Ամուսնալուծությունն՝ արտագաղթի ժամանակ

Տոլստոյը ճիշտ է նշել՝ բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, սակայն յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։ Ամեն մի վիշտ իրեն բնորոշ կառուցվածք ունի` երբեմն չարաբաստիկ, երբեմն հեգնող, առավել հաճախ՝ առօրյա, սովորական․․․

Լենինգրադում ծանոթներիցս երկուսն էին բաժանվում՝ Կոլյան ու Էլլան։ Դատարանի շենքում հայտնվեցին խաղաղ զրուցելով։ Ներկայացրին համապատասխան փաստաթղթերը։ Դատավորը խոժոռվեց։

-Կխնդրեմ չժպտալ,-խնդրեց նա,- սա կրկես չէ։ Ներկայացրե՛ք բաժանման պատճառը։

Ընկերներս փոքր-ինչ շփոթվեցին։ Նրանցից մեկը ամաչելով արտաբերեց․

-Ինչպես ասում են՝ բնավորությունները չհամընկան։

Դատավորն ավելի զայրացավ։

-Ի՞նչ է նշանակում չհամընկան։ Հստակ պատճառը ներկայացրեք՝ դավաճանություն, վիրավորանք․․․

-Մեր զգացմունքները մարել են,- ասաց Էլլան։

-Ես սիրահարվել եմ ուրիշ կնոջ,- միջամտեց Կոլյան։

Դատավորը զայրույթից պայթեց.

-Տեղ են գտել սեր խոստովանելու համար։ Այստեղ, իմիջիայլոց, դատ է, ոչ թե պարահրապարակ։ Մարդիկ գալիս են բաժանվելու։ Նրանք լուրջ, հստակ պատճառներ ունեն։ Իսկ դուք այս ամենը խեղկատակության եք վերածում։ Նստե՛ք ու լսե՛ք․․․

Նա հրավիրեց հաջորդ զույգին։

Մոտեցավ սպորտային կոշիկներով մի կին։ Աչքի տակ կապտուկներով։ Կողքին կանգնած էր բաճկոն հագած ու չսափրված մի տղամարդ։

-Ներկայացրե՛ք բաժանության պատճառը,- նրանց դիմեց դատավորը։

-Խմում է, -հազիվ լսելի ձայնով արտաբերեց կինը,- կռվում է․․․

Դատավորը բավարարված գլխով արեց։

-Բոլոր զգեստներս կացինով կտրտել է․․․ Վովկայի դասագրքերն է «խմել»։ Ու  ամենակարևորը՝ ինձ ծեծում է ինչով պատահի․․․

-Զրպարտությո՜ւն,- բղավեց ամուսինն ու ոտքով խփեց կնոջը։

Նրան հետ քաշեցին դահլիճում գտնվող ոստիկանները։

Դատավորն աշխուժացավ։ Դա սովորական սովետական բաժանություն էր։ Ժողովրդական գնահատական տվողները հասկացող արտահայտությամբ հոնքերը խոժոռեցին։

Բաժանության պատճառները կարող են ամենաանսպասելին լինել։ Հին ժամանակներում ավելի նուրբ էին, մեր վայրի օրերում՝ ավելի պարզ ու հասարակ։

․․․Դանիայի այրիացած թագուհին՝ Գերլինդան, նշանված էր գերմանացի կոմս Մերինդի հետ։ Այնուհետև նշանադրությունը չկայացավ։ Գերլինդան պատճառը հետևյալ կերպ մեկնաբանեց՝

-Ավա՜ղ, ես բանաստեղծական ոճով եմ խոսում, իսկ նա՝ չարագործը, հանգն է նախընտրում։

...Լերմոնտովի ընկերը՝ կապիտան Յակուբինսկին, հյուրերի տանը նստեց ֆիզհարմոնի ստեղների վրա։ Կինը հենց այդ պահին բաժանման որոշում կայացրեց։ Նա չկարողացավ տանել նման սրբապղծությունը։

․․․Կուսակցական Բուրենինը տասնվեց տարեկանում ամուսնացավ միլիոնատեր Լեսնիկովայի հետ։ Կուսակցական կոմիտեն վերջինիս հրամայեց անհապաղ ամուսնալուծվել։ Բուրենինն ամուսնալուծվեց՝ կորցնելով Սանկտ Պետերբուրգի Տրոիցկայա փողոցում գտնվող հսկայական առանձնատունը։ Այս տունը զգալիորեն համալրեց սոցիալիստ-հեղափոխականների գանձարանը․․․․

․․․Երբ ես բանասիրականի ուսանող էի, կուրսընկերուհիներիցս մեկը սիրահարված էր աշխատավոր Լենյային։ Նրանք ամուսնացան։ Հարսանիքին նրանց նվիրեցին Վան Գոգի վերարտադրությունների ալբոմը։

-Վան Գո՞գ, նա ինչ է չինացի՞է,- հետաքրքրվեց Լենյան։ Ու ավելացրեց,- ես շատ ավելի լավ կարող եմ նկարել։

Կուրսընկերուհիս լռեց։ Ամուսնական կյանքը ճեղքեր տվեց․․․․

Ամուսնալուծության պատճառները կարող են զարմանալիորեն անհեթեթ լինել։

Ամուսինն ուղղակի սուլում է։ Կամ երգում է զուգարանում։ Կամ ճաշի ժամանակ եղունգներն է կտրում։

Կինը չարաշահում է կոսմետիկան։ Հրաժարվում է վերընթերցել դե Բրոյնի Պոնտերը։ Անզուսպ հիանում է Ջոն Տրավոլտայով…

Ցանկացած մանրուք կարող է մարդուն հունից հանել։ Հատկապես, երբ մարդիկ ամեն օր են շփվում․․․

Մեր ծանոթներից մեկը ամուսնու մասին խոսելիս՝

-Լյովան կոշիկները հագնելիս միշտ լեզուն ծալում է։

Նրանք ամուսնացած են, բայց ես գիտեմ՝ նրանց ամուսնությունը դատապարտված է․․․

․․․Մի անգամ ես կշտամբեցի էստոնացի հումորիստ Իվո Ռեյնին․

-Ինչո՞ւ եք այդքան կոպիտ բղավում Լինդայի վրա։

Ռեյնը պատասխանեց․

-Իսկ ինչո՞ւ Լինդան չի ծիծաղում, երբ ես կատակում եմ։

Համոզիչ փաստարկ էր։ Մեկ ամիս անց նրանք բաժանվեցին․․․

Բայց այս ամենը կիրթ հանրության մասին է։ Հասարակ սովետական մարդիկ ավելի կոպիտ են բաժանվում։

Պատկերացրեք սովորական սովետական ​​հանրակացարան։ Խոհանոցի վեց սեղան՝ ատելության վեց բաստիոն... Երեխաները ծնողների հետ նույն սենյակում... Պահարանի հետևում հայտնված կանայք... Անվերջ վեճեր, աղքատություն և խռովություն...

Ամուսինները տնից քարշ են տալիս ֆլանետե վերմակները։ Կանայք ջլից կաղամբով ապուր են պատրաստում։ Օղի, ճիչեր, ծեծ՝ սովետական ​​կյանքի ճնշող խավարը...

Իսկ բամբասանքով լեցուն գավառը՞։ Ինչ-որ մի Ռյազան, որտեղ կեսօրից հետո դժվար է սթափ տղամարդ գտնել։

Իսկ ռուսական մի գյուղ, որտեղ հետսափրվելու հեղուկը դելիկատես է համարվում։ Իսկ ճամբարային հազարավոր բնակավայրերը, որտեղ երեխաները չգիտեն խնձորի համը։ Իսկ միլիոնավոր շինարարական բարաքները, որտեղ տոնածառը զարդարված է գինու պիտակներով։

Ի՞նչ ամուսնություն, եթե տղամարդկանց կեսը դահուկային կոշիկներով է քնում։

Զզվելի ոգելից խմիչքների ջրվեժները կլանել են երկիրը: Միլիոնավոր մարդիկ ամեն առավոտ բացում են իրենց աչքերը ամենադաժան, անհույս իրավիճակում: Եվ ամենուր նրանք՝ նվաստացած ու ճնշված տղամարդիկ, ծեծում, նվաստացնում ու տանջում են կանանց։

Ուրիշ որտե՞ղ են կանանց հետ ավելի վատ վարվում, քան մեզ մոտ։ Ուրիշ որտե՞ղ են ծեծում նրանց սանձերով ու փայտերով։ Ուրիշ որտե՞ղ են նրանք բրեզենտե կոշիկներ ու բաճկոն հագնում։ Ուրիշ որտե՞ղ են նրանք բակի շնից էլ ցածր տեղում։

Ուրիշ որտե՞ղ է նման բան տեղի ունենում։ Անապատո՞ւմ։ Ջունգլիներո՞ւմ։ Լուսնի վրա՞։

Ո՞ւմ խղճին է սա մնում։ Ո՞վ է այս ամենի պատասխանատուն։ Չինական Կարմիր գվարդիա՞ն: Իրանցի ահաբեկիչները՞։ Միգուցե արևմտյան լիբերալնե՞րը։

Ուրիշ որտե՞ղ են կանանց երկարաճիտ կոշիկներով ծեծում։ Ո՞վ է ունակ դրան։ Այո, ոչ մի մարիխուանայով թունավորված սևամորթ։ Ոչ մի անուղեղ պուերտորիկացի: Ոչ մի ամենաարյունարբու ահաբեկիչ: Իսկ մեզ մոտ՝ յուրաքանչյուր երրորդը: Կամ գուցե ամեն երկրորդը․․․

Միլիոնավոր ռուս կանայք անվերջ նվաստացած են։ Ու նրանց ԱԱԾ-ն չի տանջում, ոչ էլ պարտիան ու իր լենինյան կենտկոմը։ Ոչ էլ Անդրոպովը, գրողը տանի, այլ սեփական ամուսինները։ Եվ միայն դրա համար մենք՝ ռուս ժողովուրդս, արժանի ենք ցմահ պատժի և հավերժական տոտալիտարիզմի...

Եվ այստեղ բոլշևիկները մեղավոր չեն։ (Նրանց իրենց մեղքերն էլ հերիք են: Իսկ մեզ՝ մերը:) Միշտ այդպես է եղել: Կարդացե՛ք Կոստոմարով, Տուրգենևի «Որսորդի  հիշատակարանը»: Ռուս գյուղացին կզղջզ վրիպակի համար։ Նա կզղջա անտեսանելի անտառային այծի համար, բայց՝ ոչ իր կնոջ։

Վերադառնանք ամուսնության խնդրին։

Հազարավոր երիտասարդ կանայք ամուսնանում են հանուն մայրաքաղաքում բնակության թույլտվության։ Հանուն մարդկային կյանքի։ Առաջնակարգ մատակարարման համար։

Նման տասը ամուսնություններից յոթը խզվում են մեկ տարվա ընթացքում...

Սպաները բարձր վարկանիշ ունեն ամուսնական շուկայում։ Սպաները կարգապահ, մաքուր մարդիկ են։ Սպաները վերահսկում են։ Եթե ​​ինչ-որ բան այնպես չլինի, կարող եք կապ հաստատել քաղաշխատողի հետ:

Այսպիսով, երիտասարդ աղջիկները սպաներին են որսում։ Ապա զինծառայողին ուղարկում են դժոխք՝ Ջեզկազգան։ Իսկ սպաների կանայք վազում են տուն։ ԻՆչ-որ լենինգրադյան շրջիկ աճպարարների հետ: Ավելի հաճախ՝ ազատված դատապարտյալների հետ։ Հիշում եմ՝ մեր վաշտի հրամանատարի կինը կրկեսի լիլիպուտի հետ փախավ։ Պայմանավորվել էին ընդմիջման ընթացքում, իսկ վերջում․․․

Ընտանիքներում գերակշռում էին ամուսնալուծության սոցիալական դրդապատճառները։ Հարբեցողությունը, աղքատությունը, կյանքի գորշ միօրինակությունը, ընդհանուր  դեֆիցիտի մշուշը՝ այս ամենը քանդեց ամուսնության փխրուն շենքը: Մարդիկ ակնհայտորեն կարծրացան, դարձան կոպիտ, անհանդուրժող, ծայրահեղ ռազմատենչ։ Այս արատավոր շրջանից ելքի փնտրտուքը մարդկանց մղեց կործանարար քայլերի։

Պատահում էր, որ ամուսնալուծության հիմքում ընկած էին որոշ հոգևոր պատճառներ: Բայց դա հազվադեպ էր լինում: Անսպասելի զգացմունք, դավաճանություն, հոգևոր շփումների կորուստ․․․ Ամեն ինչ կարող է պատահել: Մարդը թույլ է, զգացմունքներն իշխում են նրան, կյանքը լի է անակնկալներով։ Այնուամենայնիվ, նման դեպքերը հազվադեպ էին: Շատ ավելի հաճախ մենք լսում էինք.

-Խմում է, խուլիգան է, կռվում է․․․ Ամիսներ շարունակ գումար չի բերում․․․ Հոգևոր հիմքով ամուսնալուծությունները բացառություն էին, քմահաճույք։ Դրանք չլսված շքեղություն էին։ Հիշո՞ւմ եք զարմացած շշուկները՝

-Նրանք բնակարան ունեն, «զապորոժեց» մեքենա ունեն, տեսնես ինչո՞ւ են այս մարդիկ բաժանվում․․․

Բայց սովետական ​​կյանքը մնացել է անցյալում։ Մենք հատել ենք օվկիանոսը։

Հիմնականում ընկերական զույգեր են գնացել։ Միասին ավելի հեշտ էր դուրս գալ փաստաթղթային վարչարարության մսաղացից։ Դժվարությունները համախմբեցին մարդկանց, ստիպեցին միասին մնալ:

Եվ, վերջապես, ազատությունը։ Վիեննայի խաղաղ փողոցները։ Անմոռանալի արձակուրդները Հռոմում։ Հեքիաթային Ամերիկան՝ քաղաքային կոմիտեի հսկայական հնարավորությունները բոլորի համար:

Մենք միասին բնակարան ստացանք։ Մենք միասին մեքենաներ ենք գնել։ Մենք միասին գնացինք սինագոգ ներքնակների համար։

Անցավ մեկ տարի, ապա՝ հաջորդը։

Եվ հանկարծ սկսվեցին հրաշքները։ Մարդիկ սկսեցին անվերահսկելի կերպով ամուսնալուծվել։ Ընտանիքները մեկը մյուսի հետևից կործանվում էին։

Ի՞նչ էր տեղի ունեցել։ Թվում է թե առանձին բնակարաններ, հագուստ, մեքենաներ։ Թվում  է թե անհրաժեշտ կալորիաներ, բարեկեցիկ կյանք․․․

Բայց մարդիկ, այնուամենայնիվ, ամուսնալուծվում էին։

Երեխաները դպրոցում են, կյանքը կարգավորված է, նյութական խնդիրները՝ լուծված։ Հաջորդիվ մարդու ոգու խնդիրներն առաջանում են սարսափելի անխուսափելիությամբ։

Ահա Ռայան ու Գենան։ Բոլորին թվում էր՝ նրանք սիրալիր ու նուրբ ամուսիններ են։

Ռայան օտոլարինգոլոգ է (քիթ-կոկորդ-ականջաբան), կամ, ինչպես ԱՄՆ-ում են ասում՝ ԼՕՌ։ Գենան՝ հեռուստակինոյի նախկին ռեժիսոր է։

Ռայան բարդ քննություններ է հանձնել։ Պատրաստվում է մասնավոր պրակտիկայի։ Նա լավ է մեքենա վարում, անվերջ կատարելագործում է անգլերենը։ Նրան հետաքրքրում է թատրոնը, կինոն։

Ռայան հաճախ է հյուր գնում։ Սիրում է ճամփորդել։ Հանգստանում ու խանդավառությամբ է աշխատում։

Իսկ Գենան ժամերով պառկում է բազմոցին։ Երբեմն վեր է թռնում ու դրամատիկ ելույթներ ունենում․

-Ո՞ւմ եմ պետք ես։ Այստեղ արվեստով աչքի են ընկնում միայն արհեստավորները։ Ես այդ Միլոշ Ֆորմանին մահվան չէի տանի…

Ու նորից պառկում է․․․

Ռայան ու Գենան դեռ միասին են ապրում։ Բայց գործնականում նրանք ամուսնալուծված են։ Ռայային ձանձրացրել են նրա մենախոսությունները։ Նրան նյարդայնացնում է ամուսնու անհագ փառասիրությունը, երկարատև մռայլ անգործությունը։

Նրանք ամուսնալուծված են։ Ուղղակի Գենան գնալու տեղ չունի։ Ռայան խղճահարությունից դրդված հանդուրժում է նախկին ամուսնուն։

Իսկ խղճահարությունն այնքան անհուսալի հիմք է ամուսնության համար․․․

Ահա Ղազարոսն ու Բելան։ Ղազարոսը փայլուն գիտնական է։ Աշխատում է հեղինակավոր քիմիական լաբորատորիաներից մեկում։ Բազմաթիվ գիտաժողովների և համագումարների մասնակից է։

Բելան տնային տնտեսուհի է։ Սովետում նա չի աշխատել։ Փոքրիկին է խնամել։ Բացի այդ, Բելան ժամերով հերթ է կանգնել։

Այստեղ հերթեր չկան։ Երեխան մեծացել է։ Բելան ինքն իր հետ է մնացել։

Նա ռուսական թերթեր է կարդում։ Հեռախոսով է խոսում։ Նույնիսկ այստեղ՝ Ամերիկայում, Բելան ձանձրալի միատոն բաճկոններ ու զգեստներ է հագնում։ Նա լքված ու ծեր տեսք ունի․․․

Նրա ամուսնուն աշխատավայրում շրջապատում են վառ ստեղծագործ անհատականություններ, այդ թվում՝ գրավիչ, գործարար, նպատակասլաց կանայք։ Ղազարոսը ուշ է տուն վերադառնում։ Սկսել է ավելի հաճախ անհետանալ հանգստյան օրերին․․․

Միշան ու Լերան չորս տարի առաջ են տեղափոխվել։ Միշան համերգասրահի նախկին ադմինիստրատոր է։ Լերան երաժշտության ուսուցչուհի է։

Կյանքը սկզբնական շրջանում բարդ էր դասավորվում։ Միշան տաքսի էր վարում։ Առանց նրա էլ այստեղ ադմինիստրատորների պակաս չկար։ Նա գերհոգնեց, նյարդայնացավ ու թողեց աշխատանքը։

Լերան նույնպես չէր կարողանում մասնագիտությամբ աշխատանք գտնել։ Բժշկի օգնականի դասընթացների գնաց։ Այժմ աշխատում է Ֆլաշինգում ու շարունակում է ուսումը։

Միշան խորացել է իր հարուստ անցյալի մեջ։ Արտագաղթի մասին նրա մտքերը հասկանում ու գնահատում է մեկ մարդ՝ Լեոնիդովը։ Երբեմն Միշան ասում է․

-Հիշո՞ւմ ես ինչպես հյուրախաղերի ժամաակ Սաշա Բրոնեվցկին մատուցողին հարվածեց։

-Իսկ ինչպե՜ս էր Բագլաենկոն նվագախմբի փոսն ընկնում․․.

-Իսկ ինչպե՜ս էին Մագոմաևին թալանել Սեմիպալատինսկում:

-Իսկ Էդիտա Պիեխան ընդամենը մեկ շապիկով վազում էր․․․

Լերան, ճիշտ հակառակը, ապագային է նայում։ Երազում է բժիշկ դառնալ։ Ուզում է Եվրոպա տեղափոխվել։ Իր գրադարանն է հավաքում։

Նրանց կապում է միայն երեխան։ Բայց երեխաները շատ արագ են մեծանում...

Եվ այսպես, ի՞նչ է կատարվում տարագրության մեջ ամուսնության հնագույն ինստիտուտի հետ: Ամուսինները, ամրապնդելով նյութական բազան, ստիպված են լինում անդրադառնալ նախկինում իրենց անհայտ հոգևոր խնդիրներին։

Բարեկեցիկ կյանքով ազատված էներգիան ցնցում է ոգու հիմքերը:

Ռուսաստանում բավական է լինել համեմատաբար սթափ՝ նախանձելի փեսացու համարվելու համար։

Այլախոհ համարվելու համար բավական է անեկդոտ պատմել։

Մտավորական համարվելու համար բավական է հրեա լինել։

Բավական է Բուլղարիա մեկնել՝ Մագելանի պատգամավորը և Լա Պերուզի թոռը համարվելու համար։

Բավական է թքել կտավին՝ ավանգարդ արտիստ համարվելու համար։

Բավական է կնոջդ բահով չծեծես, որպեսզի համարվես օրինակելի ամուսին...

Այստեղ ամեն ինչ այլ է։

Երշիկ կերե՞լ ես։ Կերել ես։

Տաբատ գնե՞լ ես։ Գնել ես։

Մեքենան բենզին լցրե՞լ ես: Լցրել ես:

Playboy-ում մերկ կանանց տեսե՞լ ես: Տեսել ես։

Հիմա խնդրում եմ մա՛րդ եղիր։ Խնդրում եմ զգայուն, խոր, նուրբ, սիրալիր, խելացի, խոնարհ, մեղմ, համարձակ, պարկեշտ և բարեսիրտ եղիր:

Դժվար է, բայց դա է միակ ուղին․․․

Ուրեմն ի՞նչ անենք։

Սիրենք։ Քանի որ սերը միակ ստրկությունն է, որը վեհ է ազատությունից։ Միակ բանն է, հանուն որի կարող ես զոհաբերել ազատությունդ։ Միակ բանը, հանուն ինչի կարող ես զրկվել ազատությունից։ Առա՛նց վարանելու։

1981թ․, դեկտեմբեր

 

Թարգմանությունը անգլերենից՝ Լյուսիլ Ջանինյանի