Քոչարի «Տեսիլքը»
Մեր կյանքը մերկ է Աստծո առջև
Ո՞ւմ տեսիլքն է այս կտավում պատկերված՝ Քրիստոսի՞, Մագդաղենացու թե՞ Քոչարի Նկարի ձախ մասում պատկերված է Հիսուս Քրիստոսը, աջում՝ Մարիամ Մագդաղենացին, իսկ հետին պլանում՝ Մագդաղենացուց մի փոքր ձախ և վեր սեղան է:
Վերլուծությունը սկսենք քրիստոնեական տեսանկյունից: Տեսիլք. Քրիստոսը խաչվելուց հետո առաջինը երևաց Մարիամ Մագդաղենացուն: Հովհաննեսի Ի կամ 20-րդ՝ «Քրիստոսի հարությունը և վերստին երևումը, Թովմասի թերահավատությունը» գլխում Ավետարանիչը պատմում է Մագդաղենացու տեսիլքի մասին.
«Բայց Մարիամը գերեզմանի մոտ կանգնած էր դուրսը և լաց էր լինում: Եվ լաց լինելիս ծռուեց մտիկ արավ գերեզմանի մեջ: Եվ տեսնում է երկու հրեշտակ՝ սպիտակ հանդերձներով նստած, մեկը գլխի կողմին, մյուսը՝ ոտների կողմին, որտեղ որ Հիսուսի մարմինը դրված էր: Եվ նորանք ասացին նորան՝ Ով կին, ինչո՞ւ ես լաց լինում: Նրանց ասաց՝ նորա համար որ իմ Տիրոջը վեր առան և չգիտեմ թե ուր դրին Նորան և երբվոր սա ասաց, դարձավ իր հետին կողմը և Հիսուսին տեսավ կանգնած: Եվ չգիտեր թե Հիսուսն է: Հիսուսը նորան ասաց. Կին ինչո՞ւ ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում: Նա էլ կարծելով թե պարտիզպան է, ասաց նորան՝ Տեր, եթե վեր առար Նորան, ասեիր ինձ՝ ուր ես դրել Նորան, որ ես վեր առնեմ Նորան: Հիսուսը նորան ասաց. Մարիամ. և նա դարձավ և ասաց Նորան՝ Ռաբունի, որ կթարգմանվի ՝ Վարդապետ»:
Կտավում Մարիամը ծնկել է`աջ ձեռքը դեպի Քրիստոսը, բայց նրան շատ մոտ լինելով՝ չի դիպչում: Քրիստոսի ձախ ձեռքը ձուլված է ֆոնին, թափանցիկ է՝ տեսիլքի խաբկանք ստեղծելու համար: Հովհաննեսի Ավետարանի նույն՝ 20-րդ գլխում Քրիստոսը Մարիամին ասաց. «Մի դիպչիր ինձ, որովհետև դեռ չեմ վեր ելլել իմ Հօր մոտ»: Եթե պատկերում Քրիստոսն է Մարիամի տեսիլքի ժամանակ, ապա ինչո՞ւ է նա վեր ելնելու փոխարեն իջնում և ո՞ւր է գնում: Պատասխանը նկարի կենտրոնում է, որտեղ ուղղակի սեղան չէ, որ պատկերված է, սա հենց տաճարի խորանն է: Քոչարի պատկերած սեղանը նման է հայկական եկեղեցիների խորաններին, սեղան, որը երկու կողմերից խորշեր ունի, որոնք հայկական ճարտարապետության մեջ խորհրդանշում են անխախտություն, և ծառայում են հատկապես երկրաշարժերի ժամանակ շարժումը տատանելու նպատակին: Խորշերն իրար են միացված մի լաթով, ի՞նչ կտոր է սա: Պատասխանը Քրիստոսի ձեռքերն ու ոտքերն են, որոնց վրա դեռ թարմ է մեխերի հետքերը, այսինքն՝ Քրիստոսը նոր է խաչվել: Մատթեոսի Ավետարանի 27-րդ գլխում ասվում է.
«Հիսուսը դարձյալ մեծ ձայնով կանչեց և արձակեց հոգին, և ահա տաճարի վարագույրն երկու ճղվեցավ վերևիցը մինչև ցածը, և երկիրը շարժվեց»:
Վարագույրը երկու ճղվեցավ. կտավում տեսնում ենք, որ լաթի ձախ հատվածում Քոչարը պատկերել է պատռված վարագույրի թելերը, իսկ ներքևում կոտրված սկիհ, որից թափված`երևում են կլոր ֆիգուրներ, ի՞նչ է սա, ոսկե դրա՞մ: Խոշորացնենք պատկերն ու կտեսնենք, որ կլոր ֆիգուրները հարթ չեն, Քոչարը դրանք պատկերել է խորդուբորդ և ակնհայտ երևում են մանր անցքերը: Սա հենց հաղորդության նշխար հացն է, որի մի երեսին միշտ դրված է քահանայական կնիքը: Կնիքը խմորի վրա պատկերում է խաչ, երբեմն՝ գառ, որը խորհրդանշում է Քրիստոսի մարմինը: Հիշենք Խորհրդավոր ընթրիքը «Առեք, կերեք, այս է մարմինն իմ», իսկ հակառակ կողմում հենց այս նույն անցքերն են: Պատարագների ժամանակ քահանաները երբեք հաղորդության հացը հակառակ չեն դնում, կնքված կողմը միշտ պետք է դեպի երկինք լինի: Հաղորդության հացը Քրիստոսն է, բայց այստեղ հացը հակառակ է դրված: Հավանաբար Քոչարն ուզում էր ասել, որ Քրիստոսը նեղացել կամ երես է թեքել մեզանից: Սկիհի տակ դրված են թերթեր, բայց տեքստը դեպի ձախ գալիս ու ծածկում է Քրիստոսի ձախ ձեռքը, այսինքն՝ ես եմ կենդանի գիրը: Սա կարող է լինել նաև Նոր կտակարանի հաստատումը. Քրիստոսը եղածին է հավելում իրենը: Եթե գիծ տանենք Մագդաղենացուց դեպի սկիհ ու հետո՝ Քրիստոս, կստացվի եռանկյունի: Բացի երրորդության գաղափարը, այն կարող է նաև մի կտավում խորհրդանշել Աստվածաշնչյան երեք տարբեր իրադարձություններ: Առաջինը՝ Քրիստոսի Խաչելությունը՝ վերքերը թարմ են, ու տաճարի վարագույրը՝ պատռված, երկրորդը՝ Հարության օրը Մարիամ Մագդաղենացուն երևալը և երրորդը, որն իր մեջ կրում է նաև նախորդ, դեռ անպատասխան հարցի գաղտնիքը, ո՞ւր է իջնում Քրիստոսը:
1922թ. Քոչարը գնում է Վենետիկ, որտեղ ուսումնասիրում է Ս. Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։ Քոչարն իր այս կտավում կիրառել է Կիլիկիո մանրանկարչական դպրոցի կանոններից մեկը՝ Քրիստոսի ոտքը դուրս է հանել շրջանակից: Հայկական մանրանկարչության մեջ սա ընդունված է, քանի որ սրբերը Աստված չեն կարող լինել ուղղանկյունու մեջ, միշտ ինչ- որ դետալ դուրս էր գալիս պատկերված շրջանակից: Քրիստոսի ոտքի տակ սև ֆոն է, որը մանրանկարչության մեջ միշտ խորհրդանշում է դժոխքը, և քանի որ պատկերում Քրիստոսը նոր է իջեցված խաչից, ապա դժվար չէ կռահել, թե ուր է Նա գնում: Խաչելությունից հետո Քրիստոսը գնաց դժոխքն ավերելու: Այս է վկայում Մատթեոսը.«Եվ ահա գերեզմանները բացվեցան, և սուրբ ննջեցյալները հարություն առան: Եվ գերեզմաններից դուրս գալուց հետո, սուրբ քաղաքը մտան և շատերին երևեցան»:
Սա էլ երրորդ իրադարձությունը՝ մեկ կտավում: Որն էր Քոչարի պատկերացրած դժոխքը: Նայենք Քրիստոսի աչքերին. ներքևից աչքերը փակ են, իսկ դիմացից՝ բաց: Կարծես Աստված ասում է՝ ներքևում ձեզ թվում է թե ես փակել եմ իմ աչքերը կամ չեմ տեսնում ձեր հանցանքները, բայց գալու է օրը, և ես ուղիղ նայելու եմ ձեր աչքերի մեջ: Նույն մեթոդով դիտարկենք Մագդաղենացուն: Վերևից նայելիս թվում է թե նրա աչքերը հառած են վեր, բայց ուղիղ նայելիս կարծես հենց մեզ են նայում. աչքերում նաև սարսափ կա, այսինքն այս կինը զգում է թե ինչ կլինի, եթե Քրիստոսն իջնի: Քանի որ Քրիստոսն ուղիղ է նայում, կարելի է ենթադրել, որ Քոչարը Քրիստոսին պատկերի միջոցով բերում է նկարից դուրս, այսինքն դժոխքը հենց այս աշխարհն է: Քրիստոսի ոտքերի տակ գորգ է փռված, որը նկարի ձախ մասում հատված է, կարելի է ենթադրել, որ նրանք եկեղեցու բեմում են: Քրիստոսի ծնկներին նայելիս, հատկապես աջ ոտքի ծնկանը մարդու ուրվագիծ կարելի է տեսնել, որը տարօրինակ ժպտում է, մի տեսակ չարախնդում: Սա, հավանաբար, դժոխքից սատանայի ստվերն է Աստծո ոտքին: Հայկական մանրանկարչության մեջ, դևերին, սատանային միշտ էլ պատկերում են Քրիստոսի ոտքերի տակ և սրանով կրկին հաստատվում է, որ Աստված իջնում է ներքև՝ սատանայի բույնն ավերելու, իսկ վերջինս կարծես վախեցած թեքվել է ու պատրաստվում է փախուստի: Քրիստոսի դեմքին ուղիղ նայելիս նա այնքան էլ ժպտադեմ չէ, իսկ երբ նայում ենք ներքևից, նա ժպտում է:
Մարիամի աջ ոտքն առաջ է, մոտ շրջանակի ստորին հատվածին: Հավանաբար նա էլ է ցանկանում դուրս գալ, բայց չի կարող: Ո՞վ էր Մարիամ Մագդաղենացին՝ անառակ կին, և այդ պատճառով էլ շատերը նրան նկարել են ուսերը բաց, բայց Քոչարի մոտ ինչո՞ւ է Մարիամը կիսամերկ: Պաոլո Վերոնեզեի «Քրիստոսի խաչելությունը» կտավում Մագդաղենացին խաչի մոտ ծնկած է գրեթե նույն կերպ, սակայն ոչ կիսամերկ:
Վերլուծությունը շարունակենք աշխարհիկ տեսանկյունից: Մարիամ Մագդաղենացին անառակ կին էր, ու նրա կերպարը հիմք դարձավ անառակ կանանց կերպարները ստեղծելու համար: Այս կերպարը հատկապես գնոստիկական գրականության մեջ հատկանշական դեր ունեցավ: Գնոստիկյան ուսմունքների մեջ`այլաբանության եղանակով կատարյալ իմաստությունը (գնոսիսը) գտնելու ձգտումն է, որը ձեռք է բերվում հայտնության միջոցով և մարդուն ցույց տալիս փրկության ուղին։ Մագդաղենացին ունեցավ այդ հայտնությունը և փրկվեց: Քրիստոսն արգելեց քարկոծել նրան, իր վրա վերցրեց նաև Մարիամի մեղքերը, տարավ իր ետևից ու ազատեց անառակությունից: Ի՞նչ են փնտրում բոլոր անառակ կանայք՝ տղամարդ, որը կլինի ուժեղ, կընդունի իրենց ինչպիսին կան, ինչպես Քրիստոսն ընդունեց, որը իր ուսերին կառնի կնոջ մեղքերն ու կազատի, կփրկի: Այստեղ մենք հանգում ենք կին-տղամարդ հավասարությանը: Երբ էին կինն ու տղամարդը հավասար, և ով խախտեց այդ հավասարությունը: Ադամն ու Եվան միչև դրախտից աքսորվելը հավասար էին, անգամ չէին նկատում իրենց մերկությունը և չէին ամաչում: Վռնդվելուց հետո նոր միայն Աստված գերակա դարձրեց տղամարդուն: Պատկերում Քրիստոսը մերկ է: Ինչո՞ւ է Քոչարը մերկ Աստված պատկերել: Արևմտյան Եվրոպայի մշակույթում հյուսվել են զանազան պատմություններ աստվածաշնչյան կերպարների մասին, որոնք չկան Սուրբ Գրքում: Այդ պատմություններից է նաև, որ իբր Մագդաղենացին և Քրիստոսը ամուսնացած են եղել և ունեցել են երեխա, որն էլ դարձել է Մեծ Պահապանների արքայատոհմի նախահայրը։ Եթե ծանոթ չլինենք վերնագրին, այստեղ տեսնում ենք մերկ տղամարդ ու կիսամերկ կին: Եթե խոշորացնենք նկարը, կտեսնենք, որ տղամարդու աջ կուրծքը ոչ այլ ինչ է, քան աչք: Նայենք աջ ձեռքին, կրկին աչք է՝ նման ձկան կամ թռչնի… այսինքն տեսնելու համար աչքերը պարտադիր չեն, բայց Մարիամը ծնկած է, որն անհավասարության նշան է: Իսկ սկիհի պատկերը նմանվում է նաև մուգ թռչունի… սա կարող է աստվածաշնչյան այլաբանության մեջ լինել, օրինակ, Նոյի ագռավը, որին կերակրեց ու պահեց Նոյը, բայց սա գնաց ու հետ չեկավ… իսկ գուցե սև թռչունը հենց ժողովուրդն է, որն ուտելով Աստծո մարմինը մոռանում է նրան և կորում ջրերում:
Աշխարհիկ հարթության մեջ հանգեցինք կնոջ ու տղամարդու հավասարությանը, որն աստվածաշնչյան պատկերավորումների մեջ համապատասխանում է Ադամի ու Եվայի կերպարներին, նրանք էին նաև միակ մերկ կերպարները: Իսկ ինչ է խորհրդանշում մերկությունը…ամեն բան տեսնել այնպիսին ինչպիսին որ կա: Գուցե այս կտավում Քոչարը հենց դա է նկատի ունեցել, որ Աստծուն որոնենք առանց օժանդակների, իսկ Մարիամի մերկությունը կարող է խորհրդանշել, որ մենք Աստծո համար ամեն պարագայում տեսանելի ենք, մեր կյանքը մերկ է նրա առջև…