Ալեքսանդր-Ստիմա Թարխնիշվիլի․ «Ջոտտոն ասես երկրորդ հայրս լիներ»

Հին թբիլիսցի է Ալեքսանդր-Ստիմա Թարխնիշվիլին․ ծնվել է 1939 թ․՝ Ճուղուրեթիում (ինչպես և թիֆլիսահայ նկարիչ Ջոտտոն՝ Գևորգ Գրիգորյանը)։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Երիտասարդ տարիքում ծանոթացել է Ջոտտոյի հետ, մտերմացել նկարչի և նրա կնոջ՝ Դիանա Ուկլեբայի հետ, ինչ-որ իմաստով դարձել նրանց հոգեզավակը։ Տարբեր ԶԼՄ-ներում աշխատել է որպես լրագրող և առաջատար քաղաքական մեկնաբան, եղել է թերթերի խմբագիր։ 4 տարի աշխատել է որպես Վրաստանի խորհրդարանական թերթի խմբագրի առաջին տեղակալ։ 2005-2010թթ․ եղել է Վավերագրական ֆիլմերի հեռուստաստուդիայի արվեստի բաժնի խմբագիր։ Գրքերի հեղինակ է՝ «Անբանի մտքերը» (2008) և այլն, հարցազրույցներ է վարել հայտնի քաղաքական գործիչների և դիվանագետների հետ։ 2010 թվականից կենսաթոշակառու է։

Նրա տունն ասես թանգարան լինի՝ պատերին Ջոտտոյի, Դիանա Ուկլեբայի, Հովնաթանյանների, Ավթո (Ավթանդիլ) Վարազիի, Ալբերտ (Դիլբո) Դիլբարյանի, Լև Բայախչևի, Գելա Պատիաշվիլիի և ուրիշների գործերն են։ Հյուրընկալ տանտերը հերթով ներկայացնում է դրանք, ընդ որում՝ ամեն մեկի հետ կապված հետաքրքիր պատմություններ ու հուշեր կան։ Թարխնիշվիլին այն հազվագյուտ անձն է, որ հիշում է Ջոտտոյի թբիլիսյան տարիները։

-Ինչպե՞ս ծանոթացաք Ջոտտոյի հետ։

-Ջոտտոյի հետ ինձ ծանոթացրեց ազգականս, երբ ես երկրորդ կուրսի ուսանող էի՝ 18 տարեկան, ապրում էի ծանոթներիս մոտ։ Այդպես մտերմացանք։ Նա բնակվում էր մի փոքրիկ սենյակում՝ Էնգելսի (ներկայիս՝ Լադո Ասաթիանի) 25 հասցեում՝ շքամուտքից ձախ։ Նրանց սենյակի մի փոքր մասը Դիանան միջնորմել էր․ դա խոհանոցն էր։ Իսկ սենյակը՝ 13-14 քառակուսի մետր էր, ա՛յ այդպիսի պայմաններում էին ապրում նա, Բաժբեուկը (Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը)։ Շատ լավ մարդ էր Ջոտտոն։ Մենք արագ մտերմացանք, երևի նա և Դիանան իմ մեջ մտերիմ, հարազատ ինչ-որ բան զգացին, ու քանի որ երեխաներ չունեին, իրենց ողջ ջերմությունն ինձ էին տալիս։ Իսկապես, Ջոտտոն ինձ համար ասես երկրորդ հայր լիներ։ Ես հաճախ ամբողջ օրը նրանց տանն էի անցկացնում։ Դասախոսություններից վազում էի այնտեղ, և երբ պետք էր լինում ընտանեկան գործերով ինչ-որ բան անել, ինձ էին հանձնարարում, ես, իհարկե, անում էի։ Բացի այդ, ինձ հաճախ իրենց հետ հյուր էին տանում։ Նկարիչ Լադո Գուդիաշվիլին բնակվում էր այն շքեղ շենքում, որտեղ հիմա իր թանգարանն է, նա լավ պայմաններում էր ապրում։ Գուդիաշվիլիի հետ ինձ Ջոտտոն ծանոթացրեց, դա 1958-59 թվականներն էին։ Մենք հաճախ էինք Գուդիաշվիլիի տանը լինում։ Թեյ էինք խմում, Լադոյի կինը՝ Նինոն մեզ հյուրասիրում էր, զրույց էր բացվում հնի ու նորի, արվեստի և ուրիշ բաների շուրջ, իսկ ես սպունգի պես յուրացնում էի այդ երկու մեծ մարդկանց ասածները։ Երջանիկ էի, որ այդպիսի հրաշալի մարդկանց եմ ճանաչում։

-Ճի՞շտ է, որ Ջոտտոն Թբիլիսիում նկարներ չէր վաճառում, դրանք պահում էր ապագա թանգարանի համար։

-Իրականում այնքան էլ այդպես չէ։ Մի քանի դեպք գիտեմ, երբ ճիշտ է՝ ինքը հատուկ չէր վաճառում, բայց իրենից խնդրում-գնում էին։ Նա այնքան վիրավորված էր․․․ Մի անգամ ասաց, ու սիրտս ճմլվեց․ «Ինչո՞ւ իմ գործերը չեն ցուցադրում, բոլորին ցուցադրում են՝ մեծ ցուցահանդեսներ են բացում, ինձ համար գոնե թող փոքր ցուցահանդես անեն, գործերս դուր չեն գալիս՝ թո՛ղ քննադատեն»։ Այդ սրիկաները Ջոտտոյի դեմ երկու հակափաստարկ ունեին․ առաջինը՝ սոցռեալիզմ չէ, սկզբունքորեն չի ենթարկվում պարտադրանքներին, երկրորդը՝ դե հայ է․․․ Առաջին հերթին այդ պատճառով նրան չէին ցուցադրում։

-Որոշ հուշագիրներ պատմում են, իբր Ջոտտոն եսակենտրոն էր, իրեն Սարյանից լավ նկարիչ էր համարում։

-Ո՛չ, եթե այդպիսի բան լիներ, առաջինն ինձ կասեր։ Նրա մեջ նախանձ չկար, դա սուտ է։ Նա ազնիվ, մաքուր մարդ էր, որ ընդամենը խոսում էր իր վիճակի մասին։

-Իսկ Քոչարի հետ վատ հարաբերություննե՞րը։

-Այո, բարդ հարաբերություններ էին, բայց այդ մասին Ջոտտոն ինձ հետ չէր խոսում։

-Ջոտտոյի առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ՝ Երևանում, Երվանդ Քոչարը, թերևս նախանձից դրդված, աղմուկ է բարձրացրել, իբր իր երբեմնի ընկերոջ ներկայացրած գործերն անարժեք են։

-Դե, դա մարդկային թուլություն է․․․

-Իսկ Սարյանը, ինչպես Թելման Զուրաբյանն է գրում, մի առիթով հարցրել է Ջոտտոյին․ «Դու ինչ է, այդ մարդկանց գիշե՞րն ես նկարել, երբ նույնիսկ լուսին չկար»։

-Այն ժամանակ կյանքն էլ այդպիսին էր, խորհրդային կյանքը մռայլ էր ու մութ։ Նույն Լադո Գուդիաշվիլին շատ հետաքրքիր նկարիչ էր։ Բայց ահա թե ինչպես է փոխվում նկարիչը․ Լադոն 1918 թվին մեկնեց Փարիզ, այնտեղ բավական երկար աշխատեց, դա նրա համար ստեղծագործական ուշագրավ ժամանակաշրջան էր, իսկ հետո վերադարձավ Վրաստան, ու 1920-ականների վերջին-1930-ականների սկզբին ստեղծեց հրաշալի մուգ շագանակագույն երանգներով աշխատանքներ։ Իսկ 1930-ականների վերջերից նրա ներկապնակը փոխվեց, աշխատանքներն ասես շոկոլադե կոնֆետների նախշուն թղթեր լինեին։

Մի անգամ Ջոտտոյի և Դիանայի հետ Լադոյի տանն էի, հյուրասիրվեցինք, հետո ոտքով գնացինք Թբիլիսիի Նկարիչների տուն․ մի ամերիկացի նկարիչ իր աշխատանքների սլայդերն էր ցույց տալիս, մեզ համար դա նորություն էր։ Ցուցադրությունից հետո ելույթ ունեցավ նկարիչների միության նախագահը, հետո Լադոն խոսեց, իսկ նա բոլորին գովում էր, շատ շռայլ էր այդ հարցում, եթե նույնիսկ նկարիչը միջակություն էր։ Նա մեղմ, բարյացակամ մարդ էր, չգիտեմ, միգուցե 1937 թվականի վախի՞ց էր․․․ Հետո գնացինք՝ սկզբում Լադոյին տուն ճանապարհելու, հետո՝ Ջոտտոյին։ Ու չգիտեմ ինչ եկավ գլուխս, հարցրի Լադոյին․ «Բատոնո Լադո, ինձ շատ են դուր գալիս Ձեր՝ 1920-30-ականների աշխատանքները, հետո Դուք ոճն ու ճաշակը փոխեցիք, այդ շրջանը ես ավելի քիչ եմ հավանում»։ Լադոն ինչ-որ բան պատասխանեց։ Հասանք իր տունը, Լադոն բարձրացավ բնակարան։ Ջոտտոն դարձավ ինձ․ «Հիմա՞ր ես, ինչպես կարել է այդպիսի բան ասել նկարչին․ այսինչ ժամանակաշրջանը դուր է գալիս, այնինչը՝ ոչ»։ Ի՞նչ արած, միամիտ էի, չէի հասկանում, որ նկարչին նման բան չեն ասի։

Ջոտտոն հաճախ էր անդրադառնում կերպարվեստին։ Սիրում էր կրկնել․ «Մեր նկարիչները քիչ ուշադրություն են դարձնում ֆորմային (ձևին)։ Իսկ ֆորման պետք է խոսի»։ Նա, իհարկե, ավելի ընդհանրացված և գեղեցիկ էր դա ձևակերպում։

Կարող եմ ասել, որ իմ մեջ ինչ լավ ու գեղեցիկ բան կա, Ջոտտոյից ու Լադոյից է։

-Տեղյա՞կ եք` որտեղ է ծնվել Ջոտտոն։

-Ճուղուրեթիի Գոնչարնայա փողոցում (ներկայիս Մոսե Թոիձե փողոց) ապրել է Լադոն, իսկ մոտակայքում՝ Ջոտտոն։ Ինքն է դրա մասին պատմել։ Հայրը կրպակ է ունեցել։

-Իսկ ինչպե՞ս է վերցրել Ջոտտո կեղծանունը։ Քոչա՞րն է առաջարկել։

-Ջոտտոն պատմում էր, որ իր գործերն իտալական Ջիոտտոյի գործերին են նմանեցրել, ու ինքը սկսել է իրեն Ջիոտտո անվանել։ Այսինքն՝ Քոչարը կապ չի ունեցել։ Ծանոթանալիս միշտ ներկայանում էր որպես Ջոտտո, ոչ թե Գևորգ։

-Քանի՞ գործ է Ջոտտոն ձեզ նվիրել։

-Երեք։ Երկու գրաֆիկական աշխատանք իմ տանն են՝ «Անվերջություններ» և «Վարդանանք (Վարդան Մամիկոնյանի զինվորները)», մի կտավ էլ եղբորս եմ տվել։ Դիանան էլ իր մի գործը նվիրեց,  երբ Թբիլիսիում տեղի ունեցավ նրա և Ջոտտոյի համատեղ ցուցահանդեսը․ միայն այն բանից հետո, երբ նրանք հաստատվեցին Երևանում, այստեղ բարեհաճեցին երկուսի ցուցահանդեսը կազմակերպել։ 1981 թվականն էր․ Դիանան հենց ցուցասրահում հանեց ու հուզիչ մակագրությամբ ինձ նվիրեց «Տեսարան Հաղպատի վանքից» կտավը։

Ի դեպ, Ջոտտոն վրձնել է դիմանկարս, բայց ինձ մոտ միայն այդ կտավի սև-սպիտակ լուսանկարը կա, իսկ բնօրինակը չգիտեմ՝ ուր է։

-Նրանց՝ Երևան տեղափոխվելուց հետո շարունակո՞ւմ էիք այցելել։

-Այո, աղոտ հիշում եմ, որ սկզբում Ջոտտոն Երևանի ֆիզիկայի ինստիտուտի թաղամասում էր բնակվում, այնտեղ էլ եմ եղել մոտը։ Մի անգամ, երբ Երևանում էի, Ջոտտոն մի երիտասարդ նկարչի մոտ հյուր տարավ, այնպիսի սեղան էին գցել, որ չնայած Վրաստանում էլ այդ գործի գիտակ են, բայց ես այդպիսի բան կյանքում չէի տեսել՝ և՛ գեղեցիկ էր, և՛ անասելի համեղ։

Մի ուրիշ անգամ էլ, երբ Ջոտտոյի հյուրն էի, ինձ տարբեր նկարիչների տուն հյուր տարավ։ Այսպես, Երվանդ Քոչարի երիտասարդ որդին՝ Դավիթն ինձ նվիրեց իր «Սայաթ-Նովա» քանդակը։

-Յուրահատուկ աշխատանք է․․․ Հետաքրքիր է, որ Ջոտտոն Քոչար-հոր հետ վիճել էր, իսկ որդուն այցելում էր։

-(Ծիծաղում է)։ Տեսնո՞ւմ եք, այդպես էլ է լինում։ Դավիթը հաճելի անձնավորություն էր։

-Է՞լ ինչ հետաքրքիր դեպքեր եք հիշում։

-Երևանում Ջոտտոն ինձ տարավ Արամ Խաչատրյանի հեղինակային համերգին։ Ծրագիրը պահպանվել է (ըստ դրա՝ համերգը տեղի է ունեցել 1963 թ․ նոյեմբերի 14-ին՝ Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում)։ Խաչատրյանն անձամբ էր հրավիրել․ գնացինք Ջոտտոն, Դիանան և ես, համերգից հետո Ջոտտոն և Խաչատրյանը հանդիպեցին, երկու թբիլիսցիներով իրար գովաբանեցին։

Ի դեպ, Ջոտտոն Լադոյին ու Փիրոսմանիին, նաև այդ երկուսին ու Խոջաբեկովին միասին նկարեց  իմ խնդրանքով․ այդ՝ հայ-վրացական բարեկամության թեման ես բարձրացրի, քանի որ Ջոտտոյի միակ ընկերը, փաստորեն, Լադոն էր, որի մոտ նա գնում էր։

Իր որոշ նկարների լուսանկարները նվիրում էր ինձ։ Օրինակ՝ իր ինքնադիմանկարի լուսանկարի հետևում հայերեն մակագրել է՝ «Գեվորգ Գրիգորյան (Ջիոտտո), 1956 թ․։ Ես ինքնապրոֆիլ (յուղաներկ)»։

-Մի քանի լուսանկարներում մեզ անհայտ աշխատանքներ են պատկերված։

-Ի դեպ, երբ 1965 թ․ բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն այցելեց Ջոտտոյին և Դիանային, նրանք արտագրեցին ու ինձ նվիրեցին Եվտուշենկոյի գրառումները։ Չգիտեմ, էլի որևէ մեկի մոտ դրանք պահպանվե՞լ են, թե ոչ։ Դրանցից մեկը բանաստեղծություն է, իսկ մյուսը՝ այսպիսի գրառում․ «Թանկագին Ջոտտո, թող Աստված տա ձեզ այն ամենը, ինչ որ կարող էր տալ, եթե դուք արդեն իսկ չունենայիք այն, ինչ նա տվել է չափազանց փոքրաթիվ մարդկանց։ Եվգ․ Եվտուշենկո, 1965 թ․ դեկտեմբերի 8-9»։

Իսկ սա Ջոտտոյի ձեռագիր վրացերեն նամակն է, որ Ձեր միջոցով կնվիրեմ Երևանի Ջոտտոյի արվեստանոց-թանգարանին․ «Ստիմսո՛ն։ Ինչո՞ւ ես քնել։ Ես Թբիլիսիից ստացա «Մոլոդյոժ Գրուզիի» թերթի 26/II.66թ․ համարը, որտեղ հոդված է տպագրվել իմ ցուցահանդեսի մասին։ Շատ լավ հոդված է, շատ ուրախացա։ Խնդրում եմ, գնիր ինձ համար 10 օրինակ և ուղարկիր։ Որտեղից էլ լինի՝ անպայման գտիր, թե չէ դանակով կմորթեմ, եթե չուղարկես։ Ողջույն Ամիրանին, քո ողջ ընտանիքին և տղաներին։ Իմացիր, ով է Կ․ Բերուչաշվիլին՝ կի՞ն է, թե տղամարդ։ Փոխանցիր նրան իմ երախտագիտությունը։ Քո՝ Ջոտտո հորեղբայր, 28/II.66թ․, Երևան»։

Հավելեմ, որ մտերիմներն ինձ Ստիմա (Ստիմսոն) էին կոչում։ Ամիրանն իմ ընկերն է, որին Ջոտտոն ճանաչում էր։ Բերուչաշվիլին հոդվածի հեղինակն է՝ կին։

Ինձ մոտ մի նամակ էլ է պահպանվել․ Ջոտտոն 1973թ․ հունիսին գրում է, որ Երևանում սաստիկ շոգ է, ինչը հակացուցված է իր հիվանդությանը։ Խնդրում է գնալ, իմանալ իր զարմուհու՝ Սամիկոյի որպիսությունը։

Երևանում Ջոտտոյի մոտ բազմիցս եղել եմ նրա կյանքի օրոք, սակայն դրանից հետո այլևս չեմ այցելել։ Վերջերս Երևանում էի, ուզում էի գնալ նրա թանգարան, բայց, ցավոք, չստացվեց։  

-Ի՞նչ քաղաքական հայացքներ ուներ Ջոտտոն։

-Մեր բոլոր խոսակցություններն արվեստի մասին էին։ Քաղաքականությունից չէր խոսում։ Հազվադեպ էր հիշում Մոսկվան, չնայած ինքը Վխուտեմասում էր սովորել։ Գլխավորապես նկարիչների մասին էր խոսում, ասես ուզում էր կրթել ինձ։

Իր մի քրոջ հետ Ջոտտոն մոտ չէր, իրենից հեռու էր պահում, քանի որ, ըստ երևույթին, լավ մարդ չէր։ Իսկ մյուս քրոջը՝ Արուսյակին, շատ էր սիրում, նրա ամուսինը վրացի էր, նրանք դուստր ունեին՝ անունը Սամիկո։ Ջոտտոն անչափ սիրում էր իր զարմուհուն, դողում էր քրոջ և զարմուհու վրա, ու երբ Ջոտտոն արդեն Երևանում էր, ու քույրը հիվանդ էր, ինձ անընդհատ ուղարկում էր, որ իմանամ, թե ինչպես է նա ու մանրամասն տեղեկացնեմ իրեն։ Զարմուհու ամուսնու ազգանունը Խուցիշվիլի էր, նրանք Գոգի (Գեորգի) անունով որդի ունեին, որը հայտնի քաղաքագետ դարձավ, «Հակամարտությունների և բանակցությունների հարցերով միջազգային կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության տնօրենն էր։

-Պատմում են, որ Ջոտտոյի քույրը ստիպել է նրան ոչնչացնել իր հայրենասիրական բնույթի նկարները, թե չէ կդիմի ՊԱԿ-ին։

-Ես գիտեմ, որ Ջոտտոն ինչ-որ քանակի նկարներ բռնաճնշումների տարիներին ոչնչացրել է, բայց մանրամասների մասին չէր պատմում։ Հիմնականում զուտ ընտանեկան զրույցներ էին լինում․ «գնա՛ այս կամ այն բեր», Դիանան թեյ էր բերում, առտնին հարցեր՝ ինչպես հորս կամ հորեղբորս տանը։ Բայց հենց դա էլ ամենաթանկագինն էր․․․ Հիմա՝ այս տարիքում ինչ-որ պահեր են կինոկադրերի պես աչքիս առջև պտտվում, լավ տարիներ էին ինձ համար։

-Ջոտտոն կարդացա՞ծ մարդ էր։

-Այո, բոլոր դեպքերում՝ այն թեմաները, որոնց մասին խոսում էինք, նա լավ գիտեր։ Տիրապետում էր վրացերենին, հայերենին ու ռուսերենին՝ կատարելապես, իսկ թե գիտե՞ր օտար լեզուներ՝ չեմ կարող ասել։ Ինձ հետ վրացերեն էր խոսում, քանի որ ես հայերեն «մի քիչ, մի քիչ» գիտեմ։

Մի անգամ Ջոտտոն տարավ Բաժբեուկի մոտ՝ ծանոթացրեց նրա հետ։ Բաժբեուկը հրաշալի նկարիչ է, բայց Ջոտտոյից շատ տարբեր։ Ըստ երևույթին նաև որպես անհատականություններ էին տարբեր, Ջոտտոն Բաժբեուկի մասին գրեթե չէր խոսում։

-Որտե՞ղ էր ապրում Բաժբեուկը․ Չախրուխաձե փողոցո՞ւմ։

-Այդ կողմերում ինչ-որ տեղ, արդեն հստակ չեմ հիշում։ Մեկ անգամ եմ եղել մոտը։ Իսկ 1966-ին Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովը մեռավ։ Սոլոլակում՝ Մախարաձեի փողոցում Արվեստի տունն էր։ Այնտեղից էին թաղում Բաժբեուկին։ Այդ ժամանակ ես մոտ էի Վախթանգ Գորգասալի արձանի հեղինակ Էլգուջա Ամաշուկելիի հետ, միասին բարձրացանք Սաբուրթալոյի գերեզմանոց։ Շատ մարդ կար, Հայաստանից էլ նկարիչների պատվիրակություն կար։ Ելույթ ունեցավ Վրաստանի նկարիչների միության ղեկավար Զուրաբ Լեժավան, հետո՝ Հայաստանի ներկայացուցիչը, որ խայթեց իր նախորդին, ասելով, թե Բաժբեուկի պես նկարիչ ունեիք, բայց նրա մասին հոգ չէիք տանում, այդպիսի վատ պայմաններում մարդը մեռավ։ Սա էլ պատասխանեց, որ եթե Բաժբեուկին հայերդ այդքան սիրում էիք, ինչո՞ւ ինքներդ նրա մասին չէիք հոգում։ Երկուսն էլ, իհարկե, սխալ էին։ Խեղճ ու անբախտ Բաժբեուկը մեկ սենյակում էր ապրում, աննախանձելի պայմաններում։

-Մինասը, կարծեմ, ուշադիր է եղել նրա նկատմամբ։

-Դա ես չգիտեմ, գուցե և։ Այստեղ Բաժբեուկի նկատմամբ զրոյական ուշադրություն էր, չնայած բոլորը հասկանում էին, որ նա մեծ, շատ հետաքրքիր նկարիչ է։ Նրա «Վարազիի դիմանկարը» կտավի պատճենը կախված է դիմահայաց պատից։

-Ձեր առանձնատունն ասես պատկերասրահ լինի․․․

-Նկարիչ Ավթո Վարազին իմ ընկերն էր, ի դեպ, նրա մայրը հայուհի էր՝ Ելիզավետա Գասպարյան։ Գրքումս առանձին հոդվածներ եմ նվիրել նրան, Բաժբեուկին, Ջոտտոյին, Լև Բայախչևին (ես նրա թոռան կնքահայրն եմ)։

19-րդ դարում հայ-վրացական խառնամուսնություններն առանձնապես հաճախ էին պատահում․ ընտանեկան կապերը բարեկամացնում էին հայ մեծահարուստներին և վրաց ազնվականներին։ Իլյա Ճավճավաձեի մայրը հայազգի իշխանուհի Մագդանան էր, նա իմ ազգականն է։ Հայուհիներ էին Իվանե Մաչաբելիի, Դավիթ Էրիստավիի և այլոց մայրերը։

Լև Բայախչևն ամեն շաբաթ-կիրակի հյուր էր գալիս, թևի տակ հերթական նկարը նվեր բերելով։ Գեղանկարիչ Ալբերտ Դիլբարյանը (Դիլբոն) 100 տոկոսանոց հայ էր, ու դա նրա նկարներում երևում է, հիանալի նկարիչ էր, իսկ Բայախչևը կիսով չափ էր հայ, նա համեմատաբար վատ գիտեր Հայաստանը, հիմնականում լինում էր Թբիլիսիում և Եվրոպայում։ Մի անգամ հավաքվել էինք Ավթո Վարազիի ու Դիլբոյի հետ, որոշեցին միաժամանակ իմ դիմանկարները ստեղծել, և դրանք շատ տարբեր են։

-Նրանց կտավների կողքին կախված են հին վարպետների աշխատանքներ։

-Քանդված հայկական եկեղեցու փլատակների միջից տարիներ առաջ գտել եմ Հովնաթանյան ընտանիքի նկարիչների գործեր, որոնք հիմա ինձ մոտ են։ Մեկի վրա պատկերված է ձախլիկ հրեշտակ։ Չգիտեմ, այդ տոհմի նկարիչներից ո՞ր մեկի գործն է, բայց այդ Հովնաթանյանն այն ժամանակ միակ նկարիչն էր Թիֆլիսում։ Կտավի վրա են արված, պատառիկներ են։

-Միգուցե Հովնաթանի՞ գործերն են։

-Չեմ կարող ասել, հավանաբար։ Ցավոք, այդպիսի մշակութային շատ արժեքներ են ոչնչացվել։ Թբիլիսիի Պուշկինի փողոցի ձախ կողմում՝ չհասած Ազատության հրապարակին, նախկինում երկու թե երեքհարկանի մի շենք կար, որի ներքնահարկում գործում էր փոքրիկ ճաշարան (խոսքը «Սիմպատիա» դուքանի մասին է - Ա․Գ․)․ հաճելի տեղ էր, նկարիչ Կարապետ Գրիգորյանցը պատերին յուղաներկով հրաշալի նկարել էր Թամար թագուհուն, Շոթա Ռուսթավելուն, Աբովյանին և այլոց՝ մեծ չափերով։ Ջոտտոն պատմում էր, որ 1930-ականներին, այդ սրիկա Բերիայի օրոք, հրամայեցին պատերը ներկել, իսկ ներկարարներն այնքան բարեխիղճ էին եղել, որ նկարները տախտակներով ծածկել, հետո էին ներկել։ Ես շատ էի ուզում քաղաքապետարան դիմել, որ վրայի ներկը մաքրելով՝ այդ հրաշալի գործերը պահպանեին, բայց դե ո՞ւմ էր դա հետաքրքրում։ Ավա՜ղ, հետագայում այդ շենքը քանդեցին, նորը կառուցեցին։

Ինչևէ, ամեն բան միանգամից չպատմեմ, որպեսզի Թբիլիսի վերստին այցելելու նոր շարժառիթներ լինեն․․․

Հարցազրույցը՝ Աշոտ Գրիգորյանի

 

Պատկերներ․

1․ Ալեքսանդր-Ստիմա Թարխնիշվիլին իր տանը

2․ Ալեքսանդր-Ստիմա Թարխնիշվիլի, Ջոտտո, Ամիրամ Լոմթաձե և Դիանա Ուկլեբա, Թբիլիսի, 1959-1960 թթ․

3․ Ջոտտո, «Ն. Փիրոսմանի և Լ. Գուդիաշվիլի» (1960, գտնվելու վայրն անհայտ է)

4․ Ջոտտո, «Անվերջություններ» (1964)

5․ Դիանա Ուկլեբա, «Տեսարան Հաղպատի վանքից» (1981)

6․ Ավթո Վարազի, «Ա․ Թարխնիշվիլիի դիմանկարը» (1965)

7․ Ալբերտ Դիլբարյան, «Ա․ Թարխնիշվիլիի դիմանկարը»

8․ Հովնաթանյան ընտանիք, Եկեղեցու ձևավորման դրվագ

... ... ... ... ... ... ...