Այն հինգերորդ նովելը

Սեպտեմբերին, Գյումրիում անցկացված Երևանի օրերի շրջանակում քաղաքի դրամատիկական թատրոնում ցուցադրվեց Համազգային թատրոնի «․․․Եվ նորից գարուն» ներկայացումը։

Այս ներկայացման մասին զարմանալիորեն շատ է գրվել։

Հիմնավորված զարմանք, քանի որ հայաստանյան երկու տասնյակ թատրոնների ներկայացումները կամ մնում են անարձագանք, կամ էլ լավագույն դեպքում ունենում մեկ-երկու անդրադարձ։ Ամերիկացի հեղինակ Օ. Հենրիի հինգ նովելի հիման վրա բեմադրված ներկայացումը սպասված է, սիրված, հիացական թատերախոսականների պակաս էլ չկա։

Ներկայացման՝ տարվա եղանակների շրջապտույտը խորհրդանշող նովելներից անդրադառնալու ենք միայն վերջինին, Պարույր Սևակի բառով, «այն հինգերորդին»։

Չորս պատումները յուրատեսակ ընդհանրություն ունեն՝ գլխապտույտ գարնանային սիրահարություն, ամառային զբոսայգում գիրք ընթերցող պարմանուհու սեթևեթ երազանք, ամուսնության առաջին օրվա քմահաճույք՝ աշնանավերջին դժվար գտնվող մեկ հատիկ դեղձի տեսքով, և՝ հանրահայտ «Մոգերի ընծաները»։

Սուրբ Ծննդյան գիշերը ռոմանտիկ անհուսությունից իրեն պատեպատ տվող, այս դեպքում պատեպատ թռչող շքեղավարս երիտասարդ աղջիկն է իր չդադարող հարցով՝ ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, ի՞նչ․․. Նյութը չնկատող, առանց փողի երջանիկ զույգը փողին փոխարինող է փնտրում՝ սուրբծննդյան նվերի համար, և յուրաքանչյուրը զոհում է իր ունեցած միակ լավագույնը։

Ամբողջ ներկայացման ընթացքում միշտ առատ թվացող երաժշտությունն այս դրվագում՝ Սուրբ Ծնունդի հեքիաթային գիշերվա մեջ, ոչ միայն տեղին էր, այլև ներշնչող ու հուսառատ, մի տեսակ հոգենորոգ։ Երաժշտության, աստղերի բնական, փողոցային լամպերի արհեստական լույսերի տակ պարում էին երկնքից իջնող ձյան փաթիլները, մարդկանց հոգիներին խոստանալով թեթևացում, նորի սպասում։ Եվ միմյանց շնորհավորելով տուն են դառնում մարդիկ, ուրախ, երազկոտ, շքեղ կամ տոնական հագնված։

Գիշերային փողոցով տուն են գնում նաև վերջին նովելի հերոսները՝ Պիտերսները։ Միսիս Պիտերսը (Տաթև Ղազարյան) զուսպ, արժանապատիվ տեսքով, դժվարությամբ նեցուկ լինելով ու չհաջողելով, տուն էր ուղեկցում հարբած ամուսնուն (Սերգեյ Թովմասյան)։

 

«Ջենթլմեններ, մի մոռացեք, որ նա իմ կինն է»

Ներկայացման հեղինակները (Նարինե Գրիգորյան, Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան, Նարեկ Բաղդասարյան) ռոմանտիկ պատումները գրոտեսկով հանգուցալուծելով,  ամբողջականացնում են ներկայացումը՝ ցնցում ապահովելով նաև անցած դարի ռոմանտիկայի մեջ դեգերող հանդիսականի համար։

Իմ տպավորությամբ։

Պարզվում է, մենք Պիտերսներին արդեն ճանաչում էինք։

Ներկայացման սկզբում ամուսին-Սերգեյ Թովմասյանին ենք տեսնում հացի խանութի հերթում, խումհարի մեջ՝ նույն ընկերախմբով։ Կլարա Պիտերսը նույնպես իր գործին էր՝ թարմ հացերի մատակարար, նորապսակների սենյակի վերջին հարդարանքն ամբողջացնող, սրճարանի բակի ծանր նստարանը հարմար դիրքի տեղաշարժող։ Եվ ամբողջ ընթացքում աշխատանքի դժվարությունը թաքցնելով աշխույժ գործնական շարժուձևի, գործին հաղթող բազմապրոֆիլ մասնագետի քաղաքավարի ժպիտի տակ։

Տուն և փողոց՝ ամբողջ ընթացքում Պիտերսների կյանքին հետևում ենք միաժամանակ երկու դիտանկյունով։

Կլարան տանն է, այլևս ձևացումի կարիք ու սիրտ չունի, աթոռին հոգնատանջ փլված է՝ զայրույթի կծիկ։ Հեղինակային հուշումով՝ «ոչ մի տեղ չաշխատելու տարիների անխախտ ստաժը» չկորցնող ամուսինը ընկերների հետ դրսում է, գարեջրի կրպակի կողքին։ Խումբը տեղյակ է, որ Կլարան լվացարարության համար մեկ դոլար է վաստակել։ Բայց կտա՞․․․

Ընկերախումբն առանց խոսքի մետաղադրամը ձեռք գցելու ուղիներ է նկարագրում՝ ատամները քաշել, սրբիչը բերանը խցկել, էլի սարսափելի բաներ, որոնց ընթացքը կասեցնում է միստր Պիտերը․

-Ջենթլմեններ, մի մոռացեք, որ նա իմ կինն է։

Տեսնել է պետք այդ ջենթլմեններին՝ հալից ընկած երկու ջահել (Անդրանիկ Միքայելյան, Նարեկ Բաղդասարյան), ձորձոտած հագուկապ, թելով պահվող տաբատներ, գործած գլխարկներ, վզի շուրջը փաթաթված գծավոր գործած շարֆեր։ Մասնագիտացումին հարիր հագուկապ, քանզի դրսում միշտ ցուրտ է։

-Սոված շան մռութով մի՛ նայի․․․

Ամուսնու հուշիկ-դավադիր մուտքին առանց շրջվելու արձագանքում է կինը, մեկ հարվածով փշրելով սառը գարեջրին հասնելու նրա կոլեկտիվ բաղձանքը։

Կինն ասես ավարտվել էր, տակը մնացել է միայն քաղցածին կերակրելու մայրական բնազդը։ Կլարան սիրո, ջերմ վերաբերմունքի կարոտ է, ի հակադրություն ամենօրյա շան կյանքի, ինչը տաղանդավոր Տաթև Ղազարյանը ներկայացնում է ամբողջ ներկայացման ընթացքում, մի դրվագում էլ խոսքի կեսից անցնելով կաղկանձի։

Կաղկանձի առիթը Սերգեյ Թովմասյանի համար առկա, անտեսանելի, բաղձալի «մեկ դոլարն» է։

Ամեն ինչ է հակադրության մեջ, անգամ՝ ամուսինների հագուկապը։ Կինը մուգ, սև գույների, լայն փեշերի մեջ է, մշտապես՝ գոգնոցով։ Ամուսինը բաց գույնի, հողագույն-կեղտակորույս, վանդակավոր շալվարով, գծավոր գլխարկով ու երկար շարֆով է, բայցև՝ երկար հագնելուց մարմնի ձևը վերցրած պիջակով։ Այս ներկայացման գյուտը Սերգեյ Թովմասյանի նուրբ խաղն է, սեփական վիճակի գիտակցումը չունեցողի կոմիզմ, բազմապլան, իրոնիկ։

Ինքնահոսի կյանքով ապրող, սակայն բարի, հնարամիտ, փափուկ ուժի կողմնակից միստր Պիտերսը, մտքում ունենալով մեկ դոլարը, դրան հասնելու համար կնոջ նուրբ լարերի հետ է խաղում։ Ներկայանում է տկար, վերհիշեցնում իրենց երիտասարդ տարիները։

«Անտառային հավերժահա՜րս», «ծիտի՜կս» բանալի բառերը բավարար են, որպեսզի կնոջ կարծր սիրտը փափկի։ Թվում է, գտնվեց շատ խոր պահված մեկ դոլարը տանող անարյուն ճանապարհը:    

Եվ բարեսիրտ Պիտերսը պատուհանից մնջախաղով փողոցի ընկերներին ասում է «Իսկ  դուք ուզում էիք թաց սրբիչով խեղդել․ ատամները քաշել․ սանկ-նանկ․․․ Ասացի, չէ՞, ջենթլմեններ, որ նա իմ կինն է»։

Ի պատասխան ոտքի վրա անշարժացած, համակ սպասում «ջենթլմենները» տոչոր հայացքով ցույց են տալիս գարեջրի կրպակի ցուցադրական, սադրիչ սառը շշերը։

«Մի քիչ համբերություն, ջենթլմեններ»․ պատասխանում է հայացքով։

Կնոջ հայտնվելը՝ հանուն սիրելիի մեկ ամբողջ դոլար արժեցող, սիրո արտահայտություն բալասանի սրվակը կրծքին սեղմած, ամուսնու հայացքում վատնողություն աններելի, զազրելի արարք էր։

Գրկախառնության ֆինալի տեսարանը ֆիքսում է զույգերից մեկի ողբացող, և մյուսի՝ գոհունակ դեմքերը։

Ներկայացման ամբողջ ընթացքում բոլոր հերոսները թռչում են պատերով, սավառնում օդում, անգամ քնում օդում, բացի Պիտերսներից։ Կլարա Պիտերսն է մի վտանգավոր փորձ անում երջանկության ապոգեի պահին։ Իսկ միստրը ոչ այդքան ռոմանտիզմ, ոչ էլ առողջություն ունի, ավելին, մի քանի անգամ նրան հանդիպում ենք գետնված։

«․․․Եվ նորից գարուն» ներկայացման մեջ մեկ դոլարի պատմությունը ներկայացվում է ոչ իբրև սոցիալական դրամա (ինչը շատ տխուր կլիներ), այլ գրտոտեսկի ժանրով, ներառելով դրության կոմեդիա, լիրիկա, զավեշտ, սարկազմ, անսպասելիություն, նուրբ հումոր։

Եվ ամենակարևորը՝ այս ամենը խաղարկող երկու լավագույն դերակատար։

 

Գայանե Մկրտչյան

թատերագետ

 

... ... ...