Աղասի Այվազյան․ անցյալի և ապագայի խաչմերուկում

«Եռանկյունի», «Հայրիկ», «Լիրիկական երթ», «Վառած լապտեր»։ Հավանաբար շատերին են քաջածանոթ գրող, դրամատուրգ, սցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ Աղասի Այվազյանի սցենարով, վերջին երկու ֆիլմերի պարագայում նաև ռեժիսուրայով նկարահանված հայ կինոյի պատմության մի մասը կազմող այս ֆիլմերը։ Դրանք իրենց գեղարվեստական ու գեղագիտական հատկանիշներով վաղուց դասվել են դասական ֆիլմերի շարքին՝ անջնջելի հետք ու ազդեցություն թողնելով ինչպես հայ կինոյի, այնպես էլ գրականության վրա։ Սակայն սույն հոդվածում մենք անդրադառնալու ենք Աղասի Այվազյանին՝ որպես դրամատուրգի, քննարկելով նրա երկու ոչ այնքան հայտնի ու չբեմադրված փոքրիկ պիեսները, որոնք իրենց բնույթով արտացոլում են անցյալի և ներկայի բախումը, ինչպես նաև ընդգծում հեղինակի հեռատեսությունը ապագայի նկատմամբ։ Այվազյանն իր «Աչքը ծոծրակին» և «Բիլիարդ» պիեսներում պատկերել, նկարագրել է այնպիսի իրավիճակներ, որոնք այսօր կարծես թե զարմանալի չեն, բայց միևնույն ժամանակ շարունակում են մնալ արդիական։ «Աչքը ծոծրակին» փոքրիկ խնդմնդուք պիեսը հայ դրամատուրգիայի ոչ այնքան հայտնի գործերից է, որն իր հոգեբանական խորությամբ և դրամատիկական լարվածությամբ քննարկում է ազգային ինքնության, պատմական հիշողության և ժառանգականության բարդ խնդիրները։ Պիեսի հիմնական թեման մարդու ներքին աշխարհի և արտաքին իրականության բախումն է։ Այն ներկայացնում է, թե ինչպես են մարդիկ, իրենց մեջ «ճնշելով» պատմական ճշմարտությունը, ապրում հորինված ինքնությամբ, և թե ինչպես է ի վերջո պայթում այդ «ճնշված» ճշմարտությունը՝ քանդելով անհատի կյանքն ու ազդելով ընտանեկան արդեն իսկ ձևավորված հարաբերությունների վրա։ Այվազյանը բարձրացնում է ժխտողական քաղաքականության, անհատական և ազգային ատելության, ինչպես նաև աբսուրդային աստիճանի հասնող այլ հարցեր։

Պիեսի սյուժեն, որը բաժանված է յոթ պատկերների, կառուցված է կոնկրետ պատմության շուրջ և ունի դինամիկ զարգացում՝ հակասությունից մինչև ամբողջական քաոս։

Առաջին պատկեր. Պիեսը սկսվում է պարզ միջադեպից. տան գլխավորը՝ Մազխար Շերիֆը, գտնում է հայ-թուրքերեն բառարան։ Այս բառարանը դառնում է կատալիզատոր, որը բացահայտում է նրա խորը մոլեռանդությունը և ատելությունը հայերի նկատմամբ։ Նրա համար այս «շայթանի գիրքը» հանդիսանում է իր կուռքերի՝ երիտթուրքերի ժառանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը։ Մազխարը ատելությամբ է վերաբերվում բառարանին՝ ասելով. «Մեր տանը ի՞նչ գործ ունի հայկական որևէ բան։ Ո՞ւմ է պետք հայկական բառարանը… Ո՞վ է գցել մեր տուն այս թույնը… Սա տեռոր է…»։

Երկրորդ պատկեր. Իրադարձությունների բուռն զարգացումը սկսվում է, երբ Մազխարի որդին՝ Արիֆը, և նրա ընկերը՝ Ուոլտը, հայտնվում են բեմում։ Ուոլտը, ի տարբերություն Մազխարի, ներկայացնում է արևմտյան, բաց մտածելակերպ, որը խորթ է թուրքական ավանդական արժեքներին։ Նրա ներկայությունը աստիճանաբար քայքայում է ընտանիքի արտաքին կայունությունը։

Երրորդ պատկեր. Ուոլտը Արիֆին պատմում է մի ծերունու մասին, որն իր մոտ պահում է մի լուսանկար, նման Մազխարի պապի լուսանկարին։ Ուոլտը Արիֆին ասում է, որ լուսանկարում պատկերված մարդը հայ էր։ Այս տեղեկությունը կասկածի տակ է դնում Արիֆի ամբողջ ինքնությունը։ Արիֆը, որը մինչ այդ հիացած էր հոր մոլեռանդությամբ, Ուոլտին ասում է. «Մի մոռանա, որ ես էլ թուրք եմ», սակայն միևնույն ժամանակ ցանկանում է հանդիպել ծերունուն։

Չորրորդ և հինգերորդ պատկերներ. Պիեսի հանգուցալուծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Մազխարը, տեղի տալով հոգին կրծող կասկածներին, որ իր պապը հայ է եղել, գնում է ռուս-թուրքական պատերազմում անդամալույծ դարձած հարյուրամյա Տարիկ ծերունու մոտ՝ ճշմարտությունը պարզելու։ Այս որոնումը վերածվում է ողբերգության, քանի որ ծերունին մահանում է, և Մազխարը չի կարողանում իմանալ ճշմարտությունը։ Նա հիասթափված հարց է տալիս ինքն իրեն. «Ի՞նչ իմանամ՝ ո՞վ եմ ես… Գուցե մի Սարգիս, կամ Աշոտ…»։ Նա սկսում է կորցնել իրականության զգացողությունը։

Վեցերորդ և յոթերորդ պատկերներ. Վերջաբանում մենք տեսնում ենք Մազխար աղայի նույն ժխտողական վերաբերմունքը իր ծագման նկատմամբ, անգամ այն պահին, երբ նա գտնվում է ցնորական իրականության մեջ, որն էլ ի վերջո հանգեցնում է նրա խելագարությանը։ Մազխար աղային տեղափոխում են խենթանոց։ Արիֆը հայտարարում է, որ իր մեջ «հայն է գլուխ բարձրացրել»։ Նա ասում է. «Իմ մեջ հայն է գլուխը բարձրացրել։ Չորս հազար տարվա հայը։ Իմ մեջ նա է խոսում։ Ներգոյիս հիշողությունը կենդանի է։ Նա ձայն է տալիս և նրա ձայնը անհաղթահարելի է։ Ես չեմ կարողանում դիմադրել, նրա ձայնը հզոր է, նրա ձայնը ճեղքում է ժամանակը»։ Այս խոսքերը խորհրդանշում են այն ճշմարտությունը, որը որքան էլ «ճնշված» լինի, անկախ ամեն ինչից միշտ վեր է հառնում և բացահայտվում։

Պիեսի կերպարները մարմնավորում են այս բախման տարբեր կողմերը։ Մազխար Շերիֆը հարուստ թուրք է, որը ծայրահեղ աստիճանի է պաշտպանում իր թուրքական ինքնությունը։ Նա ներկայացնում է պատմական ժխտողականությունը, որն ատելությամբ է վերաբերվում անցյալի ցանկացած հետքի։ Նրա կերպարն արտահայտում է ատելության կործանարար ներգործությունը մարդու հոգեկան առողջության վրա։ Արիֆը հակադրվում է հորը. նա նոր սերնդի ներկայացուցիչ է, որն ավելի բաց է աշխարհի նկատմամբ։ Նա կասկածի տակ է դնում հոր արժեքները և փնտրում իր սեփական ճշմարտությունը։ Ուոլտ Հեյլին պիեսում հանդես է գալիս որպես կատալիզատոր։ Նա օտար է, և նրա կերպարը մարմնավորում է արևմտյան ազատամիտ մտածելակերպը։ Նա առանց որևէ դիտավորության բացահայտում է ընտանիքի ներքին ճգնաժամը։ Խալիդե խանըմը ներկայացնում է հասարակության այն հատվածը, որը փորձում է խաղաղություն պահպանել՝ խուսափելով կոնֆլիկտներից։

Պիեսը հագեցած է բազմաթիվ խորհրդանիշերով, որոնք խորացնում, առավել իմաստալից ու բազմաբովանդակ են դարձնում պատումի գաղափարական ու գեղարվեստական արժեքը։ Հայ-թուրքերեն բառարանը խորհրդանշում է հայկական մշակույթի, պատմության և ինքնության «ներխուժումը» թուրքական «մաքուր» միջավայր։ Պապի լուսանկարը մարմնավորում է «ճնշված» և մոռացված անցյալը, որը հանկարծակիորեն հայտնվում է և քանդում ներկան։ Տարիկ ծերուկը խորհրդանշում է անցյալի կենդանի հիշողությունը, որը պահպանում է ճշմարտությունը, իսկ նրա մահը Մազխարի մոտ հուսահատություն է առաջացնում, քանի որ մահվան հետ թաղվում է հնարավոր ճշմարտության բացահայտումը։ Վերջապես, պիեսի «Աչքը ծոծրակին» խորագիրը խորհրդանշում է անցյալի մշտական ներկայությունը և այն փաստը, որ հերոսները չեն կարողանում առաջ շարժվել, քանի դեռ չեն բացահայտել իրենց անցյալը։

Այսպիսով, «Աչքը ծոծրակին» պիեսը հայ դրամատուրգիայի կարևոր դրսևորումներից է, որը քննում է ազգային ինքնության և պատմության բարդ հարցեր՝ ցույց տալով, որ ժխտումը և ատելությունը հանգեցնում են հոգեկան խանգարումների և ընտանեկան ճգնաժամերի առաջացմանը։

Աղասի Այվազյանի հաջորդ «Բիլիարդ» փոքր պիեսը հայ դրամատուրգիայի կրկին ոչ այնքան հայտնի գործերից է, որը հեղինակի բնորոշ ոճով՝ ֆարսային, երբեմն պարադոքսալ հումորի և փիլիսոփայական ենթատեքստի միջոցով բացահայտում է հայ իրականությանը բնորոշ որոշակի հարցեր։ Պիեսն իր շուրջն է հավաքում փոքր բիլիարդանոցի միջավայրին պատկանող տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների՝ թատրոնի դերասան, անցյալում հզոր Գնդապետ, քրեական աշխարհի «Կլոուն» մականունով առաջնորդ, մարմնավաճառ Մարա, գող-ռեցիդիվիստ Վոբլ, ցինիկ Ծաղրանկարիչ, և «պարտիայի» ընթացքը վերահսկող Մարկյոր: Այս անհատների միջև տեղի ունեցող երկխոսությունները, խաղը և նրանց գործողությունները ոչ միայն անհատական բախումներ են, այլև ամբողջ հասարակության, նրա արժեքների և հոգեբանական վիճակի խտացված արտացոլանքը։

Պիեսի սյուժեն պարզ է և ուղիղ: Բիլիարդի նկուղային սենյակում գիշերով հավաքվում են մի խումբ մարդիկ։ Գործողությունները կենտրոնացած են Կլոունի և Գնդապետի միջև տեղի ունեցող բիլիարդի «մեծ խաղի» շուրջ։ Սակայն իրական խաղը բիլիարդի գնդերով չէ, այլ իշխանության, արժանապատվության և անցյալի հաշիվների մաքրման մոտիվները։ Այս խաղի ընթացքում հայտնվում է գող-ռեցիդիվիստ Վոբլը, որը թաքուն փորձում է ատրճանակը փոխանցել ամեն օր բիլիարդանոց այցելող միամիտ և տարօրինակ մի երիտասարդի՝ Դատարկաշրջիկին: Պիեսի վերջում պարզվում է, որ այդ ատրճանակը կապ ունի մի գրողի կամ նկարչի սպանության հետ, ինչը ավելի է սրում մթնոլորտը և բացահայտում հերոսների մութ գաղտնիքները։ Պիեսի հիմնական թեմաները ներառում են մարդկային արժեքների անկումը, անցյալի և ներկայի բախումը, արվեստի և ուժի հակասությունը, ինչպես նաև անհատի անկումը անարդար և ցինիկ իրականության մեջ։

Անցյալի և ներկայի բախումը պիեսի հիմնաքարն է։ Պիեսում հին ժամանակների խորհրդանիշը Գնդապետն է՝ ԿԳԲ-ի նախկին աշխատակիցը, որն իր մտածելակերպով մնացել է անցյալում։ Նրա և ներկա քրեական աշխարհի առաջնորդ Կլոունի միջև եղած «մեծ խաղը» ներկայիս հասարակության խտացված մոդելն է: Պիեսում իրենց վառ դրսևորումներն են գտել նաև արվեստի աշխարհի ներկայացուցիչները՝ Դերասանն ու Ծաղրանկարիչը: Նրանք պարզապես արվեստի գործիչներ չեն, այլ նախկին դիսիդենտներ, որոնք հարմարվել են նոր իրականությանը և ծառայում են «ուժեղներին»։ Երբ Դերասանը փորձում է արդարացնել արվեստագետների անբարոյականությունը, Գնդապետը նրան հարցնում է. «Դու չե՞ս երգել Մեֆիստոֆելի արիան. «Люди гибнут за металл… Сатана там правит бал…»»: Այս խոսքերն ուղղակիորեն արտահայտում է այն անհերքելի իրականությունը, որ գումարը և իշխանությունը փչացրել են նույնիսկ արվեստը։

Այվազյանի պիեսում երկխոսությունները ստեղծում են լարված, երբեմն անմիջական, բայց միշտ խորը ենթատեքստ ունեցող մթնոլորտ։ Երկխոսությունները սուր են, իսկ երբեմն նաև բացահայտ ծաղրական։ Կերպարները հաճախ խոսում են անցյալի և ներկայի տարբերությունների մասին՝ ընդգծելով, թե ինչպես է հասարակությունը փոխվել։ Օրինակ՝ Գնդապետը Մարկյորին ասում է. «Իմ ձեռքի տակի խլնքոտ լեյտենանտը էսօր ազգային ժողովում է նստել ու քիթն է քչփորում… Ինձ թոշակ են տալիս… Լավ է՝ չեն նստեցրել…»։ Այս խոսքերն արտահայտում են նախկին իշխանավորի ողբերգական վիճակը, որն իրեն անտեղի է զգում նոր իրականության մեջ։ Պիեսի երկխոսությունները լի են հեգնանքով և ցինիզմով։ Երբ Գնդապետը Մարային վիրավորում է, վերջինս պատասխանում է. «Ոչ թե ձեռքերդ են ամուր, այլ ուրիշ բանդ է թուլացել, Գնդապե՛տ… Դա կոչվում է իմպոտենցիա…»։ Այս կտրուկ պատասխանը ոչ միայն անձնական վիրավորանք է, այլև նախկին ավտորիտար համակարգի թուլացած ուժի խորհրդանիշ։ Նույն կերպ Կլոունը, ամբողջովին տեղյակ լինելով հանցագործության մասին, հեգնանքով ասում է Գնդապետին. «Գնդապե՛տ, դու լավ գիտես, ես խաբեբա՛ եմ, ֆոկուսնի՛կ եմ, խաղամո՛լ եմ, ժանգլյո՛ր եմ, մականունս էլ Կլոուն է, բայց մարդասպանության հետ գործ չունեմ…»։ Այս խոսքերը հեգնանքի գագաթնակետն են, քանի որ Կլոունը, հասկանալով, որ Գնդապետն է իրականում իշխողը նոր աշխարհում, իրեն անմեղ է ներկայացնում։

Այվազյանը վառ և հիշվող կերպարների միջոցով է կառուցում իր դրամատուրգիական աշխարհը։ Մարկյորը պիեսի հանգուցային կերպարն է, որն իբրև թե չեզոք, բայց իրականում բոլորին ճանաչող և ամեն ինչ հասկացող անձ է։ Նա հին սերնդի ներկայացուցիչ է, որի բլուզի վրայի «ծակերը» խոսում են անցյալի մարտերից և շքանշաններից։ Սակայն նա այսօր ստիպված է ապրել բիլիարդանոցի «կեղտը մաքրելով»։ Գնդապետը՝ նախկինում իշխանության գագաթին գտնվող այս մարդը, հիմա թոշակառու է, որի պարծենկոտությունն ու վիրավորանքը արտահայտում են իր նախկին իշխանության կորուստը։ Նրա կերպարը խորհրդանշում է անցյալի ավտորիտար համակարգի փլուզումը և վերջինիս ներկայացուցիչների անօգտակար լինելը նոր իրականության մեջ։ Կլոունը նոր ժամանակների «հերոսն» է՝ արտիստ, խաբեբա, ֆոկուսնիկ, որն իշխում է ուժի և փողի միջոցով։ Նա ցինիկ է, սրամիտ և վստահ, կարող է վերահսկել ցանկացած իրավիճակ։ Նրա կերպարը հասարակության այն հատվածի արտացոլանքն է, որն ունի իրական իշխանություն՝ առանց բարոյական սկզբունքների։ Պիեսի ամենախորհրդավոր և ողբերգական կերպարը Դատարկաշրջիկն է, որին ոչ ոք չի նկատում։ Նա միայն դիտող է, որը փորձում է հասկանալ «ճիշտն ու սխալը», «ուժեղն ու թույլը»։ Նրա անունը խորհրդանշում է իր «դատարկ» վիճակը։ Պիեսի վերջում նա դառնում է անմեղ զոհ՝ հանցագործության գործիք։ Դատարկախոսը կերպար է, որը հիշեցնում է հասարակության այն հատվածի մասին, որը անտեսված է, բայց որի անմեղությունը և միամտությունը օգտագործվում են այլոց կողմից։

Այվազյանի «Բիլիարդ» պիեսը փոքր ծավալով, բայց մեծ ասելիք ունեցող ստեղծագործություն է։ Այն մերկացնում է հասարակության թերությունները՝ բացահայտելով անցյալի և ներկայի, բարոյականության և ցինիզմի միջև եղած հակասությունները։ Պիեսը ոչ միայն արտացոլում է անհատների՝ միմյանց միջև ձևավորված բախումները, այլև արտացոլում է այն պատճառները, որի հետևանքով անհատական արժեքները քայքայվում են և դառնում աննշան, նոր, անբարոյական աշխարհում։ «Բիլիարդ»-ը ողբերգական ֆարս է, որը ստիպում է հանդիսատեսին և ընթերցողին մտածել իրենց ապրած իրականության մասին՝ այս կեղծ ու ցինիզմով հագեցած բիլիարդանոցում խոսելով ճշմարտության, ուժի, արվեստի և ի վերջո՝ մարդու անմեղության ու ճակատագրի մասին։

Այսպիսով, «Աչքը ծոծրակին» և «Բիլիարդ» պիեսները չնայած իրենց փոքրածավալ կառուցվածքին, այնուամենայնիվ աչքի են ընկնում դրամատիզմով, հոգեբանական խորը շերտերով, կերպարների վառ, փիլիսոփայական դրսևորումներով, թեմաների բազմաշերտությամբ, երկխոսությունների հակիրճ, բայց դիպուկ, ինչպես նաև սիմվոլների ու խորհրդանիշերի ակտիվ կիրառումներով։ Այվազյանի պիեսներում շոշափվող հարցերը մինչ օրս մնում են արդիական։ Դրանք մեր անցյալի ու ներկայի յուրովի մեկնաբանումներն են, և ո՞վ գիտե, գուցե նաև՝ մեր ապագայի։

 

Հասմիկ Ավետիսյան