Աղասի Խանջյանն ու հայ կինոն

«Տառապանքի գնով կայացավ հնագույն մշակույթի երկիր Հայաստանի և երիտասարդ մուսայի՝ կինեմատոգրաֆի հանդիպումը». Սուրեն Հասմիկյանի բնորոշումն է՝ հայ կինոյի ծնունդը փաստող:

Հայ կինոյի ծննդյան պաշտոնական տարեթիվը 1923-ի ապրիլի 16-ն է: Էկրանին հանձնվեցին հայ գրողների գործերը, իսկ հայկական կինոարվեստի ակունքներում էին արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Դզնունին և կինոռեժիսոր, դերասան, «Հայֆիլմի» հիմնադիր Համո Բեկնազարյանը: Հայկական կինոյի սկզբնավորումը նշանավորվեց Համո Բեկնազարյանի «Նամուս» մելոդրամով: Ֆիլմն աչքի ընկավ կինոլեզվի արտահայտչականությամբ, հայ ժողովրդի սովորույթների, բարքերի մանրամասները պատկերելու հավաստիությամբ: Հայկական կինոյի համր շրջանում նկարահանվել են «Զարե», «Շոր և Շորշոր», «Գիքոր» ֆիլմերը:

1935-ը շրջադարձային էր հայ կինոյի համար. էկրան բարձրացավ առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»: Հայ նշանավոր դերասաններն այս ֆիլմում խաղացին իրենց լավագույն դերերը: Ֆիլմը մեծ ճանաչում ունեցավ Հայաստանի սահմաններից դուրս:

Նախորդ դարի 30-40-ականներին հայ կինոն ունեցավ առաջին լուրջ ճգնաժամը, դա սակավաֆիլմության ժամանակաշրջան էր: Բայց և այս տարիներին էր, որ ստեղծվեցին «Զանգեզուր», «Դավիթ Բեկ», «Երկիր հայրենի» ֆիլմերը:

1950-ականների կեսից հայկական կինոյում սկսվեց նոր փուլ. ընդլայնվեց խաղարկային ու փաստագրական ֆիլմերի արտադրության ծավալը: Այս տարիները դարձան պրոֆեսիոնալիզմի վերականգնման ու գեղարվեստական որոնումների սկզբնավորման ժամանակաշրջան: Արդեն 60-ականների սկզբին արդյունքները չուշացան. «Տժվժիկ», «Տերտերին ուխտը» կարճամետրաժ ֆիլմերը ներառեցին նախկինում չյուրացված արևմտահայ իրականության նյութը: Հայ մշակույթի այդ ճյուղի անկրկնելի կոլորիտը, հումորի յուրահատկությունը նոր երանգներ բերեցին կինեմատոգրաֆ: Այդ ժամանակաշրջանում նշանակալից էին Դովլաթյանի և Մալյանի ստեղծագործական նվաճումները: 1965-66թթ. նկարահանված «Բարև, ես եմ» և «Եռանկյունի» ֆիլմերը շրջափուլային էին հայ կինոյի համար. ուշադրությունը սևեռվեց դեպի ժամանակակից անհատը: «Սարոյան եղբայրներ» ֆիլմում առաջին անգամ անսովոր մեկնաբանությամբ ներկայացվեց 20-ականների սկզբին Հայաստանում բռնկված քաղաքացիական պատերազմը: Այս տարիների ձեռքբերումներից են «Յոթ երգ Հայաստանի մասին» փաստավավերագրական կինոպոեմը, «Մարտիրոս Սարյան» վավերագրական էսսեն, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը: Շարունակվում են նաև դասական գրական երկերի հաջողված էկրանավորումները ՝«Խաթաբալա», «Քաոս»: Պոետիկ և հեղինակային կինոյի նոր բարձունքներ էին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» և Արտավազդ Փելեշյանի «Մենք», «Սկիզբ», «Տարվա եղանակները», «Կյանքը», «Վերջը» ֆիլմերը, որոնք համաշխարհային մակարդակի բարձրացրեցին հայ կինոն:

Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում է պահվում մի հետաքրքիր փաստաթուղթ՝ Դանիել Դզնունու՝ «Դեպքեր, դեմքեր» վերտառությամբ, որը փաստում է Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի՝ հայկական կինոարվեստի հարցերով զբաղվելու մասին: Ներկայացնում ենք փաստաթղթից հատված:

«Դեռևս 1929 թ. Ա. Խանջյանը առիթ է ունեցել զբաղվելու հայկական կինոարվեստի հարցերով: Այնուհետև, արդեն կենտկոմի առաջին քարտուղարի պոստում Ա. Խանջյանը ուշադրությամբ հետևել է հայկական կինոարվեստի առաջընթացին և գաղափարական ու գեղարվեստական ուղղություն տվել նրա աշխատանքներին: Դրա արդյունքն են, անկասկած, «Կիմը հերթապահ», «Սև թևի տակ», «Մեքսիկական դիպլոմատներ», «Քրդեր-եզդիներ» և այլ ֆիլմերի թողարկումը, որոնց թե’ սցենարական մշակման, և թե’ բեմադրության ընթացքում նա տվել է որոշակի ուղղություն ու ցուցումներ: Ա. Խանջյանի ղեկավար դերը Հայկինոյի ստեղծագործական կյանքում առավել լրիվ և կոնկրետ ձևով հանդես եկավ այն զրույցի ժամանակ, որ նա ունեցավ Հայկինոյի ստեղծագործական աշխատողների և Հայաստանի խորհրդային գրողների հետ 1935 թվին. «Հայաստանի կուլտուրական շինարարության նվաճումների մեջ իր աչքի ընկնող տեղն ունի նաև կինոն, ստեղծվել է խորհրդային կինեմատոգրաֆիայի Հայաստանի ջոկատը, որը օգտագործելով Ռուսաստանի առաջատար կինեմատոգրաֆիայի կատարած մեծ փորձը, միևնույն ժամանակ լայն հնարավորություն ունի հարստացնելու, և հարստացնում է Խորհրդային Միության կինոյի ասպարեզը»: Որպես Հայկինոյի խոշոր նվաճում Խանջյանը հիշատակում է «Նամուս», «Չար ոգի», «Խասփուշ», «Զարե», «Գիքոր» և «Մեքսիկական դիպլոմատներ» ֆիլմերը՝ ավելացնելով. «Մեծ սպասելիքներ ունենք շուտով ավարտվող, «Պեպո»-ից և ապա շարունակում է. «Քիչ չեն նաև այնպիսի նկարներ, որոնք թե իդեոլոգիական և թե գեղարվեստական տեսակետից միանգամայն խոցելի են հանդիսանում և արտահայտում են բուրժուական էսթետիկայի ազդեցությունը մեր կինեմատոգրաֆիայի վրա»: Ապա ընդհանրացնելով իր խոսքը Հայկինոյի արտադրության մասին, Խանջյանը նշում է. «Հայկինոն տվել է մի շարք նկարներ, որոնք աչքի են ընկնում իրենց սխեմատիզմով և տաղտկալիությամբ, չեն տալիս իրականության ճիշտ պատկերացումը, զուրկ են հուզականությունից և աններգործունակ են: Եզակի չեն այնպիսի նկարներ, որտեղ ռեալիզմը փոխարինվում է նատուրալիստական կենցաղագրությամբ»: Նշելով, որ Հայկինոյի լավագույն նկարները կլասիկների էկրանավորումներն են, Ա. Խանջյանը ասում է. «Մեր հեղափոխական անցյալը և, մասնավորապես, մեր սոցիալիստական հոյակապ շինարարությունը մինչև այժմ դեռ շատ աղոտ են արտացոլվել Հայկինոյի արտադրանքներում»: Հատուկ ընդգծումով է դնում Խանջյանը կինոկոմեդիայի և սատիրայի ստեղծման հարցը. «Մեր կոմեդիան պետք է տարբերվի բուրժուական, անբովանդակ կոմեդիայից: Խորհրդային կոմեդիան հանդիսանում է ոչ միայն բացասական երևույթների ժխտման, այլև դրական տիպերի հաստատման գեղարվեստական միջոց: Մեր մասսաների ուրախ ժպիտը, կենսախինդ, օպտիմիստական ծիծաղը պետք է զգացվեն նաև խորհրդային ուրախ ու ժպտացող կինոնկարները դիտելիս»: Աղասի Խանջյանի հիշյալ ելույթը դիրեկտիվ դեր խաղաց Հայկինոյի հետագա ամբողջ արտադրական կյանքում.

«Երբ հաջորդ տարվա հունիս ամսին Մոսկվայում զբաղված էինք «Պեպո»-ի հանձնումով և ցուցադրումների կազմակերպումով, իմացանք, որ մի քանի օրից Խանջյանը գալու է Մոսկվա: Մոսկվա հասնելու հաջորդ օրը Խանջյանը ցանկություն հայտնեց դիտել «Պեպո» ֆիլմը: Դիտումը կազմակերպվեց կինոյի գլխավոր վարչության պետի՝ Բ. Շումյացկու առանձնասենյակում, որտեղ բացի Խանջյանից ներկա էին նաև ուրիշ պատասխանատու աշխատողներ: Եվ որքան մեծ եղավ մեր ուրախությունը, երբ դիտումից հետո թե՛ Խանջյանը և թե՛ Շումյացկին իրենց գոհունակությունը հայտնեցին ֆիլմից: Սեղմելով Հ. Բեկնազարյանի ձեռքը, Խանջյանն ասաց. «Թույլ տվեք, սիրելի Համո, շնորհակալություն հայտնել Ձեզ այն մեծ աշխատանքի համար, որ Դուք կատարել եք էկրան բարձրացնելով Սունդուկյանի անմահ գործը: Ինձ առանձնապես դուր է գալիս այն, որ Դուք կարողացել եք ընդարձակել պիեսի շրջանակները և Ձեր արած բոլոր հավելումներով հավատարիմ մնալ Սունդուկյանին»:

Վերջին անգամ Ա. Խանջյանը հանդես է եկել «Զանգեզուր» ֆիլմի կապակցությամբ 1936 թվականին: Ակսել Բակունցը, հղանալով Զանգեզուրի քաղաքացիական կռիվների նյութերի հիման վրա սցենար գրելու միտքը, անհրաժեշտ համարեց նախապես հանդիպում ունենալ Ա. Խանջյանի հետ: Երբ երկար և համառ աշխատանքից հետո «Զանգեզուրի» սցենարը լրիվ պատրաստ էր, Ա. Խանջյանը նշանակեց նրա քննարկումը իր բնակարանում, որտեղ բացի հեղինակից, կենտկոմի բյուրոյի անդամներից ու Հայկինոյի ղեկավար աշխատողներից, ներկա էին նաև գրականության և արվեստի բնագավառում աշխատող որոշ ընկերներ: Սցենարի ընթերցումից հետո սկսվեց մտքերի փոխանակում: Ի թիվս այլ մասնակիցների արտահայտվեց նաև Ա. Խանջյանը: Նա գտավ, որ Բակունցին հաջողվել է գեղարվեստական բարձր վարպետությամբ պատկերել հայ ժողովրդի պատմառևոլյուցիոն պայքարի մի դրվագ, որ նա ստեղծել է թե ռևոլյուցիայի մարտիկների և թե հակառևոլյուցիոն ուժերի ներկայացուցիչների լիարյուն կերպարներ: Դրան զուգահեռ Խանջյանը նշեց նաև սցենարի որոշ թերությունները (հայ և ադրբեջանցի գյուղացիների եղբայրության ու համագործության թերի դրսևորումը), որոնք հավանություն գտան ներկաների կողմից և հանձնարարվեց Բակունցին այդ ուղղումները մտցնել սցենարում՝ համագործակցելով ֆիլմը բեմադրող Համո Բեկնազարյանի հետ»: