Ալիս Մելիքյան՝ քանդակելով հոգին
Հայազգի քանդակագործուհիների մասին ցավալիորեն քիչ է գրվել, մինչդեռ նրանց ավանդը կերպարվեստի զարգացման գործում անուրանալի է, իսկ շատուշատ գործեր ինքնատիպ են ու հիշվող․․․ Գրեթե անհայտ է ժամանակագրական կարգով նրանցից առաջինի՝ Ռուզան Մուրացանի անունը։ 20-րդ դարում կերպարվեստի այս ճյուղում նշանակալի հաջողությունների հասան Այծեմնիկ Ուրարտուն, Դարիա Կամսարականը, Մարի Գերեքմեզյանը, Նվարդ Զարյանը, Թերեզա Միրզոյանը, Լիլիթ Տերյանը, Ռուզան Քյուրքչյանը և ուրիշներ։ Այս շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ալիս Մելիքյանը, որի 95-ամյակը լրացավ անցյալ դեկտեմբերին։ Նա ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում, զբաղվել գծանկարով, գունավոր ապակիով, հարթաքանդակով, սակայն առավելագույնս ինքնադրսևորվել է որպես դիմաքանդակների վարպետ։ Վաթսունականների սերնդի ոչ տիպիկ ներկայացուցիչ Մելիքյանն աչքի է ընկնում թե՛ ստեղծագործական ուրույն, տարբեր ուղղություններ համադրող մոտեցումներով, թե՛ ազատ, կաղապարազուրկ մտածողությամբ․ պատահական չէ, որ ինչպես և Արտո Չաքմաքչյանը, նա ստիպված էր լքել Խորհրդային Միությունը։
Մելիքյանի ճարտարագետ-շինարար պապը Եղեռնի ժամանակ գլխատվել է թուրքերի կողմից, իսկ հայրը` Մինասը, դարձել է հայոց ազատամարտի մասնակից։ Փարիզում ծնված Ալիսն արվեստով հրապուրվել է վաղ տարիքում՝ դեռևս մանկապարտեզից․ սիրում էր նկարել, խաղալ ավազով։ 1936-ի մայիսին նա ծնողների և քրոջ հետ հայրենադարձվել է՝ հայրենիք գալով նույն նավով, որով Հայաստան էր տեղափոխվում Կոմիտասի աճյունը։ Հայերեն չիմանալով՝ տասը տարեկանում գնացել է հայկական դպրոցի առաջին դասարան ու արագ լրացրել բացը։ 1948-ին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանը .սկզբում սովորել է գեղանկարչական բաժնում, ապա՝ քանդակի: 1946 թվականին Մելիքյանն իր համակուրսեցի Արա Հարությունյանի հետ առաջարկում է ուսումնարանում քանդակի բաժին բացել, տնօրեն Արա Սարգսյանն ընդառաջում է, և նրանք դառնում են նորաբաց բաժնի առաջին ուսանողները, իսկ 1954-ին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Գրիգոր Ահարոնյանի արվեստանոց)։ Ահարոնյանի բարձրաճաշակ գործերը՝ Պեպոյի արձանը, Յավորովի ու Պուշկինի կիսանդրիները քաջ ծանոթ են երևանցիներին։ Ըստ Մելիքյանի՝ Ահարոնյանն իրեն սովորեցրեց «ճիշտ նկատել, ճիշտ տեսնել», նա միանգամից ընկալեց քանդակագործուհու զգայուն խառնվածքը ու դասավանդելիս ավելի մեղմ էր վերաբերվում նրան: Մելիքյանի դիպլոմային աշխատանքները՝ «Հորատողը» և «Երդումը», բարձր գնահատականի արժանացան։
Մելիքյանը բազմիցս մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Նրա առաջին ստեղծագործական հաջողություններից էր Միքայել Թավրիզյանի դիմաքանդակը (1956), որը ցուցադրվեց Մոսկվայում, գնվեց և տեղում ձուլվեց բրոնզից։
Ալիս Մելիքյանի տաղանդի փայլուն նվաճումներից են Հրաչյա Ներսիսյանի, Արման Կոթիկյանի, Ալեքսանդր Սարուխանի, Հարություն Կալենցի, Վարոս Շահմուրադյանի, Գոհար Գասպարյանի, Լիլի Չուգասզյանի, Բենջամեն Բրիտտենի, Իսահակ Շտեռնի, Իմա Սումակի դիմաքանդակները։ Հեղինակել է նաև մահարձաններ (օպերային երգիչ Ալեքսանդր Կարատով, Միքայել Թավրիզյան)։
Կյանքի մայրամուտին պատկերված Օլգա Թումանյանի հայացքում իր անցած տառապալից, բայց սիրով ու նվիրումով ապրված տարիների արտացոլումն է։ Հովհաննես Թումանյանի հարյուրամյակի առիթով Մելիքյանը կերտեց նաև ամենայն հայոց բանաստեղծի կավե և գիպսե դիմաքանդակը, որը պիտի երկուսուկես մետր բարձրությամբ քանդակվեր Դսեղ տանող ճանապարհին՝ ժայռի վրա, սակայն մոնումենտալ այդ գործը տարբեր խարդավանքների պատճառով այդպես էլ չիրականացավ։
Հովհաննես Շիրազի դիմաքանդակի վերջնական տարբերակը (1959) կրում է անհուն խռովքի, ներքին հուզման կնիքը. սա ուժերի ծաղկման շրջանում գտնվող Շիրազի՝ արվեստի միջոցներով, թերևս, լավագույն պատկերումներից է։ Նույն բնորոշումները կարելի է տալ Ժան Տեր-Մերկերյանի դիմաքանդակին (1957թ., այս աշխատանքով է Ալիս Մելիքյանը ներկայացված 2004 թվականի «Հայկական քանդակագործություն» հիմնարար գիրք-կատալոգում), որում շեշտված է ջութակահարի հոգևոր թռիչքը, նրա կտրվածությունը նյութական աշխարհից, իզուր չէ, որ նյութեղեն ջութակը քանդակում առկա է մի փոքրիկ, անհստակ ուրվագծեր ունեցող կտորով միայն, ու դա դիտողին ամենևին չի խանգարում։
Առանձնակի դժվար է քանդակի միջոցով ներկայացնել դիրիժորի ներաշխարհը․ Մելիքյանին դա հաջողվում է երաժշտական հնչյուններ որսացող Միքայել Թավրիզյանի, մտասևեռված Հովհաննես Չեքիջյանի, ոգեշնչման պահեր ապրող, երաժշտությամբ տարված Օհան Դուրյանի դիմաքանդակներում։ Դուրյանին քանդակել է Արամ Խաչատրյանի երաժշտության հնչյունների ներքո, փակել է վարագույրները, թողել լույսի մի շիթ, նստեցրել ու հորդորել ենթարկվել իր ցուցումներին․
-Օհան, հիմա ես եմ Ձեր դիրիժորը։
Ստեփան Կուրտիկյանն իր «Երևան» գրքում դրվատանքով է գրում 1960 թվականին պետական պատկերասրահում խորհրդահայ կերպարվեստի ցուցահանդեսին ներկայացված Մելիքյանի «Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի դիմաքանդակը» և «Ամո Խարազյանի դիմաքանդակը» գործերի մասին։
Անսպասելի, տարածված պատկերումներին չնմանվող գործ է նաև Ավետիք Իսահակյանի արձանը՝ հարիր նրա պոետական, խոհա-փիլիսոփայական բնութագրին։ Բացի Իսահակյանից՝ Մելիքյանը քանդակել է նաև նրա կնոջը՝ Սոֆյային։ Վարպետը, տեսնելով այդ գործը, կատակել է․
-Մեկը հերիք չէր, հիմա էլ երկո՞ւսը եղավ․․․
Իսահակյանի միջնորդությամբ է ստեղծվել նաև Վեհափառ Վազգեն Ա-ի դիմաքանդակը։
Ալիս Մելիքյանի աստեղային ժամերից էր Ազնավուրի այցելությունը հայրենիք՝ 1964-ին։ Այդ առիթով Գոհար Գասպարյանը նախազգուշացրել է․
-Ալիս, արթնացիր, Շառլն է գալիս։
Սկզբում միայն Ազնավուրի համերգի հեռուստատեսային հեռարձակումը նայելով է քանդակում, ելույթների միայն վերջին օրն է կարողանում համոզել ՊԱԿ-ի աշխատակիցներին ու անցնել կուլիսներ։ Մի կարճ ժամանակ Ազնավուրը բնորդում է Ալիսին, ապա թույլատրում զննել իրեն նարդի խաղալիս և բեմի վրա երգելիս։ Քանդակը ստեղծվում է 20 րոպեում է ու արդյունքից գոհ Ազնավուրը Մելիքյանին մի մեծ ծաղկեփունջ է նվիրում։ «Սիրում եմ արագ աշխատող մարդկանց»,- ասում է ֆրանսիական երգի հսկան։ Մելիքյանը հոր օգնությամբ (հայրն ամեն ինչում աջակցում էր դստեր ստեղծագործական ձիրքի զարգացմանը) արագ ձուլում է կիսանդրու վերջնական տարբերակը և օդանավակայան մեկնելուց առաջ հանձնում Ազնավուրին։ Տարիներ անց Ազնավուրի ամերիկյան հյուրախաղերի ժամանակ նրանք վերստին հանդիպում և գրկախառնվում են։
Երկար ժամանակ մեծն շանսոնյեի մոտ պահվող դիմաքանդակը 2021-ին հանդիսավորությամբ տեղադրվեց Փարիզի Օդեոն հրապարակում։ Արձանի բացմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Ազնավուրի քույրը՝ Աիդան, ինչպես նաև Նիկոլա Ազնավուրը, որն իր ելույթում նշեց․ «Կիսանդրին, որն այսօր բացվում է՝ նշանավորելով հայրիկիս 97-ամյակը, խորհրդանշական է՝ այն քանդակել է Ալիս Մելիքյանը, որն, ինչպես իմ տատն ու պապը, փրկվել է Հայոց ցեղասպանությունից»։
Մելիքյանը ստեղծել է իր ուրույն կոմիտասյան շարքը․ այն պատկերում է տառապող, բայց և ոգեշնչված, այս աշխարհից կտրված անհատականությանը։ Կերպարից մնացել է այն ամենակարևորը, որը բառերի, լրացուցիչ բացատրությունների կարիք չունի․․․
Դեռ 1960-ականների սկզբին Մելիքյանի շատ գործերին բնորոշ է դառնում տպավորապաշտական մոտեցումը՝ գեղարվեստական ընդհանրացում, աշխատանքների թվացյալ անավարտություն․ այսպես, լատվիացի քանդակագործուհու դիմապատկերը (1963) կերպարի մի ամբողջ հոգեբանական վերլուծություն է` ավելի արտահայտիչ, քան կարող է լինել սովորական լուսանկարը։ Լատվիուհու անբնական երկար պարանոցն ամենևին չի զարմացնում, ընդհակառակը՝ դա նրա ևս մեկ բնութագրիչն է՝ հարմոնիկ ու առանց երկընտրանքի։ Իսկ Ալեքսանդր Սարուխանի կիսանդրին (1968) դիտելիս կարել է կռահել ոչ միայն նրա բնավորության որոշ գծեր, այլև ընտրած մասնագիտությունը։
Բացի այդ, Մելիքյանը ստեղծում է մի շարք գործեր՝ գրեթե աբստրակտ, նախկինում իրեն ոչ բնորոշ արտահայտչականությամբ՝ քանդակագործ Էգոնսի դիմաքանդակը, ինքնադիմաքանդակը, «Առաջին տպավորությունը» (1970) և այլն։ Նա չի հարթեցնում մատնահետքերը, ծեփման հետքերը․ «Ես ոչ թե ձևն եմ տեսնում, այլ հոգին, ես հոգին եմ քանդակում»։ Նրա կանացի խորազնին հայացքից ոչինչ չի վրիպում, իզուր չէ, որ նախընտրում է բնորդներից քանդակել։ «Քանդակելիս ինձ մտահոգում են ոչ թե անձի արտաքին ձևերը, այլ ներքին էությունը, ու հետևաբար ես ամեն անգամ ստիպված եմ նոր ձևեր գտնել յուրաքանչյուր անձի համար․ ահա սա է մարտահրավերը»,- ասում է նա։ Մելիքյանը հեղինակել է նաև պլաստիկական հմուտ մշակումներով արված արձանիկներ։
Քանդակագործուհին ամուսնացած է եղել նկարիչ Կառլեն Ռուխիկյանի հետ, նրանց միակ որդին, ցավոք, վաղ հասակում հեռացել է կյանքից։
Ծնողների մահից հետո՝ 1978-ին Մելիքյանը հայտնվում է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում․ նա շարունակում է ստեղծագործել, ստեղծում է Մհեր Մկրտչյանի, Ավետիս Սանճյանի, Վահագն Տատրյանի դիմաքանդակները, դասավանդում է երեխաներին։ «Քանդակագործուհի Ալիս Մելիքյանն ունի արվեստի գերազանց ուսուցչի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները․ լինելով կայացած արվեստագետ՝ նա միշտ խանդավառություն է ճառագում»,- գրում էր սփյուռքահայ մամուլը։ Իդել Ռեժիսի շնորհիվ Մելիքյանը սկսում է աշխատել գունավոր ապակիով, պատրաստում էսքիզներ։
Ամերիկայի հայկական թանգարանում (Ուոթերթաուն) պահվող «Ցեղասպանություն» (1987) մոնումենտալ բրոնզե քանդակը յուրօրինակ մի Պիետա է, որը ներկայացնում է մահացած զավակին գրկած վշտահար մոր կերպարը։
Մելիքյանի կերտած Արմին Վեգների դիմաքանդակը 2006-ին տեղադրվեց հայ ժողովրդի բարեկամի ծննդավայրում՝ Գերմանիայում։ Նրա վերջին աշխատանքներից է Վիգեն Չալդրանյանի կիսանդրին, 2006 թվականին կինոռեժիսորն Ալիս Մելիքյանի մասին ֆիլմ նկարահանեց։
2008-ի ապրիլին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Հրաշագործ կանանց աշխարհում» ցուցահանդեսը, որում երկար ընդմիջումից հետո ներկայացված էր նաև Ալիս Մելիքյանը։
Իր ստեղծագործական երկարամյա կյանքի ընթացքում Մելիքյանը ստեղծել է երկու հարյուրից ավելի քանդակներ, որոնց հատուկ է ձգող, հարուստ ներքին բովանդակությունը, նուրբ գեղագիտական ճաշակը, ճանաչելի ոճը: Դրանք դինամիկ են, էքսպրեսիվ, ասես կենդանացած, իզուր չէ, որ Մելիքյանի սիրելի քանդակագործն Օգյուստ Ռոդենն է։
Կոչումով արվեստագետ Ալիս Մելիքյանը որևէ կոչում չունի, ստացել է գնահատագրեր ԱՄՆ-ից, Գերմանիայից, բայց ո՛չ Հայաստանից, որի մշակույթի դեսպանն է արդեն տասնամյակներ։ Դրա հիմնական պատճառը, թերևս, նրա բնածին համեստությունն է, սեփական գործին անմնացորդ նվիրումը։ Անշուշտ, համեստությունն է նաև պատճառը, որ նրա մոնումենտալ գործերի մտահղացումները չեն իրագործվել, ու նա կենտրոնացել է կամերային չափերի քանդակների վրա։
Ալիս Մելիքյանի գործերը պահվում են Ազգային պատկերասրահի ֆոնդերում, օպերայի թատրոնի շենքում, Հայաստանի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, սակայն հիմնականում դրանք անհասանելի են լայն հանրությանը։ Շատ գործեր անհետացել են քանդակագործուհու՝ Հայաստանից մեկնելուց հետո։ Նրա երկարամյա փափագն է իր գործերը հայրենիքին նվիրաբերելը և այնտեղ դրանք ցուցադրելը: Հուսանք, որ պատկան մարմինները վերջիվերջո կանդրադառնան այդ խնդրին․․․ Մեր արվեստասեր հանրությունը սպասում է դրան։
Աշոտ Գրիգորյան
Լուսանկարներ․
1․ Ազնավուրին քանդակելիս
2․ Հովհաննես Շիրազի դիմաքանդակը
3․Վազգեն Ա-ի դիմաքանդակը
4․ Բենջամին Բրիտտենի հետ