Քշիշտոֆ Պենդերեցկի.«Երկիր որտեղ ինձ տանն եմ զգում»

Պենդերեցկիները հայկական ինքնության և ազնվազարմ ընկերների մասին
Արդեն 6 տասնամյակից ավելի երաժշտական աշխարհը քննարկում է Քշիշտոֆ Պենդերեցկու ֆենոմենը. մի երաժիշտ, որ միավորում է 20-րդ և 21-րդ դարաշրջանները: Ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում նա հիացրել, զարմացրել է իր տիեզերական երաժշտությամբ՝ ստեղծագործելով գրեթե բոլոր ոճերում ու ժանրերում՝ ավանգարդից մինչև մասսայական երաժշտություն, սիմֆոնիկ էպիկական գործերից մինչև էքսպրեսիվ կինոերաժշտություն: Իսկ նրա աստվածաշնչյան խմբերգային ստեղծագործությունները որ փշրում են բոլոր սահմանները՝ մարդկանց միավորում են այն անսովոր բազմաձայնության շուրջ, որ Քշիշտոֆ Պենդերցկի անունն է կրում: Վերջին 10 տարիներին Քշիշտոֆ և Էլիժբեթ Պենդերեցկիները հաճախ են գալիս Հայաստան՝ եթե ոչ ամեն տարի, ապա գոնե 2 տարին մեկ անգամ: Կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական փնտրտուքի անբաժան ուղեկիցը` Էլիժբեթ Պենդերեցկան Վարշավայի Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրենն է և կես դարից ավելի երաժշտական մթնոլորտ ու ճաշակ է թելադրում ոչ միայն Լեհաստանում, այլև ամբողջ Եվրոպայում: Պենդերեցկին կատակում է.«Տարիներ առաջ, երբ նա հայտարարեց որ չի ուզում պարզապես իմ կինը լինել, այլ ցանկանում է զբաղվել երաժշտական կյանքի կազմակերպմամբ, ես վստահ էի, որ նա երկար չի դիմանա և չընդդիմացա նրան»: Ավելի ուշ հանճարեղ կոմպոզիտորը ստիպված էր ընդունել, որ սխալվել է: Էլիժբեթ Պենդերեցկան հիմնադրեց ոչ միայն «Վարշավյան աշուն» փառատոնը, այլև իրականացրեց միջազգային տասնյակ նախագծեր, նոր փառատոներ և տարիներ շարունակ ղեկավարում է Բեթհովենի անվան Զատկի փառատոնը:
2013-ի նոյեմբերին, երբ Վարշավայի օպերային թատրոնում համաեվրոպական հանդիսությամբ նշվում էր լեհ կոմպոզիտորի 80-ամյակը, Պենդերեցկին հենց բեմից խոսեց իր հայկական ինքնության մասին, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ պատրաստվում է սաղմոսների մի ամբողջ շարք նվիրել 1915-ի նահատակների հիշատակին: Անցյալի նրա հիշողություններն անմիջականորեն կապվում են տատիկի հետ, որը Սպահանից Լեհաստան հասած հայուհի էր և հաճախ էր թոռնիկին իր հետ տանում Կրակովի հայկական եկեղեցի: Տասնամյակներ անց կոմպոզիտորը կրակովյան դրվագներն իր մանկության ամենավառ հիշողություններն է համարել: Վերադարձը հայկական ինքնությանը և Հայաստանի հետ բարեկամությունը սկսվեց 2008-ին, երբ «21-ի հեռանկարներ» փառատոնի հրավերով նա առաջին անգամ եղավ Հայաստանում և հայտարարեց՝ վերջապես հարազատ տուն է վերադարձել: Հիմա Պենդերեցկիները դարձյալ Հայաստանում են՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական արվեստի երևանյան փառատոնի առիթով: Կոմպոզիտորը ներկա է եղել «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած իր հեղինակային համերգին, որով շատ տպավորված է: Երևանյան այցի ընթացքում Պենդերեցկիները բացառիկ հարցազրույց են տվել «ArtCollage»-ին:
- Մաեստրո, վերջին տարիներին Երևանը քարտեզի այն կետերից է, որտեղ հաճախ եք լինում:
Քշիշտոֆ Պենդերեցկի - Հայաստանում հասկանում են իմ երաժշտությունը, իսկ դա ինձ համար ամենակարևորն է ամենատարբեր շփումներում:
- Ոչ միայն հասկանում և գնահատում են, այլև շատ են սիրում:
Քշիշտոֆ Պենդերեցկի - Այո, այդպես է:
- Տարիներ առաջ Դուք խոսեցիք Ձեր հայկական արմատների և հայազգի տատիկից ժառանգած գենետիկ հիշողության մասին: Արդյոք այն փոխանցվել է նաև Ձեր զավակներին:
Էլիժբեթ Պենդերեցկա - Գիտեք, ամուսնուս հայկական ծագման լավագույն վկայկությունը հենց մեր դուստրն է: Այդ գենետիկ կապը խիստ տեսանելի է անգամ նրա արտաքինում: Ես ամեն օր դա տեսնում եմ աղջկաս աչքերում, որոնք տիպիկ հայկական աչքեր են և ինձ մշտապես հիշեցնում են հայկական արմատների մասին:
- Կոմպոզիտորական արվեստի «Ժամանակակից դասականներ» երևանյան փառատոնի ծրագրում տեղի ունեցավ Ձեր հեղինակային համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Չափազանց բարդ է մի ամբողջ համերգային ծրագիր Պենդերեցկի նվագել: Ինչպես եք գնահատում ֆիլհարմոնիկի կատարումը:
Քշիշտոֆ Պենդերեցկի - Շատ լավ էր նվագում ֆիլհարմոնիկ նվագախումբը: Չափազանց ուրախ եմ, որ իմ երաժշտությունն այսքան հաճախ և այսչափ բարձր կատարողական մակարդակով է հնչում Հայաստանում:
Էլիժբեթ Պենդերեցկա - Ֆենոմենալ կատարում էր, մանավանդ՝ «Ադաջիոն»՝ 3-րդ սիմֆոնիայից և 5-րդ սիմֆոնիան՝ «Կորեականը»: Գիտեք վերջին 10 տարիների ընթացքում, երբ մենք պարբերաբար գալիս ենք Հայաստան, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն այնքան է փոխվել: Շատ տպավորված ենք:
- Մաեստրո, 2013-ի նոյեմբերի 23-ին Վարշավայի օպերային թատրոնում ես լուսաբանում էի Ձեր 80-ամյակի հանդիսությունը: Այդ օրը Ձեզ շնորհավորելու էին եկել ոչ միայն աշխարհի մեծագույն երաժիշտները, այլև Եվրոպայի արքայական ընտանիքների ներկայացուցիչներ, միջազգային ականավոր գործիչներ ու մտավորականներ: Երաժշտի համար կարևոր են արդյոք մեծարված լինելը, պարգևներն ու մրցանակները:
Քշիշտոֆ Պենդերեցկի - Մենք հիմա խոսում ենք նախևառաջ իմ ընկերների, իմ բարեկամների մասին և ոչ թե արքայական ընտանիքների ու հայտնի գործիչների մասին: Պարզապես բացի ընկեր լինելուց նրանք նաև ազնվական ծագում կամ էլ մեծ ճանաչում ունեն:Իհարկե, չափազանց կարևոր է շուրջդ ընկերներ ունենալը՝ մարդիկ, որոնք հասկանում են քո երաժշտությունը: Ես դա տեսնում եմ նաև Հայաստանում, որտեղ հասկանում և գնահատում են իմ երաժշտությունը: Բայց այդպես է նաև Միացյալ նահանգներում, այդպես է Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Սա մի բան է, որ ամենամեծ հաճույքն է պատճառում կոմպոզիտորին, որովհետև ապացուցում է, որ դու միայն քեզ համար չես գրում: Դու ստեղծագործում ես քո ընկերների համար, որոնք երախտապարտ են քեզ՝ քո գրած երաժշտության համար: Իհարկե, մեծագույն բավարարվածություն է, երբ դու երաժշտություն ես գրում, և դա միայն անհատական հաճույք չէ, այլ դրանից շահում է նաև լսարանը:
- Տարիներ շարունակ Ձեր ընտանիքն աջակցում է երիտասարդ երաժիշտներին, նպաստում դասական երաժշտության տարածմանը: Ժամանակին Դուք նման աջակցություն կամ քաջալերանք ստացե՞լ եք:
Էլիժբեթ Պենդերեցկա - Ես գիտեմ, թե նա ինչպես է սկսել, որովհետև մենք արդեն բավական երկար ժամանակ է որ ամուսնացած ենք: Կար մի շրջան, երբ մենք շատ դժվար ժամանակներ էինք ապրում: Եվ դա միայն Լեհաստանում չէր, ամենուրեք նույն դժվարություններն էին: Ես որոշեցի ամուսնուս ստեղծագործությունը ներկայացնել Շոստակովիչին: Երբ ձայնագրությունը տվեցի նրան, Քշիշտոֆն ասաց. «Նա երբեք չի լսի այդ ձայնագրությունը», իսկ ես ասացի՝ սխալվում ես: Եվ, իհարկե, նա սխալվում էր: Մեկ ամիս անց մենք ստացանք մի շատ կարճ նամակ՝ անկանոն ու անփույթ ձեռագրով: Շոստակովիչը գրել էր. «Ինձ համար մեծ պատիվ է, քանի որ սա 20-րդ դարի գուցե մեծագույն ստեղծագործությունն է, որին ես ծանոթ եմ՝ ձեր Դմիտրի »:
- 2015-ին Դուք հատուկ «Հովեր» երգչախմբի համար գրեցիք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված սաղմոսը: Այն առաջին անգամ հնչեց «Կարնեգի Հոլի» հեղինակավոր բեմից, հետո նաև Կաննի «MIDEM» երաժշտական փառատոնում: Հնարավոր է արդյոք, որ Դուք կրկին անդրադառնաք հայկական թեմատիկային և նոր գործ գրեք:
Քշիշտոֆ Պենդերեցկի - Ով գիտե, գուցե: Ինձ համար Հայաստանը 2-րդ երկիրն է, որտեղ ինձ տանն եմ զգում: Երկու շաբաթից ես կդառնամ 86 տարեկան: Եթե ինձ տրված ժամանակը հերիքի, հույս ունեմ, որ դեռ կգրեմ այդ գործը, եթե իհարկե՝ հասցնեմ:


