Աբովյանի շրջագայությունները Լատվիայի տարածքում

Դորպատում անցկացրած հինգուկես տարիները Խաչատուր Աբովյանի համար ոչ միայն եվրոպական կրթություն ստանալու, երևելի գիտնականների հետ շփվելու, այլև նոր վայրերում շրջելու և այլ ժողովուրդների կենցաղին, բարքերին ծանոթանալու հնարավորություն էին։ Այդ ընթացքում (1830-1836 թթ․) նա տարբեր ուղևորություններ է նախաձեռնել, որոնցից առնվազն երկուսը՝ Լատվիայի տարածքում, որն այն ժամանակ բաժանված էր Կուռլանդիայի և Լիֆլանդիայի նահանգների միջև (վերջինում էր ներառված նաև Դորպատը)։ Օգտվելով Աբովյանի օրագրային գրառումներից՝ փորձել ենք վերականգնել նրա ճանապարհորդության երթուղին և այցելած բնակավայրերի այժմյան անվանումները։ Լատվիայում Աբովյանի նկարագրած բազմաթիվ տեսարժան վայրեր և կառույցներ պահպանվել են մինչև օրս։

Ռիգան՝ որպես Լիֆլանդիայի կենտրոն, սկզբում Աբովյանի ուշադրությունը գրավում է մեկ այլ առիթով․ նրա դորպատյան օրագրերում (դրանք հիմնականում գրված են գրաբարով) կարդում ենք, թե ինչպես քրիստոնեական բարեսրտությունից մղված՝ նա 1831-ին ջանում էր օգնել հիվանդանոցում պառկած մի լքված չերքեզի, և ռուս մի մայորի միջոցով փորձում էր Ռիգա դիմել, որպեսզի հիվանդն օգնություն ստանա։

1832 թ․ հունիսին Աբովյանն առաջին անգամ ճանապարհորդում է Լատվիայի տարածքով և հասնում մինչև Պոնիմոն (գյուղ Լիտվայում)՝ հյուրընկալվելու իր բարեկամ Թեոդոր Գրասի կալվածքում (Գրասը հետազոտում էր Լիվոնիայի գյուղատնտեսությունը)։ Հունիսի 12-ի առավոտյան Աբովյանը Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդլենդերի հետ կառքով մեկնում է Դորպատից։ Նա որոշում է ճանապարհի մի մասը անցնել հետիոտն՝ ավելի մոտ ճանաչելու տեղի բնակիչներին և բնությանը։ Նրանք անցնում են Ուդերն, Գոյգաց, Տեյլից, Գուլդեն փոստակայաններով՝ կանգ առնելով տիկին ֆոն Հենի ագարակում և Վալքենում (այն այժմ կիսված է երկու մասի՝ էստոնական Վալգա և լատվիական Վալկա)։ Այստեղ ստիպված հին ձիերը փոխում են նորերով և շարունակում են ճանապարհը։ Երբ սկսվում են լատիշներով (լետեր) բնակեցված տարածքները, Աբովյանը նկատում է, որ լատիշները միանգամայն տարբերվում են թե՛ լեզվով, թե՛ տեսքով, թե՛ դրությամբ, և ավելի բարվոք վիճակում են, քան էստոնացիները։ Շտաքեից (այժմյան Ստրենչի) սկսած՝ ճանապարհն էլ դառնում է ավելի հանգիստ ու բարեկարգ։ Հեռվում երևում են «գագաթք բարձր շինվածոց»․ դա Վոլմար (ներկայիս Վալմիերա) քաղաքն էր։ Աբովյանն այցելում է իր սիրելի ուսուցիչ Վալտերի հարազատներին։ Գուիդո Վալտերը երիտասարդ բանասեր և աստվածաբան էր, որը գերմաներեն և պատմություն էր սովորեցրել Աբովյանին ու նրանից առել հայերենի դասեր։ Նա պատրաստվում էր այցելել Հայաստան և գերմաներեն թարգմանել Խորենացու «Հայոց պատմությունը», սակայն 1831-ի սեպտեմբերին վրա է հասնում վաղաժամ մահը։ Աբովյանը ողբում է ուսուցչի մահը՝ նրա հիշատակին նվիրելով բանաստեղծություն։

Վալտերի հարազատները մեծ գուրգուրանքով են ընդունում Աբովյանին ու նրա ուղեկցին․ վերջիններս հանգստանում, ապա՝ թեթևակի ճաշում են՝ ձվածեղ, խորոված, քաղցրահամ թխվածքներ, գինի։ Երբ Աբովյանն այցելում է Վալտերի մեծ քրոջը, սգակիր կինն արտասվում է․ նրան տեսնելով՝ լալիս է և Աբովյանը, խնդրում, որպեսզի իրեն ուղեկցեն դեպի իր ուսուցչի գերեզմանը։ Դրանից հետո Վալտերի փեսան Աբովյանին ցույց է տալիս քաղաքի տեսարժան վայրերը՝ ձորը, դանդաղ հոսող գետը՝ շրջապատված մայրիներով, 12-րդ դարի եկեղեցին, ամրոցի փլատակները։ Խոխոջուն գետը Աբովյանին հիշեցնում է իր հայրենիքը․․․ Նրան հյուրասիրում են ղահվեով (ղայֆա), ափսոսում, որ քիչ է մնում Վոլմարում, առաջարկում վերադառնալ ավելի երկար ժամանակով։ Աբովյանն ու Ֆրիդլենդերը նախ այցելում են վերջինիս աշակերտին, ապա գնում տեսնելու Լիֆլանդիայի («որ երկրորդ Շվեցարիա կոչի») գեղատեսիլ բնությունը, մտնում են անտառ, որը Աբովյանին կրկին իր մանկությունն է հիշեցնում՝ հորական այգին։ Այսպես նրանք հասնում են հանդարտընթաց Աա (ներկայիս Գաույա) գետին։ Այնտեղ հանդիպում են շվեյցարական օրինակով շինված մի տուն, «անդ աշտարակն կարմրագույն և վաղեմնի»․ կարծում եմ, խոսքը Տուրաիդայի ամրոցի մասին է, քանի որ այդ տարածքում՝ Գաուայի մոտակայքում, ուրիշ նման աշտարակ չկա։ 10-ամյա մի երեխա ցույց է տալիս նրանց տեղանքը։ Ֆրիդլենդերը՝ Աբովյանի պես կրթության նվիրյալ, իհարկե, հարցուփորձ է անում երեխային՝ նրա ուսման մասին։

Շնորհիվ դիպուկ, պատկերավոր նկարագրության և օգտագործված տեղանունների ժամանակակից փոխարժեքների՝ եզրակացնում ենք, որ խոսքը Սիգուլդայի շրջակայքի մասին է: Զարմանալ կարելի է, թե այդ այսօր էլ վայրի՝ անտառածածկ, բլրոտ տեղանքում ինչպես են Աբովյանը և Ֆրիդլենդերը սիրտ արել զբոսնել։

Մի գյուղացի օգնում է նրանց անցնել գետը և առաջնորդում է Նուրմիս (ներկայիս Վիլդոգա)․ ամբողջ ճանապարհը ծառերի միջով է, միայն այս ու այն կողմում երևացող ապառաժները մի փոքր հիշեցնում են «հայրենի կողմանց մերոց»։ Այսպես, Աբովյանն ամեն տեղ հայրենիքն է հիշել։ Լյառն ի վեր բարձրանում են դեպի բարեկարգ Նուրմիս, որի տիրակալն է անգլիացի մի կոմս։ Ելնում են մինչև 80 ոտնաչափ բարձրությամբ աշտարակի տանիքը և դիտում շրջակայքը։ 4 ժամ է տևում շրջապտույտը, ոտքով անցնում են 20 կիլոմետրից ավելի․ անընդհատ անձրև էր տեղում, զբոսաշրջիկները կորում են, հետո կորցնում իրար, հետո վերագտնում, անցնում են գետը, որում Աբովյանը լողանում է։ Բոլորը սաստիկ թրջված են, կոշիկը հարել է Աբովյանի ոտքը։ Իջևանավայրում ճաշելուց հետո կրկին մտնում են ձոր, Աբովյանը, ինչպես հայրենիքում, պառկում է փորի վրա և քարայրից բխող աղբյուրից ջուր ըմպում։ Ծանոթանում են Կրեմոնին (Կրիմուլդա)․ այստեղ էլ Լատվիային բնորոշ տեսարաններ են՝ անձրև, գեղատեսիլ բնություն, դղյակ, ագարակ և եկեղեցի։

Գիշերը կառքով մեկնում են Ռիգա․ ցուրտ է՝ թեյով են տաքանում։ Ճանապարհի երկու կողմում տնկված են ուռենիներ, կառուցված են «վայելուչ» հյուրանոցներ։ Գրառումներում Աբովյանը համեմատում է լատվիական տարածքները էստոնականների հետ, նշում, որ Լատվիայում ճանապարհներն ու կառույցներն ավելի բարեկարգ են, մարդիկ՝ ավելի շփվող։

«Քարահատակյալ» Պետերբուրգյան (այժմ՝ Բրիվիբաս) փողոցով առավոտյան ժամը վեցին մտնում են Ռիգա։ Հեռվում երևում են «զբարձրագագաթ շինվածս քաղաքին»: Ըստ Աբովյանի՝ Ռիգայի միջնադարյան դղյակ-ամրոցը (ներկայում՝ նախագահի նստավայր)  չի տարբերվում հայկական ամրոցներից և շրջապատված է ջրով լի փոսով։ Փոխարենը նրան զարմացնում են քաղաքի սրածայր շինությունները, նեղ փողոցները, գոթական ոճի՝ բարձր, նեղգագաթ, դեղնագույն կամ սպիտակ, մեծամասամբ քարաշեն տները, ինչը «ցուցանե զհնություն քաղաքին»։ Իջևանում են Ռիգայի գլխավոր՝ «Պետերբուրգ» հյուրանոցում, որը գտնվում էր ամրոցի դիմաց և այսօր էլ զարդարում է Հին քաղաքը։ Աբովյանից առաջ այնտեղ իջևանել էին շատ անվանի հյուրեր, այդ թվում՝ Նիկոլայ Կարամզինը, որի որդիների հետ Աբովյանը պիտի շուտով ծանոթանար, և Վասիլի Պուշկինը։ Մոտակայքում դյուներն էին, գետի վրայով անցնում էին նավերը․․․

Նույն առավոտյան այցելում է Շմիդի (ներկայիս՝ Գերտրուդես) փողոցի նրբանցքներից մեկում գտնվող իր բարեկամ Թեոդոր Գրասի եղբոր՝ Վիլհելմի տուն։ Ջերմագին ընդունելության է արժանանում, Գրասի եղբայրն այնպիսի խոր ու իմաստալից զրույց է վարում, որ չի զգացվում նրա՝ վաճառական լինելը։ Այս տնից էլ իր բարեկամ Էրմերի հետ Աբովյանը գնում է քաղաքին ծանոթանալու, շրջում է Դաուգավա գետի մոտ, զննում փայտյա կամուրջը, որից աջ՝ օտար երկրների նավերն են, ձախ՝ ռուսականները։ Նրանց ճաշկերույթին մասնակցում է Ռիգայի ճեմարանների տնօրեն, պատմաբան Էդուարդ ֆոն Նապիերսկին, ուրիշ ուսուցիչներ։ Ուսուցիչներից մեկը Աբովյանին խոստանում է ծանոթացնել մի վաճառական հայի հետ։ Աբովյանը շատ է ոգևորվում Ռիգայում իր ազգակցին տեսնելու հեռանկարից, բայց երբ վաճառականի մոտ են գնում, պարզվում է, որ նա Կազանի թաթար է, ուղղակի բոլորը նրան հայ են համարում։

Երբ կրկին այցելում է Վիլհելմ Գրասին, ներկաները կրկին պատվում են Աբովյանին, գովում նրա աշխուժությունն ու առողջ տեսքը, կարճ ժամկետում գերմաներենին տիրապետելը և առոգանությունը․ «պարոն Աբովյանն այնպես արտասանե որպես գերմանացի ոք»։

Այսպես ամբողջ օրը Աբովյանն ու Ֆրիդլենդերը հյուրընկալվում են տեղացի մտավորականներին, իսկ գիշերը ուշ շարժվում Ռիգայից դեպի հարավ-արևմուտք։ Երբ լուսանում է, Աբովյանի աչքերի առջև հառնում է մի տեսարան․ տուն տան վրա՝ «վայելուչ օրինակավ շինյալ», այգեստաններով և բուրաստաններով զարդարված, բոլոր լուսամուտներին՝ ծաղիկներ․․․ Ամառ է, բայց՝ ցուրտ․․․ Միայն իր բարեկամ Ֆերդինանդ Վիդեմանին տեսնելու միտքն է ջերմացնում Աբովյանին։ Անցնելով 40 վերստ և երկու կայարան, առավոտյան հասնում են Միտավա (ներկայիս Ելգավա)․ Աբովյանը հավանում է հերցոգի (դուքսի) ապարանքը՝ «շինված պատվական առ գետով»։ Վիդեմանները դեռ քնած են, Աբովյանը թողնում է իր իրերը և գնում կաթոլիկ եկեղեցի, որտեղ պատարագ էր։ Նշենք, որ հերցոգի ապարանքը պահպանվել է, իսկ կաթոլիկ եկեղեցու տեղում նորն է կառուցվել։ Երբ վերադառնում է Վիդեմանների տուն, առաջինը հանդիպում է նրա կնոջը․ ուզում է ձեռքը համբուրել, բայց նա առաջ է բերում իր «հրեշտակային դեմքը», և ինքն էլ է համբուրում Աբովյանին․ «անմահական խնդություն ծավալեցավ հոսկերս իմ»։ Հետո դուրս է գալիս նրա քույրը՝ «օրիորդն հրաշագեղ»․ Աբովյանը համբուրում է նրա ձեռքը, նա՝ Աբովյանի այտը։ Ուրախ է և ինքը՝ Վիդեմանը։

Լեզվաբան, ուգրո-ֆիննական լեզուների ականավոր մասնագետ Վիդեմանը ևս Աբովյանից հայերենի դասեր էր առել․ որպես դասագիրք օգտագործվում էր Եղիշեի «Վարդանանց պատմությունը»։ Հետագայում Վիդեմանը գրաբարով նամակ է գրել Աբովյանին։ «Երբ պրոֆեսոր Ֆրիդլենդերը ինսպեկտորի կարգավիճակով եկավ այստեղ, նա իր հետ բերեց իմ բարեկամ Աբովյանին՝ ազգությամբ հայ, որն իհարկե ինձ մոտ էր ապրում այն ողջ ժամանակը, քանի դեռ Ֆրիդլենդերը Միտավայում էր»,- տարիներ անց վերհիշել է Վիդեմանը։ Վիդեմանները բնակվել են բարենորոգչական եկեղեցու մոտ՝ Զեեշտրասսե (ներկայիս Ուզվարաս) փողոցում, որը, ցավոք, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծամասամբ ավերվել է:

Նստում են ղահվե խմելու, ապա Վիդեմանի կինը և նրա քույրը՝ օրիորդ Յուլիեն, Աբովյանի ուղեկցությամբ գնում են շուկա։ Տոնավաճառում Աբովյանը տիկնոջ և օրիորդի համար գնում է ականջօղեր՝ ուրախություն պատճառելով նրանց։ Այստեղ անցկացրած երեք օրերի ընթացքում Աբովյանը հասցնում է լինել նաև օպերային թատրոնում։ Գիշերում է աթոռներից շինված մահճակալի վրա, կողքի սենյակում քնում է օրիորդը․ առավոտյան դռան ճեղքից Աբովյանը տեսնում է նրան՝ անկողնում պառկած, ոսկեթել վարսերը տարածված բարձի վրա։ Աբովյանը մտածում էր, որ օրիորդը սիրում է իրեն, քանի որ ամուսնական սիրո մասին խոսելիս նա մի քանի անգամ ասել էր․ «Ինչո՞ւ չեք մնում մեր աշխարհում․ եթե ձեզ հաճելի է այստեղ, ինչու ձեր գանձը (սիրելիին) այստեղ չե՞ք որոնում»։ Դատելով օրագրերից՝ Աբովյանը երկմտել է, բայց ո՛չ, մնալ չէր կարող, շատ էր կարոտել հայրենիքը, և հետո՝ Ֆրիդրիխ Պարրոտին խոստացել էր հայ մնալ, զբաղվել հայրենակիցների լուսավորությամբ։ Բաժանման օրը բոլորը խիստ տխուր էին․․․ Աբովյանը ստեպ-ստեպ հետ է նայում՝ նրա սիրտը չէր կամենում բաժանվել բարեկամներից, մինչև իսկ վերադառնում է՝ մոռացել էր շնորհակալություն հայտնել աղախնին․․․

Ճանապարհը նորից տանում է Ռիգա, քանզի ուղիղ Պոնիմոն մեկնել չի ստացվում։ Քաղաքապետի ամրոցում Աբովյանն այցելում է Կարլ Գրասին (Գրասի մյուս եղբայրը), որն առաջարկում է սպասել՝ մինչև իր եղբայր Թեոդորը կլինի Ռիգայում։ Անհամբեր հայը չի կարող սպասել, նա ուզում է հետիոտն գնալ։ Աբովյանը վերստին հանդիպում է Նապիերսկուն, զրուցում հայոց գրականության մասին ու ճաշում։ Աբովյանի խնդրանքով Կարլ Գրասը թղթի վրա գծում է ճանապարհը մինչև Պոնիմոն ու որոշ ժամանակ ուղեկցում Աբովյանին։ Օրը կիրակի է․ տարբեր կողմերից լսվում է երգեհոնի և երգի ձայնը, պարում են նույնիսկ ծառաներն ու աղախինները։ «Օտար կողմեր, օտար ազգեր, օտար լեզուներ, հրեաներ, լետեր»․ բոլորը զարմանքով են նայում անսովոր ճանապարհորդին։ Գիշերը հասնում է Քեքաու (Կեկավա), հաջորդ օրը՝ անցնելով 40 վերստ՝ իջևանում է Նեուգուտում (Վեցմուիժա, Վեցումնիեկիի շրջան)՝ պարոն Հարֆի մոտ, որին նամակ էր գրել Կարլ Գրասը։ Կրկին ջերմագին ընդունելություն՝ ղահվե, «սուխարի», բազում հարցեր Հայաստանի մասին, նախաճաշ․ ծանոթանում է Հարֆի տանեցիների՝ կնոջ, «օրիորդ հրեշտակատիպ» դստեր և մանկահասակ որդու հետ։ Հարֆն Աբովյանին խնդրում է երբևէ այս կողմերով անցնելիս հյուրընկալվել իր մոտ ու նրան է տրամադրում իր բաց կառքը՝ կառապանով ու երկու ձիերով։ Այսպես, Աբովյանը ստիպված չի լինում ամբողջ ճանապարհը ոտքով գնալ։ Շյոնբերգից (Սկայստկալնե) հետո հրեաների օգնությամբ անցնում են Մեմել (Նեմունելիս) գետը, որը սահմանային է Լատվիայի և Լիտվայի միջև և շուտով հասնում Պոնիմոն (Didžioji Panemunė, Մեծ Պանեմունե՝ այսօր գրեթե լքված)։ Երկու օր իր բարեկամ Թեոդոր Գրասի մոտ հյուրընկալվելուց հետո Աբովյանը նրան և մի լեհ երկրաչափի ուղեկցում է hետ՝ Ռիգա։ Քաղաք են մտնում վճարովի կամրջով։ Այս անգամ Աբովյանին առիթ է ընծայվում ի դեմս Գրասի եղբոր՝ Վիլհելմի, ուսումնասիրել գերմանացի վաճառականի կյանքն ու կենցաղավարությունը։ Վիլհելմի խանութը նրա տան առաջին հարկում է։ Նա, ինչպես և քաղաքում ապրողների մեծամասնությունը, արթնանում է առավոտյան ժամը 7-ին և նախաճաշից հետո անցնում գործի։ Իր հետ ճաշելու հրավիրում է աղքատ և օտար մարդկանց։ Սիրում է երաժշտություն, գիտություն, պրոֆեսորների հետ զրուցում է՝ ինչպես նրանցից մեկը։ Ունի ընտիր գրադարան, տունը մաքուր է, ծառաները՝ համեստ․․․ Մյուս առավոտյան հյուր են լինում աստվածաբան Մեյերի մոտ, ապա մտնում մի հոլանդական նավ։ Մեյերը և բանաստեղծ Գլազզենոբը (Ֆրիդրիխ Գլազենապ) Աբովյանին ուղեկցում են Սուրբ Պետրոսի (Պետերի) եկեղեցի և բարձրանում գմբեթը, որի գագաթին խաչի փոխարեն աքաղաղ է․ «այսպիսի հրաշալի շինված հիրավի արժանի է տեսության»։ Սուրբ Պետերի եկեղեցին Ռիգայի ամենաբարձր եկեղեցին էր՝ կառուցված գոթական ոճով։ Քաղցրատես մի օրիորդ նրանց պտուտակավոր սանդուղքով վեր է առաջնորդում։ Ամբողջ քաղաքը, շրջակայքը, փոքր երևացող մարդիկ, նավերը, «անդ գետն ահեղ, անդ ծովն շամանդաղապատ» փռվում են Աբովյանի առջև։ Երգում են մի քիչ, Գրասը փորագրում է Աբովյանի անունը երկաթյա գմբեթի վրա, ապա թնդում է ժամացույցը։

Մի քանի օրից Աբովյանն այցելում է քաղաքի տոնավաճառ, զարմանում, թե որքան շատ են վաճառող և գնորդ կանայք, գովաբանում քաղաքի կանանց գեղեցկությունը։ Ցերեկը սայլով լքում են քաղաքը․ ճանապարհը ցեխոտ է, Աբովյանը երբեմն ոտքով է գնում։ Քաղաքից 8 վերստ հեռու նրան ցույց են տալիս Բրանդենբուրգի շաքարի ֆաբրիկայի մեծ շենքը և ջաղացը՝ լճի կողքին (ներկայումս Ռիգայի Բիշմույժա թաղամաս)։ Ֆաբրիկայի տերն աշխատողներին այնքան է վճարում, որ յուրաքանչյուրը կարողանա իր ընտանիքը պահել, շրջակայքում նրանց համար կառուցել է տներ և երեխաների համար վարժարան։ Հասնում են Քեքաու, այստեղ Աբովյանի գութը շարժում է մի գեղեցիկ օրիորդ, որը ճանապարհին ըմպելիք է վաճառում, նրանք ծանոթանում են, աղջիկը ճանապարհորդներին իր սենյակ է հրավիրում, Աբովյանը պատմում է Հայաստանի մասին, քաղցրավենիք է նվիրում։ Գարեջուր են խմում ու դուրս գալիս, Աբովյանն առաջարկում է ինքը վարել ձին, բայց անզգույշ է լինում ու ձին մեկ այլ ձիու է ընդհարվում․ այստեղ վարձատրության դիմաց նրանց օգնության են հասնում մի լատիշ և մի ռուս գյուղացի։

Գիշերը պայծառ լուսնի ներքո սպիտակ մառախուղը դաշտի վրա նրան ծով է թվում ու ծառերը՝ կղզի։ Ճանապարհն ավելի լավն է, այն հարդարում են լատիշ գյուղացիները, Թեոդոր Գրասն ամենուր շնորհակալություն է հայտնում նրանց, իսկ նրանք գլուխ են տալիս։ Ճանապարհին կրկին լինում են պարոն Հարֆի մոտ, Րեշենհոֆ ագարակում (Ումպարտե), որի տիրուհին Նոր Նախիջևանում վայելել է հայերի հյուրասիրությունը ու սիրով Աբովյանին ցույց է տալիս իր «արքունի» տիրույթները և շրջակայքը։ Ապա մոտենում են Շյոնբերգին, անցնում գետը և հասնում Պոնիմոն։

Վերադարձի ճանապարհը կրկին անցնում է Լատվիայով։ Հուլիսի 11-ին Աբովյանը Շյոնբերգում է․ «բնակիչք ի մեծի մասի հրեա»։ Այցելում են երկգմբեթ կաթոլիկ եկեղեցին (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գմբեթները քանդվել են, սակայն բուն եկեղեցին այժմ էլ գոյություն ունի), որը զարմացնում է իր անխնամությամբ, ապա գնում են ծառի տակ գինի խմելու։ Գրասի քրոջ՝ Լոտեի հանդեպ տածած սերը տանջում է Աբովյանին, նա զգալիորեն անտրամադիր է, ամեն ինչ խորթ է թվում նրան՝ ուղեկից հրեայի պահվածքը, Նեուգուտը, նույնիսկ Ռիգան, որտեղ կրկին հյուր է գնում Նապիերսկուն։ Վիլհելմ և Կարլ Գրասերը առաջարկում են Աբովյանին վերադառնալ Պոնիմոն, սակայն ժամանակը քիչ է, ու նա որոշում է վերադառնալ Դորպատ, ուր հասնում է հուլիսի 14-ին։

Հաջորդ ուղևորությունը Լատվիայով դեպի Պոնիմոն տեղի ունեցավ 1833թ․ ամռանը։ Ցավոք, այս անգամ Աբովյանի օրագրային գրառումները հակիրճ են։ Հայտնի է, որ հունիսին նա Ռիգա է հասնում իր բարերարի՝ Ֆրիդրիխ Պարրոտի հետ (նահանգային կենտրոնում պետք էր համաձայնեցնել Աբովյանի ուսման ժամկետի երկարաձգումը), և հյուրանոցում տեղ չլինելու պատճառով նույն կողմերում՝ ամրոցի մոտ մի դերձակի տան երրորդ հարկում նրանք սենյակ են վարձում։ Աբովյանին զարմացնում է, որ արհեստավորը եռահարկ տուն ունի։ Ինչևէ, տունը կեղտոտ էր, սպասարկումը՝ վատ, ղահվեն՝ անհամ։ Հաջորդում են ընկերական հանդիպումները Գրաս եղբայրների (Թեոդոր Գրասը եկել էր Ռիգա՝ դիմավորելու Աբովյանին), Դիսբուրգի և ուրիշների հետ, այցելությունը օրիորդաց ուսուցիչ Մելցերին՝ քաղաքի արվարձանում։ Ռիգայի ծառուղիները և փողոցները լի են զբոսնողներով, տարբեր տեղեր նստած տիկնայք հովանում են օրվա տապից։

Աբովյանը հրաժեշտ է տալիս Պարրոտին ու Թեոդոր Գրասի հետ մեկնում Պոնիմոն։ Առաջին կանգառը Քեքաուի պանդոկում էր, սակայն իր հավանած աղջիկը Աբովյանին չի ճանաչում։ Այս անգամ էլ նա խղճահարում է Աբովյանին․ պանդոկը լի է «բարեկամովք արաղի», թղթախաղի սիրահարներով։ Նա ուրախ է, որ հայերը կանանց նման կյանք վարել չեն թույլատրում։

Ճանապարհին այցելում են նաև պարոն Հարֆին․ նույն հյուրասիրությունն է, նրանց կերակրում են, հանգստանալու համար սենյակ են հատկացնում, Աբովյանին վարդ են նվիրում, սակայն հյուրընկալող ընտանիքը անչափ տխուր է․ մահացել է իրենց ուսանող որդին։ Գիշերը անցնում են Մեմել գետը՝ դեպի Պոնիմոն։

Վերադարձի մասին գրառումներ չկան, բայց հաստատապես Լատվիայի տարածքով պիտի անցած լինի։

Ըստ Վիդեմանի հուշերի՝ Աբովյանը Միտավա է այցելել նաև Ֆրիդրիխ Պարրոտի հետ` «վերջինիս վերաքննչական ուղևորության միջոցին», սակայն այս այցելության մասին այլ վկայություններ չկան։ Թերևս դա տեղի է ունեցել հենց 1833-ին։ Մյուս կողմից, հնարավոր է, դա պատահել է ավելի ուշ (1833 թվականից հետո Աբովյանի օրագրային գրառումները պակասում են, իսկ 1835 թ․ մարտից հետո գրառում չկա)։ Բանասեր և պատմաբան Արտաշես Աբեղյանն էլ նշում է, որ  Գուիդո Վալտերի ավագ եղբայրը՝ աստվածաբան, «Աբովյանի սիրելի ուսուցիչ» Յուլիուս Վալտերը մահացել է Դորպատում, «բայց թաղվել է Վոլմար (Լատվիա)»։ Խաչատուր Աբովյանը ներկա է գտնվել թաղմանը և այդ առիթով իր «Հիշատակարանում» համառոտ նկարագրել է թաղման ծեսերը գերմանացիների մոտ» («Հայրենիք» ամսագիր, № 12, 1965)։ Սա քիչ հավանական է և թերևս շփոթության արդյունք․ Յուլիուսը մահացել է 1834 թ․ դեկտեմբերին, նա չի եղել Աբովյանի ուսուցիչը, որևէ գրառում նրա թաղման մասին Աբովյանի հրատարակված օրագրերում չկա։

1939 թ․ օգոստոսին Աբովյանի հետքերով Դորպատից Ռիգա է ժամանում Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Արտաշես Աբեղյանը։ Նա երկու նպատակ ուներ․ նախ՝ բարձրանալ Պետերի եկեղեցու գմբեթը, որտեղ Աբովյանը եղել էր 1832-ին, «Թեոդոր Գրասի եղբոր հետ միասին, և ուր վերջինս փոխադրել է նրա՝ Աբովյանի անունը։ Եվ ապա՝ Աբովյանն ուզում էր հանդիպել Ֆրիդրիխ Պարրոտի թոռնուհիներին, որոնք բնակվում էին Ռիգայում» («Հայրենիք» ամսագիր, № 3, 1966)։ Ջերմ հանդիպումը շուրջ երեք ժամ է տևում․ Պարրոտի ժառանգներն ուրախանում են, որ կյանքում առաջին անգամ մի հայի են տեսնում՝ Աբովյանի հայրենակցին։ Նրանք Աբեղյանին ցույց են տալիս իրենց պապի հետ կապված վավերաթղթեր, այդ թվում՝ հայերեն գրություններ։ Հաշված օրեր անց սկսվում է Երկրորդ համաշխարհայինը։ 1941 թ․՝ Սուրբ Պետրոսի հիշատակի օրը, հրո ճարակ է դառնում Պետերի եկեղեցին, փայտյա գմբեթն այրվում ու ցած է ընկնում։ Միայն 1973-ին դրա փոխարեն տեղադրվում է նորը, վրան՝ երգող ժամացույց, այս անգամ պատրաստված Հայաստանում՝ Աբովյանի հայրենիքում․․․ Կյանքն, իսկապես, անհետաքրքիր կլիներ առանց զարմանալի զուգադիպությունների։

 

Աշոտ Գրիգորյան

 

Նկարները՝ հեղինակի․

1․ Հին Ռիգան Պետերի եկեղեցու գմբեթից

2․ Սուրբ Պետերի եկեղեցին Ռիգայում

3․Դքսերի պալատը Ելգավայում

4․Տուրաիդայի ամրոցը

 

... ... ...