Ալեքսանդր Չակս՝ վերելքներով և վայրէջքներով լեցուն մի կյանք

Որտեղ ասես չես գտնի հայերիս մասին հիշատակություններ, երբեմն՝ ամենաանհավանական և անսպասելի վայրերում։ Լատվիացի բանաստեղծ և գրող Ալեքսանդր Չակսի «Վաճառողուհին» (1929) բանաստեղծությունում այսպիսի տողեր կան․  

Միգուցե մի փոքր խորն էր

զգեստի բացվածքը կրծքի մասում,

քանի որ նրանցից մեկն էր նա,

որ լիկյորի չորրորդ գավաթիկից հետո

վերցնում-ծխում է կողքինի ծխախոտը,

հայկական հանաքներ պատմում

և լույսի ներքո համբուրվում:

Փաստորեն, դեռ մինչև հայկական ռադիոյի մասին հռչակավոր անեկդոտների հայտնվելը հայկական կատակները հայտնի են եղել մինչև իսկ Լատվիայում՝ 1920-ականների վերջին, երբ երկրում փոքրաթիվ հայեր կային միայն։

Ալեքսանդր Չակսը (երբեմն գրվում է Չակ) Հայաստանում անծանոթ անուն է, երբևէ հայերեն չի թարգմանվել, չնայած որ Լատվիայի լավագույն բանաստեղծներից մեկն է։ Շատ ընդհանրություններ կարելի է գտնել նրա և Եղիշե Չարենցի ստեղծագործության միջև․ նորարարական փորձերը, հեղափոխության հանդեպ համակրանքը, Վլադիմիր Մայակովսկուց կրած որոշ ազդեցությունը, քաղաքային թեմատիկան, բանաստեղծություններում հավերժացված բազում սերերը։ Չակսի առանցքային ստեղծագործություններից է «Նրանց դիպել է հավերժությունը» էպոպեան՝ նվիրված լատվիական հրաձիգներին, որը շատ բանով հիշեցնում է «Ամբոխները խելագարված» պոեմը։ Չակսը ներքուստ անվստահ ու երկյուղած անձնավորություն է եղել, սակայն նրա բանաստեղծություններում տիրում է հախուռն և ըմբոստ ոգին․

Ինչո՞ւ են ծաղիկները թառամում։

Կովերը կաթ ինչո՞ւ են տալիս։

Ինչո՞ւ են ինձ Չակս անվանում։

Քանի որ խենթ մի պոետ եմ ես։

Չակսը համարվում է լատվիական ժամանակակից քաղաքային պոեզիայի հիմնադիրը։ Ծնվել է Ռիգայում՝ 1901-ին, դերձակ Յանիս Չադառայնիսի ընտանիքում։ Ըստ որոշ տվյալների՝ հետագայում զգալով, որ երկար չի ապրելու, Չակսը հատուկ փոխել է ծննդյան թվականը՝ որպեսզի խաբի մահվանը։ Իսկ ազգանունը փոխարինել է Չակս կեղծանվամբ, քանի որ «մեկ բանաստեղծ Ռայնիսը բավական է»։ Չակսի հայրը Ռիգայի նոր թատրոնի խորհրդի անդամ էր և փոքրիկ Ալեքսանդրը հետաքրքրությամբ էր դիտում այնտեղի բեմադրությունները։ Սովորել է էլիտար վարժարանում, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տարահանվել է Ռուսաստան։ 1919 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, բայց մեկ տարի անց թողել է ուսումը և աշխատանքի անցել լուսժողկոմատի Սարանսկի բաժնում։ 1920-ին զորակոչվել է Կարմիր բանակ, ընդունվել բոլշևիկյան կուսակցության շարքերը, իսկ 1922-ին վերադարձել Լատվիա։ Փորձել է կրկին բուժական գործ սովորել, սակայն ստիպված է եղել աշխատանքի անցնել իբրև որբանոցի և վեցամյա դպրոցի ուսուցիչ Ցեսիսի շրջանում (այո, Չարենցի հետ կենսագրական նմանություններն էլ շատ են)։

Առաջին բանաստեղծությունը գրել է 1917-ին՝ ռուսերեն։ Մոսկվայում ազատ ժամերին մասնակցել է ֆուտուրիստների և իմաժինիստների հավաքներին։ Առաջին լատվիերեն բանաստեղծությունը հրատարակել է 1925 թվականին։ 1928-ին լույս են տեսել Չակսի երկու բանաստեղծական ժողովածուները, մեկ տարի անց՝ ևս երկուսը։ Հետևում էր մնացել «կյանքի դպրոցը»՝ Լատվիական համալսարանում փիլիսոփայության և բանասիրության ուսումնասիրությունը, դերասանական վարպետության դասերը թատրոնում, շրջանային դպրոցի տնօրենի պատասխանատու աշխատանքը և վերադարձը հարազատ Ռիգա՝ բանաստեղծ դառնալու հաստատ համոզմամբ։ Նա միանգամից մեծ ժողովրդականություն է ձեռք բերում։ Քաղաքում խոսում են լատիշական պոեզիայի սիրահարների ընկերությունում նրա տպավորիչ ելույթի մասին, մի քննադատ նրան անվանում է «բանաստեղծական խուլիգան»։

Մարիյաս փողոց -

հավերժ առևտրական -

լուսնի թե արևի տակ

դու առնում ու վաճառում ես

ամեն ինչ՝

սկսած անպետքություններից

ու վերջացրած աստվածային մարդկային մարմնով:

Ճանաչողների հուշերում Չակսը նկարագրվում է որպես աշխատասեր, բարի, էլեգանտ և ամաչկոտ մարդ, սակայն կան և ուրիշ վկայություններ, ըստ որոնց նա եղել է սրախոս, բաժակը միանգամից դատարկող, կանանց և բոհեմային կյանքի սիրահար։ «Եթե ինչ-որ խելահեղ բան է տեղի ունեցել, ուրեմն Չակսն է մեղավոր»,- ասել են նրա մասին ընկերները։ Նա սիրում էր համեղ ուտեստներ պատրաստել, հրավիրել ընկերներին և թամադայություն անել։ Թերևս նա ծայրահեղությունների կերպար է եղել. Օրինակ, հայտնի է, որ մինչև 1923 թվականը նա թույլ, անհեռանկար բանաստեղծ էր, իսկ այդ թվականից հետո նրա գրչից հորդել է բարձրակարգ պոեզիա։ 1920-ականներից նա անդամակցել է «Կանաչ ագռավ» գրական միությանը, մասնակցել նրանց հավաքներին, աշխարհիկ երեկույթներին և դիմակահանդեսներին։ Աճուրդներից մեկի ժամանակ վաճառքի են հանվել ճաղատ Չակսի վերջին մազերը․․․ Չակսը հարուստ չէր, բայց դա նրան չի խանգարել առատաձեռն լինել։ Նրա ընկերը՝ բանաստեղծ Յանիս Սուդրաբկալնսը պատմել է, որ հերթական ժողովածուի հոնորարը ստանալուն պես Չակսն իրեն մի պանդոկից մյուսն է ուղեկցել․․․

1930-1934 թթ․ Չակսը Լատվիայի գրողների և լրագրողների միության քարտուղարն էր, աշխատում էր թերթերի խմբագրություններում, զբաղվում ընթերցանությամբ և ինքնակրթությամբ։ Թատրոնի համար նա թարգմանում է Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա» պիեսը։ 

1934-ին Լատվիայում հեղաշրջումից հետո Չակսը աշխատանքի է անցնում Քաղաքային խնայդրամարկղում, 1930-ականների երկրորդ կեսին՝ երկարատև լռությունից հետո հրատարակում է պատմվածքների և բանաստեղծությունների ժողովածուներ։

Բանաստեղծի կյանքի իմաստը պոեզիան և կանայք էին․ «մեր հետպատերազմյան Լատվիայում երկու բանի առատություն կա՝ պոետների ու կանանց»։ Պոետի սերերից շատերի անունները հայտնի են, ոմանց բանաստեղծություններ են ձոնվել, երբեմն նրանք  նույնիսկ վիճել են, թե իրենցից ում է իրականում նվիրված այս կամ այն գործը։ Ահա իր ընկերուհի Լեոնտինային ուղղված նամակից մի հատված․ «Բարև՛, սիրելիս։ Դե ինչ, արդեն երկրորդ օրն է, որ դու այստեղ չես։ Երկրորդ օրն է, որ ես քայլում եմ միայնակ՝ իմ մտքերի ու ցավի հետ․․․ Թախիծն է իմ մեջ անծայրածիր կապույտ սառույցի պես հատակվել, իսկ իմ մտքերը սահում են նրա վրայով։ Քանզի թախիծն իմ հանգիստն է»։ Չակսը միշտ խուսափել է ամուսնությունից, նրա միակ կինը՝ Անիտան հետագայում պատմել է, որ Չակսը միշտ ինչ-որ բանից վախեցել է, հատկապես՝ ընտանեկան պարտավորություններից, ու երկար տարիներ ձգձգել է իրենց հարսանիքը։ Ասում են, որ ավելի ուշ տարիներին նա վախենում էր նացիստներից, կոմունիստներից և ինքն իրենից։ Երբ Լատվիան բռնազավթվեց, Չակսի կինը, շատ մտերիմներ և ծանոթներ ստիպված լքեցին այն, իսկ պոետը մնաց հայրենիքում․ «Ես Ռիգայից ոչ մի տեղ չեմ կարող գնալ», բացի այդ՝ նա չէր կարող մենակ թողնել ծերունի հորը, որի հետ ապրում էր։

Լատվիայի խորհրդային բռնազավթումից հետո մտերիմները Չակսին քննադատում էին այն ողջունելու համար։ Սակայն «Նրանց դիպել է հավերժությունը» էպոպեայի հեղինակը գիտեր, որ իր հայրենասիրական ստեղծագործությունը կարգելվի, ու նա չսխալվեց։ Ու որքան էլ նա ջանում էր գովերգել խորհրդային Լատվիան, նոր իշխանությունները նրան դժվարությամբ էին ընդունում, մեղադրում «ֆորմալիզմի», «բուրժուական նացիոնալիզմի» մեջ։ Երբ նացիստական Գերմանիան գրավեց Լատվիան, նա այս անգամ էլ չհեռացավ Ռիգայից և նույնիսկ որոշ փորձեր արեց տպագրվել մամուլում՝ ուրիշի ստորագրությամբ, որպեսզի գումար վաստակի ապրուստի համար։ Իր վերջին սիրուն և մուսային՝ թարգմանչուհի ու երգչուհի Միլդային Չակսը հանդիպեց պատերազմի դժնդակ տարիներին․ Միլդային է նվիրված էրոտիկ բանաստեղծությունների «Երկնքի պարգև» ժողովածուն։

Ստալինյան բռնատիրության տարիներին Չակսը ընկճված էր, նրան թվում էր, որ պետական անվտանգության աշխատակիցները հետևում են իրեն։ 1944-ին լույս է տեսնում Չակսի «Սոխակը բասով է երգում» ժողովածուն, նա զբաղվում է ռուս դասականների թարգմանությամբ, գրում հոդվածներ, գրականագիտական ուսումնասիրություններ։ Քաղաքական հերթական «մերկացումից» հետո նա այնպիսի ծանր հոգեվիճակում էր, որ քառասուն աստիճանից բարձր ջերմություն ուներ։ Չակսին վռնդում են աշխատանքից։ Նա մահանում է սրտի կաթվածից՝ Միլդայի տանը։ Նրա վերջին ակնթարթների մասին Միլդան պատմել է․ «Ես սենյակի մյուս ծայրում էի, երբ Չակսն ինձ կանչեց։ Եվ ի սարսափ ինձ ես տեսա, թե ինչպես են Չակսի մատները ինչ-որ բան փնտրում օդում։ Երբ ես մոտեցա անկողնուն, նա վերցրեց ձեռքս, համբուրեց, և բաց չէր թողնում։ Նրա աչքերը լայն բացված էին։ Հետո նա կողքի շրջվեց՝ մեջքով դեպի ինձ։ Բայց իմ ձեռքը դեռ նրա ձեռքի մեջ էր։ Ես կանգնած էի՝ նրա առջև խոնարհված, բայց դեռ չէի համարձակվում բաց թողնել նրա ձեռքը»։ 1950-ի ձմեռն էր, Չակսի համեստ բնակարանում սառել էր ջեռուցման մարտկոցը, և նա հիվանդացել էր։

Այժմ այդ բնակարանում նրա թանգարանն է։ Իսկ Ռիգայի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մարիյաս փողոցի մի հատվածը, որը նա հրաշալի գիտեր մինչև վերջին սալաքարը և հիշարժան բանաստեղծություններ էր ձոնել, այժմ կոչվում է Չակսի անունով։

Բազմաթիվ են Չակսի պոեզիայի մոտիվները՝ բողոք հոգևոր ունայնության դեմ, կարեկցանք «փոքր մարդկանց» հանդեպ, երազներ և տեսիլներ, կարոտ, սիրային և էրոտիկ պոեզիա։ Իսկ ամենագլխավորը՝ քաղաքերգությունն է․ իր բանաստեղծություններով նա ստեղծեց Ռիգայի քարտեզը՝ գրելով ոչ միայն արվարձանների, փողոցների, Դաուգավա գետի, նույնիսկ առանձին շենքերի, գրադարանի, կայարանի, գինետների, շուկայի մասին, այլև բնակիչների՝ կրպակի աշխատողների, կառապանների, թափառաշրջիկների, թեթևաբարո կանանց, հարբեցողների... Բանաստեղծ Յանիս Պետերսի խոսքերով. «Չակսը փոքր մարդկանց, արվարձանի, նավաստիների, բակապանների առաքյալն է, ճակատագրի խորթ զավակների պաշտպանը»։ Չակսը ստեղծեց նոր ավանդույթ՝ գրելով արձակ բանաստեղծություններ, որոնք չափազանցված պատկերներով նկարագրում են քաղաքի արվարձաններում տիրող մթնոլորտը։

Նրա բանաստեղծություններում հաճախ են հանդիպում արտասովոր համեմատությունները, փոխաբերականությունը, հիպերբոլան․ նա իրավամբ համարվում է լատվիական պոեզիայի բարեփոխիչ։

«Նրանց դիպել է հավերժությունը» էպոպեան Չակսի գլուխգործոցն է, որը գրվել է 1937-1939 թթ․, երբ Լատվիան դեռ անկախ էր․

Հրաձիգներ,

Լատվիական հրաձիգներ։

Այս բառերը

միտքս կուրացնում են

ավելի ուժեղ,

քան կրակների հեղեղը

փողոցում

աշնան գիշերը։

Հրաձիգներ,

յոթ հարյուր տարի

ծարավից տառապող

եռացող լավա

գյուղացու հոգու,

հուսահատ ճիչ

տիեզերքի ու տարածության մեջ արձագանքող,

թաքուն սրված դանակ,

կրծքի վրայի

կապանքները կտրող,

որ շնչելը կարելի դառնա։

Ստեղծագործությունը բաղկացած է 24 բանաստեղծական տեքստերից, որոնք կազմում են շուրջ 5000 տող։ Ամեն բանաստեղծությունը սկսվում է պատմական տեղեկանքով, որը ներկայացնում է տվյալ էպիզոդի շրջանակները՝ առաջին մարտերից մինչև հրաձիգների վերադարձը Ռուսաստանից Լատվիա։ Էպոպեան, որ ձոն է ազատությանը և անհատականության ուժին, 1940 թվականին արժանացավ Աննա Բրիգադերեի մրցանակին, այն բարձր գնահատվեց և սիրվեց ժողովրդի կողմից, Լատվիայի ստեղծագործական վերնախավը հիացական գրություններով լի ձեռագիր մատյան ուղարկեց նրան։ Բանաստեղծը ստեղծագործական մեծ վերելք էր ապրում, որին պիտի վերջ դներ պատերազմը․․․

Ալեքսանդր Չակսի կյանքը վայրիվերումների անհավանական մի շարք է․ ապահով մանկություն, հետո՝ պատերազմ և տարհանում, բանաստեղծական փառք և հռչակ, ապա՝ տարիներ ձգված լռություն, որին հաջորդում է ամենաբեղմնավոր ստեղծագործական շրջանը, և հետո կրկին պատերազմ, անտեսում և հետապնդումներ, ու անկախ ամեն ինչից՝ անմնացորդ նվիրում բանաստեղծական կոչմանը։ Միայն հետագայում, երբ Չակսն այլևս չկար, պետք է պարզ դառնար, որ «հավերժությունը նրան էլ է դիպել»․․․

 

Աշոտ Գրիգորյան

Պատկեր․

«Ալեքսանդր Չակս», հեղինակ՝ Ռաֆայել Դոստյան

...