Աղասի Այվազյանի «ամերիկյան աջաբՍկանդալը»

Աստծո ստեղծած աշխարհը հասկանալու համար գրող Աղասի Այվազյանը մեկ անգամ չէ, որ տրվել է թափառումների, ընդ որում` ոչ միայն մտավոր, այլև` հենց ֆիզիկական իմաստով: Դրանցից էին նաև իր յուրօրինակ ճամփորդությունները դեպի Միացյալ Նահանգներ: Ուրիշ երկիր, ուրիշ քաղաքներ, ուրիշ շենքեր, ուրիշ մարդիկ. գրողին ամեն ինչն էր հետաքրքիր: Ազատության, անտարբերության, տնանկ լինելու, այդ իրավիճակում սիրել կարողանալու թեմաները, որոնց մասին ԱՄՆ-ում ամեն քայլափոխի ակնարկ կար, հանգիստ չէին տալիս նրան:

 

«Ուրեմն  դու գրող չես դառնա...»

1994-ին Աղասի Այվազյանը մի քանի հայ գրողների ու գրականագետների հետ մեկնեց Միացյալ Նահանգներ` Կալիֆորնիայի Պաոլո-Ալտո քաղաք` մասնակցելու Global Communities կազմակերպության նախաձեռնած մտավորականների հանդիպմանը: Գրականագետ Աբգար Ափինյանը, որը հայկական պատվիրակության անդամ էր և այդ օրերին Աղասի Այվազյանի հետ ապրում էր միևնույն քոթեջում, պատմում է, որ երբ միջոցառումներն ավարտվեցին, Աղասի Այվազյանն իրեն ասաց. «Արի´մնանք Կալիֆորնիայում, տասը օր ապրենք կամուրջների տակ, անօթևանների հետ, որպեսզի իրենց հասկանանք»:

«Ես զարմացած ասացի` Աղասի´ ջան, շատ եմ սիրում քո խենթությունները, բայց չեմ կարող: Այդ պահին շրջվեց դեպի իմ կողմն ու ասաց` ուրեմն դու գրող չես դառնա...»,- հիշում է Աբգար Ափինյանն ու փաստում, որ Աղասի Այվազյանը դրանից հետո իսկապես գնաց և մի քանի օր ապրեց կամրջի տակ, անօթևանների հետ:

 

Փոքր մարդը` մեծ Ամերիկայում

Անտուն մարդկանց նկատմամբ գրողի հետաքրքրության մասին վկայում է նաև Կարինա Վերդիյանը` Աղասի Այվազյանի այրու դուստրը (առաջին ամուսնությունից), որը կրկին իննսունականներին գրողի հետ եղել է Միացյալ Նահանգներում, այս անգամ` Վաշինգտոնում, ապա` Նյու Յորքում: Արվեստի մի քանի գործիչներով գնացել էին Միացյալ Նահանգներ`մասնակցելու միջազգային կոնգրեսի: Պատվիրակության կազմում էր նաև գրող Լևոն Խեչոյանը:

«Աղասիին այդ կոնգրեսի ընթացքում հնչած ճառերը հետաքրքիր չէին: Նրան Ամերիկան էր հետաքրքիր: Ասաց`պետք է Նյու Յորքը տեսնեմ: Լևոն Խեչոյանի հետ գնացինք Նյու Յորք: Փողոցում նա դանդաղ էր քայլում, իրեն հետաքրքիր էին մարդկանց այդ զանազան կերպարները`շեղ աչքերով, սկանդինավյան հասակով, սևամորթ: Տարբեր ազգերի այդպիսի միքս միայն այդ քաղաքում կարելի էր տեսնել: Աղասի Այվազյանին տպավորել էր այն փաստը, որ ԱՄՆ-ի խանութներում, սրճարաններում այդ տարիներին կային ուտելիքներ` հատուկ մուրացկանների համար: Ասում էր` ինձ այստեղ փող պետք չէ, ես մի բանանով ու ջրով կապրեմ: Իրեն ամեն բան զարմացնում էր, հետաքրքիր էր փոքր մարդը` իր բոլոր դրսևորումներով: Ամեն մուրացկանի ուշադիր զննում էր, անգամ Խեչոյանին ասաց. «Համաձայն եմ այս մուրացկանը լինել, միայն թե ազատ լինեմ»,-պատմում է Կարինա Վերդիյանը: 

Հենց ամերիկյան այս տպավորությունների ու փոքր մարդու մասին մտորումների արդյունքում էր, որ 1997-ին ծնվեց Աղասի Այվազյանի «Ամերիկյան աջաբսանդալ» վեպը` ստեղծագործություն Հայաստանում անտարբերության մատնված մի մարդու մասին, որը բախտի քմահաճույքով հայտնվում է Ամերիկայում, հրավեր է ստանում մասնակցելու անտունների համաշխարհային կոնգրեսին և որոշում է իր երջանկությունը գտնել այդ երկրում:  

 

«Բարեկամության»  արմատախիլ ծառը

1994-ին Global Communities-ի կազմակերպած հանդիպումը հայ և ադրբեջանցի մտավորականների միջև էր: Ադրբեջանական պատվիրակության կազմում էր նաև նշանավոր գրող Աքրամ Այլիսլին: Ամերիկյան կողմն ամեն բան արել էր, որպեսզի կայանա փոխըմբռնում և խաղաղության կամուրջ գծվի երկու ժողովուրդների միջև: Մի քանի օր տևած քննարկումների ընթացքում որոշվել էր առաջիկա տարիներին ևս անցկացնել նման հանդիպումներ, մտավորականներով անգամ հայ-ադրբեջանական եղբայրության ծառ էին տնկել:

«Վերջին օրը, սակայն, ի զարմանս բոլորի, ադրբեջանական կողմից ելույթ ունեցավ գրող Զարդուշտ Ալիզադեն և բառացի ասաց հետևյալը. «Ինչ խոսեցիք` խոսեցիք, ինչ որոշեցիք` որոշեցիք, բայց Ադրբեջանը առաջիկա տարիներին նավթը կծախի, մենք կհզորանանք և կմորթենք բոլոր հայերին»: Մենք ուղղակի ապշած էինք: Գնացինք հանգստանալու շատ ընկճված տրամադրությամբ: Աղասին լուռ էր: Հանկարծ առավոտյան ժամը 6-ին ինձ արթնացրեց. «Վե´ր կաց, շո´ւտ արա»: Հարցրի` ինչ է պատահել: Ասաց. «Արի´, պետք է գնանք այն եղբայրության ծառը արմատախիլ անենք, հանենք»: Եվ մենք այդ մթին գնացինք, հանեցինք ընկուզենին ու դեն նետեցինք...»,-պատմում է Աբգար Ափինյանը:

 

Աննա Բաբաջանյան

 

 

 

 

... ...