2022-ը թատրոնում. դժվար, բայց հագեցած թատերական տարի

Մեր երկրում գործում է 24 պետական թատրոն, Թատերական գործիչների միությունն ունի 650 անդամ, տարվա ընթացքում յոթ տասնյակից ավելի ներկայացումների պրեմիերաներ են լինում։

Թատերական կյանքի այս թվաբանությունից պետք է ենթադրել, որ թատրոնը մեզանում արվեստի գերակա ոլորտ է։ Հայաստանի համար դժվարին Ամանորին ընդառաջ հետաքրքիր է պարզել, թե շարունակվող պատերազմն ինչպես է անդրադառնում արվեստագետների և մասնավորապես՝ թատրոնի մարդկանց հոգեվիճակի ու ստեղծագործական ծրագրերի վրա: Նրանց հետ զրուցել ենք անցնող ու հաջորդ տարիների խաղացանկի, ամանորյա ներկայացումների, ինչպես նաև՝ խաղացանկի երկարակյաց ներկայացումների մասին։

 

Մտածեցինք, որ վարագույրը պետք է բացել

«Լարված էինք, ոչինչ չէինք կարողանում անել, աշխատել չէր լինում, սիրտ չկար, նույն ներգործությունն էր, ինչ բոլորիս վրա։ Բայց մտածեցինք, որ վարագույրը պետք է բացել, պետք է աշխատել, չէ որ մեր թատրոնը բացվել է շատ դժվար ժամանակ՝ 1942 թվականին»,- ասում է Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

Թատրոնն անցնող տարում ունեցել է ութ ներկայացում, որից երեքը՝ փոքր բեմում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշանակալի է համարում «Վերոնիկան ուզում է մեռնել», «Քաջ Նազար», «Խաղն ավարտված է» ներկայացումները։

«Գորիսում իմ բեմադրությամբ օրերս հանդիսականի դատին հանձնեցինք Սամվել Խալաթյանի «Վերջին ծաղրածուն» ներկայացումը։ Հաջորդ տարի երեք նոր ներկայացում ենք ծրագրել՝ «Բանալի երկուսի համար», որի ռեժիսորն Անուշ Սարգսյանն է, Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» պիեսը, ռեժիսորը Սամսոն Ստեփանյան է, Սամսոն Մովսիսյանն էլ բեմադրում է «Վեսթսայդյան պատմությունը»,- ասում է ռեժիսորը։

«Պարոնյան» թատրոնի Ամանորի՝ «Մանչուկի ու Կառլսոնի ամանորյա արկածները» ներկայացման բեմադրիչը Իշխան Ղարիբյանն է։

Հակոբ Ղազանչյանը նշում է ամենաերկարակյաց ներկայացման անունը՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին» է, որը թատրոնի խաղացանկում է մեկ տասնամյակից ավելի։

 

Մի քիչ ավելի, քան տիկնիկային

«Պատերազմը նախ մեծագույն ողբերգություն էր, սկսենք նրանից, որ մեր թատրոնում անդրադարձ կա այնքանով, որ հերոսի՝ Բոստոնի համալսարան ընդունված ու կամավոր պատերազմ մեկնած Ալեն Մարգարյանի պատմվածքների հիման վրա և նրա հիշատակին ներկայացում ենք բեմադրել՝ «Հետախույզ Ալենը»։ Երկու ամիս է, ինչ խաղացանկում է, վերջերս էլ Ազգային ժողովի նախաձեռնությամբ հերոսների ընտանիքների 300 երեխա դիտեցին այն։ Նպատակ ունենք նաև մարզերում խաղալ ներկայացումը »,- նշում է Հովհաննես Թումանյանի անվան  պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Պարոն Բաբայանն այն համոզմունքն ունի, որ բարոյական իրավունք չունենք խաչ քաշել մեր ներկայի ու ապագայի վրա, ավելին, «պարտավոր ենք ձեռքներս չիջեցնել, անհույս վիճակ չունենալ, շարունակել աշխատել, մահին պատասխանել կյանքով»։ Հենց այս  նպատակով տիկնիկայինը բարեգործական մեծ ակցիա ունի՝ անցյալ տարի Ամանորին 600 երեխայի նվերի ցանկություն են իրականացրել, այս տարի ևս նախաձեռնությունը շարունակվում է, կազմակերպիչը դերասանուհի Անաիս Սարդարյանն է։

Քանի որ թատրոնը մեծերի համար ևս ներկայացումներ ունի, այս տարի բեմադրել են Էնթոնի Բյորջեսի «Լարովի նարինջը», որը երիտասարդ ռեժիսոր Հրաչյա Գյումբալյանի դեբյուտն է։ Ամանորին էլ ունեն երկու նոր ներկայացում՝ «Ամանորի հրաշք» և «Սանտայի հյուրերը»։

«Թատրոնը շատ ժամանակակից արվեստ է, մարդիկ իրենց թոռնիկների հետ գալիս են նայելու այն ներկայացումները, որոնք դիտել են մանուկ ժամանակ։ Ամենաչհնացողը մանկական ներկայացումներն են։ Պուշկինի «Ոսկե ձկնիկը», որը մեր ամենատարեցն է, բեմադրվել է 1975 թվականին, հաջորդ տարի վերականգնելու ենք։ «Ճանապարհային արկածներ» նոր ներկայացումը երթևեկության կանոնների մասին է լինելու, որ երեխաները սովորեցնեն ու սաստեն ծնողներին, այդ մշակույթն ենք ուզում ներարկել»,- ներկայացնում է ռեժիսորը։

Թատրոնն այլ ծրագրեր էլ ունի՝ Հարի Փոթերի թեմայով ներկայացում, «Մոցարտ և Սալիերի», իսկ Երվանդ Մանարյանի 100- ամյակին ընդառաջ վերականգնելու են «Անհաղթ աքլորը», որը բեմադրվել է 1978-ին, և այդ ներկայացումով էլ թատրոնն առաջին անգամ մասնակցել է միջազգային փառատոնի։

 

«Գոդոյին սպասելը շարունակվում է»

«Իսկապես շատ ծանր էր ու իրապես սթրեսային, բայց պիտի շարունակենք աշխատել, աշխատանքով ապրել ու հաղթահարել այդ ամենը։ Մենք էլ՝ ազգի յուրաքանչյուր անդամի նման։ Միակ ձևը՝ միասնական աշխատանքն է»,-ասում է «Մալյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը։

Թատրոնի առաջին, ամենաերկարակյաց ներկայացումը՝ «Հեքիաթները», իբրև թանկ ժառանգություն և ուղեցույց, Նարինե Մալյանի գնահատմամբ. «հակառակը, երիտասարդանում է, 40 տարի ապրում է, շնչում»։ Ինչպես Տիկինկային թատրոնի պարագայում, այս ներկայացումն էլ սերունդների միջև յուրատեսակ կապ է։ Հենրիկ Մալյանի «Հեքիաթները», իբրև թատրոնին ներհատուկ ձեռագիր, գերում է սերունդներին՝ խոսքի բարձր կուլտուրայով, պարզ, անմիջական զավեշտով ու միաժամանակ խորունկ իմաստնությամբ ու չի սպառվում։ Սակավաթիվ դեկորներն ու ժլատ միջոցները հանդիսականին հնարավորություն են տալիս ապավինել իր երևակայությանը։ Բիսեթի «Շրջված  երազը» նոր ձեռագիր է, մասնագետների գնահատականով՝ Նարինե Մալյան ռեժիսորի ժամանակակից «Հեքիաթները»։

«Այս դեկտեմբերին հանձնում ենք երկու ներկայացում։ Առաջինը՝ «Դու կարող ես», ինտերակտիվ մանկական է և «Գոդոյին սպասելը շարունակվում է»՝ ռեժիսոր Արմեն Մեհրաբյանի յուրովի մեկնաբանմամբ, խաղում են թատրոնի հիմնադիրներից Արա Սարգսյանը, Գեորգի Հովակիմյանը, նաև՝ Աստղիկ Աբաջյանը։ Սա նոր, մեր ներկայացումներից չափազանց տարբեր բեմադրություն է։ Մանկական ներկայացման հեղինակը Հայկ Սեկոյանն է. ինտերակտիվ ոճով արծարծվում է բուլինգի թեման։ Վահագն Գասպարյանի դեբյուտն է իբրև ռեժիսոր, կազմը երիտասարդական է, հնաբնակներից միացել է Լևոն Մելոյանը»,- ասում է ռեժիսորը։

Հունվարին ևս թատրոնն առաջնախաղ ունի՝ Լյուդվիգ Հոլբերգի «Բլրեցի Եփեն» (Հոլբերգը 17 դարի նորվեգա-դանիական հեղինակ է, որին համեմատում են Մոլիերի հետ), ռեժիսորը Նարինե Մալյանն է։

«Մալյան» թատրոնի տոնածառի հեքիաթը «Հրաշագործ ճամպրուկն» է։

 

«Ամանորի շքեղ, չգերազանցված ներկայացում»

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի կարծիքով, պատերազմը, համավարակը «մի ընթացք են, որոնք խաթարում են բնականոն կյանքը, խանգարում ու արգելակում երկարաժամկետ ծրագրերը, քայլերի հաջորդականությունն է խախտվում այդ ցնցումների պատճառով, ինչը ցավալի է: Սկզբում շատ կոտրված էինք, հետո հակընդդեմ իմունիտետ ձևավորվեց, որ նմանատիպ վիճակները շարունակական են, պետք է դրանցից, թշնամուց ուժեղ լինել։ Մենք լինենք մենք և առաջնորդվենք այս հոգեբանությամբ։ Այս տարվա պրեմիերան՝ «Արթուրո Ուիի կարիերան» մեծ, չգերազանցված, լուրջ, ծանրակշիռ ներկայացում է։ Փոքր բեմում էլ նոր ներկայացում ունենք՝ Նոդար Դումբաձեի «Կուկարաչան»։ Վերականգնում ենք նաև «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը, քանի որ Արմեն Մարգարյանը տեղափոխվել է ԱՄՆ, նրան փոխարինում է Ստեփան Ղամբարյանը»։

Սունդուկյանի թատրոնը «խաղացանկի երկարակյաց» չունի։ Վարդան Մկրտչյանի մեկնաբանությամբ, ներկայացումն ապրող օրգանիզմ է, անվերջ արհեստական շնչառություն տալ պետք չէ, հին ներկայացումներն արդեն ապրել են իրենց ժամանակի մեջ։

Թատրոնի ամանորյա ներկայացումը՝ «Մոխրոտը», որի բեմադրիչը Լիլի Էլբակյանն է, տնօրենը բնութագրում է իբրև «շքեղ, մեկ քայլ առաջ, չգերազանցված»։

Գալիք տարին, ըստ տնօրենի, պրեմիերաների առատությամբ աննախադեպ է լինելու՝ հայ թատրոնի մի նոր շրջափուլ։ Ինտրիգը պահելու համար Վարդան Մկրտչյանն անուններ չտվեց՝ հանդիսատեսին թողնելով անակնկալների հաճելի  սպասումը:

 

Գայանե Մկրտչյան

թատերագետ