Այդ վտանգավոր մասնագիտությունը՝ դերասան

Էկրանի վրա դերասանները բարդ հնարքներ են ցուցադրում, հաղթահարում են դժվարին խոչընդոտները, ելք են գտնում ծայրահեղ իրավիճակներից, և հանդիսատեսը համոզված է, որ այդ բոլորը ընդամենը կինո է ու ցանկացած ցուցադրվող գործողություն ունի իր բացատրությունն ու կատարման եղանակը: Եվ հազիվ թե նրանց մտքով անցնի, որ շատ ու շատ անգամ դերասաններն իսկապես բախվում են այնպիսի արտակարգ հանգամանքների, որոնց մասին նույնիսկ երևակայելը դժվար է:

Ստորև կներկայացնենք երեք փոքրիկ դրվագ հայկական կինոյի էջերից, մինչդեռ նմանատիպ պատմությունները անհամեմատ ավելին են:

 

* * *

1970 թվականն էր: Մոսկվայի կրկեսում նկարահանվում էր «2 Լեոնիդ 2» գեղարվեստական կինոնկարը՝ Լեոնիդ Ենգիբարյանի մասնակցությամբ: Հերթական տեսարանն էր, որտեղ Ենգիբարյանը մի ձեռքում բռնել էր վառվող ջահ, իսկ մյուսում՝ աղավնի: Տեսախցիկն արդեն աշխատում էր, երբ հանկարծ թեքված ջահից բենզինն ու կրակի լեզուները թափվեցին դերասանի վրա: Մեկ ակնթարթ հետո Ենգիբարյանն ինքն էր վերածվել վառվող ջահի: Այրվում էին մազերը, դեմքը, ձեռքերը, հագուստը… Կատարվածից ապշահար ներկաները պապանձվել-քարացել էին տեղում: Օպերատորը բնազդաբար շարունակում էր նկարել, մինչ Ենգիբարյանը թավալվում էր արենայի կենտրոնում՝ փորձելով մարել բոցերը: Վերջապես արտիստներից մեկը մոտ վազեց և ձեռքի տակ եղած սավանով հանգցրեց կրակը:

Կես ժամ անց՝ դեմքն ու ձեռքերը վիրակապերով փաթաթած, Լեոնիդ Ենգիբարյանը դուրս եկավ հրապարակ և ասաց, որ պատրաստ է շարունակել նկարահանումները: Սակայն մինչև այդ օպերատորին խնդրեց, որ իրեն նվիրի սարսափելի միջադեպի նկարահանված ժապավենը: «Ուզում եմ ցույց տալ ընկերներիս,- բացատրեց նա:- Թող տեսնեն, որ Լյոնյան ոչ ջրում է խեղդվում, ոչ էլ կրակի մեջ է այրվում»:

 

* * *

Գուրգեն Մահարու ձեռագիր արխիվներում պահպանվել է 1927 թվականին արված մի գրառում, որը վերաբերում է «Հայկինո»-ի 6-րդ ֆիլմի՝ «Խասփուշի» նկարահանման աշխատանքներին և գլխավոր դերակատար Հրաչյա Ներսիսյանին: Ահա մի դրվագ այդ գրառումից.

«… Նկարահանվում է «Խասփուշի» տեսարաններից մեկը. ըստ կինոպիեսի, մի պարսիկ պիտի ծեծի ենթարկվի. ծեծվողը մեր շնորհալի դերասան Հրաչյան է, ծեծողները՝ «ղանթարի կինոդերասանները». ռեժիսոր Բեկնազարյանը փորձում է, փորձը անցնում է հաջող, այսինքն մեր «պարսիկները» ցույց են տալիս, որ ծեծում են, բայց իսկապես չեն ծեծում, այլ ձևացնում են: Օպերատորը դարձնում է ապարատը, ծեծողներն անցնում են իսկականին բառի… իսկական իմաստով: Հրաչյան կարիք չունի ցավ ձևացնելու, նա գոռում է իսկական ծեծվողի գոռոցով: Սաստել չի լինի, որովհետև «պարսիկները» կշփոթվեն: Հրաչյան գոռալով դիմանում է և ոտի ելնում արդեն կապտած մարմնով…»:

 

* * *

1973 թվականին ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանը նկարահանում էր «Մհերի արձակուրդային արկածները» կինոկատակերգությունը: Ֆիլմում դեր էր ստացել նաև Արմեն Խոստիկյանը: Նա պիտի մարմնավորեր միլիցիոների կերպարը: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ էր սովորել մոտոցիկլետ վարել, ինչը Խոստիկյանը չգիտեր: Այդ նպատակով դերասանին կցեցին միլիցիայի ավագ Խդրյանին, որը ստանձնեց ուսուցիչ լինելու պարտականությունը: Խդրյանը բոլոր ջանքերը գործադրեց կարճ ժամանակում Խոստիկյանից բավականին հմուտ մոտոցիկլետիստ կերտելու համար: Դերասանն այժմ ամեն ինչ գիտեր՝ շարժիչը գործի գցել, տեղից պոկվել, երթևեկել… Խդրյանն ընդամենը մի աննշան բան էր մոռացել՝ սովորեցնել, թե ինչպես է պետք… արգելակել:

Վրա է հասնում նկարահանման օրը: Բոլորը պատրաստ են: Օպերատորը սկսում է նկարել: Խոստիկյանը շարժվում է տեղից, արագություն է հավաքում ու սկսում է սլանալ: Նրա հետևից եկող նկարահանող խմբի մեքենան հազիվ է հասնում մրցարշավորդ դերասանին: Թվում է՝ աղետն անխուսափելի է. ուր որ է՝ մոտոցիկլետը պիտի բախվի փողոցում ընթացող մեքենաներին: Խոստիկյանը սեղմում է հնարավոր բոլոր բռնակներն ու սարքերը, բացի արգելակից: Այնուհետև նա հայտնվում է հրապարակում ու սկսում է խելահեղ պտույտներ գործել: Եվ հենց այստեղ է, որ միլիցիայի ավագ Խդրյանը դիմում է հերոսական քայլի. նա ընթացքից իրեն նետում է մոտոցիկլետի սայլակի մեջ և վերջին պահին արգելակում է եռանիվ մեքենան:

Ասում են՝ այդ դեպքից հետո Արմեն Խոստիկյանը երդվեց նկարահանվել միայն հետիոտների դերերում:

 

Հովիկ Չարխչյան