Տիգրան Ձիթողցյան.«Ամեն ինչ զրոյից սկսելը չափազանց առողջ բան է ստեղծագործող մարդու համար»

Նոր մշակութային հասցե՝ Ձորաղբյուր, «Ձիթողցյան» ցուցասրահ

Երևանն է, օգոստոսը և իր վերջին երևանյան ցուցահանդեսից ճիշտ երկու տարի  անց նյույորքաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը ներկայանում է նոր ցուցահանդեսով՝ սովորության համաձայն իր արվեստի երկրպագուներին հրավիրելով ազատ շփման ու քննարկումների: «Նուռ» պատկերասրահում բացված նախորդ՝ «Երեք հայելի» խորագրով մինիմալիստական ցուցադրությունը, որ ներկայացնում էր ընդամենը երեք դիմանկար, ըստ էության, միջանկյալ մի ցուցահանդես էր, որը շարունակում էր վեց տարի առաջ «Գաֆեսչյան» արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված ընդգրկուն և ամբողջական «Հայելիներ» շարքի գեղագիտությունը: Իր նոր ցուցադրությամբ նկարիչը նոր մշակույթ է ձևավորում հայաստանյան իրականության մեջ՝ առաջին անգամ ներկայանալով Ձորաղբյուրում իր ստեղծած արվեստանոց-ցուցասրահում: Հայաստանում իր արվեստանոց-ստուդիան ունենալու մասին Ձիթողցյանը վաղուց էր մտածում. հիմա տարիների աշխատանքն ավատրված է, և մենք նոր մշակութային հասցե ունենք՝ Ձորաղբյուր, «Ձիթողցյան» ցուցասրահ: Մեծ, լուսավոր և ընդարձակ ցուցադրական տարածքներում Տիգրանը ներկայանում է  նոր՝ «Ինքնամեկուսացում» շարքով, որը համավարակի թելադրած նոր իրողությունների հայելային արտացոլումն է մեր իրականության մեջ: Նկարչի  ոգեշնչման աղբյուրը քովիդի ճիրաններում հայտնված Նյու Յորքն է՝ ամերիկյան մեգապոլիսի դատարկված փողոցները, երկնաքերերի բնակիչների ներամփոփ կյանքը, որին նկարչի ուշադիր, սևեռուն հայացքը հետևում էր մեծ պատուհանների  հետևում: Բազմաֆիգուր կտավների փոքր տարածքում Տիգրանը խտացնում է խիստ սահմանափակումների ու ազատության ձգտման բախումը, այն տարրալուծելով իր կերպարների փոխակերպումների մեջ: «Ինքնամեկուսացում»  շարքին զուգահեռ ցուցադրված են նաև Տիգրանի արդեն հայտնի գործերը: «Ամուլսարաբան, բախտակույս, պակասազուրկ, բնամոլ, բանատես, օդախոս, դիվանապաշտ և այլ նորաբանություններով նկարիչը փորձում է լրացնել, երանգավորել իր ստեղծագործության պատկերաշարը: Համավարակը շոշափելիորեն ընդգծեց մի թեմա, որը նկարչին հետաքրքրել է մշտապես՝ մարդկային էության երկվության առեղծվածը: Համավարակի օրերին դիմակներ կրելու պարտադրանքը հետաքրքիր դիտարկումների առիթ է տվել նկարչին, որը  վաղուց է հետևում մարդկանց վարքագծին, որոնք ամենօրյա դիմակների հետևում փորձում են թաքցնել իրենց բուն էությունը:

Իր իրականացած ու անկատար երազանքների, նոր ցուցահանդեսի ու նախորդ տարվա մեծ ու փոքր ցնցումների մասին նկարիչը խոսել է «ArtCollage»-ին տված բացառիկ հարցազրույցում:

 

Նունե Ալեքսանյան -Ձեր վերջին երևանյան ցուցահանդեսը 2019-ի օգոստոսին էր, որին հաջորդած երկու տարիների ընթացքում գոնե երկու մեծ ցնցում՝ համավարակն ու 44-օրյա պատերազմն ամեն ինչ փոխեցին մեր կյանքում: Իսկ ի՞նչ փոխվեց ձեր կյանքում:

Տիգրան Ձիթողցյան -Ինձ թվում է մեր բոլորի կյանքում շատ բաներ փոխվեցին. մենք բազմաթիվ բաներ վերանայեցինք: Կարծում եմ, որ մանավանդ կորոնավիրուսի ժամանակ վերագնահատման մի մեծ պրոցես սկսվեց: Մարդիկ սկսեցին վերանայել իրենց կյանքը, և ես էլ, որպես արվեստագետ, բացառություն չէի: Այդ ընթացքում ես սկսեցի ուսումնասիրել ուրիշներին, և դա շատ հետաքրքիր էր: Իրականում ես միայն դրական եմ նայում այդ ամենին և միայն պոզիտիվ բաներն էի քաղում այդ վիճակից: Ես ապրում էի Նյու Յորքում, ու Նյու Յորքը շատ գեղեցիկ էր իր դատարկության մեջ: Համավարակի ընթացքում քաղաքը շատ պոետիկ պատկեր ստացավ. թռչունները վերադարձան Նյու Յորք ու նորից սկսեցին երգել: Գիտեք, շատ գեղեցիկ պատկեր էր՝ շատ տխուր իրականության մեջ, բայց արդյունքում շատ լավ բաներ ի հայտ եկան: Գոնե ես շատ լավ բաներ քաղեցի այդ իրավիճակից և սկսեցի իմ նոր շարքը, որը կոչվում է «Ինքնամեկուսացում»: Այնքան հետաքրքիր էր հետևել իրենց բնակարաններում փակված մարդկանց վարքագծին:

Ն.Ա. -Իսկ պատերա՞զմը:

Տ.Ձ. -Ինչ վերաբերվում է պատերազմին, իհարկե, բոլորիս համար ահավոր շոկ էր: Երևի դարձյալ մեր իրավիճակի վերագնահատում էր, որովհետև ես էլ հասկացա, որ նույնիսկ մտավորականներն էլ էին խաբված: Մենք մի ուրիշ իրականության մեջ  էինք մեզ պատկերացնում. դա, իհարկե, ինչ-որ մեծ շոկ էր, և հիմա ինձ թվում է, որ կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն է ընկնում: Եվ ես դարձյալ մտածում եմ, որ միգուցե դա մեզ հարկավոր էր, որ որպես ազգ, որպես պետություն մի ուրիշ մակարդակի վրա դուրս գանք: Հույս ունեմ, որ դա մի տեսակ շոկային թերապիա  եղավ մեզ համար՝ դեպի լավը գնալու համար:

Ն.Ա. -Երբ խոսում ենք փոփոխություններից, չեմ կարող չհարցնել Ձեր ստեղծագործական կյանքում մի կարևոր փոփոխության մասին, որի արդյունքը մենք տեսանք ընդամենը մեկ ամիս առաջ: Ես նկատի ունեմ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի փայլուն բեմադրությունը, որում Դուք առաջին անգամ հանդես եկաք որպես բեմանկարիչ: Բավարարվա՞ծ եք արդյոք արդյունքով:

Տ.Ձ. -Ես պետք է ասեմ, որ ինքս երբեք չեմ բավարարվում իմ արածով, դրա համար էլ, երևի, փորձում եմ աճել ամեն օր: Ես ուրիշ կերպ չէի էլ պատկերացնում թե ինչ պետք է անենք: Իհարկե, իմ մոտեցումը և պատկերացումը շատ ներդաշնակ էր Վռամ Կարապետյանի մտածողությանը, որը բամադրող ռեժիսորն էր: Մեր ճաշակները և աշխարհայացքը հենց սկզբից համահունչ էին. մենք միայն ժամանակակից լուծումներ էինք պատկերացնում, որովհետև մենք այսօր ենք  ապրում և անդրադառնում ենք՝ այո, մի պատմական բեմադրության, բայց դա պետք է լիներ ժամանակակից ներկայացում, որովհետև այն նաև Հայաստանի այսօրվա վիճակի հետ էր կապված, որովհետև մենք այդպես էինք տեսնում և այլ կերպ պարզապես չէր կարող լինել: Հենց սկզբից կար այդ գաղափարը, և հենց սկզբից այդ կոնցեպտն էր մշակված:

Ն.Ա. -Երբ Դուք խոսում եք համավարակի մասին, վերադառնում եք մի թեմայի, որը միշտ է հետաքրքրել ձեզ՝ մարդկային երկվության արտացոլումը Ձեր դիմանկարներում: Այն իրավիճակում, երբ բոլորը սկսեցին դիմակով ծածկել իրենց  դեմքերը և, ըստ էության, քողարկել իրենց էությունը, ի՞նչ հավելվեց Ձեր մոտեցումներին:

Տ.Ձ. -Գիտեք, նախևառաջ սկսեցի նկատել, որ շատ մարդիկ գեղեցիկ աչքեր ունեն, որովհետև նախկինում դու կենտրոնանում էիր շատ այլ բաների վրա, իսկ հիմա նախ տեսնում ես աչքերը և որևէ ուրիշ բանով չես կարող մարդուն  ճանաչել: Իրականում դա շատ հետաքրքիր փաստ էր, որովհետև քո անձը կարծես ինկոգնիտո էր դրսում, փողոցում, և դու կարող էիր այլ կերպ քեզ պահել, որովհետև ոչ ոք քեզ չի ճանաչում: Եվ իհարկե, այս նոր իրավիճակում, այդ մեկուսացման փակ շրջանում չափազանց շատ հետաքրքիր մտքեր էին գալիս ու նոր գաղափարներ ծնվեցին:

Ն.Ա. -Ձեր կյանքը պայմանականորեն կարելի է բաժանել երեք շրջանի՝ խորհրդային, եվրոպական և ամերիկյան: Եվ ամեն շրջան Դուք սկսել եք զրոյից. դժվար է արդյոք ամեն ինչ սկսել զրոյից, երբ դու արդեն կայացած մարդ ես:

Տ.Ձ. -Ճիշտն ասած, ես շատ եմ սիրում զրոյից սկսելը, որովհետև երբ ես ինչ-որ տեղ գտնում եմ հարմարավետության իմ զոնան, զգում եմ, որ երևի թե դա շատ վատ բան է արվեստագետի համար: Ամեն ինչ զրոյից սկսելը չափազանց առողջ բան է ստեղծագործող մարդու համար: Եվ արվեստագետը, երևի, պետք է ժամանակ առ ժամանակ այդ սթրեսն ապրի, որպեսզի չլինի թե նա մտածի, որ ամեն ինչ գիտեի և թե ինչ անի, որ մադկանց դուր գա: Ինձ համար իմ ամեն ստեղծագործական շրջանը  զրոյացնելն ու  նորից սկսելը շատ հետաքրքիր է: Հույս ունեմ, որ ապագայում էլ նույնը կանեմ ու բացարձակ կարևոր չէ թե որտեղ կլինեմ. դա կարելի է անել տարբեր երկրներում, բայց նույն բանը կարելի է անել նաև ոճը կամ աշխարհայացքը փոխելու միջոցով:

Ն.Ա. -Նյու Յորքն աշխարհի խոշոր մշակութային կենտրոններից մեկը լինելուց բացի, նաև մեծ ստեղծագործական շուկա է: Դուք միշտ նշում եք, որ շուկան սպանում է իսկական արվեստը: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում գնալ հոսանքին հակառակ ու չտրվել  շուկայի պահանջարկին:

Տ.Ձ. -Իրականում երևի նման բան կա, բայց թույլ մարդը կոտրվում և կորում է, իսկ եթե դու պայքարող ես, երևի, ճիշտ հակառակն է՝ ինքը քեզ ուժ է տալիս ու եռանդ, որ դու ինքդ քեզ գտնես: Նյու Յորքը տասը տարվա ընթացքում բոլորին մի տեսակ  մաղում է՝ կամ այս կողմ կամ այն կողմ: Տասը տարին ինչ-որ մի ժամկետ է, որի ընթացքում դու կամ գոյատևում ես կամ ինքը քեզ դուրս է մղում: Եվ այդ պատճառով դու պետք է քեզ գտնես և ինքնահաստատվես որպես արվեստագետ: Եվ եթե դու  ընկնես այդ կոմերցիոն հաջողության հետևից, դու ոչ մի ապագա չես ունենա, որովհետև այդպիսիները շատ-շատ են: Ես հենց սկզբից որոշել էի, որ պետք է ինքս ինձ հետ ազնիվ լինեմ, ամեն օր հաճույք ստանամ իմ աշխատանքից, հենց պրոցեսից,  այլ ոչ թե վերջնական արդյունքից: Եվ այն, թե պրոցեսի ժամանակ ինչ եմ  զգում, ինչից եմ հաճույք ստանում, ինչ եմ ապրում, այդ ամենն ինձ բերեց այնտեղ, որտեղ որ ես հայտնվեցի: Եվ ես այսօր էլ ինձ համարում եմ իմ ճանպարհի սկզբում և ամեն օր քայլեր եմ անում իմ ճանապարհին: Եվ հիմա այնքան մտքեր, նախագծեր կան, որ ես ուղղակի չեմ հասցնում դրանց կեսն իրականացնել:

Ն.Ա. -Դուք շատ վաղուց էիք երազում այստեղ՝ Հայաստանում Ձեր արվեստանոց-ցուցասրահն ունենալ: Հիմա  երջանի՞կ եք:  

Տ.Ձ. -Այո, երջանիկ եմ:

 

Նունե Ալեքսանյան