Ալեքսանդր Կասպարով. «Համլետը գրեթե հայկական դեր է»

Սարոյանն ինձ խելագար հաճույք պատճառեց

Ալեքսանդր Կասպարով` Սարատովի Ի. Ա. Սլոնովի անվան թատրոնի առաջատար դերասան, Ռուսաստանի թատերական գործիչների միության խորհրդի անդամ: Ծնվել է 1983-ին, Սարատովի մարզի Բալաշով քաղաքում, ճարտարագետների ընտանիքում: Մայրը ռուս է, հայրը` հայ-ռուսական ծագմամբ: 2005 թ. ավարտել է Սարատովի անվան պետական կոնսերվատորիային կից գործող Լ. Վ. Սոբինովի անվան թատրոնի ինստիտուտի դերասանական և ռեժիսորական դասընթացը (Ռուսաստանի վաստակավոր արտիստ Անտոն Կուզնեցովի արվեստանոց): 2001թվականից 70-ից ավելի դեր խաղացել է Սարատովի դրամայի ակադեմիական թատրոնում...

-Սիրելի Ալեքսանդր, դու մասնակցել ես ավելի քան 70 ներկայացումների, որոնց թվում կան դասական ու ժամանակակից գործեր և նույնիսկ հեքիաթներ: Ի՞նչ ընդհանուր բան կա ձեր ներկայացրած  միմյանցից այնքան տարբեր կերպարների միջև:

-Իմ բոլոր ներկայացումներում գլխավորը հանդիսատեսին սիրելն է ու նրան միշտ դաշնակից դարձնելը: Դու կարող ես լինել թագավոր, հեղափոխական կամ մեծ չարագործ, բայց ինձ համար ամենագլխավորը հանդիսատեսն է: Եթե հանդիսատեսի հետ շփումը տեղի ունեցավ, դերը հաջողություն կունենա:

-Դու այն թատերական հաջողակներից ես, որը պատիվ է ունեցել 24-ամյա տարիքում բեմ բարձրանալ Համլետի դերով: Այդ առթիվ «Կոմսոմոլսկայա պրավդան» 2008-ի օգոստոսի 4-ին գրել է. «Նա ընտրվեց, քանի որ կարողանում է խաղալ առանց ջլատման, հիստերիայի և ավելորդ հույզերի, բայց միևնույն ժամանակ` խորը և հոգով»: Ինչպե՞ս ես գնահատում այդ փորձառությունը:

-Շատ մեծ և հետաքրքրական փորձառություն էր: Ես ուզում էի լիովին ցուցադրել իմ ամբողջ խառնվածքն ու հմտությունը: Ռեժիսորի խնդրանքով, ստիպված էի շատ զսպել ինձ՝ զգացմունքներս, բեմում պահվածքս, որովհետև սովորաբար իմ դերերը  խարակտերային և զավեշտական են: Այս աշխատանքի ընթացքում ես ստացա դերասանական կամքի մեծ դասեր: Բայց, այնուամենայնիվ, ներկայացման մեջ կային պահեր, երբ ես կարողանում էի դրսևորել իմ հայկական խառնվածքը. բավականաչափ հանգիստ Համլետը չէր կարող հոր վրեժը լուծել (ծիծաղում է): Ես շատ շնորհակալ եմ թատրոնին` ինձ նման դեր վստահելու համար:

-Կարծում եմ, որ սա Համլետի ևս մեկ ժամանակակից մեկնաբանություն էր` «Ռամշտայնի» երաժշտության օգտագործմամբ...

-Երբ մարդիկ ներկայացման ծրագրում տեսան «Ռամշտայնի» անունը,  շատերը կարծում էին, որ ներկայացումն ընկալման համար կլինի ոչ այնքան խորը և լուրջ, ինչպիսին որ լինում էր ավարտին: Հայրս սկզբում նույն բանն էր ասում... Բայց երբ նա դիտեց այս ներկայացումը, հպարտացավ իմ աշխատանքով: Ամեն ինչ ներդաշնակ էր: «Ռամշտայնը» մեր «Համլետում» ռեժիսորական մի քայլ էր՝ երիտասարդ հանդիսատեսներին գրավելու համար:

-Իսկ առհասարակ ի՞նչ դեր է խաղում երաժշտությունը դերասանի կյանքում և, մասնավորապես, քեզ համար:

-«Կյանքի հաճույքներից երաժշտությունը զիջում է միայն սիրուն, բայց սերն էլ մեղեդի է»,– ասել է Պուշկինը: Երաժշտությունը գործիք է, որը կարող է առաջացնել ցանկացած հույզ: Բայց ես սիրում եմ նաև լռությունը:

-Իսկ ինչպե՞ս են գործերը կինոյում: Ես քեզ միայն փոքր դերում եմ տեսել՝ Քրիստոֆ դե Պոնֆիլիի «Զինվորի աստղը»  ֆիլմում... Կա՞ն ուրիշներ:

-Թատրոնում զբաղվածությունս թույլ չի տալիս ավելի շատ ու ավելի հաճախ նկարահանվել: Երբ առիթը ստեղծվում է, երբեմն Մոսկվայում նկարահանվում եմ հեռուստասերիալներում: «Հետքը» սերիալում, մեծ դերեր եմ կատարել «Դուպլետ» և «Դարպասի մոտ մեզ է սպասում մոլագարը» ֆիլմերում, նաև «Ճակատագրի նշանները» շարքի «Կենվորը» սերիայում: Անցած ամռանը նկարահանվեցի երկու երաժշտական տեսահոլովակում: Բայց ես այդ գործերը համարում եմ նկարահանման փորձեր և մի փոքր վաստակելու հնարավորություն:

-Որո՞նք են կապույտ աչքերով և հայկական քթով ռուս դերասանի առավելությունները:

-Դերերի լայն շրջանակ և աղջիկների ուշադրությունը (ծիծաղում է):

-Քեզ երևի հոգնեցրել են հարցերը Գարի Կասպարովի հետ ազգակցական կապի մասին:

-Ինձ հաճախակի են տալիս այդ հարցը։ Հայրս ասում է, որ ազգակցության ուղղակի ապացույց չկա: Հորս կողմից իմ պապերի ազգանունը Տեր-Գասպարյան էր: Բայց և այնպես հայրս չի ժխտում, որ գուցե ինչ-որ կապեր կլինեն:

-Որտեղի՞ց են քո հայկական արմատները:

-Հայրական պապս մաքուր հայ էր, անունը՝ Լևոն Թևատրոսի Կասպարով: Նա կյանքից հեռացավ, երբ ես ինը տարեկան էի ու շատ լավ եմ հիշում նրան: Հայրս ինձ շատ է պատմել իր ընտանիքի և մեր արմատների մասին: Ըստ հայրիկի, իր մեծ հայրը`Ալեքսանդր Տեր-Գասպարյանը, ծագումով Արցախից, իշխան էր, որը բնակվել է Տաշքենդում և եղել է քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նա ապրել է 107 տարի և սպանվել է բասմաչների ձեռքով: Բոլշևիկյան հեղափոխության ժամանակ նա երկու վագոն հացահատիկ է ուղարկել Պետերբուրգ, որի համար ստացել է ինչ-որ բարձրագույն շնորհակալագիր: Պահպանվել են իմ Լևոն պապի, նրա եղբոր՝ Ռաֆայելի, հորաքույր Անուշի և նրա երկու որդիների սև-սպիտակ լուսանկարները:

-Դմիտրի Խառատյանը, քեզ նման ունենալով մեկ քառորդ հայկական արյուն, մի առիթով ասել է, որ ունի վառ հայկական խառնվածք, որն ազդում է իր խաղի վրա: Կարո՞ղ ենք նույնը ասել քո մասին:

-Այն էլ ինչպե՜ս: Թատրոնում ասում են, որ մի վայրկյանում ես կարող եմ միացնել իմ խառնվածքի 10-րդ աստիճանի արագությունը, ու շատերի համար գաղտնիք է, թե ինչպես եմ դա անում: Ու ես չգիտեմ ինչ պատասխանել. ասում եմ, որ հայրս էլ է այդպիսին:

-Երբևէ համագործակցե՞լ ես Հայաստանի հետ:

-Ցավոք՝ ոչ: Բայց հայերն են իմ լավագույն, հավատարիմ և հուսալի ընկերները: Երբ ապրում էի ծնողներիս հետ, մեր հարևանների մեջ կար մի մեծ հայ ընտանիք՝ ընտանեկան հարաբերության մի փայլուն օրինակ: Միշտ հարցնում էին մեր որպիսությունը ու լավ օր էին մաղթում: Եվ հյուրասիրում էին ինձ, երբ ես նրանց հանդիպում էի քաղաքի կենտրոնում, որտեղ համեղ նախուտեստներ ու ըմպելիքներ էին վաճառում:

-Իսկ երբևէ խաղացե՞լ ես հայ հերոսների:

-Կարծում եմ՝ Համլետը գրեթե հայկական դեր է: Ես միայն այն բանի համար չեմ ասում, որ դա հայերի մեջ տարածված անուն է, նկատի ունեմ նաև հոր թեման… Հերոսի խառնվածքը հայկական է: Նաև խաղացել եմ Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» պիեսի բեմադրության մեջ: Այդ թեման ինձ ուղղակի խելագար հաճույք պատճառեց...

 

Հեղինակ՝ Արծվի Բախչինյան