Աղասի Այվազյան-քարոզիչը՝ «Զանգվածեղ Տարոնը» նովելի համատեքստում

2007 թվականի աշնան սկզբին, մահից շաբաթներ առաջ էր, Աղասի Այվազյանն իր անտիպ պատմվածքներից երկուսն ինձ հանձնեց: Զգալով ժամանակի սղությունը նա  կամենում էր իր վերջին գործերը տպագրված տեսնել և, իհարկե, տեսավ «Հայոց Աշխարհ» օրաթերթում, որտեղ այդ տարիներին աշխատում էի։ Հենց այստեղ էլ լույս էին տեսել մեր բազմաթիվ զրույցները, որոնք 2013-ին, ես ամբողջական գիրք որպես  ներկայացրեցի ընթերցողին՝ «Հայաստան» հրատարակչության հետ մեծ սիրով կազմելով ու ձևավորելով  «Հանդիպումներ Աղասի Այվազյանի հետ»՝ տարիների ընթացքում ունեցածս բազմաբովանդակ զրույցները։

Վերը նշածս անտիպ գործերից մեկը՝ «Զանգվածեղ Տարոնը», որն, ավելի շուտ նովել կարելի է համարել, վերնագրից սկսյալ, ինչպես 2007-ի այդ օրերին ծրագրային արժեք ուներ, այնպես էլ, և բազմակի ավելի՝ հիմա ունի։ Այն պատգամի հանգույն է, հայության և հայի հայրենիքի նշանային էության մասին․․․

Ինչո՞ւ Տարոն և ինչո՞ւ զանգվածեղ։ Աղասի Այվազյանի պարագայում՝ ոչինչ պատահական չի կարող լինել։ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառ։ Տունը Հայոց։ Տարոն գավառի Հացեկաց գյուղում է ծնվել հայության ազգային ինքնության պահպանման ամենանշանային երևույթը, այրը, կերպարը՝ Մեսրոպ Մաշտոցը․․․ հայերեն գրերը գտանողը, հայտնաբերողը և ստեղծողը, նաև՝ հայ ինքնուրույն թարգմանական գրականության սկզբնավորողը, հայագիր դպրոցի հիմնադիրը:

Տարոնը եղել է Հայկական լեռնաշխարհում կազմավորված առաջին միասնական պետության՝ Ուրարտուի կարևոր ազգագավառներից մեկը, առաջնակարգ դեր խաղացել նրա տնտեսական, քաղաքական և հատկապես կրոնամշակութային կյանքում։

Զանգվածեղության մեկ այլ դրսևորում է այն, որ միջնադարյան աղբյուրներում Տարոն գավառում հիշատակվում է 150 բնակավայր․․․

Վերը թվարկածը փաստերն են, իսկ համատեքստի գաղափարաէաբանական նշանակությունը Աղասի Այվազյանը ամենայն բծախնդրությամբ և հոգեվերլուծողի իր տաղանդով է արտահայտում։

Նովելի նախաբանը /էքսպոզիցիան/ ուշագրավ է առաջին հերթին նրանով, որ բնավ իսկ չի ենթադրում սյուժեի՝ անպատկերացնելի զարգացումը։ Դեպքերի արագ ընթացքը․․․

Խնայդրամարկղում հանդիպում են երկու տղամարդիկ, որ հոսանքի վարձը վճարելու էին եկել։ Տարոնը, որ առաջինն էր տեսել հերթում կանգնած իր մի ծանոթին՝ ժամանակին՝ բավական ծանոթ ճարտարագետ, որի անունը չի կարողանում մտաբերել՝ Գևո՞րգ էր, Ալֆրեդ, Էդիկ, թե՞ Ֆիլիպ․․․ Այստեղ, Աղասի Այվազյանը, պարզորոշ է, որ միտումնավոր է  ցայտուն օտար անուններ թվարկում՝ իբրև «հայկական» բնորոշելով և շեշտելով, թե՝ «մարդու ուղղաբնի պահոցում այդքան իրար նման հայկական անուններ հիշելու համար մի ողջ քարտարան է պետք ունենալ»։ Նրա այս ակնարկն, անշուշտ, նովելի համատեքստում անկարևոր պահ չէ։

Ինչևէ։ Նա մտածում է՝ եթե հին ծանոթն իրեն նկատի և զրույցի բռնվեն, մի կերպ, առանց անունը տալու տակից դուրս կգա։ Սակայն առաջինը նա է նկատում Տարոնին, մոտենում,  և, ըստ ամենայնի՝ նույնպես մոռացած լինելով Տարոնի անունը, նրանք երկուսն էլ միմյանց դիմում են «բան ջան» անհարմար, բայցև՝ փրկարար դիմելաձևով։ Եվ ահա, Տարոնի հարցին, թե՝ ո՞ւր էր կորել, վաղուց չեն հանդիպել, վերջինս Տարոնի դիտողունակ բնորոշմամբ՝ «փայլածող աչքերով» պատասխանում է, որ ինքն էստեղ չի եղել, Գերմանիայում էր․․․

Երկու ծանոթների երկխոսությանը այս նախադասությունը սպասողական երանգ է հաղորդում՝ հարցից հարց և հարցից պատասխան՝ ըստ էության, պայմանավորելով դեպքերի ընթացքը։ Այդ պահից էլ, թերևս, սկզբնավորվում է երկուսի ներքին հակադրությունը, որն այդ փուլում տեսանելի չէ դեռ և, ըստ ամենայնի, գործող անձինք էլ չգիտեն․ այն կռահման մակարդակում է․․․

-Ես Գերմանիայում էի՝ մի տեսակ անհամբերությամբ արտաբերեց նա։

-Գիտե՞ս, ի՞նչ երկիր է․․․Աղջիկս Դրեզդենում է ամուսնացել, և ես ամիսներով մնում եմ նրա մոտ․․․Գերմանիայում․․․

Այս վերջին բառը այնպես շեշտեց, որ Տարոնին թվաց, թե նրա ակնահատերը խոշորացան։ Նա շուրջը նայեց, բերանը ծռեց և օդավորեց․

-Զզվել եմ այս երկրից...

Երկրի հանդեպ՝ Տարոնի մտահորիզոնից դուրս այս խոսքերն արտաբերելով՝ Տարոնի վաղեմի ծանոթն իրեն դնում է որոշակիորեն կոնկրետ կաղապարի մեջ, ընդ որում, և՛ բառերը, և՛ բառերի արտաբերումը, և դիմախաղը, ընդհանուր առմամբ՝ ժեստիկուլյացիան՝ արդեն շատ բան են ասում մարդու կազմախոսության մասին։  

Տարոնը ներքուստ կռահելով դիմացինի մտքի հետագա ընթացքը, փորձ է անում վանել նրա ասելիքը․

-Ո՞ր երկրից․․․Գերմանիայի՞ց, վարանանքով վրա բերեց Տարոնը, որպեսզի չասվի այն, ինչ ենթադրվում էր խոսքի շարունակության մեջ, բայց․․․

-Ի՞նչ ես ասում՝ ա՛յս երկրից՝ Հայաստանի՛ց․․․ Սա հո երկիր չի․․․ Սա հո ժողովուրդ չի․.. Մնում է ազգս փոխեմ...

Իր կյանքի և ստեղծագործության առաջմղիչ ուժը Հայաստանն ու հայությունը համարող Աղասի Այվազյանը այսերկրային կյանքին հրաժեշտից առաջ «Զանգվածեղ Տարոնը»  խորհրդանշական վերնագրով, իրապես՝ մանիֆեստի հանգույն նովելի մեջ հայությունից կամովին հրաժարվող կամ ինքզինքն օտարող ազգակցին և մարդուն՝ իր գաղափարակից-հերոսի՝ Տարոնի միջոցով ոչ թե հայրենասիրական դասեր է տալիս, այլ փորձում է պարզ և առարկայական բացատրել ամենակարևորը։

Ներկայացնելու նրա կերպը լոզունգայինը չէ, հոգեբանական-վերլուծական արձակն է՝ գեղագետին հատուկ տաղանդով՝ մարդուն ներսուդրսից բացող-բացահայտող․․․ Ի դեպ,  ինքն այն կարծիքին էր վաղուց, որ «Սյուժետային գրականության ժամանակն անցել է, այսօր փաստի, վերլուծության ժամանակն է», ինչի լավագույն կիրառողն ինքն էր, որ  հայ ժամանակակից արձակը նկարագրականից վերլուծական և հոգեբանական հարթության մեջ դնելով՝ առաջ բերեց բազում երիտասարդ հետևորդների․․․

«Զզվել եմ այս երկրից․․․» և «Մնում է ազգս փոխեմ․․․» մտքերին ի պատասխան՝ «դառնաժպիտով» լեցուն Տարոնի հարցին՝ «Գերմանացի՞ դառնաս»՝ պայմանական Էդիկը տարբերակներ ուներ՝

-Այո՛․․․ գերմանացի՛․․․ Թեկուզ՝ ֆրանսիացի․․․ Թեկուզ՝ ալբանացի․․․ Միայն թե՝ հայ չլինեմ․․․

«Զզվել եմ էս երկրից, մնում է ազգս փոխեմ․․․»՝ այս և այս կարգի ինքնաժխտման և ազգուրացության տեքստերը հիմնահատակ ջարդուփշուր անող Տարոնի կերպար-նախատիպն էր մինչիմահ անկախ Հայաստանով ապրող Աղասի Այվազյանը։ Մարդկային էությունը վերլուծողի, հոգեբանության և կենսաբանության խորքերը մինչև խորացողի ներհատուկ ընթացքով է տանում գրողը նովելի շարունակությունը։

Տարոնի լռությունը խոսքից ուժեղ էր, հայհոյանքից ավելի վարկաբեկ։ Այնուամենայնիվ, մի խոսք դուրս պրծավ Տարոնի բերանից․

-Դու հա՛յ չես․․․

Այս շեշտված-որոշիչ տոնայնությամբ ասված ժխտական, դիմացինի ազգությունն ու հայությունը մերժող նախադասությամբ Տարոնը ոչ միայն դիմացինի, այլև՝ ընթերցողի համար էլ շատ անսպասելի՝ նովելի կորը բարձրացնում է վերին աստիճանի և ․․․տևական ժամանակ այդ աստիճանի վրա պահում։

Ուշագրավ, է, որ երբ Տարոնը հայությունից փախչող- պայմանական՝ Էդիկի երեսին ուղիղ ասում է՝ «Դու  հայ չես», վերջինիս մոտ արդեն սկսում են  ինքնապաշտպանական բնազդն ու պահպանական մեխանիզմները գործել։ Եվ վերջինս ակամա անցնում է հակադրվելու փուլին՝

-Ո՞նց թե՝ հայ չեմ, բա ի՞նչ եմ։

-Ես ի՞նչ իմանամ․․․

Մինչ՝ «Ասա՝ բա ի՞նչ եմ»՝ Էդիկի համառ պնդումը պատասխանի է սպասում, ընդ որում,   թվում է՝ հոգեբանական գրոհի վայրէջքի փուլն է այլևս․․․ սակայն Տարոնը անխնա է՝  հիմնական ապտակից հետո պայմանական Էդիկին նոր հարված է հասցնում՝ իր իսկ խոստովանությամբ՝ անսպասելիորեն։

Ասա՝ «Բա ի՞նչ եմ»՝ Էդիկի համառ հարցի պատասխանը դաժան է՝ 

-Դիա՛կ ես․․․

Իհարկե, Տարոնը կարող էր իր ծանոթին բնորոշելու համար այլ բառ օգտագործել, ասենք՝ դու «ոչինչ ես» կամ «անգո արարած ես», բայց նման դեպքերում՝ լեզուն մտքից առաջ ընկնելով արտաբերում է այն ճիշտ բառը, այն, որ հատկանշական է համարում Տարոնը։

Աղասի Այվազյանի տեսակետն այս հարցում հստակ է՝ եթե հայն ուրանալով ազգ ու երկիր՝ իր հայ լինելուց և հայրենիքից փախչում է, նա ոչ միայն հայ, այլև՝ մարդ կոչվելու իրավունք չունի՝ դիակ է։ Բնական է, որ  «երկիրը երկիր չէ», «ամաչում եմ, որ հայ եմ» մտայնությունը կրողների հետ նա անհաշտ պիտի լիներ, ինչպես որ է՛ր իր ողջ կյանքում։

Պատումի հետագա ընթացքում Էդիկը չի կարողանում դուրս գալ հոգեբանական ինքնպաշտպանության տիրույթից, որն արտահայտվում է մի դեպքում նեղացածի կեցվածքով՝ «դու ինձ նեղացնե՞լ ես ուզում» ապա՝ «հը՜մ», «հը՜մ»,  պարբերաբար կրկնվող ձայնարկումների միջոցով, ի վերջո՝ Տարոնի գնահատմամբ՝ «մեծամտական» ժեստերով և տոներով։

Ոչ մտերիմ այդ մարդուն, այսպես ասած՝ իր ընկերների ընկերոջը նեղացնելու միտք չուներ Տարոնը, նույնիսկ՝ դիմացինին հասկացնելու համար «դիակ» բառը համեմատում է «ինքնաոչնչացման» հետ, այդու՝ փորձելով նրան հիմնավորապես բացատրել իր վիճակի իսկությունը, թեպետ զգալով նաև, որ ավելորդ է իր խոսքը։

Տարոնի մտքերի ընթացքով և կապակցություններով, ըստ էության՝ տեսությամբ՝ Աղասի Այվազյանը Էդիկի մտայնությունը, ավելի ճիշտ՝ մտածողությունը կրող բազմաթիվ հայերի էր մեկնում, բացատրում, քարոզում այն, ինչ պիտի ի սկզբանե ամեն հայի գիտակցության և ենթագիտակցության մակարդակներում ներդրված լիներ, ընդ որում՝ պետականորեն։

Լեռան քարոզչի (Ավետարան ըստ Մատթեոսի․ Լերան քարոզը) հանգույն, հարկադրական, հրամայական ոճի փոխարեն նա հորդորաբար է կոչում դիմացինին ներքին վերափոխության․․․

-Կուզե՞ս՝ ես իմ մասին կասեմ նույնը, այսինքն, ե՞րբ կարող եմ դիակ դառնալ․․․

Դիմացինի՝ արդեն հերթական «հը՜մ» ձայնտուքին ուշադրություն չդարձնելով Մեծ Հայքի Տարոն գավառի անվանակիր Տարոնը այսպես է շարադրում իր ուսմունքը և կամ՝ տեսությունը․

-Ես մի փոքրիկ մասնիկն եմ զանգվածի․․․ Միլիոնավոր բջիջներից մեկն եմ Հայի․․․

Մեծ Հայի, որ ազգ են կոչում․․․

Մեծ Հայը ապրում է շատ հին ժամանակներից․․․ Ասում են՝ չորս հազար տարի․․․ Ասում են՝ հինգ հազար տարի․․․ Բայց դա չէ կարևորը․․․ Կարևորն այն է, որ նա ի՛ր կյանքն ունի․․․ Եվ ես նրա կազմախոսության մասն եմ․․․ Յուրաքանչյուր բջիջ ապրում է նրա մեջ և ապրեցնում է նրան․․․ Բջիջի մահվանից հետո Հայը շարունակում է գոյել․․․ Եվ ես շարունակում եմ իմ կյանքը նրա մեջ․․․ Քանզի ես նրա մասնիկն եմ․․․

Հասկանո՞ւմ ես, ես նրանից դուրս փոշիանում եմ․․․ Ես չեմ կարող լինել․․․

Բջիջները, ինչպես հայտնի է, վերականգնվելու հատկություն ունեն, վերականգնվում են, նորանում են․․․ Բայց վերականգնվում են միայն Մեծ Հայի մեջ․․․ Եվ ես նրանց մեջ եմ․․․ Ես հին ու նոր բջիջների զանգվածն եմ․․․ Իմ մեջ է նաև Հայի ամբողջությունը․․․

Տարոնի միջոցով Աղասի Այվազյանը Մեծ Հայի գոյության շարունակականության հայեցակարգ է սահմանում՝ մեր օրերում, ցավոք` խաթարված։ Մեծ Հայն իր ընդհանրական կյանքն այսօր չունի, քանի որ նրա կազմախոսության մասնիկները բրոունյան շարժման մեջ են՝ առանց մեկ ընդհանուր նպատակի։ Եվ միայն Մեծ Հայի մասն ու մասնիկը հանդիսացող առանձնյակների շնորհիվ է, որ Հայը շարունակում է գոյել։

Թերևս, հենց բրոունյան անկանոն շարժման պատճառով է, որ Աղասի Այվազյանը «թնջկված» թելի հետ է համեմատում Տարոնի խոսքը։ Թել, որի ծայրը ձեռքից փախչում է անընդհատ․․․

Ինչպես Այվազյանի բոլոր գործերին է հատուկ, այստեղ էլ նա որպես ստեղծագործական աշխատանքի սիրած պահ՝ հայերենի բառարաններում նիրհած բառերին նոր կյանք է պարգևում․ թնջկված թել, ուղղաբուն, փայլածող, աչքահատել, օդավորել, արտաքնահարդար, ցուցահանել, ձայնտուք և այլն․․․

․․․Օքսիդավերականգնումը կենսաքիմիական խոսույթ է, բայց պարզեցնելով այն, կարելի է բացահայտել, որ հայության հետ կատարվող գործընթացներն ուղղակի օքսիդացման են տանում նրան, այլ ոչ՝ վերականգնման։

Աղասի Այվազյանն այս նովելը 17 տարի առաջ է գրել, բայց այնժամ էլ, ինչպես այսօր, հայ իրականության վերլուծական միտքը, որի կրողն է նաև նովելի հերոսը՝ Տարոնը, տեսությունը բացատրել-պարզաբանելով, քարոզելով չի պայմանավորում այն, ինչ լինելու է։ Լինելու՛ գործոնով է պայմանավորում։

Իսկ նրա այս մտքերի ընթացքի՝ լավագույն դեպքում պասիվ ունկնդիր Էդիկը, որ սպասում էր իր խենթավուն ծանոթի մտքերի հեղեղի վերջին, ուղղակի «ներողամտորեն» հարցնում է՝ «վերջացրի՞ր»։ Որ հետո ասի՝ դե, ես գնացի։ Տարոնի՝ ո՞ւր՝ հարցի  պատասխանն էր՝ «տուն», միայն թե՝ որտե՞ղ էր Էդիկի տեսակի հայի տունը, հասկանալի չէր․․․

Մեծ հաշվով, այս փոքրածավալ ստեղծագործությամբ Այվազյանը լուրջ խնդիր է առաջ քաշում, որն է՝ ազգային-պետական կոնցեպտի, գաղափարի բացակայությունը։ Այս կարևորի և անհրաժեշտի գիտակցումը պիտի միավորեր ազգին, որի շուրջ պիտի քարը քարի վրա դնելով կառուցվեր և մշտապես վերանորոգվեր ազգային միասնությունը։

․․․Նովելի ավարտը շատ տիպիկ է և լակոնիկ, որի միտք բանին,  Տարոն-Էդիկ երկխոսությունից անդին է․․․ Փաստ է, որ Աղասի Այվազյանը դեռ մահից առաջ այդ անհրաժեշտ երկխոսության կարևորությունը զգալով այն սկսել էր․․․ Քանզի Տարոնի կամ տարոնական ուսմունքը պայմանական՝ Էդիկի գլխում վաղ մանկության, պատանի տարիներին էր պետք «նստեցնել»։ Միայն այդ կերպ «Տուն» ասելով երկու հայ միմյանց կհասկանային։

Իսկ հասկանալու համար հայն այվազյանական ուսմունքի տրամաբանությամբ պիտի ապրի ու գիտակցի․․․ այն, որ Հայաստա՛նն է կենտրոնաձիգ ուժը յուրաքանչյուր հայի և հայության, Հայաստա՛նն է՝ հավերժական գոյատևող հայկական «ձագարը»․․․

Այս քարոզչությունը նա արեց մինչև իր կյանքի վերջը՝ իր գրականությամբ, ֆիլմերի վերածված սցենարներով, իր իսկ ռեժիսորությամբ ստեղծված ֆիլմերով։ Իր նկարչությամբ։ Իր խմբագրած թերթով՝ «Հայություն»։ Իր հարցազրույցներով, հրապարակախոսությամբ․․․

Աղասի Այվազյան՝ քարոզիչը․․․

 

Անահիտ Եսայան