Այստեղ եղել է Դովլաթովը

Ապագա գրողը պետք է ծնվեր Լենինգրադում, որտեղ ապրում էին նրա ծնողները՝  հրեա թատերական ռեժիսոր Դոնաթ Մեչիկը և հայուհի Նորա Սերգեևնա Դովլաթովան (Դովլաթյան)։ Սակայն խանգարեց պատերազմը, ու Սերգեյը ծնվեց տարհանման ժամանակ՝ 1941-ի սեպտեմբերի 3-ին՝ բաշկիրական մայրաքաղաք Ուֆայում։ Նրան պիտի փոխանցվեր մոր ազգանունը և ազգությունը՝ անձնագրային տվյալներում։ 1944-ին նրանք վերադարձան Լենինգրադ։ Հետագայում Դովլաթովը որպես «իր կյանքով անցած» երեք քաղաքներ առանձնացրել է Լենինգրադը, Տալլինը և Նյու Յորքը։ 18 տարեկանում նա ընդունվեց Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որտեղից նրան որոշ ժամանակ անց վտարեցին։ Սակայն հենց այդ տարիներին Դովլաթովը, որ գրում էր բանաստեղծություններ, նկարում, զբաղվում բոքսով, ծանոթացավ ոչ պաշտոնական գրական շրջանակների հետ։ «Ենթադրում եմ, որ մեր նոթատետրերում հասցեների և հեռախոսահամարների երեք քառորդը համընկնում էին»,- հետագայում վերհիշել է Բրոդսկին, ուստի կարելի է ասել, որ 1960-ին տեղի ունեցած նրանց առաջին ծանոթությունը կանխորոշված էր։ Որոշ ժամանակ անց Բրոդսկին հյուրընկալվեց Դովլաթովի բնակարանում՝ Լենինգրադի Ռուբինշտեյնի փողոցի 23 տանը, կարդաց իր բանաստեղծությունները, սակայն արժանացավ մյուս հյուրերի խիստ քննադատությանը։ Ներկաներից մեկը մտաբերում է, որ Բրոդսկին այդ օրը զայրույթով նետել է․ «Այսօր հանճարի սուլեցին»։ Դովլաթովը, սակայն, լավ գիտեր և բարձր էր գնահատում Բրոդսկի-բանաստեղծին, ու նրանց բարեկամական շփումները շարունակվեցին մինչև Դովլաթովի մահը։ Բրոդսկու մասին Դովլաթովն ասում էր․ «Նա առաջինը չէ։ Նա, ցավոք, միակն է»։

Ինքը՝ Դովլաթովը, աստիճանաբար համարում ձեռք բերեց որպես պատմվածքների հեղինակ և բանավոր պատմությունների անզուգական վերաշարադրող։ Կծու հեգնանքով լի պատմությունները և ուռճացված ասեկոսեները, որ նա պատմում էր ծանոթների մասին, հրապուրում էին լսողներին, չնայած նրանք շատ լավ գիտեին, որ շուտով իրենք էլ կդառնան դրանց հերոսները։

Բրոդսկու և Դովլաթովի ամենահիշարժան ելույթները Լենինգրադում տեղի ունեցան նույն երեկույթի ընդացքում՝ 1968 թ․ հունվարին․ կատարվածի մասին զեկուցող մատնագրերի հետևանքը եղավ այն, որ աշխատանքից հեռացվեց Լենինգրադի գրողների տան տնօրենի տեղակալը, իսկ երիտասարդ գրողների նկատմամբ արգելքներն ավելի խստացվեցին։ Չնայած դրան՝ Դովլաթովի ստեղծագործությունները ձեռագիր և մեքենագիր տարբերակներով ձեռքից ձեռք էին անցնում ու ոչ մի հրատարակված գիրք չունեցող գրողի համբավը տարածում ամենուր՝ նույնիսկ ԽՍՀՄ սահմաններից դուրս։

Ամերիկյան գրականությունը մեծ ազդեցություն էր թողել Դովլաթովի՝ հատկապես վաղ շրջանի գործերի վրա։ Քաջածանոթ լինելով Ֆոլքների, Հեմինգուեյի, Սելինջերի երկերին՝ նա իր շրջապատում առաջինը հայտնաբերեց նաև Վիլյամ Սարոյանին ու հրապուրվեց նրա ստեղծագործությամբ։ Ընդհանրությունները բազմաթիվ էին․․․ Առաջին հայացքից բոլորովին աննշան մարդիկ՝ անտեսված, ոչ մի բանով աչքի չընկնող, շնորհիվ Դովլաթովի մտան ռուս գրականություն և հավերժացան դրանում (նրա տիպիկ հերոսն է այն անտունը, որն իր բնակության վայրը բնորոշում է որպես «ամենուր»)։ Դովլաթովյան կերպարները մեծ քաջագործությունների համար չեն ծնվել, բայց նրանց ապրած ամեն օրը յուրօրինակ սխրանք է, մռայլ ու գորշ իրականությունից տարբերվելու ուժասպառ մի ճիգ։ Ըստ ինքնաբնորոշման՝ Դովլաթովն էլ այդպիսին է․ նրա ալտեր էգոներից է «Մարդ եմ փնտրում» պատմվածքի գործող անձանցից Ալիխանովը՝ «ցածր ճակատով ու ճլորած կզակով հսկա երիտասարդը», որի աչքերում «կեղծ-նեապոլիտանական ինչ-որ բան է փայլփլում»։ Այսպես՝ իջեցված ինքնագնահատականով, որպես իր հերոսներից ոչնչով չտարբերվող կերպար է նա հայտնվում իր ստեղծագործություններում։

Դովլաթովը խուսափում էր մարդկանց ու գրական հերոսներին բաժանել դրական և բացասական կերպարների՝ պնդելով, որ արժանիքներն ու արատները սոսկ կյանքի զգայուն հպմամբ են արտահայտվում․․․ Նա ամեն ինչի մեջ էր գտնում աբսուրդը, նրա իրապաշտությունը ենթակայական էր, զուտ դովլաթովյան, այն ժպիտ էր հարուցում, բայց միաժամանակ իր մեջ կրում էր կյանքի ողբերգականությունը, հաճախ անհեռանկար էր ու տխուր։

Նրա պատմությունների կենտրոնում մարդիկ են, որոնք ասես դիտվում են անսովոր անկյուններից, փոփոխված մասշտաբներով։ Այսպես, գրողի հայ պապը գեղջկական ծագմամբ հասարակ մի մարդ չէ, այլ առասպելական մի կիսաստված, որ մարտահրավեր է նետել Աստծուն։ Իսկ խորհրդային սոցռեալիստական գրականության գլխավոր դեմքերից Կոնստանտին Ֆեդինը դովլաթովյան մի շտրիխով վերածվում է կոմիկական մի կերպարի, որի գործերն իրենց լեզվով զիջում են նույնիսկ օտար գրականությունից արված թարգմանություններին։ Թվում է, թե Դովլաթովը պատմում է եղելությունը, սակայն մի փոքրիկ վերաձևումով, ծաղկազարդումով կյանքն այլաբանական նշանակություն է ստանում, դառնում գրականություն։

Իր Ստեփան պապին նա այսպես է նկարագրում․

«Ողջ ընտանիքն անառարկելիորեն ենթարկվում էր նրան։

Իսկ նա՝ ոչ ոքի։ Ներառյալ երկնային ուժերը։ Աստծո հետ պապիս մենամարտերից մեկն ավարտվեց ոչ-ոքի»։

Որքան նման է այս էպիկական կերպարը սարոյանական հերոսներին և իրեն՝ Վիլլիին։ Դիմելով Վահագն Դավթյանին՝ Սարոյանը պատմել է․ «Վահա՛գն, ատեն մը եղավ, որ ես խենթցա... Պատերազմի ժամանակ էր: Երեսուներեք օրեն «Վեսլի Ջեկսոնի արկածներ»  գրեցի ու խենթցա... 72 ժամ խենթ եղա, խենթություն եկավ վրաս... Մարդ չիմացավ: Ես ու իմ Աստված կռվեցանք, կռվեցանք... Ես հաղթեցի...

Մի փոքր լռեց ու ավելացրեց.

-Ո՛չ, իմ Աստված հաղթեց... Իմ Աստված ես եմ...» (մեջբերումը Վահագն Դավթյանի «Բարի հսկան» գրքից է)։

Բանաստեղծ Լև Լոսևի խոսքերով՝ «Դովլաթովի պատմվածքներում մարդիկ ու արարքները դառնում էին «larger than life», ավելի կենդանի, քան կյանքում։ Ստացվում էր, որ կյանքն այնքան էլ միօրինակ չէ, որ այն ավելի զվարճալի է, ավելի դրամատիկ, քան թվում է»։

Ապրելով պոստմոդեռնիզմի տիրապետության ժամանակներում՝ Դովլաթովն անտեսում էր այն ու նաև ծաղրում էր խորհրդային սոցռեալիզմը՝ յուրովի առաջ շարժվելով դասական ռեալիզմի և մոդեռնիզմի ուղեծրով (իզուր չէ որ «նմանվել» ուզում էր միայն Չեխովին և համեմատվել Կուպրինի հետ)։ Դովլաթովը մեծ նշանակություն էր տալիս գրելաոճին, ձևին ու տոնին, գերադասում պարզությունն ու պաթոսի բացակայությունը։ Նա աշխատում էր բացառել մեկ նախադասության մեջ միևնույն տառով սկսվող բառերի կիրառումը․ թվում է թե պարզ ձևականություն է, սակայն դա բարձրացնում էր հեղինակի ինքնադիսցիպլինան, տեքստը դարձնում կուռ, հատու, ավելորդաբանություններից զերծ։  

Ինչպես հատուկ է մեծ գրողներին՝ նրա ստեղծագործություններում կարելի է գտնել և՛ «թևավոր», դիպուկ, արդեն ժողովրդական բանահյուսության մաս դարձած տողեր ու ամբողջական պարբերություններ, և՛ անցողիկ, թույլ կամ պարզապես կենցաղային բնույթի նկարագրություններ։ Այնպիսի լարվածությամբ, որով նա է գրել, հաճախ՝ բառի ու տառի ճշգրտությամբ, երբ տեքստի ամեն բաղադրիչ հիմնավորված և իմաստավորված է, ու ոչ մի ավելորդ բան չկա, շատ չես գրի, ոչ էլ կարող ես երկար դիմանալ նման աշխատակարգին։ Սարոյանի պես նա էլ չգրեց իր մեծ վեպը, որին հատկապես Ամերիկայում միշտ շատ են սպասում որևէ իսկական գրողից, փոխարենը դարձավ աննման վիպակների և կարճ պատմվածքների վարպետ։

1972 թվականին Դովլաթովը տեղափոխվեց Տալլին․ թվում էր, թե Էստոնիայի՝ համեմատաբար ազատ պայմաններում նրա առջև նոր հեռանկարներ էին բացվելու, սակայն ամենևին այդպես չեղավ:

«Ես՝ հայուհու և հրեայի որդիս, մամուլում խոշոր տառերով խարանվեցի որպես «էստոնական ազգայնական»»,- բողոքում էր Դովլաթովը։ Կենտկոմի ճնշմամբ «Սովետսկայա Էստոնիա» թերթի խմբագրական խորհուրդը խստորեն դատապարտեց «Զոնա» վիպակի ձեռագիրը, աշխատանքից հեռացրեց հեղինակին, իսկ նրա առաջին գրքի տպագրական շարվածքը ոչնչացվեց։ «Կոմպրոմիս» ժողովածուի համար բավարար նյութ հավաքած՝ Դովլաթովը վերադարձավ Լենինգրադ, որտեղ նոր հետապնդումների պիտի ենթարկվեր։ «Պետք է շարունակել գրել, դիմանալ։ Պետք է հպարտանալ, որ քեզ արժանի են համարում ենթարկել տառապանքների՝ սեփական հայացքների և տաղանդի այն փայլատակման համար, որ քեզ Տերն է պարգևել»,- գրել է Դովլաթովը։

1979-ին Դովլաթովը մոր և ֆոքստերիեր Գլաշայի հետ արտագաղթեց Նյու Յորք, որտեղ արդեն բնակվում էին կինն ու դուստրը, և որտեղ պիտի անցկացներ իր կյանքի վերջին 12 տարիները։ Ամերիկյան կյանքը նրան վաղուց ծանոթ էր իր սիրելի ամերիկյան գրականությունից և ջազից։ Ֆոլքները, Սարոյանը, Վոնեգուտը նրա առջև արդեն բաց էին արել այդ արտասովոր աշխարհի դռները։ Նյու Յորքը նա համարում էր ի՛ր քաղաքը. «այս քաղաքն այնքան բազմազան է, որ հասկանում ես՝ այստեղ քեզ համար էլ տեղ կա»։

Նա Նյու Յորքում էլ գտավ իր հարազատ աշխարհը․ փողոցային երաժիշտները, սրամիտ մուրացկանները և պորտաբույծներն ավելի էին հետաքրքրում նրան, քան թանգարանները։ Նա խեղճերի, հալածյալների կողմից էր, բոլորին փորձում էր հասկանալ և պաշտպանել, նույնիսկ ուտիճներին․ «Ի՞նչ մեղք ունեն ուտիճները։ Միգուցե նրանք ձեզ կծել են կամ վիրավորել ձեր ազգային արժանապատվությո՞ւնը։ Բայց ո՛չ, իհարկե։ Ուտիճն անվնաս է ու յուրապես էլեգանտ է։ Նրա մեջ կա մրցավազքային մեքենայի սրընթաց պլաստիկա»։

Ամերիկյան ներգաղթյալների բազմապիսի տիպարների ենք հանդիպում նրա «Օտարերկրուհին» գրքում, որոնցից է պուերտոռիկացի դատարկապորտ հեղափոխական Ռաֆայել Խոսե Բելինդա Չիկորիլիո Գոնսալեսը։

Էստոնիայում Դովլաթովն իրեն համեստորեն «տեքստերի հեղինակ» էր անվանում։ Հետագայում գրեց․ «Աստված ինձ տվեց հենց այն, ինչ ես ամբողջ կյանքում խնդրել եմ նրանից: Նա ինձ դարձրեց շարքային գրող։ Այդպիսին դառնալով՝ համոզվեցի, որ ավելիին եմ հավակնում, բայց արդեն ուշ էր։ Աստծուց ավելին չեն խնդրում»։ Ապրելով Ամերիկայում՝ նա, ի տարբերություն Բրոդսկու, շարունակեց մնալ բացառապես ռուս գրող․ «Ես էթնիկ գրող եմ, որն ապրում է իր լսարանից 4000 կիլոմետր հեռու»։

Բնակվում էր Քուինս թաղամասի 108 փողոցում, որ հիմա նրա անունն է կրում, կատակում, թե զարմանում է, երբ իրեն այստեղ ճանաչում են և զարմանում է, երբ չեն ճանաչում։ ԱՄՆ-ում նա հասցրեց հրատարակել 12 գիրք, ևս երկուսը՝ համատեղ, այդ թվում՝ նկարիչ Վահրիճ Բախչանյանի հետ, տասը հրապարակում ունեցավ «The New Yorker»-ում, թարգմանվեց մի քանի լեզուներով։ Նրա մասին բարձր կարծիք հայտնեցին Կուրտ Վոնեգուտն ու Ջոզեֆ Հելլերը։ Բայց նա այդպես էլ չտեսավ իր գրքի լույս ընծայումը ԽՍՀՄ-ում։ Գրող Ալեքսանդր Գենիսը հիշում է Դովլաթովի թաղումը «Նյու Յորքի հրեական գերեզմանոցի հայկական անկյունում», նրա թուխ հայկական դեմքը, տեղատարափ անձրևը և կտակը՝ ԽՍՀՄ-ում մնացած ձեռագրերից ու թերթային ակնարկներից ոչինչ չտպագրել։

Իհարկե, նշված երեք քաղաքներով ամենևին չէր սահմանափակվում Դովլաթովի կյանքի ու գրականության աշխարհագրությունը, դովլաթովյան սյուժեներ են հյուսվել և այլ աշխարհագրական կետերի ու համայնքների շուրջ։  

Հայաստանից դուրս բնակվող հայերի մասին է 1968 թ․ «Կրոկոդիլ» համամիութենական երգիծական հանդեսում տպագրված նրա «Մի ժամանակ մենք սարերում ենք ապրել» պատմվածքը։ Հայ ընտանիքը բնակվում է մեծ քաղաքում, սակայն չի ձերբազատվում սարերում ձեռք բերած վարքուբարքից․ «Մենք նորակառույցների զառիթափ լանջերը նախընտրեցինք լեռներին։ Մենք նեղացնում ենք կանանց և կրակ վառում մանրահատակի վրա»։

Կծու հումորով գրված պատմվածքը լավ չընդունվեց Դովլաթովի հայրենակիցների կողմից․ խմբագրությունը մի պարկ բողոքի նամակներ ստացավ, հեղինակը ստիպված էր արդարանալ․

«Նախ ուզում եմ ընդգծել, որ իմ պատմվածքում փորձել եմ հեգնանքով պատկերել այն հայերին, ովքեր վաղուց արդեն ապրում են Հայաստանից հեռու, օրինակ՝ Լենինգրադում, կորցրել են կապը հայկական ավանդույթների հետ և պահպանել, արմատավորել միայն զուտ դեկորատիվ, տարաշխարհիկ և, ի վերջո, կեղծ պատկերացումներ իրենց ժողովրդի սովորույթների մասին։ Դժվար չէ կռահել, որ պատմվածքում առկա շատ բաներ անմիջական կապ ունեն և դրա վատաբախտ հեղինակի հետ։

… Մենք՝ հայերս, կարող ենք հպարտանալ մեր երկրով: 2750 տարի է անցել այն ժամանակվանից, երբ անառիկ բլրի վրա հիմնադրվեց Էրեբունի ամրոցը։ Դարեր շարունակ ստեղծվել է հայոց մեծ մշակույթը, ձևավորվել են ժողովրդի ավանդույթներն ու սովորույթները, ծանր փորձությունների մեջ կազմավորվել է նրա ազգային դիմագիծը։ ․․․Միամտություն կլինի կարծել, թե ցանկացած մեկը կարող է նսեմացնել հայկական մշակույթը, ստվեր գցել հայ ժողովրդի վրա»։

«Մերոնք» վիպակում թիֆլիսյան կոլորիտով են ներկայացված Դովլաթովի հայ հարազատները, և առաջին հերթին՝ ժայռի նմանվող պապը, որը կարծես տիեզերակարգի հետ համաձայն չէր։

Երեք տարի՝ 1962-1965 թթ․ Դովլաթովը ծառայեց Կոմի ինքնավար հանրապետության ուղղիչ աշխատանքային գաղութում (զոնա)․ Բրոդսկու արտահայտությամբ՝ Դովլաթովը զոնայից վերադարձավ՝ ինչպես Տոլստոյը Ղրիմից, «պատմվածքների փաթեթով ու հայացքում առկա որոշ շվարածությամբ»։ Եթե «Զոնան» նրա գաղութային փորձառության, այնտեղ հանդիպած հակասական կերպարների՝ հանցագործների ու նրանց հսկիչների մասին էր, իսկ «Արգելոցը»՝ Պսկովի պուշկինյան հիշարժան վայրերի, որտեղ 1976-1978 թթ․ որպես էքսկուրսավար էր աշխատել Դովլաթովը, ապա «Մասնաճյուղն» արդեն զուտ ամերիկյան պատմություն է։ Իսկապես, Դովլաթովի գրքերի մեծ մասը ներշնչված է այն տարբեր միջավայրերից, որոնցում նա ճակատագրի բերումով հայտնվել է, ու պատկերում է իրեն հանդիպած մարդկանց, որոնց մասին նա ասել է․ «Մարդ ունակ է ամեն բանի՝ լավ և վատ։ Ցավում եմ, որ այդպես է։ Ուստի՝ թող տա Աստված մեզ տոկունություն և քաջություն։ Իսկ ավելի լավ է՝ դեպի բարին տրամադրող ժամանակի և տեղի պարագաներ»։

 

Աշոտ Գրիգորյան

Պատկերներ 1 և 2․ Պետերբուրգյան այս շենքում է բնակվել Դովլաթովը (լուսանկարները՝ հեղինակի)

... ...