկ վավերագրական ֆիլմ էր, որում օգտագործվեց իմ երաժշտությունը, և դա ինձ ոգևորեց որ ես շարժվեմ առաջ և գնամ դեպի մեծ կինո: Իսկ արդեն առաջին լիամետրաժ ֆիլմը Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունն» էր, որում ես թե՛ ֆիլմի երաժշտությունը գրեցի, և թե՛ այնտեղ օգտագործված դասական երաժշտությունները որոշակի մշակման ենթարկեցի: Դե, այնուհետև հաջորդաբար կինոնախագծերս շատացան:

-Դուք մոտ երեք տասնյակ ֆիլմերի երաժշտության հեղինակ եք: Կինոյի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ նրա՝ թիմային արվեստ լինելու հանգամանքն է: Հե՞շտ եք արդյոք աշխատում ռեժիսորների հետ, ի՞նչ կարգի տարաձայնություններ եք ունենում և ինչպե՞ս եք համաձայնության գալիս:

-Անշուշտ, ինձ համար շատ հետաքրքիր է կինոռեժիսորների հետ աշխատանքը, քանի որ ամեն ֆիլմ ունի իր առանձնահատուկ բնույթը, որն էլ հենց ռեժիսորի պատկերացումն է: Գիտեք, շատ հաճախ մենք նույնիսկ ժամանակ ենք տրամադրում, որպեսզի գտնենք իրար հետ ճիշտ խոսելու լեզուն, որովհետև չափազանց կարևոր է, որ ռեժիսորի պատկերացումները և կոմպոզիտորի երաժշտական մոտեցումները ներդաշնակ լինեն:

-Ես միշտ մտածել եմ, որ հայ կինոյի խոցելի կողմերից մեկը մեր կինոերաժշտությունն է: Չնայած կինոյի համար ստեղծագործած փայլուն կոմպոզիտորների անունների առատությանը՝ Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Արտեմի Այվազյան, Տիգրան Մանսուրյան, բայց մեր կինոյում առավելապես հնչել են հայտնի ստեղծագործությունների մշակումներ և թերևս քիչ է օգտագործվել ազգային կոմպոզիտորական ներուժը: Այդ իմաստով այսօր ոլորտում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Կինոյի ասպարեզում երաժշտության մասով այսօր, անշուշտ, բավական շատ են խնդիրները, որոցից ես կարող եմ նշել, օրինակ, այն հանգամանքը, որ կար մի շրջան, երբ անգամ գեղարվեստական ֆիլմերում օգտագործվում էին արդեն պատրաստի երաժշտական ստեղծագործություններ, և նույնիսկ շատ հաճախ օգտագործման արտոնագիրը ձեռք չէին բերում. սա նշանակում է, որ չէր պահպանվում տարրական աշխատանքային էթիկան: Բայց մենք ունեցել ենք շատ մեծ կոմպոզիտորական դպրոց ոչ միայն խորհրդային, այլև հետխորհրդային շրջանում, և մեր մեծ կոմպոզիտորներն օրիգինալ երաժշտություն էին գրում կինոյում, ու նրանցից ամեն մեկն ուներ կինոյում երաժշտություն ստեղծելու իր ուրույն ճանապարհը: Իսկ այսօր դաշտում, ըստ իս, մրցակցությունը գրեթե բացակայում է, քիչ են կինոյի համար աշխատող երաժիշտները: Եվ քանի որ Հայաստանում կինոարտադրությունը շատ փոքր ծավալներ ունի, հետևաբար փոքր դաշտում քիչ արտադրվող ֆիլմերի արդյունքում էլ հավելյալ խնդիրներ են առաջանում: Ես կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ մեզանում չի զարգանում երաժշտագիտական և քննադատական միտքը, վերլուծական որևէ խոսք չի հնչում:  

-Այս տարին ձեզ համար նշանավորվեց կարևոր կինոմրցանակով. դուք արժանացաք ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակին: Ինքնին հասկանալի է, որ երբ խոսքը Կոմիտասի մասին է, ապա տասնապատիկ ավելի մեծ է պատասխանատվությունը: Դուք զգո՞ւմ էիք այդ պատասխանատվությունը Կոմիտասի հանդեպ:

-Անշուշտ, իմ ստեղծագործական ճանապարհի ընթացքում ես շատ-շատ եմ առնչվել Կոմիտասի երաժշտությանը. եղել են, օրինակ, Կոմիտասի երաժշտության սիմֆոնիկ մշակման պատվերներ, եղել է «Վարդապետի լռությունը» ֆիլմը, հետո արդեն ինձ համար վերջնակետը եղավ Կոմիտասի շնչով ֆիլմը՝ «Սողոմոնի երգերը» և, իհարկե, դա կրկնակի, եռակի պատասխանատվություն է առաջացնում, երբ պետք է առնչվես մի լեգենդի, երաժշտական լեգենդի հետ և ինչ-որ տեղ ինձ համար հետաքրքիր էր այդ ֆիլմում ստեղծել Կոմիտասի շնչով երաժշտություն, որն ինչ-որ տեղ կունենա որոշակի ցիտատներ կամ ձեռագրային հատկություններ Կոմիտասից, բայց նաև կլինի օրիգինալ նոր երաժշտություն հատուկ ֆիլմի համար, ֆիլմի տեսարանների կարիքից ելնելով:

-Ինձ համար հաճելի անակնկալ էր ձեր և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությունը, երբ «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության բարձրակարգ և պրոֆեսիոնալ ձայանգրությունն առանձնահատուկ երաժշտական փայլ էր հաղորդում ֆիլմին:

-Արդեն տասը տարի է, որ աշխատում եմ կինոյում և վերջին մի քանի ֆիլմերի ընթացքում է, որ հնարավորություն է տրվել ֆիլմի երաժշտությունը ձայնագրել նվագախմբի հետ: Հետևաբար դա իրադարձություն էր իմ կյանքում, որովհետև մոտ 80 րոպե երաժշտություն ձայնագրել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նախ պատիվ էր ինձ համար, և հետո միայն աշխատանք, որը պետք է կատարել պրոֆեսիոնալ, որ հանդիսատեսը կարողանա ամենաճիշտ ձևով ընկալել այդ ամբողջ աշխատանքը: Մենք շատ ջերմ համագործակցություն ունեցանք մաեստրո Թոփչյանի հետ: «Ամերիկացի» ֆիլմի երաժշտությունն ինձ համար առանձնահատուկ էր, որովհետև ֆիլմի երաժշտության մեջ կար մի քանի մշակույթների բախում, Եթե, օրինակ, անդրադառնանք, որ ֆիլմում ներառված է Սովետական Հայաստանի ժամանակաշրջանը, պարզ է որ երաժշտությունն էլ պետք է հետ գնար դեպի այդ ժամանակաշրջան և պետք է ունենար այդ ժամանակի սիմֆոնիկ երաժշտության տարրերը, կոլորիտը: Եվ այս ամենի մեջ կար նաև ազգային տարր, քանի որ օգտագործվեցին մեր հայկական ազգային նվագարանները, և էս ամենի միքսն էր իմ հետաքրքրությունը, թե ինչպես կարելի է համադրել և՛ նվագախմբային մեր ավանդական ձևերը, որը միտված կլինի Սովետական Հայաստանի երաժշտական էսթետիկային և՛ նաև ֆոլկլոր մշակույթի ներկրումն այդ երաժշտութան մեջ: Նաև շատ հետաքրքիր համագործակցություն ունեցանք  մենակատարների հետ. ջութակի սոլոները կատարեց ջութակահար Անուշ Նիկողոսյանը, որի հետ հրաշալի գործակցություն ունեցանք, նույնը նաև թառահար Միքայել Ոսկանյանի հետ, որն արդեն ավելի ֆոլկլոր մենակատար բաժիններ ուներ և առհասարակ շատ գործիքներ ենք ձայնագրել ու ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ եղավ, որի համար շատ  շնորհակալ եմ Տիգրանին Կուզիկյան, որն ամբողջ երաժշտական մասի ձայնագրություններով էր զբաղված: Սա մեծ պրոցես է, և շատ կարևոր է, որ աշխատանքը ճշգրիտ կազմակերպված լինի, քանի որ բազում քայլերի հաջորդականություն կա, որոնց  պետք է հետևել և կատարել: Կինոն քիչ ուրիշ է անձնական ստեղծագործական  պրոցեսներից, որովհետև կինոյում կան հստակ ժամկետներ, որը խախտելու դեպքում ամբողջ թիմի աշխատաքն է տուժում:

-Տևական ժամանակ է, որ ստեղծել եք «Berberyan Production Studios»-ը, ո՞րն եք համարում ստուդիայի գերխնդիրը:

-Արդեն 2 տարին կլրանա, որ գործում է ստուդիան. առաքելությունն այն է, որ մենք ֆիլմերի, տեսահոլովակների, երգի շուկայում կարողանանք կատարել բարձրորակ ձայնագրություններ, ստեղծենք ճաշակով երաժշտություն և կարողանանք ֆիլմերի համար ապահովել ամբողջ հնչյունային սպեկտորի ձևավորումը՝ այսինքն՝ հետարտադրական հնչունային աշխատանքները: Երկու տարում ունեցանք բավական մեծ թիմ, շատ բան արեցինք: Իհարկե, գիտակցում ենք, որ պրոֆեսիոնալ աշխատանքը ենթադրում է, որ ամեն մի ուղղությունն ունենա իր մասնագետը, որ աշխատանքը կատարվի պրոֆեսիոնալ և արդեն ունենք այդ թիմը: Արդեն բավականին շատ են ֆիլմերը, որոնց հետարտադրական աշխատանքները կատարվեցին մեր ստուդիայում: Եվ անգամ կան ֆիլմեր, որ պետք է դրսում ներկայացվեն, իսկ ես շատ եմ կարևորում, որ դրանց հնչյունավորումը և երաժշտական ձևավորումը լինի միջազգային չափանիշներին համապատասխան, որպեսզի ճիշտ ներկայացնենք մեր ֆիլմերը դրսում:

-Մեծ կինոյում շատ են այն կոմպոզիտորների անունները, որոնք երաժշտական մթնոլորտ են թելադրել կինոյում: Կա՞ն անուններ, որոնք կուզենայիք առանձնացնել:

-Ճանապարհը, որ անցնում եմ, չափազանց հետաքրքիր է, որովհետև բացի այն, որ ես շատ հետաքրքրված եմ և ուսումնասիրում եմ մեր կինոյի երաժշտության պատմությունը և մեր կոմպոզիտորական դպրոցի ժառանագությունը, միաժամանակ շատ կարևոր է ուսումնասիրել միջազգային ասպարեզի կոմպոզիտորներին, որոնք մեծ հաջողության են հասել Եվրոպայում և Ամերիկայում՝ օրինակ Հոլիվուդում: Անշուշտ կան կոմպոզիտորներ, որոնք կինոյի պատմության մեջ մեծ հետք են թողել, քանի որ արտերկրում անհամեմատ ավելի զարգացած է այս մշակույթը և՛ կրթօջախներում և՛ կոնսերվատորիաներում կան առաձին բաժիններ, որտեղ կարելի է կրթվել որպես կինոյի կոմպոզիտոր: Իմ կարիերայի ընթացքում ես միշտ շատ եմ ուսումնասիրում տարբեր հեղինակների՝ լինի դա դասական կամ ակադեմիական, կամ էլ էքսպերիմանետալ երաժշտության հեղինակ. նրանք թողել են իրենց  ձեռագիրը կինոյում և ինչ-որ տեղ փոխել են պատմությունը, այսինքն կինոյի երաժշտության զարգացումների բարեփոխումներ են կատարել:

-Ի՞նչի վրա եք աշխատում այժմ:

-Հիմա աշխատում եմ մի քանի տարբեր ժանրերի ֆիլմերի վրա միաժամանակ. դրանք կարճամետրաժ, անիմացիոն և լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր են: Օրինակ, անիմացիոններից է «Հետ դեպի ռոք» ֆիլմը, որը համատեղ նախագիծ է, սկսեցինք աշխատել Կարին Հովհաննիսյանի կարճամետրաժ ֆիլմի վրա, թարմացվում է մեր համագործակցությունը Էդգար Բաղդասարյանի հետ և մենք աշխատում ենք մի շատ հետաքրքիր ֆիլմի վրա, որը կոչվում է «Յաշա և Լեոնիդ Բրեժնև». սա հայ-ռուսական համագործակցության ֆիլմ է: էդգարի հետ սկսեցինք աշխատել նախապատրաստական փուլում և արդեն շարունակությունը կլինի ֆիլմն ամբողջապես նկարահանելուց հետո, երբ կսկսվի հետարտադրական շրջանը և ամբողջական երաժշտությունը կձայնագրվի:

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի     

 

... ...