Տարկովսկու երկրպագուները համաշխարհային կինոյում

КУЛЬТУРА.РФ-ն ներկայացնում է ժամանակակից այն հայտնի ռեժիսորներին, որոնց ստեղծագործությունը կրում է Անդրեյ Տարկովսկու նկատելի ազդեցությունը:
Լարս Ֆոն Թրիեր
Անդրեյ Տարկովսկու ստեղծագործության հայտնի գնահատողներից մեկը դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերն է: 2012-ին Սոթբիի աճուրդում Թրիերը փորձեց ձեռք բերել Տարկովսկու արխիվը, բայց արդյունքում այդ արժեքավոր թղթերը փոխանցվեցին Իվանովոյի ղեկավարությանը:
Իր հարցազրույցներում Թրիերը բազմիցս է ասել, որ հիանում է ռուս ռեժիսորի տաղանդով և փոխառել է նրա գեղարվեստական որոշ հնարքներ: Նրա ֆիլմերում կարելի է տեսնել ևþ ուղղակի, ևþ քողարկված հղումներ Տարկովսկու ստեղծագործություններին, իսկ երբեմն նույնիսկ մեջբերումներ նրա ֆիլմերից:
Իր անցանկալի «Նեռը» Լարս ֆոն Թրիերը պաշտոնապես նվիրել է Անդրեյ Տարկովսկուն, որի համար նա սուլոցների արժանացավ Կաննում՝ լրատվամիջոցների համար պրեմիերայի ժամանակ: Ավելի ուշ նկարահանած նրա ֆիլմերում բազմաթիվ ակնարկներ կան ռուս ռեժիսորի ֆիլմերին: Ինչպես նշել է կինոքննադատ Անտոն Դոլինը, Թրիերի «Մելանխոլիան» և Տարկովսկու «Զոհաբերությունը»՝ ֆիլմեր են նույն բանի մասին՝ ներքին ապոկալիպսիսի մասին: «Նիմֆոմանուհին» ֆիլմի հատվածներից մեկում պատին կախված է սրբապատկեր, որը վերագրվում է Անդրեյ Ռուբլյովին: Տարկովսկու համար Ռուբլյովն ամենակարևոր կերպարներից մեկն է: Մեկ այլ հատվածում հանդիսատեսը տեսնում է ճախրող աղջկա. նման պատկեր կա Լարս ֆոն Թրիերի սիրելի « Հայելի » ֆիլմում: Չորացած, խեղված ծառ, մտախոհ, քարացած հերոս՝ վայրի դաշտային բուսականության մեջ, հրդեհ, որին ֆիլմի հերոսները հետևում են տան պատուհանից ... Այս և շատ այլ կադրեր Թրիերը փոխառել է իր ստեղծագործական կուռքից:
Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
Մեքսիկացի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն Անդրեյ Տարկովսկու ստեղծագործության ևս մեկ հայտնի երկրպագուն է:
«Ես հիշում եմ տեսարաններ կամ պահեր ֆիլմերում, որոնք նույնիսկ հիմա ինձ համար անհասկանալի են: Բայց երբ ես դրանք տեսնում էի, միևնույն է՝ ինչ- որ հայտնություն էի զգում՝ ինչպես Տարկովսկու «Ստալկերում » »:
Օսկարակիր ռեժիսորը շարունակում է կինոյի աշխարհում մնալ նորարար: Այդուհանդերձ, նաև նրա ֆիլմերում հղումներ կան Տարկովսկու ֆիլմերին: Օրինակ, Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում ռուս կինոռեժիսորի ֆիլմերից մեկ տասնյակից ավելի տեսողական մեջբերումներ կան: Դրանք շատ նման են կառուցվածքով և հեշտ ճանաչելի:
Քերի Ֆուկունագա
Անդրեյ Տարկովսկու ստեղծագործություններին հղումներ են հանդիպում նաև ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ Քերի Ֆուկունագայի մոտ: Հանրահայտ քրեական սերիալի՝ «Իսկական դետեկտիվի», առաջին սեզոնում նա օգտագործել է իր հայրենակից և ավագ սերնդի արդեն հայտնի գործընկերների ֆիլմերից մեջբերումներ և մեկ ակնհայտ փոխառում Տարկովսկու «Իվանի մանկությունը» ֆիլմից:
Սթիվեն Սոդերբերգ
Ամերիկացի Սթիվեն Սոդերբերգը հայտնի է հեղինակություններ մերժելու և ուրիշների ֆիլմերը իր ճաշակով վերաձևելու վարպետությամբ: Ազատ ժամանակ նա զբաղվում է անցյալի տարբեր կինոհիթերի վերամոնտաժով և կրճատմամբ: Երբ ռեժիսորը որոշեց նկարահանել «Սոլյարիսի» իր տարբերակը, նա այն ներկայացրեց ոչ թե որպես նոր տարբերակ, այլ որպես Ստանիսլավ Լեմի վեպի նոր էկրանավորում: Այնուամենայնիվ, ֆիլմերի նմանությունը դժվար է չնկատել: Սոդերբերգի ֆիլմում քիչ չեն տեսարանները, որոնք կրկնում են Տարկովսկուն: Առավել բնորոշ հատվածներից մեկը ֆիլմի ավարտն է: Եթե Տարկովսկին «Սոլյարիսի» ավարտին մեջբերում է Ռեմբրանդտի «Անառակ որդու վերադարձը» , Սոդերբերգը վկայակոչում է Միքելանջելոյի «Ադամի արարումը» որմնանկարը:
Անդրեյ Տարկովսկու կինոավանդույթների շարունակողները
Տարկովսկուն ոգով եւ մասամբ՝ նաև ոճով հարազատ արևմտյան ժամանակակից ռեժիսորներից կինոքննադատներն առանձնացնում են երկուսին՝ թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանին և մեքսիկացի Կառլոս Ռեյգադասին: Երկու հեղինակներն էլ բազմիցս հարցազրույցներում նշել են, որ իրենց արվեստը Տարկովսկու ուժեղ ազդեցությունն է կրել: Այդ իմաստով առավել բնութագրական են Ռեյգադասի վաղ շրջանի գործերը, և հատկապես՝ դեբյուտային «Ճապոնիան»: Ջեյլանի առավել ակնհայտ հարազատությունը Տարկովսկուն քննադատները նկատել են «Տարվա եղանակները» ֆիլմում: Նրա «Օտարացում» ֆիլմի տեսարաններից մեկում հերոսը միացնում է Տարկովսկու ֆիլմի սկավառակը, որպեսզի ստիպի իր ազգականին հեռանալ: Նա ընտրում է գյուղացու համար ամենաերկար և «ձանձրալի» տեսարանները:
Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի