Աղավնոյի փորձաքարը

Տարիներ առաջ, երբ վերջին անգամ եղել էի Արցախում, ճանապարհը նույնն էր, միայն թե ոչինչ չէր հուշում, որ Հայաստանի ու Արցախի միջև սահման կա։ Իսկ հիմա Բերձորի միջանցքի սկզբում մեքենան կանգնեցնում ու ստուգում են անձնագրերը։ Սկզբում հայկական զինված ուժերը, հետո՝ ռուսականը։ Եվս մեկ ռուսական ուղեկալ հատում ենք, երբ միջանցքից դեպի աջ ենք թեքվում։ Ներքևում՝ սարերով շրջապատված հովտում խաղաղ հանգրվանել է կարմրակտուր ավանը, որի անունը այժմ դարձել է վերապրման խորհրդանիշ և շատերիս շուրթերին է։ Ո՞վ կմտածեր, որ դեռևս միջնադարից բազմաթիվ  անուններ փոխած Աղավնոն է հանգամանքների բերումով հայտնվելու բոլորիս ուշադրության կենտրոնում, այսպես արժևորվելու։

«Ակն ընդ ական» համայնքի նախաձեռնությամբ վավերագրողների մի խմբի հետ եմ այստեղ՝ մասնակցելու Վարդավառի տոնակատարություններին և ծանոթանալու Արցախի ու հատկապես Աղավնոյի (որտեղ չորս օր ենք մնալու) առօրյային։

Արիավան կոչվող կենտրոնական թաղամասի սկզբում դպրոցի երկարաձիգ շենքն է, որը վերջին պատերազմի ժամանակ ենթարկվել է թշնամու հրետակոծությանը, սակայն արդեն վերանորոգվել է, ինչի մասին հուշում են գորշ, համեստ հարդարանքով արտաքին պատերը։ Այստեղ են սովորում նաև բերձորցի երեխաները։

Առաջինն ինչ աչքի է զարնում Աղավնոյում՝ տների կատարելությունն ու միատեսակությունն է (պարզվում է՝ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն էլ դրանցից մեկում է ապրում)։ Ոչ ոք չի փորձում ավելի մեծ հողամաս զավթել, մի երկրորդ տուն սեփականացնել կամ տանը կից մի անճոռնի ենթակառույց տնկել, ուստի իրար նախանձելու առիթ էլ չկա։ Եվ ինչպես հետո տեղեկանում ենք՝ ամեն մեկն իր զբաղմունքն ու անելիքն ունի։ Տեղի կյանքը չի ենթարկվում սովորական տրամաբանությանը․ մարդիկ ամենուր փախչում են վտանգից դեպի ավելի ապահով վայրեր կամ առավելագույնը՝ չեն հեռանում իրենց բնակատեղից, իսկ Աղավնոյում ընդհակառակը՝ թողնելով իրենց անվտանգ կյանքը Հայաստանի մարզերում, Լիբանանում կամ այլ տեղերում՝ եկել հաստատվել են այստեղ։ Աղավնոյի բնակիչներն ուրախ են ու կատակասեր, հայրենասիրական աննկուն ոգով տոգորված, ամենուր կանանց ու երեխաների ենք հանդիպում։ Մենք Արցախից դուրս ավելի մռայլ ենք պատկերացնում այստեղ տիրող մթնոլորտը, իսկ իրենք ի հեճուկս ամեն ինչի, պարզապես շարունակում են ապրել։ Որպեսզի մարդը շարունակի այստեղ ապրել, նա պիտի ամրակամ լինի և նույնքան էլ հաստատուն կառչի իր արմատներից, ու որ Աղավնոյի բնակիչներն այդպիսի առանձնահատուկ որակներ ունեն, իսկույն զգում ես մի ինչ-որ յոթերորդ զգայարանով։

Երեկոյան տեղացիները և հյուրերը խարույկահանդեսի են հավաքվում «ներքևում»՝ Աղավնո գետի ափին:Հատկապես շատ են նախկին լիբանանահայերը (կամ գոնե ինձ այդպես է թվում), հնչում են հայրենասիրական երգեր, հետո երիտասարդները, որոնց թվում կան և պատերազմի մասնակիցներ, պարում են քոչարի և յարխուշտա։

Մեզ՝ որպես հյուրերի, ներկայանում է ոստիկանապետը, ասում, որ չնայած սահմանը մոտ է, փոխարենն իրենք հատկապես ուշադիր են, որ կարող ենք ապահով զգալ։ Ու իսկապես, մի անբացատրելի ապահովության զգացում է համակել, որ մինչև վերջին օրը չի լքելու մեզ։

Մի կին մեծ կաթսայով հարիսա է եփում․ բոլորիս բաժին է հասնում ու դեռ ավելանում է։ Գոհ ենք նման հյուրասիրությունից ու միջավայրից՝ ցնցող, աներևակայելի։ Լիբանանից եկած հայերը կարծես ուղղակի ժառանգները լինեն Արևմտյան Հայաստանի, պահպանել են լեզուն, երգերն ու պարերը, կերակրատեսակները, ավանդույթները։ Ու Ոգին։

Ժամանակ առ ժամանակ մեզ է միանում գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը, որը յուրային է ամենքի համար՝ մեծից փոքր։ Լինելով հազվագյուտ առաջնորդ՝ նա է, որ կարողացել է պահել գյուղը․ դեռ նոյեմբերի 9-ից հետո լուր տարածվեց, որ բնակիչները պիտի լքեն բնակավայրը, բայց հայտնվեց այդ մարդը, որ մերժեց «անխուսափելին»։ Նա չի տարհանել սեփական ընտանիքը՝ իր հինգ երեխաներին, ու արել է ամեն ինչ, որ գյուղը չդատարկվի։ Ով էլ փորձել է լքել գյուղը, հետո խոստովանել է, որ ոչ մի տեղ իրեն այսպես լավ չի զգացել, կարոտել է համագյուղացիներին ու վերադարձել։

Զրուցակիցս Սիսիանի գյուղերից մեկում ծնված, հիսունն անց մի տղամարդ է․

-Հավատո՞ւմ ես, ծնվածս գյուղն ինձ այդքան հարազատ չի, որքան Աղավնոն։ Շուրջ երեսուն տարի արյամբ այս գյուղի, այս հողի, օդի, բնության հետ եմ կապված ու գնալու տեղ չունեմ։

Գյուղապետը կարծես ամենուր է․ ինքս համոզվեցի՝ որտեղ խնդիր է ծագում, նա  այդտեղ է։ Չենք կարողանում մեր բնակված տան դուռը բացել, նա հանկարծ հայտնվում՝ բացում է, կորում ենք Աղավնոյում՝ նա մեզ գտնում ու ուղեկցում է։ Շնորհիվ հարևան ձայնեղ աքաղաղների՝ առավոտյան վաղ արթնանում ու տնից դուրս եմ գալիս, ու առաջինը, ով մոպեդով կողքիցս անցնում ու ողջունում է՝ կրկին գյուղապետն է։

Գիշերն առատ անձրև եկավ, ինչը կասկած հարուցեց, որ տոնախմբություն չի լինի, բայց առավոտյան այլևս տեղումներ չկային, ու մեր սպասումներն արդարանում են։ Մինչև կեսօր գյուղի երեխաները գետի մոտ ջրում են բոլորին՝ միմյանց, գյուղապետին, մեզ, նույնիսկ ռուս խաղաղապահներին՝ իրենց բրոնետեխնիկայի վրա։ Սարոյանի «Հայ մկան» մոտիվներով բացօթյա տիկնիկային ներկայացում է ցուցադրում Շուշիի Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, որն այժմ շրջիկ է։ Ամենատարբեր վայրերից ժամանած հյուրերը, հատկապես՝ երեխաները, ներկայացման ժիր ու անմիջական մասնակիցներն են։ Հետո հերթը հասնում է Վարդան Պետրոսյանին․ նա կատարում է Առնո Բաբաջանյանի երգերից, ազնավուրյան երգերի թյուրաբյանական թարգմանությունները, ինչպես նաև նշանավոր «Հայ կանայքը» և նմանակումները։ Հատկապես հրճվում են երեխաները, որոնց հետ նա իր վաղուց մշակված հաղորդակցման ձևն ունի։

Մեզ հետ զրույցում դերասանն ասում է, որ Աղավնոն առանձնահատուկ, տարբերվող մի վայր է ու անպայման մոտ ժամանակներս կրկին կվերադառնա այստեղ՝ ցուցադրելու իր ներկայացումը։

Գետից քիչ վեր տոնավաճառային մեծ տարածք է՝ ամենալայն ապրանքատեսականիով՝ ժենգյալով հաց, չորացրած կանաչեղեն, լիբանանյան խոհանոցի խորտիկներ, տեղական քաղցրավենիք, խաղալիքներ, տարբեր հուշանվերներ՝ ավանդական նախշերով կախազարդեր, գոգնոցներ, ծածկոցներ։ Մոտակա գյուղից եկած մի կին ընտանիքը կերակրելու համար գնումներ է անում ու որպիսությունը հարցնողներին ի պատասխան կատակում․

-Լույս չունենք, գազ չունենք, ջուր չունենք՝ թուրք ունենք։

Աղավնոյում էլ Քաշաթաղի հյուսիսից եկող ջուրը հատուկ կտրել են, որ բնակիչները լքեն գյուղը, բայց նրանք չեն հեռանում։ Հիմա ջուրն ու էլեկտրականությունն ընդհատումներով են լինում։ Տեղացիներից ներշնչված՝ մենք էլ անտեսում ենք այդ անցողիկ անհարմարավետությունը։

Երեկոյան գետի հովտով կտրում-անցնում ենք մի քանի հարյուր մետր՝ ու մեր դիմաց՝ բարձունքին հառնում է Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Եկեղեցին հենց միջանցքի հարևանությամբ է, խաղաղապահների պահակակետին շատ մոտ։ Եկեղեցում երեկ կնունք է եղել և ներսում այցելուների համար մոմեր են դրված։ Երևի կկռահեք՝ թե ինչ ենք խնդրում Աստծուց․․․

Հաջորդ օրը շարունակում ենք մեր շրջագայությունը դեպի Արցախի խորքերը։ Աղավնոն ու Բերձորը հաշված կիլոմետրերով են իրարից հեռու, բայց Բերձորում բոլորովին այլ իրավիճակ է․ այս երկարաձիգ, մի քանի հաջորդական բլուրներին թառած քաղաքը ճնշող տպավորություն է թողնում, պատերազմից հետո շատերն են լքել այն։ Ամբողջ ճանապարհին սփռված ամենատարբեր հուշարձանները ու վեհապանծ Սուրբ Համբարձում եկեղեցին տխուր մտորումներ են ծնում․ ո՞ւմ համար է այս ամենը, արդյոք լավ չէր լինի ծախսված հսկայական գումարներն ուղղել քաղաքի պաշտպանունակության բարձրացմանը։ Հարցեր, որ երևի չունեն պատասխան, անզոր են դարերի ընթացքում աշխարհընկալման, ազգային բնավորության վերածված հատկանիշների հանդեպ․․․ Հե՜յ գիտի, Րաֆֆի, մենք այդպես էլ զենք չգնեցինք «սուրբ խաչերի և անոթների փոխարեն»։

Պատերազմից հետո չէի եղել Արցախում, առաջին հայացքից այն շատ չի փոխվել, միայն փոքրացել է, պակասել են հերոս հայորդիները, նրանց շիրիմներին հիմա եռագույնն է փողփողում․․․ Եթե առաջ մենք բարձունքներին էինք, ադրբեջանցին՝ ներքևում, հիմա նրանք են երբեմն վերևներում։ Ու ճանապարհին մի քանի անգամ խաղաղապահներն են անձնագիր հարցնում․․․

Երբ անցնում ենք Շուշիի կողքով, բոլորիս տրամադրությունը կտրուկ փոխվում է (նույնը տեղի է ունենում և վերադարձի ժամանակ)․ ուրախ ավտոբուսը լռում է, չնայած շատերի համար տեսարանը նոր չէ։ Օրվա վերջին՝ Մարտունու հերոսներից մեկին հարց եմ տալիս՝ ի՞նչ եք զգում ամեն անգամ Շուշիի կողքով անցնելիս։

Պատասխանն անսպասելի է․

-Դուք էլ տեսեք Շուշին այդպես, մենք էլ պիտի հա՛ տեսնենք, որ զգաստ լինենք, ոչինչ չմոռանանք, մտքներս արթուն պահենք․․․

Բայց նախքան այդ լինում ենք վերանորոգվող Ամարասում․ այն այժմյան սահմանին շատ մոտ է, բայց որևէ հայ՝ այցելելով այդ սրբազնագույն վայրը, դրա մասին չէ, որ մտածում է․․․ Մեսրոպ Մաշտոցի ոտնահետքերը կրող, քանի-քանի ասպատակություններ տեսած այս սրբավայրում չես կարող ժողովրդիդ ոգու հավերժությանը չհավատալ։

Ճանապարհին մեզ մի բացատ են ցույց տալիս․ այստեղ գալիս են բռնագրավված գյուղերի բնակիչները ու փորձում հեռվում տեսնել իրենց տները՝ արդյոք դրանք կան, բնակիչներ ունեն, ծխնելույզից ծուխ դուրս գալի՞ս է։

Հերոսական Մարտունի հասնում ենք երեկոյան․ հետաքրքիր հանդիպումներ, այցելություններ բարեկարգ մարզադաշտ, վնասված ու արդեն վերանորոգվող դպրոց, նորաբաց «Թումո» կենտրոն, եկեղեցի, այգի ու «օպերա», որը դաժան հրետակոծությունից հետո 44-օրյա պատերազմի խորհրդանիշներից մեկն էր դարձել։ Հիմա այնտեղ նռան փառատոն է նախապատրաստվում։ Երբևէ թշնամուն չհանձնված այս քաղաքում այսօր էլ թևածում է Մոնթեի հոգին։ Քաղաքապետ Ազնավուր Սաղյանը ու փոխքաղաքապետ Վիտյա Հովհաննիսյանը ոչ միայն մասնակցել են 44-օրյա պատերազմին (63-ամյա փոխքաղաքապետը՝ նաև նախորդ պատերազմին), այլև նույնիսկ չորս հոգով բարձունք են ազատագրել։ Քաղաքն այնքան տեսարժան վայրեր ունի, որ անպայման պիտի վերադառնանք այստեղ։ Բայց առանց այցելելու զոհված հերոսների հուշահամալիր և Նժդեհի հուշարձան, չենք կարող հեռանալ քաղաքից։

Հաջորդ օրվա առաջին կեսն անցկացնում ենք Ստեփանակերտում․ այնտեղ էլ կյանքը եռում է, հիրավի մայրաքաղաքային եռուզեռ է, ստեփանակերտցիները կեսկատակ ասում են, որ տեղում տուն վարձելն ավելի թանկ է, քան Երևանում։ Արցախում ու մասնավորապես Ստեփանակերտում մենք գրեթե չտեսանք հրետակոծության հետքեր, կենտրոնը բարեկարգ է, փողոցները՝ մաքուր, տեսարանները՝ գրավիչ։ Ծանոթանում ես պատահական մարդկանց․ մեկը հարազատին է կորցրել, մյուսը՝ առողջությունը, երրորդը տունն է կորցրել, ծնողների գերեզմանը, բայց մնացողները գիտեն ինչու չեն հեռանում իրենց բնօրրանից ու երբևէ չեն հեռանալու, ուստի ամեն մեկը համբերությամբ իր գործն է անում ու անկախ ամեն ինչից՝ ապրում մեծ հույսով․․․

Շրջանը եզրափակվում է։ Վերադառնում ենք Երևան ու չենք կարող ճանապարհին վերստին չայցելել Աղավնո։

Ի զարմանս մեզ՝ երեխաները և ուսուցիչները գույնզգույն պատկերներ են նկարել դպրոցի արտաքին պատին, ու այն ասես կերպարանափոխվել է։  

Վերջին օրը գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը կրկին հանդիպում է մեր խմբի հետ, այս անգամ՝ իր տան այգում։ Անվրդով է և հանգիստ, նրա խոսքը աֆորիստիկ է, հատու, պատրաստակամորեն պատասխանում է բոլոր հարցերին՝ առանց խուսափելու․ մտածում եմ. երևի Գևորգ Չավուշը, Հրայրը, Դումանը, մյուսները հենց այսպիսին են եղել, պարզապես մենք դժվարանում ենք մեր կողքին տեսնել, գնահատել կենդանի հերոսներին։ Երբ մատնանշում եմ նրա առաջնորդական ձիրքը, պատասխանում է, որ նախընտրում է վստահություն բառը ու ջանում է, որ իր հանդեպ եղած վստահությունն արդարացնի։ Ասում է՝ ամենից կարևորն աշխատանքն է. բոլորը պիտի զբաղված լինեն։

Ներկաներից մեկը հարցնում է․

-Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե անվտանգության նկատառումներով ոմանք լքեն գյուղը։

Անդրանիկը պատասխանում է, որ այդպիսի խնդիր չունեն։ Վերջապես, եթե իր ընտանիքը, երեխաները բնակվում են Աղավնոյում, ուրեմն այստեղ իրոք կարելի է ապրել։ Իսկ հետո՝ ցանկացողները թող հեռանան, ինքը դեմ չի լինի, թող նրանց փոխարինեն նրանք, որոնք պատրաստակամ են մնալ ու ապրել Աղավնոյում։ Իր մասին ասում է. «Սա իմ հայրենիքն է, ո՞ւր պիտի գնամ»։ Համոզված է, որ գաղափարները մագնիսի պես ձգում են մարդկանց։ Այն հարցին, թե արդյոք մեր զենքը որակական առումով զգալիորեն զիջում էր, նա գլուխը բացասաբար տարուբերում է․

-Պատերազմում առաջնայինը, կարևորը ոգին է, հետո՝ զենքը։

Երբ ծանոթացա Անդրանիկի հետ, չէի համարձակվում հարցեր տալ գյուղի ապագայի մասին։ Գլխումս անընդհատ մեկ միտք էր՝ կդիմանա՞ն արդյոք, չե՞ն լքի գյուղը։ Հետո, երբ հուշանվերների տաղավարում որոնում եմ գյուղի պատկերով սառնարանի մագնիս, վաճառողուհին անվրդով պատասխանում է․

-Ցավոք չկա, բայց լավ գաղափար է, մյուս տարի հաստատ կունենանք։

Թո՛ղ այդպես լինի։ Իրենք ինձնից լավ են ճանաչում իրենց գյուղապետին, համագյուղացիներին, որ հանձնվողներից ու ընկրկողներից չեն․․․

 

Աշոտ Գրիգորյան