Ֆրունզե Դովլաթյան. Խոսակցություն մարդու մասին՝ բոլոր ժամանակների համար

Հայկական ժառանգական ցավերի փնտրտուքի ճանապարհին

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը Ֆրունզե Դովլաթյանի 94-ամյակի կապակցությամբ Վարպետին նվիրված նոր գրքի գինեձոն էր կազմակերպել՝ ամենամտերիմ բարեկամների, երկարամյա գործընկերների, ընտանիքի անդամների  և, իհարկե, «Ֆրունզե Դովլաթյան. հալոցքի ավարտին» գրքի հեղինակների  մասնակցությամբ: Վալերիա Օլյունինան և Պավել Ջանգիրովը հայ մշակույթի մեծերին ներկայացնող շարքի առաջին գիրքը նվիրել են ազգային մշակույթի հսկային՝ Ալեքսանդր Թամանյանին: Այս շարքում հաջորդը Դովլաթյանն է՝ մեզ հայտնի ու անհայտ կինոռեժիսորը, դերասանը, սցենարիստը, հմուտ կազմակերպիչը: Գիրքը գրվել է Հայաստանի համար ծանրագույն ժամանակներում՝ 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում: Գրեթե մեկ տարի Օլյունինա և Ջանգիրով հեղինակային զույգը տքնաջան աշխատանքի շնորհիվ արել է ամենը, որ կինոռեժիսորի տարեդարձին գիրքը դրվի ընթերցողի սեղանին: Ուսումնասիրել են 1000-ից ավելի արխիվային փաստաթղթեր, կապ են հաստատել ռեժիսորի հետ աշխատած կինոգործիչների հետ, ծանոթացել ընտանեկան արխիվին: Բարեբախտաբար հասցրել են և «Ֆրունզե Դովլաթյան. հալոցքի ավարտին» գիրքը մեզ վերադարձնում է Դովլաթյանի ժամանակաշրջան, նորից ուրվագծում  հաստաբուն ընկուզենու պես հզոր ու անսասան մի կերպար, որ ուղենիշ պիտի լիներ սերունդների համար: Վալերիա Օլյունինան գերված, հմայված ու հիացած է Դովլաթյանի ամբողջ կինոժառանգությամբ, բայց նրա ստեղծագործության իսկական գագաթնակետը, իրապես դովլաթյանական կինո է համարում «Երևանյան օրերի խրոնիկան»: Խոստովանում է՝ իր համար ամենադժվար պահերին հենց այս ֆիլմն է դիտում: Ասում է՝ նա մեն-մենակ դուրս է գալիս հանդիսատեսին դեմ-հանդիման ու սկսում է երկխոսություն բոլոր ժամանակների համար ու բոլոր ազգերի հետ՝ խոսակցություն մարդու մասին: Օլյունինան զարմանքով ու հիացմունքով է խոսում «Երևանյան օրերի խրոնիկայի» գաղտնի մի դիտման մասին. Մինսկի արվարձաններից մեկում փակ, գաղտնի ցուցադրությունը վերածվել է  իսկական պայթյունի: Վալերիա Օլյունինայի հետ զրուցել ենք Դովլաթյանի մեծ կինոյի, տառապագին որոնումների ու իր հայտնի ֆիլմում հարատևության խորհրդանիշի վերածված ընկուզենու պես անսասան ու ոգեշունչ ներկայության մասին:  

-Դուք և գրքի համահեղինակ Պավել Ջանգիրովը դժվարագույն իրավիճակում  աշխատել եք ընթերցողին նոր, մինչև օրս անհայտ Դովլաթյանին ներկայացնելու համար: Ինչո՞վ է նրա կերպարը ոգեշնչել ձեզ:

-Պավել Ջանգիրովի և ինձ համար չափազանց կարևոր էր Ֆրունզե Վաղինակովիչի  կերպարի և անհատականության միջոցով ցույց տալ ժամանակի ընթացքը, և ինչպես էր այդ ընթացքում փոխվում նա, ինչպես էր փոխվում նրա կինոպոետիկան, աշխարհայացքը: Չէ որ Դովլաթյանը սկսել էր որպես խորհրդային ռեժիսոր՝ Լև Միրսկու հետ միասին, բայց հետո նա գնաց դեպի խրուշչովյան հալոցքի գեղագիտություն: Ավելի ուշ հրաժարվեց նաև դրանից և գնաց դեպի ազգային կինո: Հայկական կինոյի շեշտադրումների միջոցով նա դուրս եկավ աշխարհի և մարդկության հետ ունիվերսալ  երկխոսության: Եվ նրա համախոհները, մեծ վարպետների այդ խումբը՝ Խորեն Աբրահամյան, օպերատոր Ալբերտ Յավուրյան, Արմեն Ջիգարխանյան, դա մի փայլուն համաստեղություն էր, որը խոսում էր հայկական համազգային ողբերգությունների, բայց միաժամանակ նաև համամարդկային թեմաների մասին, որոնք այսօր էլ շատ կարևոր են տարբեր երկրների մարդկանց համար: Դովլաթյանի կինոն լի է մի  էներգիայով, որը էմոցիոնալ առումով մարդկանց պահում է մինչև այսօր՝ հատկապես նրա 60-70-ականների շրջանը: ԱՆցել է կես դար, բայց այդ ռեսուրսը մինչև այսօր պահում է մարդկանց և ոչ միայն հայերին, այլև ռուսներին: «Սարոյան եղբայրները», «Բարև, ես եմ» ֆիլմերը ռուսները նույնպես նայում են, այսինքն նա նաև մեզ համար է  ստեղծագործել:

-Գիրքը հարուստ է Դովլաթյանի մասին նորահայտ տեղեկություններով և այդ շրջանի մասին հետաքրքիր փաստերով, ի՞նչն է ձեզ շատ տպավորել:

-Սա մի տեսակ համատեղ աշխատանք է, որին շատերը աջակցեցին: Օրինակ, Միացյալ նահանգներից մեզ արձագանքեց Լևոն Շարաֆյանը: Երբ նա իմացավ, որ մենք գիրք  ենք գրում Ֆրունզե Վաղինակովիչի մասին, հաճույքով դարձավ մեր համահեղինակը և մեզ ուղարկեց մի քանի ակնարկներ, որոնցում պատմում է, թե ինչպես էր գնում Ֆրունզեի մոտ փորձնական նկարահանումների, իսկ հարևանությամբ ադրբեջանցիներն  էին: Դա 90-ականներն էին, և նրան կարող էին սպանել, բայց նա, մինևնուն է՝ գնում էր այդ փորձերին: Պատկերացնում եք չէ՞, դա արդեն ոչ թե ստեղծագործական, այլ պարզ մարդկային սխրանք է, որ ամեն օր գործում էին «Հայֆիլմի» աշխատակիցները 90-ականներին: Դա պարզապես պրոֆեսիոնալիզմ էր, քաղաքացիական դիրքորոշում և վարպետների նպատակամղվածություն, այնպիսի վարպետների ինչպիսիք նրանք էին, այդպիսի կերպարներ այսօր, ցավոք, չկան:

-Երբ խոսում ենք Դովլաթյանի մոսկովյան շրջանի մասին, այս դեպքում կարևորագույն  գործոններից մեկը, թերևս, խորհրդային կինոյի մեծ վարպետի՝ Սերգեյ Գերասիմովի արվեստանոցում նրա ուսումնառությունն էր: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Գերասիմովի դպրոցը նրա մտածողության վրա:

-Դա չափազանց կարևոր փուլ էր նրա կյանքում: Հատկանշական է, որ երբ Դովլաթյանը մեկնեց Մոսկվա, նա արդեն շատ հայտնի էր Հայաստանում, որոշակի կենսագրություն  էր թողել թիկունքում, բայց այնտեղ՝ մեծն Գերասիմովի մոտ նա դարձյալ աշակերտի   վիճակում էր, անվերջ փորձարկում էր ու սովորում: Սերգեյ Գերասիմովը հաճախ էր նրան որպես ասիստենտ իր հետ տանում նկարահանումների, և դա, իհարկե, շատ մեծ ազդեցություն ունեցավ նրա ձևավորման ու ստեղծագործական ընթացքի վրա: Սակայն որոշ ժամանակ անց Դովլաթյանը դուրս եկավ այդ հսկա ծառի ստվերից, լիովին վերափոխվեց ու սկսեց իր դժվար, բայց անհատական ճանապարհը:

-Դովլաթյանի կինոն և ժառանգությունը իսկապես բազմաշերտ են, որն, ըստ էության, երկար ճանապարհ էր դեպի սեփական գեղագիտությունն ու կինոլեզուն: Ինչպե՞ս նա անցավ այդ ճանապարհը:

-Նա անվերջ փնտրում է իր կինոլեզուն, նրա պոետիկան միշտ բազմաշերտ է՝ խորհրդային, բացառապես հայկական, ունիվերսալ, որն ունի համամարդկային շերտեր:  Սկզբում նա իր մոսկովյան, խորհրդային հսկայական փորձով վերադառնում է հայրենիք, որտեղ ավելի ընդգծված էր զգում իր առաքելությունը: Բայց նա իր հսկայական ներուժը նախևառաջ տալիս է իր ժողովրդին: Եվ այդպես, աստիճանաբար, իր հայկական թեմատիկայով նա դուրս է գալիս մեծ աշխարհ: Չմոռանանք, որ Դովլաթյանը Կաննում  օվացիաների արժանացավ հենց հայկական ֆիլմով, «Հայֆիլմի» փայլուն կինոգործիչների իր կազմով: Այսինքն, նրա համար հայկական ինքնությունը միշտ էր առանցքային: Եվ չնայած որ մենք գրքում ցույց ենք տալիս նրա ստեղծագործության  ընթացքը խորհրդային ժամանակներում, հալոցքի շրջանում, բայց նրա միջուկը  հայկական է, և Դովլաթյանը միշտ կայուն է իր աշխարհազգացողություններում, թեև կինոյում փնտրում է տարբեր ուղիներ, ոճեր, ձեռագիր, բայց նրա համար ինքնությունը  միշտ հիմնարար է, և սա է ամենակարևորը:

-Դովլաթյանի համար չափազանց կարևոր էր լավ գրականությունն ու սցենարական հենքը: Այդ իմաստով զարմանալի համախոհություն կար նրա և Պերճ Զեյթունցյանի միջև:

-Դովլաթյանի ստեղծագործական կյանքում կարևորագույն մարդ էր Պերճ Զեյթունցյանը, թեև նա Խորեն Աբրահամյանի, Ալբերտ Յավուրյանի, Արմեն Ջիգարխանյանի նման  կուռքերի ֆոնին հետին պլան էր մղվել և փոքր-ինչ նրանց ստվերում էր մնացել: Բայց  նրանց հոգևոր հարազատությունը հատկապես ակնհայտ է «Երևանյան օրերի  խրոնիկայում»՝ պատերազմի և եղեռնի, հայկական ժառանգական ցավերի փնտրտուքով: Այս ֆիլմում երևում է Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, բայց խորհրդային հանդիսատեսը դեռ չգիտի թե դա ինչ է, ինչի մասին է խոսում և ում է դիմում Խորեն Աբրահամյանի հերոսը, այդ պատճառով հայկական շատ ցավոտ թեմաներ արված էին ասես երկրորդ շերտով: Գիտեք, բնավ պատահական չէ, որ ինձ համար նա սիրելի արվեստագետ դարձավ հատկապես «Երևանյան օրերի խրոնիկայով», որովհետև տարբեր աղբյուրներից այնքան էներգիաներ էր հավաքում, վերամշակում և դրանք անցկացնում էր իր միջով, և այդ էներգիաների սինթեզը որակապես նոր կինո էր բերում էկրան: Եվ Ֆրունզե Դովլաթյանը դա անում է որպես իսկական մեծ արվեստագետ, որովհետև նա շատ բաներ պարզպես գաղտնագրում է: Հենց դա է մեծ  արվեստը, երբ շատ բաներ դեռ  չի կարելի բարձրաձայնել, իսկ նա շատ հստակ շեշտադրումներ է անում՝ այն հեռանկարով, որ ապագայում դա կարելի կլինի հնչեցնել բարձր ու ճշգրիտ:

-Այսքան տասնամյակներ անց թերևս դժվար է պատկերացնել, թե խորհրդային դաժան գրաքննության պայմաններում ինչպե՞ս էր հնարավոր նման ֆիլմ նկարել և ինչ «վտանգներ» էր այդ ֆիլմը բերում:

-Ես կարծում եմ, որ այդ շրջանը նրա համար տառապագին տարիներ էին, երբ պետք էր  ինչ-ինչ բաներ լռության մատնել, որպեսզի հանդիսատեսը դուրս գալով դահլիճից՝ հենց ինքը հասկանար, թե ինչ էր ուզում ասել Դովլաթյանը: Գիտեք, էստոնացի արձակագիր, պոետ, դրամատուրգ Կալեե Կասպերը 70-ականներին «Երևանյան օրերի խրոնիկան» դիտել է պարզապես մի «սարայում»՝ Մինսկի ծայրամասում, դա սովետական արվարձանային տարածք էր՝ ոչ կինոթատրոն, բայց նա պարզպես ցնցվելէր: Այդ ֆիլմը տեսնելուց հետո նա սիրահարվել էր Դովլաթյանի 70-ականների Երևանին: Հետո եկավ Երևան և այստեղ հանդիպեց իր ապագա կնոջը՝ գրող Գոհար Մարկոսյան-Կասպերին, և այդ ամենը սկսվեց հենց Մինսկի այդ «սարայից», որտեղ առաջին անգամ խոսվեց   Ցեղասպանության և պատերազմի ժամանակ հայերի զոհվելու մասին: Բայց Ֆրունզե  Վաղինակովիչը որպես մեծ արվեստագետ ոչինչ ուղղագիծ չէր անում, այլ հաճախ  խոսում էր այլաբանորեն:

-Մինսկի ցուցադրության պատմությունը միանգամայն հասկանալի է, որովհետև Խորհրդային Միությունում «Երևանյան օրերի խրոնիկան», երկար տարիներ արգելված էր և մնաց դարակներին: Անգամ հայ հանդիսատեսը շատ տարիներ անց միայն կարողացավ տեսնել այն: Ձեր որոնումների ընթացքում դուք գտա՞ք այն հարցի պատասխանը, թե ինչու էին այդքան զգուշանում այդ ֆիլմից:

-«Երևանյան օրերի խրոնիկան» Դովլաթյանի ամենածանր ֆիլմն էր, որի արդյունքում նա, ի վերջո, սրտի կաթված ստացավ, որովհետև դա հայերի գեղասպանության թեման էր, և վերջում Ֆիլմն այնքան էին կտրատել, որ նա պարզապես տառապում էր: Թվում է  թե այդ ժամանակ՝ 65թ-ին հայերին թույլ տվեցին խոսել Հայոց Ցեղասպանության   մասին, բայց մյուս կողմից դա չէր հայտնվում խորհրդային կինոէկրանին, այդ պատճառով, այնուամենայնիվ, նրա կինոն, ըստ էության, շարունակում էր փոքր-ինչ այլախոհական մնալ: Ֆրունզե Դովլաթյանն իր վրա վերցրեց այդ կարևոր առաքելությունը՝ հայկական կինոյի պատուհանը բացել խորհրդային և աշխարհի  կինոհանդիսատեսի համար, ինչպես այդ պատուհանը նա բացել է Կալեե Կասպերի կամ ինձ համար, որ արդեն բոլորովին այլ սերնդի ներկայացուցիչ եմ: 

-Առավելապես որ լսարանին եք հասցեագրում այս գիրքը: Պետք է ենթադրել, որ այսօրվա երիտասարդները չգիտեն կամ լավ չգիտեն Դովլաթյանի կինոն: 

-Որպես հայ, որպես խորհրդային մարդ, որպես կինոյի հայտնի վարպետ կամ մարդ, որին ծափարահել են Կաննում, նա արդեն համտեսել էր արվեստագետի համաշխարհային փառքը, բայց, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ նա առ այսօր արժանիորեն գնահատված չէ իր երկրում, չնայած որ հայերը նրան շատ են սիրում: Ուստի շատ կուզենայի, որ նրա վերաարժևորումը լիներ նաև մեր գրքի միջոցով, որ նրա ֆիլմերը նորից սկսեին նայել և նրան տեսնեին իր ամբողջ մեծությամբ: Ես կարծում եմ, որ այս գիրքը շատ պահանջված կլինի, հատկապես հիմա՝ հայերի համար այս բարդ ժամանակներում: Գիրքը գրվել է պատերազմից հետո, մեծ ոգեշնչումով, որովհետև  Ֆրունզեն հայի էության խտացումն է: Եվ ես շատ մեծ հույս ունեմ, որ ոչ միայն նրանք, որոնք անձամբ գիտեին Դովլաթյանին և սիրում են նրան, այլև երիտասարդ սերունդը  կկարդա մեր գիրքը:

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի