Ալեքսանդր Սահակովի թիֆլիսյան անուրջները

Երբ հազարավոր երկրպագուները Մոսկվայի Տագանկայի թատրոնում վերջին հրաժեշտն էին տալիս սիրված երգիչ, բանաստեղծ և դերասան Վլադիմիր Վիսոցկուն, նրա գլխավերևում հարազատների որոշմամբ կախված էր երգչի այն ֆոտոդիմանկարը, որի հեղինակը մեր հայրենակից Ալեքսանդր Սահակովն էր։

Լուսանկարն արվել էր տասը ամիս առաջ՝ Թբիլիսիում։ Սկզբում Վլադիմիր Վիսոցկին այնքան էլ բարյացակամ չէր եղել լուսանկարչի հանդեպ, նույնիսկ մռնչացել էր. «Ես հոգնել եմ լրագրողներից»: Բայց Սահակովը համառ էր․ խոստացավ արտասովոր կերպար ստեղծել ու բարդին լուսանկարեց կիսանստած՝ ըմբոստ բանտարկյալի դիրքով, որի ոգին ձգտում է ջարդել կապանքները․ «Դու ասես բռնավոր լինես, քեզ որպես բանաստեղծ չեն ճանաչում, չեն տպագրում․․․»:   

«Սովետսկոյե ֆոտո» ամսագիրը (№ 5, 1986) Սահակովի մասին գրում էր․ «Նրա ֆոտոդիմանկարներում պատկերված մարդիկ ցրված տեսք ունեն։ Կարծես մեծ ու հավերժական մտորումից նրանց շեղել է հոգնեցնող լուսանկարիչը․ նրանք գրգռված չեն, բայց ցանկանում են անհապաղ, հենց հնարավոր կլինի, վերադառնալ իրենց ամենակուլ գործին»։

Ինքը՝ Վիսոցկին նկատել է, որ Սահակովը «լուսանկարելիս էլ ձգտում է պատկերել և՛ կեղծիքը, և՛ նատուրալիզմը»։ 

Երբ խորհրդային փոփ-դիվա Ալլա Պուգաչովան նույն թվականին հյուրախաղերով ժամանել էր Թբիլիսի, Սահակովը լուսանկարում է նաև նրան․ օբյեկտիվի առջև երիտասարդ երգչուհին է՝ առանց շպարի, շուրջը կահավորանքի նվազագույն առկայությամբ, անպաշտպան նստած իրեն դիտողների առջև՝ մերկացած նյարդով ու առինքնող կանացիությամբ։

Ալեքսանդր Սահակովն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկարներից և ռեպորտաժից մինչև նատյուրմորտ ու կոլաժ։ Ժանրային աշխատանքները դարձել են նրա ստեղծագործության անբաժանելի մասը՝ հին քաղաքի բնապատկերներ, սպորտային ֆոտոռեպորտաժներ, ինչպես նաև 20-րդ դարի մշակույթի ականավոր գործիչների դիմանկարներ։ Շատ մեծ անհատականությունների է լուսանկարել Սահակովը, այդ թվում՝ իր նշանավոր հայրենակից ու համաքաղաքացի Արամ Խաչատրյանին։ Նրա, ինչպես և Սվյատոսլավ Ռիխտերի, Բելլա Ախմադուլինայի, Բի Բի Քինգի, Նինա Անանիաշվիլիի պատկերները մնայուն, դասական նմուշներ համարվող գործեր են այլևս։ «Ստեղծագործական առումով Սահակովի աշխատանքները դասվում են հումանիստական ​​լուսանկարչության լավագույն օրինակների շարքին`Կարտիե-Բրեսոնի և Յուջին Սմիթի աշխատանքների հետ մեկտեղ: Անկեղծ հետաքրքրությունը լուսանկարվող կերպարների նկատմամբ, լիակատար ընկղմումը նրանց կյանքի մեջ և իսկական ռեպորտյորի սուր աչքը լուսանկարչի աշխատանքին տալիս են այն խորաթափանցությունը, որը բնորոշ է իրական վարպետների լուսանկարներին»,- նրա մասին ասել է համադրող Մարկ Կոբերտը։

Իսկ ԽՍՀՄ-ում մասնագետները Սահակովի անունը դասում էին երկրի լավագույն լուսանկարիչների՝ Վալերի Պլոտնիկովի ու Իգոր Գնևաշևի կողքին։ Ալեքսանդրը ծնվել է 1937-ին՝ Վաղարշակ Սահակովի ընտանիքում, թիֆլիսյան հին թաղամասերից մեկում (Վրաստանի մայրաքաղաքը նոր էր փոխել իր անունը)։ Ասում էին, որ կողքի բակում՝ աստիճանի տակ է ապրել ինքնուս նկարիչ Նիկո Փիրոսմանին։ Ծննդավայրի մոտիվները որոշիչ են եղել մասնագիտության ընտրության հարցում։ Ունենալով բարդ ու հակասական բնավորություն՝ Սահակովը պատանի տարիքում կինտոյի կյանք է վարել։ Սովորել է Թբիլիսիի օտար լեզուների ինստիտուտում, եղել ինստիտուտի «Օրերա» համույթի առաջին թմբկահարը։ Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 1964-ից (աշակերտել է անվանի լուսանկարիչ Ալեքսանդր Հարությունովին)։ 1967-ին ռեժիսոր Ժան Վիլարի ֆոտոդիմանկարի համար պարգևատրվել է Համամիութենական ֆոտոցուցահանդեսի Ոսկե մեդալով։ Որպես ֆոտոթղթակից աշխատել է Վրացինֆորմում, Գրուզտագում, ՏԱՍՍ-ում ու ԱՊՆ-ում։ Համագործակցել է «Վեչերնի Տբիլիսի», «Զարյա Վոստոկա», «Օգոնյոկ», «Սովիեթ լայֆ» պարբերականների հետ։ Նրա աշխատանքները զետեղվել են աշխարհի ամենաազդեցիկ և առաջատար թերթերում ու հանդեսներում՝ «Կոմսոմոլսկայա պրավդայից» մինչև «Պարի մատչ»։ Նա լուսանկարներ է տպագրել արտերկրում հրատարակվող գրեթե բոլոր մասնագիտական ​​ամսագրերում: Արժանացել է ֆոտոցուցահանդեսների շուրջ 120 մրցանակների ու պարգևների, այդ թվում՝ «Շտեռն» և «Քուիք» հանդեսների հատուկ մրցանակների։ 1970, 1972 և 1974 թթ․ նրա աշխատանքները ներառվել են «Եվրոպայի 100 լավագույն լուսանկարները» ալբոմներում։ Լուսանկարչի աշխատանքները գտնվում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Իսրայելի թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։

Գերադասել է անել սև-սպիտակ լուսանկարներ, գունավորին անցել է միայն 1990-ականների վերջին։ Աշխատել է որպես անկախ լուսանկարիչ, զբաղվել նաև արտ-լուսանկարչությամբ։ Սահակովը Վրաստանի արվեստների վաստակավոր գործիչ էր, Վրաստանի լրագրողների ֆեդերացիայի անդամ։

Լինելով զարգացած, բանիմաց ու մարդամոտ անձնավորություն՝ նա յուրային էր թե՛ գիտնականների, թե՛ բոհեմի, թե՛ ամենատարբեր արհեստների տեր մարդկանց շրջանում։

Սահակովը երկար տարիներ լուսանկարել է Թբիլիսիի փողոցները և նրանց էքսցենտրիկ բնակիչներին՝ հին քաղաքի ոգու կրողներին: Հին Թիֆլիսի վերջին գործող անձինք՝ պարզ, բայց անսովոր զբաղմունքի տեր մարդիկ՝ կինտոները, գրավաճառները, դուքանչիները և գինեվաճառ-միկիտանները, ձկնորսները, փողոցային երգեհոնահարները դարձել են Սահակովի լուսանկարների հերոսները։ Ուշագրավ է, որ իր կերպարներին նա որպես կանոն պատկերում էր փողոցում՝ ասես շեշտելով նրանց կապը քաղաքային միջավայրի հետ։ Նեո-ռեալիստական ուղղության այդ աշխատանքները խորն են, միջավայր ստեղծող, դրանք հիացնում են իրենց թվացյալ հավաստիությամբ: Երբ 20-րդ դարի երկրորդ կեսին Սահակովը պատկերում էր արդեն պատմության գիրկն անցնող Թիֆլիսը, այն այլևս ներկայանում էր որպես անիրական, անրջային, օդի մեջ անէացող մի աշխարհ, գեղարվեստական մի հորինվածք։ Լուսանկարիչն ականատեսն էր լինելու, թե ինչպես իսպառ անհետանալու էին Թիֆլիսի կոլորիտային կերպարները, նաև այդ ոգին պահող հին, անխնամ, կիսախարխուլ տները, եկեղեցիները, գերեզմանոցները։ Կյանքի վերջում նա բողոքում էր, որ արժանավոր թբիլիսյան տիպաժները հազվագյուտ բան են դարձել։ Արվեստաբան Արամ Բաբլոյանը «Ալեքսանդր Սահակովի Թիֆլիսը» ալբոմի առաջաբանում նշում է․ «Նա բուռն կերպով՝ իրեն բնորոշ էներգիայով և բծախնդրությամբ, նետվում էր նկարահանումների։ Իր կերպարներին փնտրելիս նա ոտքի տակ էր տալիս քաղաքը՝ երկայնքով ու լայնությամբ։ Հավանաբար ոչ մի նկուղ կամ ձեղնահարկ չի մնացել, որտեղ նա ոտք չի դրել»։

Սակայն, ցավոք, Սահակովի ոչ բոլոր ծրագրերին էր վիճակված իրականություն դառնալ․ առողջական խնդիրներ ունեցող լուսանկարչին 2007 թ․ մայիսին կախված են գտնում իր արվեստանոցում։

Սահակովի աշխատանքներն այսօր էլ ուշադրության կենտրոնում են․ 2015-ին նրա հետահայաց ցուցադրությունը կայացավ մոսկովյան Դասական լուսանկարչության ցուցասրահում, իսկ 2019 թվականին՝ Նիժնի Նովգորոդի Լուսանկարչության ռուսական թանգարանում։ Սահակովի ստեղծագործության հանդեպ լուրջ հետաքրքրության մասին է խոսում այն փաստը, որ 2016 թ․ նրա «Գրավաճառը» լուսանկարը ռուսական աճուրդներից մեկում վաճառվեց նախատեսված գինը հինգ անգամ գերազանցող գումարով։ Այս տարի լուսանկարչի հարուստ արխիվը խնամքով պահպանող նրա համաքաղաքացի Արամ Բաբլոյանի ջանքերով Թբիլիսիի կենտրոնում կայացավ «7մ2» ֆոտոցուցասրահի բացումը։ Բաբլոյանի խոսքերով՝ այս մեծ արվեստագետի մասին կարելի է անվերջ պատմել, սակայն ավելի լավ է մեկ անգամ տեսնել նրա աշխատանքները, որպեսզի մեկընդմիշտ սիրահարվես այդ աշխարհին և կրկին ու կրկին հայտնվես թիֆլիսյան սալահատակված փողոցներում․․․

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ․

1. Վլադիմիր Վիսոցկու հետ, 1979 թ․ (հեղինակ՝ Ալեքսանդր Սահակով-կրտսեր)

2․ Թիֆլիսյան բակ

3․ Դուետ

4․ Ձյուն է գալիս

... ... ...