Ալ Վեգա. Բոսթոնի ջազի լեգենդը

Ա՛լ, դու ամենահրաշալին ես

Ավելի քան 70 տարի Բոսթոնի և շրջակայքի ամերիկյան ջազի ասպարեզում անխոնջ գործունեություն է ծավալել դաշնակահար, վիբրաֆոնիստ և գործիքավորող Արամ Վագրամյանը, որն Ամերիկայում հայտնի էր Ալ Վեգա անունով։ Մի հոդվածագրի կարծիքով՝ Նոր Անգլիա նահանգի ջազի պատմությունը մարմնավորվել է այդ հայազգի երաժշտի մեջ...

Հաջորդ տարի,թերևս, ԱՄՆ-ում նշվի նրա ծննդյան 100-ամյակը... Վագրամյանը ծնվել է 1921 թվականի հունիսի 22-ին, Մասաչուսեթս Ուորչեսթր քաղաքում։ Ենթադրում ենք, որ Վիլյամ Սարոյանն իր «Ռոք Վագրամ» վեպի հերոսի Վագրամյան ազգանունը կարող է փոխառած լինել Ալ Վեգայի անունից։

Կյանքի վերջին տարիներին Դեյվիդ Վիլյամսոն Սնիդին տված հարցազրույցում Ալ Վեգան ասել է. «Ես հայ եմ։ Ուորչեսթրը լեցուն էր հայերով: Մայրս Բուլղարիայից էր, հայրս՝ Հայաստանից: Նրանք, հավանաբար, եկել էին Ուորչեսթր, քանի որ դա հայերի համար Մեքքա էր: Նրանք այնտեղ որոշ մարդկանց գիտեին հին երկրից»։

Արամի ծնունդից կարճ ժամանակ անց Վագրամյանները որդու և դստեր՝ Մանուշակի (Վիոլետ) հետ հաստատվել են Մասաչուսեթսի Չելսի քաղաքում։ Հայրը ցուցանակներ էր նկարում՝ ստորագրելով Վեգա, որն էլ հետագայում որդին դարձրել է իր բեմական անունը։ Արամը վաղ մանկուց ունեցել է երկու մեծ սեր՝ երաժշտությունը և բեյսբոլը, որոնցով էլ նա պրոֆեսիոնալ ձևով զբաղվել է ամբողջ կյանքում։ Հինգ տարեկանից դաշնամուր է նվագել, իսկ Չելսիի միջնակարգ դպրոցում սովորելու տարիներից հանդես է եկել պրոֆեսիոնալ բեմերում։ Շուտով նա միացել է մի մեծ երաժշտախմբի, որի մյուս անդամներն էին Ջո Մաքդոնալդը, Ալ Նաթալեն և Վարդի Հարությունյանը: Այդ ժամանակ նրա դաշնամուրի կուռքը Քոնթ Բեյզին էր, որը հաճախ էր ելույթ ունենում Բոսթոնի շրջանում:

Արամ Վագրամյանը մեկ տարի ուսանել է Հյուսիս-արևելյան համալսարանում, իսկ 1938 թվականից դաշնամուր և վիբրաֆոն է նվագել Բոսթոնի «Հայհաթ» ակումբում՝ ելույթներ ունենալով ժամանակի ճանաչված ջազ երաժիշտներից Սիդնեյ Բեքեթի, Ռեդ Ալենի և Ջո Ջոնսի հետ։ 1942-ին զորակոչվել է բանակ և չորս տարի ծառայել Վիրջինիա նահանգում։ Այստեղ էլ նա հանդիպել է ապագա կնոջը՝ Մարթային, որի հետ համատեղ ապրել է 55 տարի և ունեցել երկու զավակ՝ Ալան և Դայան անուններով։ Որդին շարունակել է հոր մարզական ճանապարհը՝ դառնալով հաջողակ բեյսբոլիստ, իսկ դուստրը՝ երաժշտականը։ Դայան Վագրամյանը երգչուհի և երգահան է, փոփ երգերի հեղինակ, որը հաճախ մասնակցել է հոր տարբեր  նախագծերին։

Հետպատերազմական  տարիներին ջազի ասպարեզը հարուստ չէր, ուստիև Ալ Վեգան աշխատել է տարբեր պարային խմբերի հետ՝ միաժամանակ ուսանելով Նոր Անգլիայի կոնսերվատորիայում։ Սաքսոֆոնահար Թեդ Գոդարի հետ հիմնել է ջազ հնգյակ, նվագել Ջորջ Գրեհեմի նվագախմբի հետ, 1950-ին իր առաջին ձայնագրությունը կատարել հայտնի սաքսոֆոնահար Սերժ Խալոֆի հետ, իսկ 1953-ին թողարկել է «Դաշնամուրի սոլոներ» տրիո ալբոմը։ Բասիստ Դեյվ Զոքսի և հարվածային գործիքների կատարող Ռիք Քլեյնի հետ հիմնել է «Ալ Վեգա տրիո» ջազ եռյակը, թողարկել տասնյակ ալբոմներ։ Տարիներ շարունակ շաբաթ երեկոներին ջազի սիրահարներն ունկնդրել են նրան Բոսթոնի «Լաքի լաունջ» ակումբում, որտեղ Ալ Վեգան կատարել է Ֆրենք Սինաթրայի մեղեդիները... Ալ Վեգան նվագել է  «Սթորիվիլ», «Քեն քլաբ», «Ջազ ուրոքշոփ» և այլ ջազ ակումբներում, նվագակցել Բոսթոնում հյուրախաղերով հանդես եկող այնպիսի ջազային մեծությունների, ինչպիսիք էին Դյուք Էլինգթոնը, Մայլզ Դևիսը, Չարլի Փարքերը, Դիզի Գիլեսփին, Չեթ Բեյքըրը, Քոնթ Բեյզին, Բեթի Քարթերը, Լեսթեր Յանգը, Սթան Գեցը, Բիլի Հոլիդեյը և շատ ուրիշներ: Հումորով լի նրա կատարումները մեծ ժողովրդականություն են վայելել, և Ալ Վեգային շուտով ճանաչել ու սիրել են ԱՄՆ-ի արևելյան ցամաքամասի ջազ և փոփ երաժշտության երկրպագուները:

Իր դրական և դյուրահաղորդ բնավորության շնորհիվ Ալ Վեգան շահել է բազմաթիվ մարդկանց սերն ու մտերմությունը։ Նրա ընկերների թվում են ոչ միայն երաժիշտներ, այլև մի շարք սենատորներ, կոնգրեսմեններ, նահանգապետեր և քաղաքագլուխներ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից։

«Նոր Անգլիայի ջազի պատմության քայլող հանրագիտարան», «Բոսթոնի կենդանի ջազ լեգենդ», «Պարոն դաշնամուր» անվանված Ալ Վեգան ակտիվ գործունեություն է ծավալել նաև որպես երաժշտության ուսուցիչ՝ Էվերեթի իր տնային ստուդիայում աճեցնելով տաղանդավոր դաշնակահարների և վոկալիստների մի քանի սերունդ:

Էվերեթում՝ Մասաչուսեթսի իր բնակավայրում, Ալ Վեգան եղել է բեյսբոլի տեղական երկու թիմի մարզիչը։ 2008-ին Էվերեթի «Բեյբ Ռութ» բեյսբոլի լիգան նրա պատվին հիմնել է «Վեգա գավաթ» մրցանակը, իսկ 87-ամյա Ալ Վեգան լիգայի կողմից հռչակվել է «տարվա մարդ»։ Այդ առիթով Ալ Վեգայի բարեկամ, Բոսթոնի ռադիոյի խոսնակ Ռոն Դելլա Քիեզան ասել է. «Ալն ինձ հիշեցնում է տեսակավոր գինի: Ժամանակի հետ նրա որակն ավելի է բարձրանում: Երաժշտության հազարավոր հիանալի սիրահարների անունից, որոնք տարիների ընթացքում վայելել են այս յուրօրինակ անհատականության պարգևները, մենք ասում ենք. «Շնորհակա՛լ ենք, Ա՛լ, դու ամենահրաշալին ես»։

«Բոսթոնի պատմության ամենասիրված երաժիշտներից» մեկը համարվող Ալ Վեգան մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 2-ին, Բոսթոնում, իննսուն տարեկան հասակում՝ թողնելով ջերմ հիշողություններ և հարյուրավոր ձայնագրություններ՝ որպես դաշնակահար ու նվագակցող։ Նույն թվականին լույս է տեսել Լեոնարդ Լյուիս Բրաունի «Բոսթոնի ջազի լեգենդը. Ալ Վեգայի պատմությունը» գիրքը։ Իսկ Էվերեթի հրապարակներից մեկն այսօր կոչվում է նրա անունով...

Մեզ համար կարևոր է, որ Ալ Վեգան անմասն չի եղել հայ կյանքից։ 1956-ին Բոսթոնում նա նվագել է ի նպաստ Պոլսո Սուրբ Փրկիչ Ազգային Հիվանդանոցի կազմակերպված երեկույթին (տես «Յառաջ» օրաթերթ, 1957, հունվարի 4): Իսկ 1991-ին ամերիկյան թատրոնի և կինոյի հայազգի կատակերգուհի Անդրեա Մարթինի հետ միասին Ալ Վեգան մասնակցել է Հայ կանանց միջազգային ընկերակցության միջոցառումներից մեկին...

 

Հեղինակ՝ Արծվի Բախչինյան