Ալեքսանդր Վերտինսկի․ «Արծաթե դարի» վերջին ասպետը

1943 թվականին, երբ խորհրդային երկրում անողոք ժամանակներ էին՝ ավերիչ պատերազմ, սով և ստալինյան բռնաճնշումներ, ընտանիքի հետ անսպասելիորեն հայրենադարձվում է անցյալի բեմական կուռքերից մեկը։ Որևէ այլախոհություն չհանդուրժող հասարակարգում, որտեղ սոցիալիստական ռեալիզմի դիրքերից անհաշտ պայքար էր մղվում հին՝ «բուրժուական» արվեստի դեմ, այդ արտիստը՝ Ալեքսանդր Վերտինսկին, շրջագայում էր քաղաքից քաղաք ու ի հեճուկս տարբեր արգելքների՝ ներկայացնում իր դեկադենտական, պաճուճագեղ-սեթևեթ ոճի արվեստը։ Ինքը՝ Վերտինսկին անմիջականորեն ռուսական «արծաթե դարի» մաս չէր եղել, սակայն ճակատագրի հեգնանքով միայն նա էր, որ մինչև 1940-50-ականները վառ էր պահում այդ գեղագիտությունը, սերունդներին փոխանցում վաղուց անհետացած՝ անհատապաշտության, արկածալի ճանապարհորդությունների, կրքոտ սիրո և թեթև ու սին վայելքների աշխարհի մասին վկայությունները։ Ինչպես նշում է Անդրեյ Արխանգելսկին՝ ռուսական միջավայրում Վերտինսկին առաջինն էր, որ էստրադայից անհատապես դիմում էր ունկնդիրներին, կատարում անձնական բնույթի երգեր։ Նա երգում և սեփական երաժշտության ուղեկցությամբ արտասանում էր Ալեքսանդր Բլոկի, Ինոկենտի Աննենսկու, Աննա Ախմատովայի և այլոց ստեղծագործությունները, նաև նույն ոգով գրված իր բանաստեղծությունները՝ բեմահարթակ բերելով «արծաթե դարի» քնարերգության մոտիվներն ու ձևերը։ Իր՝ զգայուն քնարականությամբ ողողված արիետներով, դրանց հերոսների դրամատիկ կերպավորմամբ Վերտինսկին լայն ճանաչում էր ձեռք բերել Ռուսաստանում ու երկրի սահմաններից դուրս։ Այդ իմաստով նա, ըստ էության, առանձնանում էր իր ժամանակակիցներից, բացառիկ էր թե՛ իր սինթետիկ ժանրով, թե՛ սահմաններ չճանաչող ժողովրդականությամբ։

Իհարկե, հայկական միջավայրում էլ Վերտինսկուն գիտեին և բարձր էին գնահատում։ Հայտնի է, որ Վերտինսկու երգերով հմայված էր Վահան Տերյանը․ նա սիրում էր «Մանուշակագույն թխամորթը» լսել կնոջ՝ Անահիտի դաշնամուրային կատարմամբ։ Մեր միակ հանդիպման ժամանակ բանաստեղծ Աշոտ Սահրատյանը տարբեր տողերի և պատկերների համեմատությամբ մի ուշագրավ վարկած առաջ քաշեց, ըստ որի՝ Վերտինսկու ինտիմ-պաթետիկ ոճի ազդեցությամբ է Եղիշե Չարենցը գրել իր «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը։ Վերտինսկու երգերն իրենց ստեղծագործություններում հիշատակել են հայ գրողները՝ Էլեն Բյուզանդից մինչև Գևորգ Արշակյան։ Նրա հանդեպ անտարբեր չէին նաև տարագիր հայերը, նրանք էլ էին ներկա լինում Վերտինսկու համերգներին․ «Բոլորս համակ ուշադրությամբ լսում էինք նրան արցունքներն աչքերիս, քանզի հեռու էինք մեր տներից», -վերհիշել է ամերիկահայ գրող Արամայիս Հովսեփյանը։ Նյու-Յորքում Վերտինսկու առաջին համերգին ներկա էին Ռուբեն Մամուլյանը և Նիկիտա Բալիևը․․․ Բացի այդ, նրա հետ ծանոթ էին Ռուբեն Սիմոնովը, Սուրեն Քոչարյանը և Աշոտ Տեր-Մկրտչյանը, պահպանված գրառումներում հանդիպում են նաև Գեորգի Յակուլովի ու Մարտիրոս Սարյանի անունները։ Վերտինսկու մասին մի քանի անգամ արտահայտվել է Շառլ Ազնավուրը՝ հիշատակելով, որ իր ծնողների տանը հաճախ հնչել են ռուսական երգեր․ «Մենք մեծացել ենք ռուս երգիչների երգերի ներքո: Օրինակ, հիշո՞ւմ եք Վերտինսկուն: Շատ երիտասարդներ հիմա նրան չեն ճանաչում, իսկ ես հիշում եմ»: 2017 թ․ Մոսկվայի Կրեմլյան դահլիճում կայացած համերգի ժամանակ հայազգի շանսոնյեն վերհիշել է իր երիտասարդությունը․ «Մեր տանը միշտ հնչում էր երաժշտություն, Վերտինսկին այն երգիչն էր, ում ես այդ տարիներին շատ էի լսում»։ Հաշվի առնելով այս ամենը՝ առավել քան զարմանալի է, որ հայկական մամուլում նրա վերաբերյալ ոչ մի հոդված կամ թարգմանված բանաստեղծություն չգտանք:

«Ես ավելին էի, քան պոետը»,- իր մասին ասում էր Վերտինսկին։ Իզուր չէ, որ նա համարվում է ռուսական հեղինակային երգի սկզբնավորողը։ Ռուսական «արծաթե դարի» պոեզիայի ներկայացուցիչները բանաստեղծական երեկոների ու բոհեմական հավաքների անփոխարինելի մասնակիցներն էին, սակայն նրանք սոսկ արտասանում, ասմունքում էին իրենց ստեղծագործությունները․ Վերտինսկին դրանք երգեց, հնչեցրեց կաբարեներում ու սրճարաններում, ապա՝ ձայնապնակների միջոցով տարածեց ամենուր։ Նրա երգերի նոտագրված տեքստերը տպագրվում էին մեծ տպաքանակներով ու կատարվում հանրային վայրերում, սալոններում ու տանը։

Վերտինսկին յուրահատուկ է նաև որպես բանաստեղծ․ նրա տեքստերում առկա է միայն իրեն հատուկ ինտոնացիա, դրանք հագեցած են քնարականությամբ, ռոմանտիկ են բնույթով ու միաժամանակ՝ սարկաստիկ, հաճախ՝ ողբերգական հանգուցալուծումներով։

Գրական և երաժշտական ձիրքեր ունենալուց բացի՝ Վերտինսկին ինքնատիպ արտիստ  էր՝ ցնցող պլաստիկայով, ու բեմում հանդես է եկել որպես երգող դերասան։ Նրա ցայտուն, սեթևեթ շարժուձևը, անսպասելի պատկերները, ելևէջող ձայնը և թլվատ արտասանությունը խելքահան են արել կանանց։ Ցավոք, Վերտինսկու կատարումները երբևէ չեն տեսագրվել։ Սակայն նրա պլաստիկան անմահացել է ռուս գրող Դոստոևսկու գրանիտե արձանում, որը ստեղծել է Սերգեյ Մերկուրովը՝ 1913-1914 թթ․։ Մերկուրովին արտահայտիչ պլաստիկայով բնորդ է պետք եղել, ու նա ընտրել է Վերտինսկուն, որի մասին հետագայում պատմել է. «Նա հիանալի մոդել էր։ Հասկացավ իմ ծրագիրը և ընդունեց ճիշտ դիրք։ Ու ինչպե՜ս էր նա պահում իր զարմանալիորեն ճկուն ձեռքերը»։ Շեշտված ողբերգականությամբ արված այդ արձանում ամեն ինչ հիշեցնում է Վերտինսկուն՝ բացի մորուքավոր գլխից։

Բնականաբար, «արծաթե դարի վերջին աստղի» վերելքը դեպի փառքի բարձունքներ ուղեկցվել է սկանդալներով ու հորինովի պատմություններով։ Այսպես, կաբարեում Վլադիմիր Մայակովսկու ելույթի ժամանակ նրա էպատաժային «Ձե՛զ» բանաստեղծությունը ունկնդիրներին դուր չի եկել ու ֆուտուրիստ բանաստեղծի վրա սկսել են նետել դատարկ շշեր։ Նրան փրկել է Վերտինսկին, որ խիզախաբար հետ է շպրտել շշերը ու բանաստեղծի հետ փախել ծառայողական մուտքով։

Վերտինսկու կենսագրությունն էլ նրա սերնդակից ու խաղընկեր (նրանք միասին նկարահանվել են խորհրդա-ալբանական մի ֆիլմում) Վահրամ Փափազյանի նման առատ է իր իսկ ստեղծած առասպելներով ու միֆերով։ Ծնվել է Կիևում՝ 1889 թ․ մարտին։ Ծանր մանկություն է ունեցել․ կորցրել է ծնողներին, անհանգիստ վարքի համար վտարվել գիմնազիայից, ապա՝ տնից, ապրել է շքամուտքերում, բացիկներ է վաճառել, աշխատել որպես բեռնակիր։ Տարվել է գրականությամբ և արվեստով, 1913 թ․ տեղափոխվել Մոսկվա, քանի որ վաղուց էր երազում բեմի մասին։ Հանդես է եկել մանրապատումների թատրոններում և կաբարեներում (թլվատության պատճառով Կոնստանտին Ստանիսլավսկին չի ընդունել նրան Գեղարվեստական թատրոնի կազմ)։

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Վերտինսկին կամավորագրվեց ու ծառայում էր ռազմա-սանիտարական գնացքում։ Իր խոսքերով՝ 35 հազար վիրակապ է արել։ Այստեղ էլ համերգներ է տվել վիրավորների համար, ջանացել մեղմել նրանց ապրած ցավը ու իրեն անվանել «եղբայր Պյերո», քանի որ հանդես էր գալիս Պյերոյի մելամաղձոտ կերպարով։ Այդ «դիմակը» նա ընտրել էր, որպեսզի հանդիսատեսից թաքցնի իր երկչոտությունը։ Զորացրվելուց հետո էլ նա Պյերոյի գրիմով և կոստյումով կարդում էր սեփական բանաստեղծությունները՝ իր իսկ հորինած երաժշտության ուղեկցությամբ․ «Մոտենալով բեմեզրին՝ ես խոսքերը քարերի պես շպրտում էի հանդիսատեսի վրա՝ կատաղի, ուժգին և զայրույթով։ Ներսումս արդեն ոչինչ հնարավոր չէր զսպել կամ կանգնեցնել... Դահլիճը շնչակտուր էր լինում, ցնցվում էր ու վախենում... Կարծում էի, որ ինձ կպատառոտեն։ Դահլիճը թրթռում էր կատաղի ծափերից»։

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Վերտինսկին գրեց «Այն, ինչ ես պետք է ասեմ» երգը՝ նվիրված զոհված յունկերների հիշատակին։ Ըստ լեգենդի, երգը դուր չի եկել չեկիստներին, սակայն հեղինակը տեղի չի տվել ու պատասխանել է․ «Դուք չե՛ք կարող արգելել ինձ խղճալ»։ Նրան ակնարկել են, որ պետք եղած դեպքում շնչել էլ կարգելեն։ Վերտինսկին ստիպված է եղել լքել հայրենիքը և «Սպիտակ բանակի» մնացորդների հետ նավով մեկնել Պոլիս։

1920-ականներին նա հաջողությամբ հանդես եկավ Եվրոպայում, Ամերիկայում, Պաղեստինում և Չինաստանում։ Վերտինսկին ելույթ էր ունենում եվրոպական պետություննների միապետների ու հոլիվուդյան աստղերի առջև, մտերիմ էր Աննա Պավլովայի և Ֆյոդոր Շալյապինի հետ, նրանով հիանում էին Մառլեն Դիտրիխը և Սերգեյ Ռախմանինովը։ Վերտինսկին շուրջ տասը տարի բնակվեց Ֆրանսիայում, որը համարում էր իր ոգու հայրենիքը։ Սակայն իրական հայրենիքը նա բնավ չէր մոռանում․ իր հուշագրությունում խոստովանում է, որ 25 տարի շարունակ նույն երազն է տեսել, թե ինչպես վերադառնում է տուն ու ննջում մոր հին սնդուկի վրա։

1935 թ․ նա տեղափոխվում է Շանհայ ու հիմնում սեփական ակումբը, որտեղ ամեն երեկո մենահամերգներ էր ունենում։ Այստեղ նա ծանոթացավ և ամուսնացավ 19-ամյա վրաց իշխանուհի Լիդիայի հետ, որը նրան պարգևեց երկու չքնաղ դուստր․ Մարիաննան և Անաստասիան հետագայում պիտի դառնային խորհրդային կինոյի աստղեր։ Կնոջ բառերով՝ «Վերտինսկին պաշտում էր դստրերին, նրանց սիրում էր, ինչպես հրեշտակը՝ Աստծուն»։

Երկար սպասված վերադարձը հայրենիք (1944 թ․) արտիստին հուսախաբություն ու ցավ բերեց: Նրա ծավալուն երգացանկից կատարման թույլտվություն ստացավ միայն 26 ստեղծագործություն։ Վերտինսկին կրկին հանդես էր գալիս ռազմաճակատում, երգում մարտիկների համար։ Առաջացած տարիքում նա համերգներ էր տալիս Խորհրդային Միության ամբողջ տարածքում՝ ոչ միայն դահլիճներում, այլև գործարաններում, շինհրապարակներում, հանքահորերում։ Նրա նոր երգերը չունեին նախկինների փայլը և թռիչքը։ Վերտինսկին նույնիսկ մի բավական թույլ երգ նվիրեց Ստալինին։ Նրան Մոսկվայի կենտրոնում բնակարան հատկացրին, որը նա կահավորեց գեղեցիկ և հազվագյուտ իրերով, իսկ 1951թ․ կարդինալի կինոդերի համար արժանացավ Ստալինյան մրցանակի։ Նախկինում նա նկարահանվել էր ռուսական համր ֆիլմերում, ապա՝ ֆրանսիական և գերմանական կինոնկարներում։ Հոլիվուդում Վերտինսկին ընկերացել էր ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հետ, որին համարում էր «բացառիկ տաղանդավոր ու կրթված մարդ»։ «Ռուսական Պյերոն» պետք է դառնար Մամուլյանի հերթական ֆիլմի գլխավոր դերակատարը՝ պիտի երգեր ու խոսեր անգլերեն, սակայն արտիստն այդպես էլ չտիրապետեց անգլերենին։ ԽՍՀՄ-ում նա նկարահանվեց մի քանի ֆիլմերում՝ ազնվականների դերերում։ Այս ամենով հանդերձ՝ նրա ստեղծագործություններն արգելվում էին, նոր ձայնագրություններ չէին կատարվում, ձայնապնակները և ժողովածուները չէին հրատարակվում, Վերտինսկին ստիպված էր համերգներ տալ դժվարին պայմաններում՝ ցուրտ ու անբարեկարգ դահլիճներում։

Անկախ ամեն ինչից՝ ունկնդիրների սերը Վերտինսկու նկատմամբ ամենևին չէր մարում․ նա իրապես ռուսական մշակույթի «արծաթե դարի» վերջին ասպետն էր, որ հավատարիմ էր մնում այդ՝ վաղուց անէացած ժամանակներին։ «Արծաթե դարի» մյուս կարևոր դեմքերը կամ վաղուց չկային, կամ մեկընդմիշտ լքել էին Ռուսաստանը, կամ էլ՝ ինչպես Աննա Ախմատովան, չէին կարողանում տպագրել իրենց ստեղծագործությունները։

1951 թ․ ապրիլին Վերտինսկին երկու համերգ տվեց Երևանում։ Հանդիսատեսի հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ կազմակերպվեց ևս մեկ՝ լրացուցիչ համերգ։ Նամակներից պարզում ենք, որ նորաձևությունից հասկացող Վերտինսկուն տպավորել է երևանցիների «հոլիվուդյան սանրվածքը»։ Երևանում նա հագուստ է պատվիրել իր ծանոթ հայրենադարձ դերձակին։ Երեքուկես տարի անց՝ 1954թ․ դեկտեմբերի 1-ին և 2-ին Ալեքսանդր Վերտինսկին իր դաշնակահար Միխայիլ Բրոխեսի հետ ելույթներ է ունեցել Երևանի Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։ Նրա մասին գրելը չէր խրախուսվում․ թերթերը նախկինի պես նախընտրեցին չանդրադառնալ այս իրադարձությանը, համերգը չհնչեց ռադիոյով, սակայն հանդիսատեսը վերստին ցնծում էր։ Ի դեպ, համերգներից մեկին ներկա էին ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանը և նրա մեծ սերը՝ Նինա Շոստակովիչը, որ, ցավոք, հաշված օրեր անց լքեց այս աշխարհը։

Կյանքի վերջում պաշտոնյաները փորձել են Վերտինսկուն վաստակավոր արտիստի կոչում տալ, սակայն հիմնավորումներ չեն գտել․ «Մրցույթներում չե՛ք հաղթել, որևէ կազմակերպություն Ձեզ չի՛ առաջադրել, ոչինչ չունե՛ք, ինչպե՞ս Ձեզ կոչում շնորհենք»։ Վերտինսկին հառաչանքով պատասխանել է․ «Դուք ճիշտ եք, աղավնյակս, ես ոչինչ չունեմ, բացի աշխարհում հայտնի անունից․․․»։ Մահվանից մեկ տարի առաջ նա գրել է մշակույթի նախարարի տեղակալին․

«Ինչ-որ տեղ՝ վերևում դեռ ձևացնում են, թե ես չեմ վերադարձել, թե երկրում չեմ։ Իմ մասին ոչ մի խոսք չեն գրում ու չեն ասում։ ․․․Եվ այնուամենայնիվ՝ ես գոյություն ունեմ: Ժողովուրդն ինձ սիրում է (կներեք այս համարձակությանս համար): Ես արդեն 4-5 անգամ շրջել եմ մեր երկրով մեկ, շուրջ երեք հազար համերգ եմ տվել»։ Սակայն նրա երգերի հանդեպ անարդարացի պետական վերաբերմունքը չփոխվեց։ Վերտինսկու սիրտը կանգ առավ հերթական համերգից հետո՝ 1957թ․ մայիսի 21-ին, լենինգրադյան «Աստորիա» հյուրանոցում։ Այդ պահին 12-ամյա դուստրը՝ Անաստասիան ինչ-որ բան էր զգացել և տանը բղավել․ «Հայրիկը մահացա՜վ»։

Խորհրդային քարոզչությունը պնդում էր, թե Վերտինսկու արիետերը միայն անհետացող արիստոկրատների, շվայտ մեծահարուստների և անկումային տրամադրություններով տարված երիտասարդության համար են։ Մինչդեռ ուշադիր ունկնդիրը նկատում էր այն անժամանցելին ու նորարարականը, որ թաքնված էր այդ երգերի խորին շերտերում։ Որքա՜ն հմայիչ, անսովոր ու տարաշխարհիկ է նրա ստեղծագործությունների քնարական հերոսուհին․

Ձեր մատները խնկով են բուրում․

Թարթիչներում թախիծն է նիրհում։

Ոչ մի բան մեզ պետք չէ այսուհետ,

Ոչ ոքի արդեն չենք կարեկցում․․․

Սիրո հանելուկային զգացմանը ձոնված քանի՜ այսպիսի աննման երգ է գրել, այն էլ՝ աշխարհակործան պատերազմի ժամանակ․

Դուք մի վախեցեք։ Շունը չի արտասվի,

Այլ վզնոցը կամացուկ զրնգացնելով,

Ցեխի միջով Ձեր դագաղի ետևից կվազի,

Անպայման առջևից, այլ ոչ թե ինձ հետևելով․․․ («Դուգլաս շունը»)։

Իր ժամանակի մնայուն ու բնութագրական ստեղծագործություններից է «Որտե՞ղ եք Դուք հիմա, և ո՞վ է համբուրում մատները Ձեր» պատկերավոր տողով սկսվող «Մանուշակագույն թխամորթը» ռոմանսը, որ Վերտինսկին նվիրել է համր էկրանի աստղ Վերա Խոլոդնայային։

Նրա այս և մյուս սիրված երգերը՝ «Տանգո «Մագնոլիա»», «Նավաստիները», «Ես այսօր ծիծաղում եմ ինձ վրա», «Պանի Իրենա», «Կուլիսների հետևում», «Պիկոլո Բամբինո», «Ֆլոբեր թութակը» և ուրիշներ, հարյուր տարի անց էլ հաճախ են կատարվում բեմերում և հնչում եթերում։ Ասել է թե՝ չարդարացան հոռետեսների սպասումները, իբր Վերտինսկին լուրջ երևույթ չէ, հնացել է ու այլևս չի հիշվելու։ Քարքարոտ այն ճանապարհը, որ նա անցավ, խենթուխելառ ժամանակները, որոնց վկան ու գործող անձը եղավ, այն անասելի զոհողությունները, որ կրեց, մեկընդմիշտ բյուրեղացան նրա արվեստում ու հիրավի անմահացրին նրա անունը․․․

 

Աշոտ Գրիգորյան