Ֆրանսիական կինոյի մեծ պատմողը

Եթե բողոքեմ՝ առանց վարանելու ապտակեք ինձ

«Եթե դուք երբևիցե լսեք, թե ինչպես եմ բողոքում, առանց վարանելու ապտակեք ինձ։ Ես անհավանական հաջողություն ունեցա: Ես՝ գյուղացու որդիս, այնպիսի կյանք եմ ունեցել, որը ես չէի համարձակվի ցանկանալ։»

 

***

Փարիզյան իր տանը, 89 տարեկան հասակում վախճանվել է եվրոպական կինոյի  հզոր ինտելեկտուալներից մեկը՝ Ֆրանսիացի սցենարիստ, գրող, դրամատուրգ, ռեժիսոր Ժան-Կլոդ Կարիերը: Այդ մասին BFMTV հետուստաալիքին հայտնել է նրա դուստրը՝ Կիարա Կարիերը: Նա նշում է որ գրողը մահացել է քնի մեջ ու որևէ հիվանդություն չի ունեցել: Կիարա Կարիերը տեղեկացնում է նաև, որ գրողին հարգանքի տուրք կմատուցվի Փարիզում, որից հետո նրան կհուղարկավորեն իր ծննդավայրում՝ Էրո դեպարտամենտի Կոլոմբիեր-սյուր-Օրբ գյուղում:

Ժան- Կլոդ Կարիերը ավելի քան 140 ֆիլմի սցենարիստն է, որոնց թվում են «Վիվա Մարիան» (1965), «Ցերեկային գեղեցկուհին» (1967), որը նվաճել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը, «Մարտին Գերի վերադարձը» (1982), որի համար նրան Սեզար է շնորհվել, «Բուրժուազիայի համեստ հմայքը» (1972), «Կեցության անտանելի թեթևությունը» (1989), «Սիրանո դը Բերժըրակը» (1990),  «Աղախնի օրագիրը» (2015), «Վան Գոգ․Հավերժության շեմին» (2018):

Կարիերն աշխատել է եվրոպական և ամերիկյան կինոյի այնպիսի մեծ ռեժիսորների հետ, ինչպիսիք են Լուիս Բունյուելը, Լուլի Մալը, Ժան-Լյուկ Գոդարը, Ֆոլկեր Շլյոնդորֆը, Ժակ Դերեն, Անջեյ Վայդան, Միլոշ Ֆորմանը:

Իր առաջին «Օսկարը» նա ստացել է 29 տարեկանում՝ 1962 թվականին «Ուրախ տարեդարձ» կարճամետրաժ ֆիլմի համար, որը նկարահանել է ֆրանսիացի կատակերգու ու կինեմատոգրաֆիստ Պիեռ Էտեքսի հետ համատեղ և որտեղ միաժամանակ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ:

Տարիներ անց 2014-ի նոյեմբերի 8-ին Ժան-Կլոդ Կարիերը Հոլիվուդում արժանացավ պատվո Օսկարի՝ կինոյում ունեցած ավանդի համար:

Թատրոնով տարված դրամատուրգն ու օպերային լիբրետոների հեղինակը իր կյանքի տասնմեկ տարիները նվիրեց մեծ հնդկական էպոսը՝ «Մահաբհարաթան» բեմի համար ադապտացնելուն, ինչն իրականացրեց բեմադրիչ Պիտեր Բրուկի հետ:

Ժան-Կլոդ Կարիերն ինքն իրեն բնորոշոմ էր որպես «պատմող»: Նա հեղինակել է 140 ստեղծագործություններ՝ մոտ վաթսուն սցենար, ինչպես նաև շուրջ ութսուն գրական գործեր՝ պատմվածքներ, էսսեներ, Հնդկաստանի և Մեքսիկայի սիրահարների համար բառարաններ վերնագրված իր ուղեցույցները, թարգմանություններ, գեղարվեստական երկեր, սցենարներ, հարցազրույցներ։ Նա դերասան էր, դրամատուրգ, նաև հեղինակ էր, ով գրել է Ժուլիետ Գրեկոյի, Բրիջիտ Բարդոյի և Ժաննա Մորոյի համար:

Ժան-Կլոդ Կարիերն իր ամբողջ կյանքն անց է կացրել «կյանքի վարպետների հետ ծանոթությունների, բարեկամական հարաբերությունների» ներքո: Վերջիններից են Դալայ Լաման, ում հետ նա գիրք է գրել, կամ իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելը, որի հետ նա համագործակցել է տասնինը տարի, մինչև ռեժիսորի մահը:

Գրքասեր, ով տարված էր նաև նկարչությամբ, աստղաֆիզիկայով և գինով, Թայ ցզի ցյուան մարտարվեստի սիրահար Ժան-Կլոդ Կարիերը տասը տարի շարունակ   ղեկավարել է «Լա Ֆեմիսը»՝ Պատկերային և ձայնային արվեստների բարձրագույն ազգային կինոդպրոցը: Չնայած տարիքին, նա շատ ակտիվ էր, 2018 թվականին գրել էր «Անէության հովիտ» վերջին էսսեն, իսկ 2020 թվականին Ֆիլիպ Գարելի հետ համատեղ հեղինակել է «Արցունքների աղը» ֆիլմի սցենարը:

Ֆրանսիական  կինոյի մասին Կարիերի որոշ դիտարկումներ ներկայցնում ենք 09.05.2015թ. «La Croix» պարբերականին տված նրա հարցազրույցից:  

-Ինչո՞ւ և ինչպե՞ս է ֆրանսիական կինոն հանրահռչակվում: 

Ժան- Կլոդ Կարիեր- Ֆրանսիական կինոյի առաջին առանձնահատկությունը  նրա կինոլսարանն է՝ հավատարիմ հանդիսատես, որը հետևում էր 7-րդ ազգային արվեստի զարգացմանը։ Եթե մենք լավ չհաստատվենք մեր տան մեջ, ոչ մի տեղ չենք հասնի։ «Unifrance»-ը շատ լավ աշխատանք է կատարում, կապեր հաստատելով արտերկրում անցկացվող բազմաթիվ փառատոների հետ, ինչպիսինն է Տորոնտոյի կինոփառատոնը: Առաջին հերթին հենց այդ միջոցառումների ժամանակ է, որ ֆիլմերը հայտնի են դառնում։ Նույնիսկ այն պարագայում, երբ Կաննի կինոփառատոնը բաց է ամբողջ աշխարհի ստեղծագործությունների համար, այն նույնքան մեր կինոյի հիմնական մտքի օրինակելի ցուցադրումն է:

-Ինչո՞ւ  ֆրանսիական կինոն, ամերիկյան կինոյի հետ մեկտեղ, իրական միջազգային ներկայություն ունեցող կինոարվեստներից միակն է :

Ժ. Կ. Կ.- Պարզապես այն պատճառով, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն այն երկու երկրներն են, որոնք ստեղծել են կինեմատոգրաֆը Լյումիեր եղբայրների և Թոմաս Էդիսոնի շնորհիվ: Մենք մեր գեներում կրում ենք 7-րդ արվեստի հանդեպ ճաշակը, մի արվեստի, որի հասանելիությունը համընդհանուր է: Բայց ֆրանսիական կինոն, անկասկած, ավելի շատ է կապված տարածաշրջանին։ «Մարտին Գերի վերադարձը» (1982), որի սցենարի համահեղինակն եմ, զարմանալի կարիերա է ունեցել արտասահմանում: Իսրայելում ֆիլմն ավելի շատ հանդիսատես է ունեցել, քան երկրում բնակիչներ կային։ Մեր կինոն հասնում է ամենուր, քանի որ այն գալիս է ինչ-որ տեղից։

-Ի՞նչ պատկեր ունի ֆրանսիական կինոն արտասահմանում։

Ժ. Կ. Կ.- Ֆրանսիական կինոն հզոր ինքնություն ունի։ Նոր ալիքից սկսած, սա, անկասկած, գալիս է կինոյի հանդեպ ունեցած սիրուց: Այդ ֆիլմերը գրավում էին, քանի որ դրանք ֆորմալ տեսանկյունից նորարարական էին, բայց նույնպես ավելի էժան էին:

Մի պատմություն պատմեմ: 1964 թվականին ես Լուի Մալի ու Ֆոլկեր Շլյոնդորֆի հետ մեկնել էի Մեքսիկա՝ «Վիվա Մարիա» ֆիլմի նկարահանումների համար տեղանք փնտրելու նպատակով: Մի կորած-մոլորած լողափի ծայրին մենք գտել ենք փոքիկ սրճարան, որը կոչվում էր «Նուեվա Օլա» (Նոր ալիք)…

Մեր շատ ու շատ ֆիլմերից տարածվող զգացմունքայնությունը հավասարապես տարբերում է մեր ֆիլմերը մնացած աշխարհի աչքերում: «Ցերեկային գեղեցկուհի» (1967) ֆիլմը, կամ «Լողավազանը» (1969), որոնց սցենարները համահեղինակությամբ եմ գրել, շատ երկրներում են ցուցադրվել և նպաստել են այդ գայթակղության պատկերի ձևավորմանը: Ֆրանսիան կնոջ բնավորությամբ երկիր է:

Ֆրանսիական արտադրության ֆիլմերի տոնայնության ազատությունը արտերկրում շատերին է գայթակղում, ինչպես նաև այս համարձակ «The Artist» (2011) համր ֆիլմը, որը նկարահանվել է սև-սպիտակ ժանրում: Կինեմատոգրաֆիստներն ամբողջ աշխարհում ձգտում են օգտվել այդ «ճիրաններից»՝ Ֆրանսիայի հետ համատեղ արտադրության միջոցով։ Ֆրանսիական կինոն նույնպես կապված է Լյուկ Բեսոնի հետ, չնայած այն բանին, որ հանդիսատեսը նրա արտադրած ֆիլմերում ֆրանսիական ոճին բնորոշ հատուկ տարրեր չի հանդիպում:

Այս բազմազանությունը մեր 7-րդ արվեստի առանձնահատկությունն է: Ֆրանսիայի հյուրընկալությունը նպաստում է իր մշակութային բազմազանությոանը: Սակայն այժմ այդ ընդունելու զգացումը վտանգված է:

-Ի՞նչն է խոչընդոտում ֆրանսիական կինոյի հանրահռչակմանը: 

Ժ. Կ. Կ.- Այդ արգելքներն առաջին հերթին վարչական բնույթի են: ԱՄՆ-ի շուկա դուրս գալու համար հարկավոր է բարձր գին վճարել։ Հովանավորչությունը մեր ֆիլմերի տարածման հիմնական խոչընդոտներից մեկն է։

 

Թարգմանությունը՝ Նունե Գալստյանի