Անասունը կամ Դելտա շտամ

Այդ օրը ամենադժվարն ու բարդն էր վերջին շաբաթների ընթացքում։ Բացի սահմանային լարվածության և քաղաքի տարբեր մասերում ցույցեր, երթեր անողների պահանջների մասին լուրեր տալուց, նաև Սուրբ Սարգսի տոնի միջոցառումներն էինք ներկայացնելու։ Երկու նկարահանող խմբերից մեկը Էջմիածին էր գնացել, մյուսը գյուղական եկեղեցու բակում տոնական ծիսակատարությունն էր նկարահանելու։ Մնացած երեք տեսախցիկները քաղաքականացված էին։ Հերթով վերադառնում էին, և ամեն մեկն ուզում էր մյուսից առաջ ընկնել։ Առաջինը տեղ էր հասել գյուղ գնացած խումբը։ Ժողովրդական ծեսեր ու խաղեր էին կազմակերպել, աղի բլիթ էին բաժանել ներկաներին։ Երգուպարի ուրախ նվագը հարևան մոնտաժային սենյակից շեղում էր ուշադրությունս, դժվարությամբ էի մյուս լրագրողների տեքստերը խմբագրում։ Երեկոյան ճիշտ վեցին մոնտաժող Արմենը լուր տվեց, թե առաջին տեսանյութը պատրաստ է, կարող եմ նայել։ Չնայած ցրտին, գյուղի եկեղեցու բակը բազմամարդ էր։ Մեծերի ու փոքրերի պարախմբերը ազգային տարազ հագած նույն պարն էին պարում։ Առաջարկեցի հանել մի քանի կադր, որոնց մեջ պարողների թիկունքում վանքի հարակից գերեզմանատան շիրմաքարերն էին երևում։ Երբ աշխատասենյակ վերադարձա, սեղանիս վրա, թղթերի կողքին մի Samsung  տափակաձուկ էր թպրտում…

-Ձեզ անհանգստացնում են դժոխքից,- խռխռաց ինչ-որ մեկը հեռախոսի մեջ, ապա՝ հռհռաց։

-Կատակների ժամանակ չունեմ,-պատասխանեցի,- էն էլ դիվային կատակների։

Բայց հենց այդ պահին ձայնը ճանաչեցի ու կարկամեցի։ Վախեցա հարցնել՝ ճի՞շտ եմ  կռահել, թե ով է։ Վիգենի հուղարկավորությունից հինգ կամ վեց տարի էր անցել։ Նրա աճյունասափորը հողին էինք հանձնել հենց այն գերեզմանատանը, որի կադրերը րոպեներ առաջ հեռացրի։ Այդ պահին նրա մասին չէի հիշել։ Վերջին անգամ հանդիպել էինք մահվանից երեք տարի առաջ։ Այդ ժամանակ դեռ Ավստրիայում էր ապրում, հետո գնաց Նահանգներ։ Այնտեղից աճյունասափորը բերեցին ու հողին հանձնեցինք հոր ծննդավայում՝ հենց նրա կողքին։ Մոր ու եղբոր աղոտ տեղեկությունների համաձայն՝ ավտովթարի զոհ էր դարձել Նյու Յորքում։

-Գլխի եմ ընկնում, որ գլխի ես ընկել,-արդեն առանց խռխռոցի ասաց Վիգենը,-ուզում եմ  հանդիպենք, հո դեմ չե՞ս։

-Չէ, ինչի՞ պիտի դեմ լինեմ,-կեղծեցի, ու նա կմկմոցիցս հասկացավ, որ մի քիչ վախեցած եմ։

-Մի ժամից հարմար ա՞, -հարցրեց, կգամ գործիդ տեղ։

-Ես հիմա ուրիշ տեղ եմ աշխատում։

-Գիտեմ, կմոտենամ ու կզանգեմ,-պատասխանեց ու անջատեց։

Ցանկացա հետ զանգել ու ասել, որ ժամուկեսից գա, կամ երկու ժամից, որ աշխատանքս ավարտած լինեմ, բայց հեռախոսիս մեջ ոչ մի համար չէր գրանցվել։ 

Րոպեներ անց երկրորդ ռեպորտաժը նայեցի, ձևի համար, իբր ի վիճակի եմ եղել ուշադիր դիտել, մեկ-երկու մանր դիտողություն արեցի, կրճատեցինք տասնհինգ վայրկյան, բայց չդիմացա ու պատմեցի մոնտաժող Արմենին, որ հանգուցյալ ընկերս է հայտնվել, գալու է՝ հանդիպենք։ Խաչակնքվեց ու ասաց.

-Կուզե՞ս հետդ գամ։ Չնայած էսօր գործը գլխներիս ոնց որ բաղնիքի ցնցուղից թափվի։

-Չէ,-ասացի,-հարկ չկա։

Հաջորդ մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսի զանգը նյարդերս պրկեց, բայց ինքը չէր։ Սկզբում կինս էր ապսպրում հետս սև սուրճ ու կանաչ թեյ տուն տանել, հետո հիմնարկի տնօրենն էր միջանցքի մյուս ծայրի իր աշխատասենյակից հետաքրքրվում՝ հասցնելո՞ւ ենք մշտական ժամին եթեր տալ լրատվական ծրագիրը։

Սկսեցի կասկածել, թե եղել է նման զանգ ու զրույց։ Գերեզմանոցի զուգադիպությունն էլ անորոշ կասկած էր ծնում։

Երրորդ, չորրորդ ռեպորտաժներն էլ դիտեցինք։ Արմենը հետաքրքրվեց, ու ասացի, թե դեռ լուր չունեմ, չի զանգել։ Բայց այդ պահին լսվեց հեռախոսիս ծնգծնգոցը։ Թեև չէր խոսում, երգում էր, բայց ձայնը կրկին ճանաչեցի։ Հետո դադարեց երգել ու ասաց.

-Չե՞ս ուզում ներքև իջնել՝ ուրվական ընկերոջդ տեսնելու։

Տնօրենին առանց տագնապներիս մասին պատմելու ասացի, որ Ամերիկայից եկած ընկերս մուտքի մոտ ինձ է սպասում, կաշխատեմ շուտ վերադառնալ։

-Մի շտապիր, հանգիստ գնա, վերջինը ես կնայեմ, միայն թե անոնսները գրիր, նոր դուրս արի,-բարյացակամ ասաց շեֆս։

Նախօրոք էի գրել, անշտապ հագնվեցի ու իջա աստիճաններով։ Աչքս ընկավ վերջին աստիճանի առջև, փոքրիկ սեղանի վրա դրված սև շրջանակավոր նկարին։ Գլխավոր հաշվապահ ձյաձ Վարդանը երեք օր առաջ էր մահացել։ Դիմացը դրված երկու հաստ մոմերից մեկը  կարճացել էր, ուր որ է կվերջանար, մյուսը՝ հանգածը, երկար էր։ Մոտեցա կրակայրիչով վառեցի։

Վիգենը թեև ծերացած էր թվում, բայց ճանաչեցի առաջին իսկ հայացքից։ Կողքին կանգնածին անմիջապես չնկատեցի, հարսի շորի պես ճիփ-ճերմակ զգեստը համատարած ձյան ու թափվող խոշոր փաթիլների ֆոնին` նա փոքր-ինչ անտեսանելի էր: Դռան ապակին միայն ներսի կողմից էր թափանցիկ, մի քանի րոպե հետևում էի։ Նրանք ինձ տեսնել չէին կարող։ Անվտանգության աշխատակիցը դուրս եկավ իր խցից՝ ծխելու, ու հարցրեց.

-Ինչ-որ մեկի՞ն ես սպասում։

-Չէ,-ասացի,-արդեն եկել են, ընկերս է, մի աղջկա հետ։

Պահակը նայեց հայացքիս ուղղությամբ ու հարցրեց.

-Ո՞ւր են, մարդ չեմ տեսնում։

-Ո՞նց,-զարմացա,-տղամարդուն սպիտակ հագած աղջկա հետ չե՞ս տեսնում, հենց դիմացդ նայիր, վեց-յոթ մետրի վրա, չես տեսնո՞ւմ։

Անվտանգության աշխատակիցը դեմքը մոտեցրեց դռանը, փչեց ապակու վրա, թևքով սրբեց գոլորշին ու թեքվեց ինձ.

-Կամ կատակ ես անում, կամ էլ՝ աչքիդ ա երևում։

-Գնում եմ նրանց մոտ, տես՝ ես կերևա՞մ։

Չեմ ասի, թե ողջագուրվեցինք։ Պարզապես Վիգենը գրկեց ինձ ու ահագին ժամանակ բաց չէր թողնում։ Հետո, երբ ի վերջո ազատվեցի գրկից, ներկայացրեց ցրտից դողացող աղջկան։

-Ծանոթացիր՝ Վանեսան է, բայց հայերեն չի խոսում։ Նա Վիենայում է մեծացել։

Ձեռքս մեկնեցի աղջկան ու անունս շշնջացի։ Նրա ձեռքն այնքան սառն էր, որ թվաց, թե ուժեղ սեղմեմ, մատները սառցալուլաների պես կտոր-կտոր կլինեն։ Իսկ նա միայն ժպտաց։

-Ինչի՞ է էս բարակ հարսի շորով, կհիվանդանա,-ասացի։

-Մի անհանգստացի, ինչ լինելու էր՝ արդեն եղել է,-պատասխանեց։ -Էս կողմերում տեղ գիտե՞ս, նստենք, մի-մի բաժակ բան խմենք, ամեն ինչ կհասկանաս։

-Գնանք, -ասացի ու նրանցից առաջ ընկած քայլեցի դեպի վրացական ճաշարանը։ Մինչև հինգ հարկանի շենքը, որի նկուղում վրացական խոհանոցն էր, հազիվ երկու հարյուր քայլ լիներ։

Երբ մահվան լուրն առա, զանգեցի նրանց ջազ խմբի դաշնակահար Գարիկին։ Նրանք իրար հետ շատ ավելի մտերիմ էին, քան իմ հետ։ Գարիկի արձագանքն անսպասելի էր.

-Անասուն,-գոռաց հեռախոսի մեջ,-ես էդպես էլ գիտեի, որ ինքն իր գլուխն ուտելու ա։ Գիտե՞ս ինչով էր զբաղվում էնտեղ։ Ի՞նչ ասեմ: Ա-նա-սուն։

Հետո, մինչ հեռախոսը կանջատեր, լսեցի լացի ձայնը։ Կես ժամ անց ինքը զանգեց։

-Էնտե՞ղ են թաղել, թե՝ բերելու են։

-Բերել են,-ասացի,- այրել են, մոխիրն են բերել, իրենց գյուղի պապենական գերեզմանատանը վաղը թաղումն է, կգա՞ս։

-Իհարկե չեմ գա,-հետո, մի քանի վայրկյան լռելուց հետո, խեղճացած ասաց.

-Ո՞ր ժամին ա, դու մեքենայո՞վ ես, ինձ էլ կվերցնե՞ս հետդ։

Ես ու Վիգենը դասարանցիներ էինք։ Մինչև ութ նույն նստարանին ենք նստել։ Հետո, երբ  սիրահարվեցի, համոզեցի Վահանին նստել իմ տեղը, իսկ ես`Նվարդի կողքին։ Նվարդը երկու-երեք օր շառագունած էր դասերի ընթացքում, հատկապես, երբ ուսուցիչները  հարցնում էին, թե ինչի եմ տեղս փոխել։ Բայց նրանց հարցն ավելի շատ ակնարկ էր, որ ամեն ինչ գիտեն կամ՝ հասկանում են։ Հետո ամեն ինչ սովորական դարձավ։ Դպրոցն ավարտելուց հետո ես համալսարան գնացի, Վիգենը՝ կոնսերվատորիա։ Այդ տարի, երբ ասացի, որ հանկարծ չնեղանա, որ տեղս փոխում եմ, ինչ-որ պատանեկան մրցույթում լավագույն դաշնակահար էր ճանաչվել։ Ուրիշ գործիքներ էլ էր նվագում, բայց կոմպոզիցիայի բաժին ընդունվեց։ Գարիկի հետ դեռ քննություններից էին մտերմացել։ Մեկուկես տարի սովորելուց հետո որոշեցին իրենց ջազ քառյակը ստեղծել։ Վիգենն ինքը ստեղներն ընկերոջը զիջեց և դարձավ խմբի հարվածայինը։ Սկզբում Արտյոմն էր սաքսոֆոն նվագում, բայց մի քանի վեճից հետո հեռացավ։ Երկրորդ սաքսոֆոնահարը Տիգրանն էր, Մարինկան էլ երգում էր։ Ես էլ նրա նոր ընկերների հետ արագ մտերմացա։ Շաբաթը մեկ կամ երկու անգամ դասերից հետո գնում էի նրանց փորձերին։ Երբեմն հետս նաև Արևիկին էի տանում։ Մի անգամ, երբ Վիգենին հարցրի, թե ինչի չուզեց ինքը ռոյալը նվագել, չէ՞ որ ավելի լավ է նվագում, մի քանի վայրկյան լռելուց հետո, ասաց.

-Չգիտեմ, կհասկանա՞ս, թե՝ չէ։ Հա, ես ավելի լավ եմ նվագում, բայց նա ավելի լավ ա ստեղծագործում։ Ես ոչ մի ֆալշ նոտա չեմ նվագի, իսկ ինքն իրեն կարող ա թույլ տալ, որովհետև մեծ իմպրովիզատոր ա։ Եթե մի օր որոշի դասական մի բան նվագել, կտապալվի, բայց ջազն ի՞նչ ա, եթե ոչ իմպրովիզացիա։ Համ էլ ես ինձ ավելի լավ եմ զգում թմբուկների առջև։ Ծեծում եմ, հասկանո՞ւմ ես, չգիտեմ՝ ում, բայց մեկին շան ծեծ եմ տալիս, հա, շոյում էլ եմ գլուխը, այտերին կտկտացնում ու տկտկացնում, շեղում եմ ուշադրությունը, որ ավելի ուժեղ խփեմ. արագ, ուժեղ, համաչափ՝ խփեմ, խփեմ, խփեմ...

-Ո՞ւմ ես ծեծում։ Մտքիդ ո՞վ է ծեծվողը, ումի՞ց ես վրեժ լուծում,-հարցրի,-մենակ չասես՝ թուրքին։

Երկար, լուռ նայեց աչքերիս մեջ։ Ի վերջո, շշնջաց.

-Հետաքրքիր միտք ա, կմտածեմ, բայց՝ չէ, իսկապես չգիտեմ, թե ումից եմ մուռ հանում։

Նրանց քառյակն արագ հաջողության հասավ։ Դեռ դիպլոմ չէին ստացել, որ մեկը-մյուսի հետևից համերգների հրավերներ էին գալիս։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո կյանքի նստարանին տեղս Նվարդի կողքին զիջել էի Վիգենին։ Վերջին զանգի ավարտական խնջույքին թողեցինք բոլորին ու անհետացանք։ Հաջորդ օրը Վիգենին ասացի, թե Նվարդը նրան է սիրում։ Չհավատաց։

-Գիշերով տարար, հավեսդ հանեցիր, հիմա ի՞նձ ես հանձնում։

Երդվեցի, որ մատով չեմ դիպել, որ մերժել է ինձ, որովհետև իրեն է սիրում։ Աչքերին արցունք տեսա։ Նա վաղվա մասին չէր մտածում։ Երջանիկ էր։ Հույսը ապագայի հետ չի կապում միայն նա, ով այդ պահին երջանիկ է։ Ես ու Արևիկը ամուսնացանք, երբ չորրորդ կուրսում էինք։ Դեռ մինչև այդ, մեր ամուսնությունից կես տարի առաջ նրանց հարսանիքն էր։ Երկուսն էլ ուզեցին, որ ես լինեմ փեսացուի ազապ ախպերը։

Միասին ավարտեցինք, ես ու Արևիկը՝ համալսարանը, Վիգենը՝ կոնսերվատորիան, իսկ Նվարդը՝ մանկավարժականը։

Ես հիմնական աշխատանք չկարողացա գտնել, էստեղ-էնտեղ հոդվածներ էի տպում փոքրիկ հոնորարով։ Ավարտելուց մի քանի ամիս անց Արևիկն աղջկաս լույս աշխարհ բերեց, ու ինքն էլ չէր կարող աշխատել։ Իսկ Վիգենի՝ փողից օր-օրի փքվող գրպանները կերպարանափոխում էին նրան։ Նվարդը կնոջս բողոքել էր, թե հաճախ է հարբած տուն գալիս, երբեմն բռնանում է, երբ դժգոհության տրտունջներն ականջին են հասնում։ Վիգենը մեկ-երկու անգամ ինձ փող տվեց, երբ նեղ դրության մեջ էի, հաճախ մեր տուն էր գալիս մի ամբողջ շաբաթվա մթերքը նոր գնած մեքենան բարձած, բայց, ի վերջո, մեր ճանապարհները բաժանվեցին։ Նեղվում էր, որ փորձում էի խցկվել իր և իր սիրած վիսկիի արանքը, ձեռքից խլում էի մեքենայի բանալին ու թույլ չէի տալիս հարբած վարել, բայց լրջորեն վիրավորվեց, երբ ասացի, որ կսպանեմ, եթե իմանամ՝ Նվարդի վրա ձեռք է բարձրացրել։

Հետո նրանց քառյակը Սանկտ Պետերբուրգի մի ռեստորանում նվագելու մեկ տարվա պայմանագիր կնքեց, ավարտին էլի մեկ տարով երկարաձգեց։ Այդ ընթացքում ընդամենը երեք անգամ Երևան եկավ ու մեկ-երկու օրից վերադարձավ։ Նա մենակ էր գնացել, իսկ Նվարդն ապրում էր նրա ծնողների հետ։ Երեխաներ չունեցան։ Հետո երբ ավարտվեց Սանկտ Պետերբուրգի կոնտրակտը, խումբը հետ եկավ Երևան, իսկ Վիգենը մի ռուսաստանցի հրեա թավջութակահարի հետ գնաց նախ Լեհաստան, այնտեղից էլ՝ Վիեննա։ Նրանք Ավստրիայի մայրաքաղաքում տեղացի երկու երաժշտի հետ նոր խումբ կազմեցին։

Աջ ձեռքս հանկարծակի սառեց, մատներս ասես սառցաջրի մեջ մտցրին։ Հարսի շոր հագած աղջիկը բռնել էր ձեռքս ու ժպտալով նայում էր ինձ։ Նա սրթսրթում էր ցրտից։ Ուզում էի ասել, որ թողնի ձեռքս, բայց ձյան փաթիլների ու մառախուղի միջից տեսա, որ վրացական խոհանոցի նկուղ տանող աստիճաններին մի քանի քայլ է մնացել։ Շրջվեցի. Վիգենը հետ էր ընկել ու ծխախոտն էր վառում։ Աղջկան  քարշ տալով արագ-արագ քայլեցի դեպի մուտքը։ Ներսում մեզ դիմավորեց վաթսունը վաղուց բոլորած գեր մատուցողուհին։ Նա անպարկեշտության հասնող կարճ ու թափանցիկ կիսաշրջազգեստ էր հագել։ Վրայից ավելի կարճ գոգնոց կար։ Մի քանի անգամ աշխատանքի ընդմիջմանը ճաշել էի այդտեղ, բայց երբեք նրան այդպիսի հագուստով չէի տեսել։ Նա մռայլված ոտքից գլուխ չափեց աղջկան ու դժկամությամբ սեղան առաջարկեց։ Այդ պահին մտավ նաև Վիգենը։ Մատուցողուհին գլխի չընկավ, որ նա մեզ հետ է և ավելի ջերմորեն դիմավորեց։

-Չէ, Անուշկա, երկրորդ սեղան պետք չի, մենք միասին ենք,-ասաց Վիգենը,-բայց էդ ի՞նչ ես հագել, ինչի՞ ես ոռբաց աշխատում։

Այդ ասելով Վիգենը թփփացրեց պառավի քամակին, իսկ նա ճչաց.

-Կամաց, դաղում ես։

Մի պահ փորձեցի հասկանալ, թե որտեղից պիտի ճանաչեն իրար, բայց այդ հետաքրքրությունն արագ լքեց միտքս։ Ամենազարմանալին այն էր, որ ես արդեն ոչ մի բանից չէի զարմանում։

Վիգենն իր համար վիսկի ուզեց, բայց պարզվեց, որ վերջացել է։ Անուշիկը տնական ծիրանի օղի առաջարկեց։ Նրանք ուտել չէին ուզում, ես էլ կուշտ էի, բայց օղու հետ բաստուրմա, պանիր ու կանաչի վերցրինք։ Վիգենը սկզբում կողքիս աթոռին էր տեղավորվել։ Խնդրեցի, որ տեղը փոխի։

-Վրայիցդ ինչ-որ տաք գոլորշի է փչում, ոնց որ կոնդիցիոներ լինես։

Ինքս տեղս փոխեցի ու նստեցի աղջկա կողքին, նրա դիմացը։

-Ոնց որ ութում,-քրթմնջաց,-դեռ չես ուզում կողքիս նստել։

Ինքն իր ձեռքով լցրեց բաժակները, մեկը բարձրացրեց ու ասաց.

-Դե, բարով ես եկել։

Ես ծիծաղեցի, իսկ աղջիկը չհամբերեց մինչև բաժակները կթխկացնենք, գլխին քաշեց ծիրանի թունդ օղին ու առանց բերանը բան դնելու էլի ժպտաց։ Նոր միայն դեմքը ծանոթ թվաց։ Հատկապես ժպիտն ու ատամնաշարը։

-Վերջապես կծանոթացնե՞ս, ո՞վ ա այս աղջիկը, ինչի՞ ա ինքը սառույցի կտոր, իսկ դու այրվում ես։

-Չասեցի՞, Սեդան ա, իմ աղջիկը։

-Ոնց որ Վանեսա էր անունը։

-Վանեսա մոր դրած անունն ա, ինձ Սեդան ավելի ա դուր գալիս։ Ես նրա հետ այսօր եմ ծանոթացել։ Ինքը նոր ա եկել։ Չեմ էլ իմացել, որ աղջիկ ունեմ։ Մայրն ինձնից թաքցրել ա։

-Բա ինչ տաքություն ա քեզնից ճառագում,-նորից հարցրի։

-Սպանեցիր էլի, չես ուզում ոչ մի բան ինքդ գլխի ընկնել։ Դե, երևի, դիակիզարանի կրակը դեռ լրիվ չի լքել մարմինս։

Այս անգամ ինքը ծիծաղեց։

-Իսկ ինչի՞ աղջիկդ ոչ մի բան չի խոսում։

-Օ, նա հրաշալի երգում ա։

-Ուրեմն երաժշտական ընդունակությամբ հորն ա քաշել, ի՞նչ ա երգում։

-Վիեննան դասական երաժշտության քաղաք ա, ռոմանսներ, արիաներ։

Վիգենն անգլերեն խնդրեց աղջկան, որ երգի մեզ համար։

Վանեսան կամ Սեդան մի անգամ էլ ինձ ժպտաց ու առանց չեմուչումի սկսեց մեղմաձայն երգել Յոհան Շտրաուսի ռոմանսներից մեկը։ Հետո էլի մեկը, այնուհետ անծանոթ օպերայի արիայի մի հատված երգեց ավելի բարձր, մեցցո-սոպրանո ձայնով։ Նրա ձայնն էլ ինձ ծանոթ էր, բայց ատամնաշարը՝ ավելի։

Շրջվեցի ու տեսա, որ պառավ Անուշկան, խոհարարը, գանձապահն ու տնօրենը իրար կողքի շարված լսում էին։ Նրանք բոլորը՝ տղամարդ թե կին, կարճ շրջազգեստով էին։ Հենց ավարտեց, ծափահարեցին ու ցրվեցին իրենց գործին։

Գարիկին վերցրի մետրոյի Գործարանային կայարանի մոտից։ Տաքսիով փոքր-ինչ ուշացած հասավ պայմանավորված տեղը, որ իմ մեքենայով Վիգենենց պապենական գյուղ գնանք։ Ահագին ժամանակ լուռ էինք, հետո հարցրի.

-Ինչի՞ անասուն։

-Մեռած մարդկանց հետևից չեն խոսում։

-Մի բան գիտես, ասա,-պնդեցի։

Մի քանի րոպե էլ լռեց, բայց անհանգիստ շուռումուռ գալուց հասկացա, որ կպատմի։

-Մեկը տեսնելով, թե ինչ վարպետորեն է հարվածային փայտիկները մատների մեջ խաղացնում, առաջարկել էր ֆոկուսներ անել ինչ-որ շոու ծրագրի համար։ Մի երկու շաբաթում էնքան էր առաջ գնացել, որ ուսուցչին զարմացրել էր։

-Այսինքն էլ չէ՞ր նվագում, թողե՞լ էր երաժշտությունը,-հարցրի։

-Էդ դեռ քարը գլուխը, գիտե՞ս, թե ինչ շոու էր ու ինչ ֆոկուս էր անում։

-Ի՞նչ իմանամ։

-Ոսկերչական խանութներում ադամանդե քարով զարդեր էր տնտղում ու հետ վերադարձնում։

-Հետո ի՞նչ, որ տնտղում էր։

-Չե՞ս կռահում։ Զննում, բայց հետ էր տալիս նախապես կեղծված, հասարակ քարովը։

-Ի՞նչ գիտես, ի՞նքն ա պատմել։

-Մի տարի առաջ Նյու Յորքում էինք։ Համերգից հետո չթողեց հյուրանոց գնամ, իր տուն տարավ։ Դիմային, լենինգրադցի հրեային հիշո՞ւմ ես, թավջութակահարին։

-Որտեղի՞ց պիտի հիշեի, պարզապես լսել եմ նրա մասին: Հետո՞։

Խանութներից մեկը հորեղբորն էր, մյուս երկուսը` էլի ինչ-որ ազգականների։ Նա էր նկարում, ու պատվիրում կեղծ օրինակները։ Խնդրեցի, աղաչեցի, որ թարգի, որ հեռանա ուրիշ քաղաք, պարզ չէ՞ր, որ վերջ ի վերջո բացահայտվելու էր ամեն ինչ:

-Ուզում ես ասել՝ սպանե՞լ են։

Գարիկն էլ ոչինչ չպատասխանեց, բայց մի քանի րոպե անց քթի տակ մրթմրթաց. «անասուն»։

-Հասկացա, քեզ հետապնդել են, որ սպանեն։ Վթարը, մահդ բեմադրե՞լ էիր։ Ո՞ւմ դիակի մոխիրը հողին հանձնեցինք հորդ կողքին,-հարցրի Վիգենին։

Նա այդ պահին փոշի էր քաշում քիթը։ Անուշկան տեսավ, ու մոտենալով ասաց, թե ինքն էլ է ուզում։

-Շատ թանկ ա, այ պառավ, քեզ չի հասնում,-կոպիտ մերժեց Վիգենը։

Նրան երբեք այդքան բռի չէի տեսել։ Հետո սպիտակ թուղթը բացեց, մեկնեց ինձ ու ասաց.

-Զգույշ կքաշես, թունդ ա։ Մանավանդ, որ առաջին անգամ ես փորձելու։

Զգույշ չստացվեց։ Քթանցքերս ու կոկորդս այրվեցին։ Ճակատս քրտնեց։ Քիչ հետո անցավ ամեն ինչ, և երանելի թեթևություն ու անհոգություն զգացի։

-Չէ, ի՞նչ բեմադրություն,-ասաց։

Ինձ այլևս չէր հետաքրքրում՝ իմ առջև նստած դասարանցիս կենդանի՞ է, թե՝ մեռած։

-Եթե մեռել եմ, ուրեմն իրավունք չունե՞մ ընկերոջս հանդիպելու,-ծիծաղելով շարունակեց նա։ -Բայց ես քեզ բան պիտի խնդրեմ։ Ամուսնացիր աղջկաս հետ։ Խնդրում եմ։

Այս անգամ ես էի լիաթոք ծիծաղողը.

-Սեդայի՞։

Աղջիկը նույն ժպիտով ինձ էր նայում։

-Կուզես Վանեսա կոչիր, բայց ամուսնացիր, խնդրում եմ։ Նա ոչ ոք չունի։ Լրիվ մենակ ա։

Գժվեցի՞ր,-լրջացա,-ես ամուսնացած եմ, համարյա նրա տարիքի աղջիկ ունեմ։

Վիգենը սկսեց արտասվել։

-Ես այսօր եմ իմացել, որ դուստր ունեմ։ Տես՝ ինչ սիրուն ա։ Աննման գեղեցկուհի։ Նվարդից էլ, Արևիկից էլ ու աշխարհի բոլոր աղջիկներից ու կանանցից գեղեցիկ ա։ Ես ստիպված եմ գնալ, խնդրում եմ, հանուն մեր ընկերության, նրան մենակ մի թող, ամուսնացիր հետը։ Եթե խնդրանքս չկատարես, Աստված քեզ չի ների։

-Գոնե դու Աստծո ներելուց մի խոսիր, այ գեհենի կոճղ։ Ու հետո… եթե դու նրա հետ միայն էսօր ես հանդիպել, ապա որտեղի՞ց եմ ես ճանաչում։ Նրա ժպիտը, ձայնը, ատամնաշարը  ո՞ւմ է ինձ հիշեցնում,-արագ-արագ վրա բերեցի։

-Վերջապես գլխի ես ընկնում,-լացակումած ասած ընկերս։ -Ախր նա քեզ համար ա աշխարհ եկել։ Ուղղակի ուշ ա ծնվել։ Ինքը քո մեջ կա, էդ ժպիտ, ատամներ, բան, որ ասում ես՝ միշտ եղել են հոգուդ ու մտքիդ մեջ։ Փորձիր հիշել՝ ինչքան ես նրան երազում տեսել։

Աղջիկն էլ հոր արցունքներից ազդված, սկսեց լաց լինել։ Հետո գլուխը դրեց կրծքիս ու վզովս ընկավ։ Ես արագ վեր ցատկեցի, վազեցի դեպի դուռը, միակ՝ տասը հազարանոց թղթադրամս խցկեցի պառավ, կիսամերկ մատուցողուհու գոգնոցի գրպանն ու դուրս փախա։ Մինչ դռան փեղկը հետևից կչրխկար, ականջիս Վիգենի քրքիջը հասավ։ Ձյունը շարունակում էր շռայլ ու սրտաբաց տեղալ, փաթիլներն այնքան ուրախ էին թափվում, ասես մի Սահարա ջրտի ու արգավանդ էին դարձնելու։ Մի քանի անգամ սայթաքելուց հետո հասա մեքենայիս։ Բաճկոնի թևքով սրբեցի դիմապակու վրա թզաչափ նստած ձյունը։ Մտքովս անցավ, որ ձյաձ Վարդանի նկարի առաջ մոմը կրկին հանգել է։ Որոշեցի անպայման նորից կպցնել։ Ինձ ճանապարհած պահակի հերթափոխն ավարտվել էր, ապակեպատ խցում ուրիշ մեկն էր նստած։ Նրան չէի ճանաչում։ Ինքն էլ՝ ինձ։

-Ո՞ւմ ես ուզում,-հարցրեց։

-Ոչ մեկին, էստեղ եմ աշխատում,-պատասխանեցի, բայց նա չլսեց։

-Աղջիկ ջան, առաջ արի, տեսնեմ՝ ինչ ես ուզում, ինչի՞ ես էդքան թեթև հագած, կհիվանդանաս։

Թվաց, թե ծաղրում է։ Ասացի՝ հորս եմ փնտրում ու հայտնեցի անուն ազգանունս։

-Հիմա մատյանում կնայեմ, էստե՞ղ է, թե՝ դուրս է եկել։

Նա երկու անգամ գրանցամատյանի էջի վրայով հայացքը վերից վար իջեցրեց, հետո նախորդ էջերի վրա փնտրեց ու ասաց.

-Պապադ մի շաբաթ է, գործի չի եկել։ Վերջին անգամ անցած կիրակի է էստեղ եղել։

Որոշեցի գլուխ չդնել հետը։ Արագ քայլերով գնացի դեպի աստիճանները, որոնց դիմաց դրված էր գլխավոր հաշվապահի նկարն ու մոմերը։ Ձյաձ Վարդանը դուրս էր եկել իր նկարի շրջանակից և մտախոհ քայլում էր միջանցքում։ Հագին գոտկատեղից ներքև ոչինչ չկար։

-Եկա՞ր,-հարցրեց,-քեզ ասելու բան ունեմ։

Ուզեցի թևանցուկ անել, թույլ չտվեց.

-Չդիպչես ինձ, քեզ համար դեռ շուտ է, ուղղակի քայլիր հետս։

Ծխախոտը վառեց ու շարունակեց.

-Թույլ չտաս, որ հոգիդ ինքնասպան լինի։ Թե ուզենա թույն խմի, խլիր բաժակը ձեռքից ու թափիր զուգարանակոնքի մեջ։ Մի թող, որ սիրտդ ինքն իրեն կործանի։ Ինչքան էլ համոզի՝ չհամաձայնես։ Թե հոգիդ ինքն իր վրա ձեռք բարձրացրեց, հրեշտակին տալու էլ բան չես ունենա։ Ջահել ես, կյանքիդ մնացած մասը նեխած ճահիճ կդառնա, օրերդ անբովանդակ ու դանդաղ կանցնեն, բերանիցդ գարշահոտ կգա, անթաղ, ինքնասպան հոգուդ դիահոտը։ Կապրես կիսամեռ, կիսակենդան, սահմանագծի երկու կողմերում, ինչպես այսօր։ 

-Հաշվապահները մեռնելուց հետո փիլիսոփա՞ են դառնում,-հեգնեցի։

-Ինչ ախմախություն։ Ուրիշ բան չունե՞ս հարցնելու։ Ափսոս, կարծում էի՝ ավելի լուրջ ու խորը մարդ ես։

Ասաց, ձեռքի ծխուկը բարկացած նետեց հատակին, փոքրացավ, փոքրացավ ու մտավ իր նկարի սև շրջանակի մեջ։ Վառածս մոմն իսկապես հանգած էր։ Մինչև պահակը կբռներ ձեռքս, հասցրի նորից վառել։

-Ո՞վ ա էս սիրուն օրիորդը, ի՞նչ ա ուզում,-պահակին հարցրեց տուն շտապող տեխնիկն ու առանց պատասխանի սպասելու դուրս գնաց։

Մտքովս անցավ, որ միայն երեք օր առաջ մահացած հաշվապահն ինձ ճանաչեց, բայց այդ պահին ինձ համար միևնույն էր՝ թե որ կողմում եմ։

Մեքենայիս շարժիչը սառել էր ու միայն երրորդ փորձից աշխատեց։ Քշում էի դեպի տուն, ու բացարձակապես չէի զարմանում, որ փողոցները դատարկ էին՝ ոչ մարդ, ոչ մեքենա։ Լուսարձակի շողի մեջ ձյան փաթիլները կատաղի պար էին բռնել, մի քանիսը ծաղրաբար ինձ լեզու ցույց տվեցին։ Առաջին խանութը, որի մուտքի մոտ կանգնեցի՝ փակ էր, փակ էին երկրորդը, երրորդը, բոլորը, անգամ շուրջօրյա աշխատող դեղատունը, որի դռան վրայի նշանի օձը նույնպես լեզուն հանեց, ֆշշացրեց քթիս տակ։ Հիշում էի, որ կինս կանաչ թեյ ու սև սուրճ էր ուզել, բայց մոռացել էի, որ վերջին փողս պառավ Անուշկային էի տվել։ Երբ հիշեցի, հանկարծ մի ձայն լսվեց։

-Կանգնիր, քեզ ամենակարևորը չեմ ասել,-գոռում էր ինչ-որ մեկը։

Հայելու մեջ տեսա մեքենայի հետևից վազող Վիգենին։ Ձեռքին թմբկահարի փայտիկներ կային։ Որքան արագացնում էի ընթացքը, Վիգենն այնքան մոտենում էր։ Բացեցի պատուհանն ու ինչքան ուժ ունեի բղավեցի.

-Մի արի հետևիցս, ամեն ինչ հասկացել եմ, ինձ էիր մտքումդ խփում էսքան տարի։ Բայց իզուր, նորից եմ երդվում՝ նրան մատով չեմ կպել։

Նա դանդաղեցրեց վազքը, հետո կագնեց, շրջվեց ու գլխիկոր հեռացավ, չքվեց։ Մի քանի րոպեից տուն կհասնեի։ Ուրախությունից, որ փրկվել եմ նրա հետապնդումից, սկսեցի  քթիս տակ դնդնալ Վանեսայի երգած ռոմանսներից մեկը։ Բլուր բարձրացող վերելքը, որը չավարտված մեր տունն էր, սառցակալած էր։ Մեքենան սկսեց պարել, անիվները տեղում էին պտտվում։ Բայց այդ պահին շարժիչի ոռնոցի, անիվների լացի ու Վանեսայի ռոմանսի մեղեդու միջից պարզ լսեցի ձիու դոփյունները։ Եկավ զորավարը։ Նժույգն իր ռունգերից կրակ ու բոց արձակելով գնում էր մեքենայիս առջևից ու հալեցնում սառույցը։ Վերջապես երկհարկանի մեր տան լուսավոր պատուհաններից մեկը երևաց։ Բնական լույս էր, լամպ չէր վառվում, թեև մեքենայի ժամացույցը կեսգիշեր էր ցույց տալիս։ Պատուհանի հետևում Արևն էր։ Նա սանրում էր աղջկաս երկար մազերը։ Կինս միշտ սանրում էր մեր դստեր վարսերը, երբ չէի գալիս։ Նա վախենում էր միայնակ անհանգստանալ ինձ համար։

 

Հովհաննես Երանյան