Տուր ձեռքդ, Ուոլթ Ուիթմեն

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Հեռանում է օրվա մակույկն օրորվելով,
իմ ցաված սիրտ,
քեզ ո՞վ հետ կբերի
ու չուն տերեւների դեղին ակվարելով
մառախուղն է ներկում հոկտեմբերի:

Քանի,
քանի անուն
մշուշի մեջ կորավ –
մերձավորի ձայնն է կանչում հողից,
ու փողհարի նման այս ամիսը խոնավ
բթամատն է դնում շնչափողիս:

Դիակից էլ սառն էր այս հատվածը աշնան,
քանի,
քանի անուն
մշուշի մեջ…
կոշիկներիս նման ներսս մաշված
ցեխաջուր է խմում ու չկա վերջ

այս տաղտուկին,
ցրտին,
գիշերներին անքուն,
հոկտեմբերին ապա, որ կյանք տևեց
իմ մոտավոր հաշվով դեռ չեմ ապրել կյանքում,
սակայն գիտեմ մահվան անթիվ ձևեր:

Եվ շարունակ օրվա մակույկն է հեռանում.
այս տարբերակն անշուշտ կչարչարի.
իմանայի գոնե՝
ո՞վ է հոգին առնում
և ով ինձ հերձողին կվճարի:

 

ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՄԻ ԲԱՆ ԿՈՐՑՐԱԾԻՑ

Եթե կարող ես,
վերադարձրու կորցրածից մի բան,
որովհետև ծանր է,
անասելի ծանր չսիրելով ապրելը,
երբ մաքուր չէ անկողինը և եղանակն է

հիվանդ,
և վիրավորում է երբ արդեն
կանացի անուններ բազմապատկելը:

Ընդունելի չէր երևի իբրև զոհողություն
գործը բառի,
և հիմա դժվար է նունիսկ սեփական ձեռագիրը կարդալ,
շուտով կանջատեմ լույսը,
կափսոսամ, որ ամեն ինչ կորցնում ենք ճանապարհին,
որ դժվար է դառնում
վերադարձնել կորցրածից մի բան:

Բայց վերադարձրու,
վերադարձրու կորցրածից մի բան,
որովհետև մաքուր չէ անկողինս, և ապրելն է ծանր,
երբ չես սիրում,
երբ եղանակն է հիվանդ,
և անկարելի է, երբ արդեն
սեփական օրագրից մի բան վերծանել:

Վերադարձրու,
վերադարձրու կորցրածից մի բան:

 

ԵԹԵ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՐԹՈՒՆ ՄՆԱԼ

Քնիր, եթե չես կարող արթուն մնալ,
եթե անուշ է քնի թմբիրը ավելի,
քան գիշերը,
եթե խնամքով ծածկվել ես արդեն,
հաճելի է որքան զգալ անկողինը տաք
և չմտածել ոչնչի մասին:
Քնիր, եթե չես կարող արթուն մնալ,
ի՞նչ հարկ է մասնակցել գիշերվա ավարտին,
եթե սկիզբը կորցրել ենք վաղուց.
փետրվարը նվում է ցրտից,
իսկ լուսաբացին ավելի ցուրտ է լինելու
և դիմանալու համար,
իհարկե դու ճիշտ ես,
քնել է պետք,
հաճելի է որքան զգալ ջերմ լույսը լուսաբացի
և իմ ներկայությունը մխիթարիչ:
Մենք երկուսս՝ քնած թե արթմնի,
մենք մենակ և ծիծաղելի ենք նույնչափ:
Քնիր, եթե չես կարող արթուն մնալ:

 

ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

Ամառ էր, 

և այրեցի մարմինս օգոստոսին,

աշուն էր,

և ապրեցի վիշտը ծառերի.

Ձմեռ էր,

և նստեցի վառարանին մոտիկ,

գարուն էր,

և թարմություն էր ամենուր,

բայց ոչ մի եղանակ

չուներ հրապույրները

ճամփորդության:

 

ՏՈՒՐ ՁԵՌՔԴ, ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆ

Տուր ձեռքդ, Ուոլթ Ուիթմեն

դու ինձ սպասել ես երկար

դու ինձ սպասել ես գիշերը

և լուսաբացին սպասել ես դու ինձ

և կեսօրին սպասել ես

մեր ստվերները դեղին են

մեր ստվերները թափվում են ծառերից

մեր ստվերները փռվում են ուսերիդ

ուսերիդ թափվում են մեր ստվերները

հոկտեմբերը մաեստրոն ռոյալի

նվագում է միայն սևերով

նա խփում է միայն սևերին

մեղեդին ցնցող է

դեղին են մեր ստվերները

մեր ստվերները թափվում են ծառերից

ուսերիդ թափվում են

հոկտեմբերը վարպետ է անձրևի

ջրերի բույրն է նա շնչում

նա իջնում է խոտերին, ջրերին,

անընդհատ ծառերին է նա իջնում

մաեստրոն նվագում է սևերով

մեղեդին ցնցում է

դեղին են մեր ստվերները

մեր ստվերները թափվում են ծառերից

ուսերիդ թափվում են

պատերը հարազատ են դառնում

տուր ձեռքդ, Ուոլթ Ուիթմեն

հասնենք դռները մինչև

ուսուցիչը ապրում էր սենյակում

նա երկար սպասել էր մեզ

ուսուցիչը ասում էր իր ձայնը

լռության արձագանքն էր մեր

երկրպագիր, Ուոլթ Ուիթմեն

դու փնտրել ես մեծագույն մարդկանց

դու փնտրում ես մեծագույն մարդկանց

ամենուր փնտրում ես դու

տուր ձեռքդ, Ուոլթ Ուիթմեն

ես տեսնում եմ լույսը գիշերվա մեջ

խավարը խավար չէ

և մութը մութ չէ բոլորովին

և լույս է գիշերը

օրը հստակ է ինչպես բառ

և ճանապարհը մաքուր է ինչպես ձյուն

տուր ձեռքդ, Ուոլթ Ուիթմեն

տուր ձեռքդ ինձ

տուր ձեռքդ բարձրանանք Արարատ:

 

ԴԵՊՔ

Ես հավաքեցի մի առավոտ իմ ապրած օրերը
և ապուշի երջանիկ քայլվածքով
կեղտոտ շորերիս հետ տարա լվացքատուն,
իսկ չորեքշաբթի,
երբ ինձ վերադարձրին տարածս,
ես բացեցի խնամքով կապած փաթեթը
և տեսա,
որ շորերս չկան,
իսկ օրերիս վրա
պիոներական վզկապներից
անջնջելի կարմիր հետքեր էին մնացել:
Ահա ողջը: