Ահա գալիս է Արթ Լաբոն

Արթ Լաբոյի 95-ամյակի առթիվ. Ռադիոեթերից սեր սփռողը

Արդեն 77 տարի (!!!!!), 1943 թվականից սկսած, միլիոնավոր ամերիկացի ռադիոլսողների ուրախություն և դրական լիցքեր է շռայլում Արթ Լաբո անունով մի հայազգի դիջեյ։ Տասնամյակներ առաջ, երբ հեռահաղորդակցության միջոցները զարգացած չէին, միմյանցից հեռու գտնվող սիրող սրտերը, մասնավորապես բանտարկյալներն ու նրանց հարազատները կապ էին հաստատում նաև ռադիոյի միջոցով՝ խնդրելով սիրելիի համար հաղորդել այս կամ այն երգը։ Տասնյակ սերունդներ են մեծացել դիջեյ, երգահան, ձայնագրող-արտադրիչ և ռադիոկայանի տնօրեն Արթ Լաբոյի երաժշտությամբ...

Իսկական անուն-ազգանունով Արթուր Էգնոյան՝ նա ծնվել է 1925 թվականի օգոստոսի 7-ին, Յութա նահանգի կենտրոն Սոլթ Լեյք Սիթիում, հայ գաղթականների ընտանիքում։ Հայրը բանվոր էր, մայրն աշխատում էր որպես սպասուհի։ Մի անգամ Կալիֆոռնիայում ապրող քույրը նրանց է ուղարկել ռադիոընդունիչ, որը ցնցող տպավորություն է թողել ութամյա Արթուրի վրա։ «Մայրի՛կ, տուփը խոսում է»,- ապշանքով բացականչել է տղան և այլևս չի հեռացել այդ «խոսող տուփից»։ Տասնչորս տարեկանում նա արդեն իր սենյակում տեղադրել էր ցածր հաճախականությամբ սիրողական ռադիո՝ զրուցելով հարևանների հետ...

1934-ին Էգնոյաններն ամուսնալուծվել են, և Արթուրը տեղափոխվել է Լոս Անջելես՝ քրոջ մոտ։ 16 տարեկանում նա ավարտել է Վաշինգտոնի անվան ավագ դպրոցը, ապա Սթենֆորդի համալսարանում ուսանել է ռադիոյի ճարտարագիտություն։ Ավարտելուց հետո Արթուր Էգնոյանը ծառայել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում տեղակայված նավատորմում, Գանձերի կղզի կոչվող կայանի ազդանշանային կորպուսում, որն օգնել է նրան ռադիոյի իր աշխատանքում։ Տասնութ տարեկանում Արթուրը մուտք է գործել պրոֆեսիոնալ ռադիո, աշխատելու համար դիմել է Սան Ֆրանցիսկոյի KSAN կայան՝ առանց հստակ պատկերացնելու իր անելիքը։ Պատերազմը ռադիոկայանը զրկել էր տեխնիկներից, իսկ Արթուրն ուներ ռադիոօպերատորի վկայական։ Այս ռադիոկայանի ղեկավարն էլ նրան հորդորել է իր ազգանունը դարձնել Լաբո...

Գործունեության վաղ շրջանում իսկ Արթ Լաբոն նորարար էր: Նա է հղացել հայտ-պատվերի գաղափարը ռադիոյի եթերում՝ երեկոյան հեռարձակելով ձայնագրություններ՝ հիմնված ունկնդիրներից ստացած նամակների և հեռախոսազանգերի խնդրանքների վրա: Հաճախ Լաբոն հեռախոսազանգերին պատասխանում էր հենց ուղիղ եթերում, ինչն այսօր ավելի քան սովորական է, սակայն ժամանակին միանգամայն նորություն էր։ Նա նաև առաջինն է դուրս եկել ստուդիայի փակ տարածքից և ուղիղ եթեր մտել, օրինակ, ռեստորաններից: Մարդիկ տեսնելով նրան՝ իջեցնում էին մեքենաների ապակիներն ու բղավելով կատարում իրենց երաժշտական պատվերները: «Նա հասկացավ, որ մեքենաները, երաժշտությունն ու դեռահասները միասնություն են, հատկապես՝ Լոս Անջելեսում,- ասել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի լրագրության պրոֆեսոր Ջոշ Քունը: -Նա գիտակցում էր, որ ռադիոյով երգեր հնչեցնելը պարզապես հեռարձակում չէ, այլ նաև՝ համայնքների կառուցում, մարդկանց կյանքի առավել մտերմիկ, ցավոտ, հուզական կողմերին հաղորդակցում»։

Արթ Լաբոն համարվում է Կալիֆոռնիայում ռոքնռոլի և «ռիթմ և բլյուզ» ոճի ռահվիրաներից։ Դրանք նա սկսեց ժողովրդականացնել՝ 1950-ականների կեսին վարելով սեփական հաղորդումը Լոս Անջելեսի KXLA (հետագայում՝ KRLA) ռադիոկայանում։ «Մարդիկ լսում էին Դորիս Դեյ, «Que Sera, Sera» երգը, իսկ ասում էի. «Դե՛, մայրիկնե՛ր, հավաքե՛ք ձեր դուստրերին: Ահա գալիս է Արթ Լաբոն ու իր սատանայական երաժշտությո՛ւնը»։ Բացի այդ, 1950-ականներին, երբ ԱՄՆ-ում, հատկապես Լոս Անջելեսում, դեռ իշխում էին ռասիստական տրամադրությունները, Արթ Լաբոն, հաղորդումներից հետո, Լոս Անջելեսի Էլ Մոնթե արվարձանում կազմակերպում էր ռոքնռոլի պարային երեկույթներ՝ նպաստելով լատինամերիկացի, սևամորթ, ասիացի և սպիտակամորթ երիտասարդների ներգրավմանը։ Նրան հատկապես երկրպագում են Կալիֆոռնիայի և հարակից նահանգների մեքսիկացիներն ու մյուս իսպանախոսները՝ լատինամերիկյան երգերի շարունակական հեռարձակման համար, հատկապես իր «Սալսայի հետ» հաղորդման համար։ «Ես կարող եմ շատ լավ հայերեն խոսել, -մի առիթով ասել է Լաբոն,- բայց կարող եմ նաև նույնքան լավ իսպաներեն խոսել»։ Ի դեպ, «South El Monte Arts Posse» խումբը, որը հավաքում է բանավոր պատմություններ և լուսանկարներ քաղաքում ռոքնռոլի սկզբնական շրջանի և ամերիկա-մեքսիկական կյանքում դրա ունեցած կապերի մասին, իր ծրագրում կարևոր մաս է հատկացրել Արթ Լաբոին, որն այդ ավանդույթի մի մասն է:

1990-ականների սկզբից Արթ Լաբոյի ռադիոհաղորդումները հատկապես ժողովրդական են դարձել բանտերում գտնվողների ու նրանց ընտանիքների անդամների համար։ Ամեն տարի նա դատապարտյալներից ստացել է հազարավոր նամակներ, որոնք սիրո խոստովանության հետ մեկտեղ, խնդրել են իրենց սիրելիների համար հեռարձակել այս կամ այն երգը։ «Ես չեմ դատում,- մի առիթով ասել է Արթ Լաբոն,- ես սիրում եմ մարդկանց։ Սերը հզոր դեղամիջոց է՝ սիրահարված լինես կամ ոչ»։ Այս համոզմունքով Արթ Լաբոն եթերից իր ականջահաճո, հարուստ բարիտոնով սեր է սփռել՝ հաճախ համեմելով իր և ունկնդիրների համբույրի ձայներով։ Մարդիկ, որոնք բաժանվել էին իրենց ընտրյալներից, հաճախ էին զանգահարում նրան՝ խնդրելով հնչեցնել այս կամ այն սիրային երգը, որով կարողանում էին վերադարձնել իրենց սիրեցյալներին։ Նա հորինեց «Oldies But Goodies» («Հին, բայց լավ երգեր») եզրը, և տարբեր տասնամյակների լավագույն երգերն այսօր ընդունված է ամփոփել այդ վերնագրով հավաքածուներում։

«Իմ կարծիքով՝ նա ժամանակից դուրս է,- ասել է ամերիկուհի գրող, Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Սյուզան Սթրեյթը: -Պետք է խոստովանեմ, որ երբևէ չեմ մտածել որևիցե գիշերվա մասին՝ առանց Արթ Լաբոյի ձայնի»:

Այսօր ևս 95-ամյա Արթ Լաբոն Փալմ Սփրինսի իր ստուդիայում մեկուսացած՝ շաբաթական վեց անգամ երեկոյան ժամը 7-ին վարում է «Արթ Լաբո կապը» հաղորդումը, որը սփռում են Կալիֆոռնիայի տասնյակ ռադիոկայաններ՝ հին, բայց լավ երգերի միջոցով միմյանց կապելով հազարավոր մարդկանց։ Ռադիոյի միջոցով իրարից հեռու գտնվող սիրելիներին կապելու թվացյալ հնաոճ եղանակն իրեն միանգամայն արդարացրեց թագավարակի պարտադրած ինքնամեկուսացման ամիսներին, որի ընթացքում ամերիկյան ռադիոյի լեգենդ հռչակված Լաբոն դարձյալ ջանք չի խնայում մարդկանց պարգևել բերկրանքի և միասնականության զգացողության պահեր...

 

Հեղինակ՝ Արծվի Բախչինյան

... ...