Ամառ, աշուն, Փարիզ, լուսաբաց․․․

Ժամը 15:30 էր, նոր էի նախաճաշել, ուշ էր նախաճաշի համար… Ինչ-որ մեկի հոգին ցնծում էր, իմը զարմացած էր հուսահատության աստիճանից։ Անորոշությունը երբեմն այնքան մոլորեցնող է լինում, որ թվում է թե վերջ, այնքան ես խճճվել, որ այդ անտեսանելի թելերն այլևս քանդել չի լինի, քնում ես հույսով, որ վաղն էլ չի գա, բայց հակառակի պես արթնանում ես արևի լույսից, ու հասկանում, որ պարտավոր ես ուշքի գալ։

Ամառ էր, իսկ դրսում համ արև էր, համ էլ`անձրև, ձեռքիս անհույս պտտվում էր գրիչը, գրելու ցանկություն կար. հաշտ էի ապրածս կյանքի հետ, բաց թողնելու բան էլ չկար, բայց հաճախ գրելն անհրաժեշտ է թվում։ Ի՞նչ կարող ես ասել, երբ փոխարենը կարող ես պարզապես սուրճ պատրաստել և ոչ մեկին չստիպել կարդալ քեզ։ Երբ ցավից ու անարդարությունից այնքան ես լաց լինում, որ դառնում ես մի բուռ, կծկվում ու դառնում չորացած ծառի նման՝ գարնան կարոտ, այդժամ սկսում ես կասկածել, որ գարնանը կծաղկես, իսկ գարունը հեռու է, և դու հասկանում ես, որ եթե չծաղկես`ուրեմն վերջ, քեզ ոչ մի լուսաբաց էլ չի փրկի։ Ամառ էր, ես սուրճ էի եփում և մտածում, գուցե մի տեղ՝ օրինակ Փարիզում, ինչ-որ մեկն էլ ինձ նման նստած է իր վաճառքի հանված ու սակարկելի բնակարանում, ուր ամեն օր գալիս են տարբեր գնորդներ, անփութորեն շոշափում քո իրերը, որոնք այնքան քնքշությամբ ու սիրով ես ձեռք բերել, և գուցե նրան էլ քեզ նման զայրացնում է դա։ Այդպես ինքս ինձ հույս էի տալիս, որ ես մենակ չեմ, և ինձ նման գուցե շատ մարդիկ կան, որոնց հոգին անսպասելի հուսահատությունից քարացել է, որոնք ստիպված են հրաժարվել իրենց կյանքից, որոնց ստիպում են հրաժարվել իրենց կյանքից, որոնց պարտադրում են դառնալ ուրիշ։ Ուրիշ դառնալու ցանկություն, սակայն, ես չունեի, ես սիրում էի սիրել, և միակ բանը, որ ինքս ինձ կարող էի խորհուրդ տալ՝ դա սիրելը չմոռանալն էր։ Ես կարդում էի ֆրանսիական պոեզիա,  փորձում էի մտածել, որ գուցե Փարիզի ինչ-որ մի թաղամասում մի գեղեցիկ կին իրերն է դասավորում իր նոր բնակարանում, գուցե նրա տանը կան գեղեցիկ ծաղիկներ, և նա արդեն կարող է սիրել իր տունն ու այդ ծաղիկները։ Ես հոգեբանորեն արդեն չունեի ոչ տուն, և ոչ էլ սեր, բայց ես փորձում էի սուրճ սիրել ու նայել վերև, և մտածել, որ գուցե մի քանի շենք այն կողմ՝ իր բնակարանում նստած մի կին շոյում է իր երեխային, և այդ մտքից հասկանում, որ սուրճից բացի, սիրելու այլ տարբերակներ միևնույնն է՝ կան։ Օրը երբեմն ձգվում էր շատ երկար, մեկ օրվա մեջ ինձ արդեն օտար դարձած տուն բազմաթիվ գնորդներ էին գալիս, ես հոգնել էի նրանց տեսնելուց, բայց հոգուս խորքում խնդրում էի, որ ազատեն ինձ այդ վայրից, չնայած չգիտեի թե ի՞նչ եմ անելու հետո, երբ այդ տունը կվաճառվի։ Իրավիճակը, որում հայտնվել էի իմ կամքից անկախ, շատ քայքայիչ էր և հոգեմաշ։

Ամառ էր, բանջարեղեն վաճառողն ինձ չառաջարկեց ռեհան գնել, ես ամեն տարի այն չորացնում էի ձմռան համար, գիտեր, որ գնում եմ ու գուցե էլ երբեք նրան չտեսնեմ ու ոչինչ չգնեմ։ Նա ինձ խնձոր տվեց ու ասաց. «Ժպտա՛ ու կե՛ր, քաղցր է․․․»։

Բակում բարդիներից մեկը գիշերը քամուց տապալվեց, հենց այն մեկը՝ որի տերևների արանքից ես սիրում էի ամեն գիշեր լուսնին նայել ու սպասել։ Այդպիսով բակն ինձ հրաժեշտ տվեց, ու հրահանգեց գնալ, ես այլևս այդ բարդուն նայելով ոչ մեկի չէի սպասելու։

Աշուն էր, կեսօր, ես կանգնած էի Փարիզի կենտրոնական փողոցներից մեկում, անձրև էր գալիս։ Ես հանկարծ նայեցի վերև և տեսա, թե ինչպես է մի կին պատշգամբից նայում ներքև։ Մենք ակամա ժպտացինք միմյանց, գուցե նա հենց այն կինն էր, այն տնից, որն ապրում էր իմ մտքում։ Նա`որպես իսկական ֆրանսուհի, ձեռքի թեթև շարժումով վառեց ծխախոտն ու շարունակեց ժպտալ, ես ձեռքով արեցի, նա պարզապես շարունակեց ժպտալ… Աշուն էր, Փարիզում կեսօր էր, ես նախաճաշում էի և մտածում, որ մի քանի ամիս առաջ մտքերս հենց այստեղ էին, այն կնոջ հետ, որն իր նոր բնակարան էր տեղափոխվել։ Մի քանի ծանր ամիսներից հետո ես Փարիզում առաջին անգամ լիարժեք ժպտացի և հասկացա մի կարևոր ու պարզ բան, որ երազելն ու չչարանալը մարդուն կարող են փրկել կործանումից։ Ժպիտը քեզ կբուժի ու կապտակի նրան՝ ով մեջքից հարվածել է քեզ, այդ հարցում կասկած չունենաս։ Աշուն էր, Փարիզում տերևաթափ էր: Մտքերս հավաքում էի, մտովի ծրագրում թե ի՞նչ պետք է անեմ երբ վերադառնամ, ո՞նց գտնեմ հենց այն բնակարանը որը կարող է իմը լինել, որտեղից ինձ ոչ ոք չի կարող ստիպել որ հեռանամ: Բարդ էր, աշնան վերջն էր, ինձ զանգահարեց մի գեղեցիկ կին ու ասաց, որ ուզում է հենց ինձ վաճառել այն տունը, որը ես ինձ թույլ տալ չէի կարող, բնակարանը թանկ էր, ես հրաժարվեցի ու քնեցի մտովի երազելով որ այն իմը լինի, սակայն սթափ էի, գիտեի`որ ես այն ունենալ չեմ կարող: Անցան օրեր, ես մոլորված թիթեռի նման տնից տուն էի գնում, փնտրում էի, ու չէի գտնում, գտնում էի ու հասկանում, որ ես բավարար գումար չունեմ այն գնելու համար: Ժամանակն անհույս հոսում էր: Ձմեռ էր, գիշեր: Իմ ձեռքում բանալի կար, մենակ էի, գնում էի բացելու իմ կյանքի նոր էջը, այն` որտեղ դեռ սևագրեր չկային: Ձմեռ էր, ժամը 15:30, դրսում ձյուն էր գալիս, շուտով Նոր տարի էր, ես իմ նոր բնակարանի ծաղիկներն էի ջրում, հենց այն բնակարանի, որը գեղեցիկ կինն էր առաջարկել, և ես կարծում էի թե այն իմը լինել չի կարող: Ես իմ մտքում ապրող հենց այն աղջիկն էի, որին պատկերացնում էի Փարիզի իր նոր բնակարանում: Խաղաղ էր…

 

Ասպրամ Սարատիկյան