Վոլդեմար Օզոլսը՝ հանուն Հայաստանի

Յուրաքանչյուր իսկական հետախույզ ջանում է, որ իր մասին հնարավորինս քիչ իմանան։ Լատվիացի սպա Վոլդեմար Օզոլսի՝ 1914-1915 թթ․ Հայաստանում կատարած ռազմահետախուզական սխրանքների մասին ընդամենը հակիրճ ակնարկներ կան Հովհաննես Թումանյանի գրառումներում, հայ կամավորների հուշերում, օրվա հայ մամուլի էջերում կամ պատմագիտական աշխատություններում։

Վոլդեմար Օզոլսը ծնվել է 1884 թվականին՝ Վիտեբսկի նահանգի Վիդրեյա համայնքում։ Ծնողները բողոքական լատիշներ էին՝ Լատգալիայից, հայրը՝ Անսիսը, 1877-78 թթ․ ռուս-թուրքական պատերազմի մասնակից էր, արհեստավոր էր։ 1895 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվում է Ռիգա, որտեղ էլ Վոլդեմարը դպրոց է հաճախում։ Որոշ ժամանակ աշխատում է որպես երկաթուղային։ Դրանից հետո նպատակասլաց երիտասարդը ավարտում է Վիլնյուսի յունկերական ուսումնարանը ու Սանկտ-Պետերբուրգի գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան՝գերազանցությամբ և 1914թ․ մայիսին որպես սպա անմիջապես կցագրվում է Կովկասյան ռազմական շրջանի շտաբին։ Ծառայել է հետախուզական բաժնում, նրան է հանձնարարվել հայ կամավորների հետ աշխատանքը, նրանց մարտական և ֆիզիկական պատրաստությունը, ինչպես նաև Քանաքեռում սպաների ու կամավորական խմբերի պատրաստման դպրոցի կազմավորումը, ինչը նա հաջողությամբ իրականացրել է։ Մասնակցել է հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը, Արևմտյան Հայաստանում ռազմական գործողությունների մշակմանը։ «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսում (№1, 2010թ.) հրապարակված մի զեկուցագրում անանուն հեղինակը նշում է․ «Հայկական վաշտերի կազմավորման վայր էր ծառայում Երևանի արվարձան Քանաքեռը․ այդ աշխատանքը հանձնարարված էր անչափ շնորհալի և հազվագյուտ մի աշխատողի, գլխավոր շտաբի սպա կապիտան Օզոլին»:

1915-ի մարտին Վլադիմիր Օզոլը (այդ տարիներին հիմնականում գործածվում էր նրա անուն-ազգանվան ռուսականացված տարբերակը) ստանում է շտաբս-կապիտանի զինվորական կոչում և փոխադրվում գլխավոր շտաբ՝ նշանակվելով 4-րդ Կովկասյան բանակային կորպուսի ավագ համհարզ, հետախուզության բաժնի պետ։ Կորպուսի հրամանատարը՝ հայկական ծագումով գեներալ Պյոտր Օգանովսկին բարձր էր գնահատում Օզոլսի հետախուզական տաղանդը։

Զինվելուց և պատրաստվելուց հետո կամավորական ջոկատները մեկնում են ռազմաճակատ՝ Արևմտյան Հայաստան։ «Արարատ» ամսագիրը 1915 թվականի ապրիլի 15-16-ը անվանում է պատմական օրեր․ այդ օրերին կամավորների խումբն այցելեց Մայր Աթոռ։ Նրանց դիմավորում էին խանդավառ կեցցեներով, դրոշակներով, պատշգամբներից ծաղիկներ սփռելով։ Մայր Աթոռի միաբանների գլխավորությամբ Գևորգյան ճեմարանում տրված հանդիսավոր ընթրիքի հյուրերի թվում առաջինը նշվում է «Երևանից ուղեկցող ռուս սպա Օզոլի» անունը, որը նաև բաժակաճառ է ասում։ Հաջորդ օրը Վեհափառն օրհնում և ճանապարհում է նրանց։

Հաղթանակներ տանելով Թափառիզի մոտ, Բայազետում, Բերկրի-Կալայում՝ կամավորներն ուղևորվում են թշնամուն հերոսաբար դիմադրող Վանին օգնության։ Այստեղ է, որ Օզոլսը պիտի ապրեր իր աստեղային ժամերից մեկը՝ ցուցադրելով հետախույզի իր ամբողջ տաղանդը։ Նա առաջինն է Վան ներթափանցում որպես հետախույզ և ապա՝ որպես կամավորական խմբի առաջնորդ։ «Մեր Հայրենիքի» հնչյունների ներքո նրանց դիմավորում է Վանի ամբողջ հայությունը։ «Մայիս 5-ի երեկոյան, Վանի ծովին վրա հուրհուրացող արևի վերջալույսային ճառագայթներուն տակ, առաջին անգամ Վան կը մտներ հայ կամավորական հեծելագունդ մը, առաջնորդությամբ Դաշնակցական Խեչոյի և ռուս գնդապետ Օզոլի։ ․․․Անոնց թիկունքը հեղեղված էր, տառացիորեն, Վանի ամբողջ ժողովուրդը, ծեր և մանուկ, բնիկ թե գաղթական», -գրում է Օն․ Մխիթարյանը («Վանի Հերոսամարտը», Սոֆիա, 1930)։

Մայիսի 6-ին Վանում ճաշկերույթ է տրվում ռուսական սպայակույտի ու հայ կամավորների ներկայացուցիչների պատվին, որին ներկա էին Ընդհանուր հրամանատար գեներալ-մայոր Նիկոլաևը, շտաբի անդամներ գեներալ Օգանովսկին, ավագ ադյուտանտ Օզոլսը, Արամ Մանուկյանը, Վարդանը և այլ հրամանատարներ։ Օզոլսն առաջարկում է խմել զոհված մարտիկների կենացը․ «Անոնք որ պատրաստած են այսօրվան մեր հաղթանակը՝ ինկած են հիմա»։ Վանի երախտապարտ բնակիչները Օզոլսին ոսկեզօծ սուր են նվիրում։

Հեռավոր Լատվիայից եկած սպան հայերի հանդեպ մի առանձնահատուկ համակրանք է ունեցել․ դա է վկայում ռազմաճակատ այցելած Հովհաննես Թումանյանի օրագրային գրառումը․ «Շատ լավ վերաբերմունք ունի դեպի հայերը Օգանովսկու ադյուտանտ Ազոլը, որ Լյախովին իսկի չի սիրում» (Լյախովը հայատյաց ցարական գեներալ էր, Կովկասյան ճակատի տարբեր զորամասերի հրամանատար)։

Օզոլսը մտահոգված էր Վանի հայության ճակատագրով ու նախապես կանխատեսել էր ռուսական զորքի 1915 թվականի հուլիսյան անակնկալ նահանջը Վանից, որը հայ բնակչության նոր կորուստների ու զոհերի պատճառ պիտի դառնար։ Խանասորի Վարդանը պատմել է․ «Դեռ Իգդիրում էինք, որ մի երեկո մտավ ինձ մոտ գեներալ Օգանովսկու շտաբի պետ ազգությամբ լատիշ Վլադիմիր Անտոնովիչ Օզոլը՝ մի վերին աստիճանի համակրելի ու բարձրագույն կրթության տեր մարդ և անձնական բարեկամ և ինձ ասաց. -Գիտե՛ս Վարդան, մեր զորքերն առաջ են գնում, նրանք, անշուշտ կգրավեն Վանը, բայց և նկատի ունեցիր, որ նրանք այնտեղ երկար չեն մնալու, նահանջելու են, ուրեմն տեղական ազգաբնակչության պաշտպանության հոգսը Ձեզ վրա է մնալու... Ուստի դուք պատրաստվեցեք մեծ թվով մարդիկ, զենք ու ռազմամթերք ունենալու... աշխատեցեք որքան կարելի է Ձեզ ապահովել թնդանոթներով ու ռազմամթերքով... որպեսզի կարողանաք մեր նահանջից հետո դիմանալ Վանում: 

Օզոլի այս խոսքերի միտքը հետո միայն հասկանալի դարձավ»:

Վանը ազատագրողի փառքը Օզոլսը երկար չվայելեց։ Ակնարկելով Օգանովսկու դեմ հայատյաց հրամանատարների վարած արշավը՝ իր ռազմաճակատային օրագրում Թումանյանն ափսոսանքով նշում է․ «Եվ մեծ թշնամություն կա իր դեմ, որ արտահայտվում է զանազան կարգադրություններով-իր սիրած ծառայողներից Օզոլին ոչ միայն իր մոտից, այլև իր շրջանից հեռացրին, որ շատ հայասեր էր»։

Ըստ լատվիացի հեղինակ Մանֆրեդ Շնեպս-Շնեպպեի՝ գլխավոր շտաբում Օզոլսին մեղադրել են թուրքական ճակատում ցարական կառավարության ներկայացուցչի լիազորությունները գերազանցելու մեջ․ «նա խախտել էր Ռուսական կայսրության կողմից գրավված հողերի յուրացման պրակտիկան․ սահմանի երկայնքով պետք էր տեղակայել սահմանային կազակներին։ Իսկ Օզոլսը իր պահվածքով հայերին Արևմտյան Հայաստանի կորուսյալ տարածքները վերադարձնելու հույս էր տվել»։ Դատելու փոխարեն նրան ավելի խիստ պատժի ենթարկեցին՝ որպես գերմանացի երկրաբանի նրան ընկերների հետ ուղարկում են թուրքական թիկունք՝ Էրզրումի արվարձաններ։ Երկու ամիս թշնամու թիկունքում գործած Օզոլսը ողջ է մնում ու վերադառնում Էրզրումի ռազմական ամրությունների տեղակայման մանրամասն քարտեզներով։ Շնորհիվ Օզոլսի տվյալների և մասնագիտական մասնակցության՝ գեներալ Ն․ Յուդենիչին հաջողվում է կազմակերպել անառիկ ամրոցի գրոհման գործողությունը, 150 կմ մխրճվել թշնամու տարածք, ջախջախել թուրքական 3-րդ բանակը և, ի վերջո, վերցնել Էրզրումը։

Բայց մինչև այդ, երբ ցարական իշխանությունների քաղաքականությունը հայերի հանդեպ ավելի է խստանում, Օզոլսին հեռացնում են Հայաստանից (այստեղ իր ծառայության համար նա ներկայացվեց Սուրբ Աննայի 3-րդ կարգի շքանշանի, որը ամենացածր կարգավիճակ ունեցողներից էր)։ 1915-ի հոկտեմբերին նա տեղափոխվում է Արևմտյան ճակատ․ սկզբում ծառայում է հետևակային դիվիզիայի շտաբում, ապա՝ սեփական նախաձեռնությամբ՝ լատվիական հրաձգային գումարտակներում։ Արդեն մեկնարկել էր լատվիական հրաձգային գումարտակների կազմակերպումը, որում Օզոլսը կարևոր դերակատարում պիտի ունենար։ 1916 թ․ նա նշանակվում է Լատվիական 2-րդ հրաձգային բրիգադի շտաբի պետ, անձամբ մասնակցում բրիգադի վարած բոլոր մարտերին։ Օզոլսը «1916-1917 թվականների Սուրբ Ծննդյան մարտերի» ռազմական պլանը մշակողներից էր, իսկ բուն մարտերի ընթացքում աչքի ընկնավ անձնական արիությամբ ու կազմակերպչական տաղանդով, ինչի համար պարգևատրվեց Գեորգիևյան խաչով և զինվորական կոչման բարձրացմամբ։ 1917-ին, գերմանական հակահարձակման ժամանակ Օզոլսը թունավորվում է մարտական թունավոր նյութերով (գազերով)։ Նույն թվականի մարտին նա դառնում է Լատիշական հրաձիգների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահը։ Նա հանդես էր գալիս հօգուտ լատվիացի հրաձիգների միասնականության և կարգապահության՝ ասելով․ «Կարելի է տարբեր կերպ մտածել, բայց գործել միասին»։

1917 թվականին Օզոլսը մասնակցում է Ռիգայի համար Յուգլայում մղվող մարտերին՝ գերմանական շրջափակումից փրկելով 12-րդ բանակը։ Ծանր վիրավորված Օզոլսը բուժում է անցնում Սանկտ-Պետերբուրգի հոսպիտալում։ Իսկ գրեթե երկու տարի անց՝ 1919-ի հունիսին Ցեսիսի մարտերում հաջողությամբ ղեկավարում է էստոնական և լատվիական միացյալ զորամասերը․ հաղթանակը այս մարտերում բալթյան երկրների անկախության համար վճռորոշ նշանակություն ունեցավ։

Պատմում են, որ Օզոլսը շփվող չէր, հաճախ վեճեր էր ունենում իր ծառայակիցների հետ և չափազանց պատվախնդիր էր («ինձ պետք է միլիոնավոր զորք, որպեսզի ես Նապոլեոնի պես գործ անեմ»)։ Լատիշական հրաձիգների կազմակերպիչներից Յանիս Գոլդմանիսը նրան կոչել է «հազվագյուտ տաղանդի տեր և շատ ունակ սպա՝ Լատվիական Նապոլեոն»։ Օզոլսին երբեմն արկածախնդիր են համարել, բայց կարծում եմ, ընդհակառակը, նա միշտ ծառայել է իր համոզմունքներին և սկզբունքներին համաձայն: Չկարողանալով իր տեղը գտնել հայրենի Լատվիայում (նրան նույնիսկ մի քանի անգամ ձերբակալում են)՝ նա ծառայում է Յուդենիչի Հյուսիս-Արևմտյան բանակում, Էստոնիայի ու Լիտվայի զորքերում՝ ժամանակ առ ժամանակ, առավելագույն վտանգի պահին, վերադառնալով Լատվիա։

Էստոնիայում նա հայտնվեց բախտի քմահաճույքով․ Լատվիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ուլմանիսը, որը վատ հարաբերություններ ուներ Օզոլսի հետ, կարգադրում է ձերբակալել նրան ու նավից գցել ծովը, սակայն Օզոլսը համոզում է նավապետին՝ իրեն մինչև Էստոնիայի ափ տանել։ Էստոնիայում Օզոլսին ձերբակալում են, նա վարակվում է որովայնային տիֆով, բայց նրա ընկերը, որ էստոնական բանակի հրամանատարն էր, ազատում է նրան ու նշանակում Տարտուի 2-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ՝ փոխգնդապետի կոչումով։ 

Լատվիայի անկախության համար պատերազմում՝ 1919 թ․ աշնանը նա Ռիգայի պաշտպանների շտաբի պետ նշանակվեց․ Ուլմանիսը հուսով էր, որ Օզոլսը կպարտվի զգալիորեն ուժեղ, Գերմանիայի հովանավորությունը վայելող հակառակորդին, սակայն Օզոլսը հաջողությամբ իրականացրեց Տորնյակալնսում պրո-գերմանական ուժերի շրջափակման գործողությունը։ Բերմոնդտի ջախջախված բանակը նոյեմբերի 11-ին նահանջում է։ Ռիգայի անառիկ աշտարակներից զանգերն ավետում են հաղթանակը, Ռիգայի թերթերը գովաբանում էին Օզոլսին որպես «մեծ, իսկական զորապետի»։ Մարտական վաստակի համար նա պարգևատրվում է Լաչպլեսիսի շքանշանով։

1920 թվականից որպես լիտվական զորքերի գլխավոր շտաբի ռազմական խորհրդական ծառայող Օզոլսը, որն այս անգամ կռվում էր լեհական զորքերի դեմ, երկու տարի անց պաշտոնաթող է լինում, վերադառնում Լատվիա և ամուսնանում։ Զբաղվում է գյուղատնտեսությամբ, աշխատում ֆինանսների նախարարությունում և դասավանդում համալսարանում։

1920-30-ական թթ․ Օզոլսը Լատվիայի քաղաքական կյանքում նշանակալի դեր է կատարում, նա ընդդիմադիր շարժումներ էր ղեկավարում, խմբագրում էր «Նոր օր» թերթը, գրում հուշեր և հոդվածներ, մտերմացել էր բանաստեղծ Ռայնիսի հետ։ Հակապետական գործունեության մեղադրանքով Ուլմանիսի կառավարությունը Օզոլսին երկու անգամ բանտարկում է, իսկ 1936 թվականի  հունիսին նա Լատվիայից վտարվում է։ Մի քանի ամսից Օզոլսը հայտնվում է Իսպանիայում՝ հանրապետական բանակում ծառայության անցնելով որպես բրիգադային գեներալ․ «Այդ ժամանակից ի վեր ես անդադար պայքարում էի Ֆրանկոյի, Մուսոլինիի և Հիտլերի դեմ»,- գրել է Օզոլսը։ 1940-1945 թթ․ նա որպես հետախույզ (կեղծանունը՝ «Զոլա») մասնակցում է Ֆրանսիական Դիմադրությանը։ 

Պատերազմի ավարտից հետո նա հայտնվում է Մոսկվայում ու մերժելով այնտեղի ռազմական ակադեմիայում դասավանդելու առաջարկը, վերադառնում է Ռիգա: 1945-ի սեպտեմբերից աշխատում է որպես դասախոս, գրում քարտեզագրության վերաբերյալ բուհական դասագիրք։ Օզոլսը մահանում է 1949 թվականին՝ սրտի կաթվածից, այն նույն Ցեսիսի մոտ, որտեղ 30 տարի առաջ մղել էր իր կյանքի կարևորագույն մարտերը։ Վեց երկրի զինվոր, վեց պատերազմների մասնակից, հինգ անգամ բանտարկության, երկու անգամ մահապատժի դատապարտված և երկու անգամ ինքնասպանության եզրին հայտնված բազմաթիվ շքանշանների ասպետ Օզոլսը մահացավ որպես անկուսակցական համեստ մի դոցենտ։

Վանում հերոսաբար մարտնչող Օզոլսին է նվիրված լատվիացի բանաստեղծ Ուլդիս Բերզինշի «Վոլդեմար Օզոլս, 1916» արձակ բանաստեղծությունը: Օզոլսի կերպարն է արտացոլված Արթուր Հենինշի երկու վեպերում, նրա մասին գրքեր են հեղինակել Բ․ Դաուկշտսը և Մ․ Շնեպս-Շնեպպեն, բայց Օզոլսի կենսագրությունը դեռ բազում չբացահայտված էջեր ունի։

Պատմաբան Էդգար Անդերսոնսը մի առիթով գրել է, որ Օզոլսը «վառ, բայց ողբերգական անհատականություն  էր ոչ միայն Լատվիայի համար, այլև միջազգային ասպարեզում»։ Սա առավել ևս վերաբերվում է նրա հայաստանյան գործունեությանը, որի մասին, համոզված եմ, մեզանում դեռ կգրվեն հոդվածներ և մենագրություններ, քանզի այն ժողովուրդը, որ կհիշի իր պատմությունը, կգնահատի իր իսկական բարեկամներին, երբեք մենակ չի մնա, կդիմագրավի պատմական փորձություններին ու կհարատևի․․․

 

Աշոտ Գրիգորյան

Լուսանկար՝ Վ․ Օզոլսը Վանի բնակիչների նվիրած ոսկեզօծ սրով