2500 փրկված ցուցանմուշներ` ԳԱԹ-ում
Մարկոս Գրիգորյանի նվերը հայրենիքին
Գրականության և արվեստի թանգարանի հիմնական ցուցադրության մասն է «Միջին Արևելքի արվեստ» խորագրով հատվածը: Թանգարանի երեք ցուցասրահներ ներկայացնում են սփյուռքահայ հայտնի հավաքորդ, հողանկարչության ուղղության հիմնադիր, նկարիչ Մարկոս Գրիգորյանի հավաքածուն: 2500 արժեքավոր ցուցանմուշներ, որոնք պատմական և աշխարհագրական մեծ ընդգրկում ունեն՝ ծորակների հավաքածուից մինչև զարդեր, Վանի թագավորության բրոնզ, նաև իր անձնական աշխատանքները, նկարիչը 1993-ին նվիրել է Հայաստանին: Հավաքածուի ցուցանմուշները ժամանակի հետ ավելի են արժևորվել, մինչդեռ ասում են՝ Գրիգորյանն իր հավաքածուի վրա ֆինանսական մեծ միջոցներ չի ծախսել, նա դրանք ավելի շուտ փրկել է անխուսափելի կորստից՝ գնելով չնչին գումարներով :
Թանգարանում որոշ ցուցանմուշների, հավաքածուների մասին հետաքրքիր պատմություններ են շրջանառվում:
Ծորակների հավաքածուն
Ջրի ժամանակակից ծորակները, կարծես թե, հավաքածու դառնալու ոչ մի առանձնահատկություն չունեն, դրանք հիմնականում միանման են, ստեղծված հնարավոր հարմար լինելու համար: Այնինչ Մարկոս Գրիգորյանի՝ ջրի ծորակների հավաքածուի նմուշները, որոնց թվում մեզնից մոտ տասը դար առաջ ստեղծվածներ էլ կան, այլ պատմություն են պատմում:
Հնում տներում ջրի ծորակներ չեն եղել, ծորակը ծառայել է ոչ թե մեկ, այլ մի քանի ընտանիքի: Այսպիսով՝ եղել է նաև «ջրին տեր լինելու» խնդիրը: Ուրեմն սա է պատճառը, որ ծորակները հիմնականում ձևավորվել են եղջերավոր և ջրային կենդանիների գլուխներով: Թանգարանում պատմում են, որ այս կենդանիները կարող էին համարվել նաև ջուրն օգտագործողներից «ջրի տիրոջ» ընտանիքի խորհրդանիշերը:
Ասում են՝ խորհրդանիշերը դեռ մեգալիթյան հուշարձաններից կրում են վիշապների գաղափարը: Վիշապները քարե հուշարձաններ էին, որոնք դրվում էին աղբյուրների ակունքներում: Դրանք խորհրդանշում էին պտղաբերություն, առատություն, ջրի տարերքի երկրպագումն էին ապացուցում, և դարձյալ իրենց վրա կրում էին եղջերավոր ու ջրային կենդանիների քանդակներ, փորագրություններ: Սակայն սրանք ևս, ամենից առաջ, պատմում էին այն մասին, թե ով է այդ ջրի տերը, օգտագործողը:
Մարկոս Գրիգորյանի գորգերը
1958-ից Գրիգորյանը սկսել է հետաքրքրվել գորգարվեստով, ստեղծել բազմաթիվ գորգանկարներ: Արդյունքում ծնվեց հայկական ազգային ժամանակակից գորգերի մի շարք, որից, ինչպես հավաստիացնում են թանգարանում, որևէ ազգ չունի: Հայկական գորգերը պարզ են ու գեղջկական՝ դրանք հստակ կարգ չունեն, հիմնականում թողնված են եղել գործող գեղջկուհու երևակայությանը: Մարկոս Գրիգորյանն այս նախաձեռնությամբ համալրում է հայկական նոր գորգարվեստը սիմվոլներով, այծապատկերներով, թռչնապատկերներով:
«Էրեբունի», «Արամազդ», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Գառնի», «Արգիշտի», «Սարդուրի»՝ հայկական հնագույն քաղաքների և պատմական անձանց անուններով, ինչպես նաև՝ առասպելական, հեքիաթային կերպարներով «Ոսկե հավքը», «Խենթ աքաղաղը» գորգերն այսօր ցուցադրված են Մարկոս Գրիգորյանի հավաքածուի հետ՝ նույն ցուցասրահում:
Արցունքաման
Ըստ թանգարանի աշխատակիցների, արցունքամանն այցելուներին ամենաշատը հետաքրքրող ցուցանմուշն է:
Միջնադարյան Եվրոպայում ասպետների հանդեպ իրենց սերն ապացուցելու, փաստելու համար կանայք իրենց զրկում էին սննդից, դալկանում՝ ցույց տալով թե որքան են տանջվում սիրուց:
Ահա 19-րդ դարի Իրանում էլ ամուսիններին պատերազմ կամ պանդխտության ճանապարհող կանայք արցունքամաններում հավաքում էին իրենց արցունքները՝ վերադարձին ամուսիններին իրենց տառապանքներն ապացուցելու, դրանց վկայությունները ցուցադրելու համար:
Հողարվեստ
Մարկոս Գրիգորյանը նաև համարվում է Իրանի ժամանակակից արվեստում հողարվեստի հիմնադիրը: Աշխատանքների նմուշներն այսօր ցուցադրված են սրահում: Դրանք պատրաստված են հողից և հարդից: Մարկոս Գրիգորյանի նմանօրինակ մյուս ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի հայտնի թանգարաններում, Եվրոպայում, ԱՄՆ-ում: Թանգարանում կարծում են, որ Գրիգորյանը միայն Հայաստանում արժանիորեն չի գնահատվել, հայրենիքի սահմաններից դուրս նրան գնահատում, մեծարում են:
Գրիգորյանի հավաքածուն պատմության, ավանդույթների ու ստեղծագործականության բազմաթիվ շերտեր ունի, բայց թանգարանում ափսոսանքով փաստում են՝ ցուցասրահում շարժն ակտիվ չէ՝ քիչ այցելուներ ունեն: