Ալիս Սափրիչ. «Ես Փարիզի երկնքի նման եմ»

«Նա այն դերասանուհիներից էր, որոնք շատ ու շատ ֆիլմերում երկրորդ պլանի դերը դարձրել են գլխավոր: Ես նրանց կոչում եմ անխուսափելիներ»: Հայկական ծագումով ֆրանսիացի հայտնի դերասանուհի Ալիս Սափրիչին (Ալիս Սափրիչյան) այս բնորոշումն  է տալիս ռադիոհաղորդավար Ժակ Շանսելը, որի հեղինակած «Radioscopie» հաղորդաշարը 1979 թվականի մայիսի 14-ին հյուրընկալել է Ալիս Սափրիչին:

1950 թվականից մինչև 1989-ը դերասանուհին խաղացել է շուրջ 70 դեր կինոյում և հեռուստատեսությամբ: Նա իր տաղանդով փայլում էր ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում՝ և՛ կատակերգական, և՛ դրամատիկ ժանրերում: Նրան ճանաչում բերեցին  Ժերար Ուրիի «Մեծության մոլորություն», Պիեր Կարդինալի «Իժը բռի մեջ» (ըստ Էրվե Բազենի) ֆիլմերում և Իվ-Անդրե Յուբերի «Զարմուհի Բեթը» (ըստ Օնորե դը Բալզակի)  հեռուստաֆիլմում խաղացած իր դերերը: 

 

Ժակ Շանսել -Ալիս Սափրիչ, Ձեր կյանքի ընթացքում Դուք շատ դերեր եք խաղացել և շարունակում եք խաղալ առ այսօր: Դուք բազմիցս անդրադարձել եք Շեքսպիրին, Բեքեթին, Ստրինդբերգին, Բալզակին, նույնիսկ «Մեծության մոլորություն» վերնագիրը կրող զվարճալի մի ֆիլմում մերկապարի տեսարանում եք հանդես եկել: Այսպիսով, Ձեզ ողբերգությունից դեպի բուրլեսկ տանողը դերասանի Ձեր մասնագիտությո՞ւնն էր:

Ալիս Սափրիչ -Ինձ համար կյանքը միաժամանակ ողբերգություն և կատակերգություն է: Բուն մանկությունից սկսած, ես այդ կերպ եմ մտել աշխարհ: 16 տարեկանից ի վեր, և նույնիսկ ավելի վաղ, ես միաժամանակ հիանալի և դժվար կյանք ապրեցի: Իմ բոլոր հակասությունները, այն, ինչ այժմ ես ինձանից ներկայացնում եմ, իմ մանկության արդյունքն են: «Ալիս» վերնագրված մի գրքում ես ցանկացա դա բացատրել մեկ կարճ ու կտրուկ նախադասությամբ, որովհետև սիրում եմ հակիրճ լինել. «Ես մանկություն չեմ ունեցել»: Իսկ ընթերցողներն ինձ նախատեցին դրա համար, ասելով՝ ինչո՞ւ չեք մանրամասնում Ձեր ասածը: Հիմա հարմար առիթ է, որպեսզի ասեմ, թե ինչու եմ զուրկ եղել մանկությունից. որովհետև 4-5 տարեկանից սկսած ինձ այնպիսի վիճակի մեջ են դրել, որ ես պետք է պատասխանատու լինեի իմ ընտանիքի համար: Ես սերում եմ քնքուշ, հաճելի, գեղեցիկ, պերճաշուք, հարուստ, հնազանդ, համեստ ու այդ ամենից բարդույթավորված մի մորից և արկածախնդիր հորից:

Ժակ Շանսել -Ֆրանսիացի:

Ալիս Սափրիչ -Ոչ, ես ծագումով հայ եմ, կիսով չափ՝ ռուս: Եվ այս բախտախնդիր հայրս հիանալի մարդ էր: Նա ինձանից գողացել է մանկությունս, իսկ ես պաշտում էի նրան:

Ժակ Շանսել -Ինչո՞ւ գողացավ Ձեր մանկությունը, որովհետև նա Ձեզ լիովին մենա՞կ թողեց:

Ալիս Սափրիչ -Ոչ: Որովհետև նա անչափ մեծ պատասխանատվություն դրեց ինձ վրա: Հայրս խաղասեր էր՝ մոլի խաղացող, Ստամբուլի ամենահայտնի խաղամոլներից մեկը: Եվ նա վատնեց մորս ունեցվածքը: Այս տեսանկյունից ես մշտապես գտնվում էի լալկան, ինքնասպան լինելու ցանկություն ունեցող մորս և կենսախինդ, անհոգ, մշտապես արկածներ որոնող հորս արանքում:

Ժակ Շանսել -Դուք կնախընտրեիք Ձեր հո՞րը:

Ալիս Սափրիչ -Այո, ես պաշտում էի հորս: Ես պաշտում էի նրան, որովհետև նա բանականություն էր, խելք, և որովհետև նա կերպար էր: Ես միշտ կերպար եմ սիրել: Նա ինձ ճաշակ է փոխանցել, այս ճաշակը, որ ես ունեմ հիմա, այս ընտրությունը, որ արել եմ հիմա, այն է՝ Ֆրանսիան սիրելու ընտրությունը: Նա ֆրանսերենի դասախոս էր Գալաթայի վարժարանում: Նա մեկն էր, որը հաջողում էր ամեն ինչում և որն ինքն իր կյանքը խորտակեց: Միգուցե հենց այդ պատճառով է, որ սիրում եմ նրան: Ինձ համար նա «հաջողված ձախողում» է:

Ժակ Շանսել -Ձեր ծնողները դեռ ո՞ղջ են:

Ալիս Սափրիչ -Ոչ, որոշ ժամանակ առաջ ես կորցրեցի նրանց: Պետք է խոստովանեմ, որ եթե ես չհայտնվեի այստեղ, ապա շրջմոլիկ ծնողներ կունենայի: Ահա թե որն է պատճառը, որ ես կրում եմ իմ մեջ այս ծայրահեղ քաոտիկ ու ցնցող, և, անշուշտ, հուշերով լի մանկության ողբերգությունը: Սակայն մենք դրա վրա կանգ չենք առնի, որովհետև ես չեմ սիրում անցյալը, ես սիրում եմ ներկան: Չեմ սիրում անցյալը, որովհետև այն արդեն շրջած էջ է ինձ համար: 

Ժակ Շանսել -Ինձ համար հատկապես տպավորիչ էին Ձեր երկու բառերը.       «հակասություններ», քանի որ Դուք հակասություններով լի եք, և «կերպար», քանի որ Դուք էլ Ձեր հերթին եք կերպար դարձել: Դուք ասում եք՝ ես արտիստ եմ, մի վախեցեք ասել՝ ես կինոաստղ եմ: Այս պահին Դուք Ձեզ դեռ կի՞ն եք զգում, շարունակո՞ւմ եք իսկապես հալածանքի ենթարկվածի տպավորություն գործել:

Ալիս Սափրիչ -Նախ ինձ հալածում են, որովհետև ես պատկանում եմ մի ժողովրդի, որը միշտ հալածանքի է ենթարկվել: Բայց այս պարագայում էլ չեմ ուզում երկար խոսել իմ ծագման մասին: Ես հալածվում եմ այն ժամանակ, երբ բախվում եմ անըմբռնողության: Ինձ համար արտիստը նորմալ մարդ չէ: Ես սովորական մարդ չեմ և հենց սա՛ եմ ուզում բացատրել ձեզ: Արտիստ լինելու փաստն արդեն իսկ քեզ հասարակությունից դուրս է մղում: Իմ բոլոր հակասությունները գալիս են կանոնավորությանը հասնելու ցանկությունից: Երբեմն ես ընտանիք ունենալու, ամուսնացած կին լինելու պակաս եմ զգում, կարոտում եմ այն ամենն, ինչից զուրկ էի և ցավում եմ որոշ բաների համար:

Ժակ Շանսել -Ճի՞շտ է, որ Ձեզ ստիպում են խաղալ, Ձեզ երբեմն նրբանկատորեն ծաղրում են, երբեմն էլ Դուք եք ծաղրում ուրիշներին: Դուք սիրում եք այդ ամենը, և մենք այլևս չգիտենք, թե որն է ճշմարտությունը: Սակայն Ձեզ ճանաչող, Ձեզ տեսնող մարդկանց համար, իսկ Ձեզ ճանաչում են բազմաթիվ մարդիկ, որոնք տեսել են Ձեզ Ֆոլկոշի, զարմուհի Բեթի և հեռուստատեսային բոլոր մյուս դերերում, ահա այս մարդկանց համար, միգուցե կա՞ մի ճշմարտություն, որը պետք է ասել, կա մի լույս, որը պետք է արձակել, գուցե սա՛ է այն հազվադեպ պահը, երբ Դուք՝ Ալիս Սափրիչ, կարող եք ներկայանալ այնպիսին  ինչպիսին կաք, մինչդեռ ես տպավորություն ունեմ, որ Դուք անընդմեջ քողարկում եք Ձեզ:  

Ալիս Սափրիչ -Լսեք, Ժակ Շանսել, նայե՛ք Փարիզի այս երկնքին, արդյո՞ք այն համասեռ ու համատարր է: Ես այս երկնքի նման եմ:

Ժակ Շանսել -Բազմապիսի:

Ալիս Սափրիչ -Բազմապիսի: Արևներով և ստվերներով: Ակնհայտ է, որ եթե ես համատարր լինեի, ապա իմ մուտքն ավելի հեշտ կլիներ, բայց ես ինքս չեմ հավատում, որ դա հնարավոր կլիներ: Ես օժտված եմ մարդկային հատկություններով, և երբեմն վատ բնավորություն եմ ունենում, բայց այդ վատ բնավորությունը միշտ բացատրվում է հետևյալով. երբ տրամադրությունս բարձր է, պահ է գալիս, որ մարդիկ ինձ մի այնպիսի բան են ասում, որն ինձ դժվար վիճակի մեջ է դնում՝ այդ է պատճառը: Ես մարդկանց համար ասես փոքր-ինչ բոքսի տանձիկ լինեմ: Երբ ես հանդես եմ գալիս որպես ողբերգակ դերասանուհի, նրանք ցանկանում են, որ ես լինեմ կատակերգական դերասանուհի, երբ ես կատակերգական եմ, ցանկանում են, որ ողբերգական լինեմ: Մարդիկ ուզում են, որ ես նրանց ցանկացածը լինեմ, մինչդեռ ես իմ ճշմարտությունն ունեմ, և այդ ճշմարտությունը համապարփակ է ու բացարձակ, այսինքն՝ հակասություններով լի:

Ժակ Շանսել -Այսպիսով, կա դերասանուհի, այս դերասանուհին խաղում է իր դերը, նա իր տարերքի մեջ է, և նրան սիրում են, այս առումով Դուք հաջողակ եք, սակայն կան այլ դեպքեր, երբ Ալիս Սափրիչին հրավիրում են որևէ հեռուստահաղորդման նկարահանումներին մասնակցելու և այնուհետև Դուք հեռուստացույցով դիտում եք դրանք: Ես կուզեի իմանալ, թե այս պարագայում, ի՞նչ աչքով եք Ձեզ նայում, ինչպիսի՞ն եք համարում ինքներդ Ձեզ:

Ալիս Սափրիչ -Նախ և առաջ, ինձ համար ինձ նայելը տանջանք է:

Ժակ Շանսել -Ես նկատի չունեմ դերասանուհուն, երբ դերի մեջ եք, երբ զարմուհի Բեթ եք խաղում:

Ալիս Սափրիչ -Ոչ, ոչ: Ես անչափ մեծ ուշադրությամբ դիտում եմ այդ ամենը, սովորաբար մենակ, կամ իմ զարմուհի Աստրիդի հետ ու նկատում եմ այնպիսի բաներ, որոնք պետք է որ արած լինեի մասնագիտական առումով, այնուհետև ես զննում եմ ինքս ինձ ու մտորում, թե որքան եմ ես հեռու այն կերպարներից, որոնց մարմնավորում եմ: Հենց սա է հիանալի այս մասնագիտության մեջ, որ այն ինձ հնարավորություն է տալիս բազմազան լինել:

Ես մեկնել եմ աշխատելու «Փարիսեցին» հեռուստաֆիլմի վրա, որը նկարահանվում էր ըստ Ֆրանսուա Մորիակի գրքի, և որի բեմադրող ռեժիսորը Ժիլբեր Պինոն էր: Դուք ծանոթ եք այս վեպի բովանդակությանը: Ամբողջ ֆիլմի ընթացքում այս անողոք կինը (Ալիս Սափրիչը խաղում է Բրիջիտ Պիանի դերը) կլինի առաքինության տիպար, մինչդեռ կյանքում ես նրա հակատիպն եմ: Նախ, ցավոք սրտի, ես աթեիստ եմ, նման կերպարները կյանքում ինձանից հեռու են, բայց սա ամեն դեպքում հոյակապ է, որովհետև ես որոշ ժամանակ կլինեմ այս բուրժուա, փարիսեցի, հավատացյալ, բարեպաշտ, անհանդուրժող կինը: Մինչդեռ ես ամբողջությամբ հակառակ տեսակն եմ՝ ես ազատամիտ եմ, մանրամասն հետազոտում եմ բոլորին և ուրիշների կարծիքը համեմատում եմ իմ սեփականի հետ: Ինձ բախտ վիճակվեց հանդիպել Մորիակին մի հաղորդման շրջանակում, և նա ինձ ասաց այս սքանչելի խոսքերը. «Տիկին, Ձեր առջև կանգնած է Ձեր երկրպագուն, մինչդեռ Դուք առհասարակ իմ կերպարը չեք»: Դրանից հետո նա գրել է «Գրական Ֆիգարոյում». «Նա շատ հեռու էր այս կերպարը լինելուց, բայց նա այն է, ինչը ես անվանում եմ Մեծ դերասանուհի՝ ֆիլմի ավարտին նա դարձավ այս կերպարը»: Բնականաբար, սա ինձ համար ամենաթանկ գնահատականն էր:

Ժակ Շանսել -Երբեմն Ձեզ ստիպում են բեմելույթ ունենալ, երբեմն Ձեզ շահագործում են:

Ալիս Սափրիչ -Ամենից շատ ինձ շահագործել է իմ մի ընկերը, որի հետ ես խնդիրներ եմ ունեցել՝ իմ փոքրիկ Թիերի լը Լյուրոնը, որը սկզբում դա արել է իր արհեստից դրդված, այնուհետև ես նրա մշտական ծաղրի առարկան էի դարձել: (Թիերի լը Լյուրոնը Ֆրանսիացի կատակերգու էր, որն իր կարճատև կյանքի ընթացքում հասցրել է մեծ  հաջողությամբ նմանակել ինչպես ակնառու քաղաքական գործիչների, այնպես էլ անվանի արտիստների): Մենք շատ էինք զվարճանում: Նույնիսկ գիշերվա ժամը երկուսին, շատ ձանձրալի հյուրախաղերից հետո, հավաքվում էինք իմ սիրած ռեստորանում, և այնտեղ նա վերցնում էր անձեռոցիկը, հետո դրանով գլխին չալմա էր փաթաթում: (Ինքը՝ Ալիս Սափրիչը շատ հաճախ հանդես էր գալիս գլխաշորը գլխին փաթաթած և երկար ծխամորճը ձեռքին):

Ժակ Շանսել -Նա ձևացնում էր, թե Սափրիչն է:

Ալիս Սափրիչ -Այո, դա զվարճացնում էր ինձ, մինչև այն պահը, երբ նրան շրջապատող մարդիկ սկսեցին ինձ նմանակել նրա ձևերով: Հասկանում եք, այդ ժամանակ դա արդեն ճարպիկ արարքի նման մի բան է դառնում: Եվ դա սկսեց ինձ մի քիչ նյարդայնացնել: Բայց ես սիրում եմ նրան, որովհետև սիրում եմ այն մարդկանց, որոնք ինձ զվարճացնում են:

Ժակ Շանսել -Պատկերացրեք, որ կգա մի պահ, երբ Թիերին Ձեզ այլևս չի նմանակի՝ շատ դերասանների առհասարակ չեն նմանակում, Դուք դրանից գոհ կլինե՞ք:

Ալիս Սափրիչ -Այո, գիտեք, ես Թիերի լը Լյուրոնի կարիքը չունեմ, իմանալու համար, որ մի հրաշալի օր մարդիկ այլևս չեն խոսի իմ մասին: Ես շատ գիտակից ու ողջամիտ եմ, ես քաջատեղյակ եմ, որ նախ և առաջ երկրի վրա մեր գտնվելը շատ սահմանափակ է, հետևաբար գիտակցում եմ, որ իմ ժամանակը սահմանափակ է, գիտեմ, որ կգա մի օր, երբ իմ մասին այլևս չեն խոսի, ինձ էլ առիթ չեն ընձեռի ձեզ դեմ առ դեմ հանդիպելու՝ մտքերս արտահայտելու համար: Ես դա գիտեմ:

Ժակ Շանսել -Եվ Դուք մտածո՞ւմ եք այդ մասին:

Ալիս Սափրիչ -Այո, չափազանց շատ: Ես երկու կարևոր խնդիր ունեմ, նախ՝ առողջությունս, որովհետև ես միայնակ կին եմ և պետք է պատասխանատվություն կրեմ մենակ լինելու առավելությունների և թերությունների համար: Եվ հետո, ես իմ բժշկի և իմ բանկիրի կարիքն ունեմ, նկատի ունեմ փողը, որն ինձ իմ ազատությունն է տալիս: Այդ առիթով էլ մարդիկ ինչեր ասես չեն խոսում, իբր թե փողը երջանկություն չի բերում, նմանատիպ հիմարություններ: Բայց իրականում հակառակն է. փողը ձեզ ձեր ազատությունն է տալիս և, իհարկե, ես սիրում եմ ազատ լինել:

Ժակ Շանսել -Հաշվի առնելով Ձեր կյանքի սկիզբը, ես ինձ հարց եմ տալիս, մի՞թե Դուք իրականում ծնվել եք դերասանուհի դառնալու համար, թե՞ իրադարձություններն են նպաստել, որ Դուք դրանով զբաղվեք. մանկություն չեք ունեցել, ստիպված էիք վերահորինել այն, դա Ձեզ չհաջողվեց, և հետո Դուք խաղացիք Ձեր դերը և միգուցե, Ալիս Սափրիչն էլ դեր է, որը կխաղան թատրոնում, կամ կինոյում և միգուցե մեկ ուրիշը կխաղա այդ դերը:

Ալիս Սափրիչ -Չեմ կարծում, որ կարելի է սովորել դերասան դառնալ, մտածում եմ, որ արտիստ են լինում ամենասկզբից: Եթե ես դերասանուհի չլինեի, ապա անտարակույս, վիպասան կլինեի, անշուշտ արվեստի ճյուղերից մեկում կդրսևորեի ինձ: Նախ, այս մասնագիտությունը չեն սովորում, դերասան ծնվում են, սովորեցնում են բոլոր արհեստները, բացի երևակայությունից: Եթե դուք երևակայություն չունեք, դուք չեք կարող դերասան դառնալ:

Ժակ Շանսել -Ուզում եմ իմանալ, թե ինչպիսի՞ն էինք ջահել ժամանակ:

Ալիս Սափրիչ -Երիտասարդ տարիներիս գրականությամբ զբաղվելուց առաջ ես հիպպի աղջիկ էի:

Ժակ Շանսել -Դուք շատ ազատ էիք:

Ալիս Սափրիչ -Այո՛, դա է պատճառը, որ այսօրվա երիտասարդությունն ընդունում է ինձ, քանի որ նա պետք է որ իմ մեջ ճանաչի իր քրոջը: Ես ամբողջովին ազատ էի, բայց այդ ազատությունն ինձ հենց այնպես չէր տրվել: 16 տարեկանից սկսած ես Փարիզի մայթերն էի չափում: Երբ օրիորդն այդ տարիքում մենակ հայտնվում է Փարիզում, հարկավոր է, որ նա խելքը գլխին աղջիկ լինի: Արդեն այն ժամանակ ես ապրում էի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, շատ տարօրինակ մարդկանց հետ, որոնց շատ էի սիրում: Ինձ բախտ էր վիճակվել ծանոթ լինել շատ մեծանուն նկարիչների հետ, իմիջիայլոց, իմ առաջին մասնագիտությամբ ես բնորդուհի եմ, ես այդպես էի վաստակում: Հիշում եմ, երբ հետո մեզ ընդունում էին սալոններում, և ես ակնարկում էի, որ բնորդուհի եմ եղել, իմ նախկին ամուսինը՝ Գիյոմ Հանոտոն, զայրանում էր ասելով՝ Մի՛ հիշեցրու այդ մասին: Ես վրդովվում էի. «Բայց ինչո՞ւ, ես այդքան հայտնի նկարիչների բնորդուհին եմ եղել»: Նա պատասխանում էր. «Ոչ, ոչ, այդ մասին խոսել պետք չէ »: Ահա, այսպես էր:              

Ժակ Շանսել -Դուք Ձեր նկատմամբ պահանջկո՞տ եք:

Ալիս Սափրիչ -Շատ:

Ժակ Շանսել -Նաև մյուսների հանդեպ:

Ալիս Սափրիչ -Ես պահանջկոտ եմ միայն այն մարդկանց հանդեպ, ում սիրում եմ: Չեմ սիրում կեղծավորությունը, չեմ սիրում, երբ ինձ ստում են, ես շատ դժվար եմ ընկերություն անում:

Ժակ Շանսել -Դուք մի պահ ասացիք, որ չունեք ամուսին, չունեք երեխաներ, անդրադառնանք այս մենությանը:

Ալիս Սափրիչ -Ուշադրություն, Ժակ, ես մի ընտանիք ունեմ, որն ինքս եմ ընտրել, ես Աստրիդ անունով մի աղջիկ եմ որդեգրել:

Ժակ Շանսել -Որը նկարիչ է:

Ալիս Սափրիչ -Ես նրան չորս տարեկանում եմ որդեգրել: Նա իմ քրոջ աղջիկն է: Ես քնքշորեն սիրում եմ այս երեխային, որովհետև այս պահին ամբողջովին բավարարված եմ նրանով, աչքով չտանք: Նա նկարիչ է, սովորում է Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, և ես կցանկանայի նրան տալ այն ամենն, ինչից ժամանակին զրկված եմ եղել, այսինքն, կուզեի, որ նա ապահով լիներ իր աշխատանքում:

 

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Գալստյանի