Վլադիմիր Վիսոցկի. Համլետն իմ սիրելի դերն է

ինչ դժվարին ճանապարհ էր դեպի ինձ...

1980 թվականի ամռանը, երբ ամբողջ Խորհրդային Միությունը գտնվում էր  օլիմպիական տենդի մեջ, ճիշտ 40 տարի առաջ այս օրը, խորհրդային հսկա  կայսրությունը կորցրեց իր մեծ պոետին, աներևակայելի ժողովրդականություն վայելող երգչին ու արտիստին: Վիսոցկու մահը մնաց օլիմպիական խանդավառության ստվերում և մոսկովյան օլիմպիադայի խորհրդանիշ՝ արտասվող արջուկի մասին շատ ավելի խոսվեց, քան Վիսոցկու կորստի: Ինչպես  և ամբողջ խորհրդային տարածքում, Հայաստանում ևս Վիսոցկուն սիրում էին, երգում էին նրա երգերը, դիտում ֆիլմերը: Ասում են, որ Վիսոցկին Երևանում նաև  իր հռչակավոր Համլետն է խաղացել, որը բեմադրել էր Յուրի Լյուբիմովը՝ Տագանկայի թատրոնում: Վիսոցկու համար այս դերն առանձնահատուկ կարևոր էր, և նա տարբեր հարցազրույցներում բազմիցս անդրադարձել է Համլետին: ArtCollage-ը ներկայացնում է Վիսոցկու տարբեր հարցազրույցներից Համլետին առնչվող հատվածները:

                           

Միանգամայն բնական է, որ յուրաքանչյուր դերասան ուզում է Համլետ  խաղալ: Գիտեք որ դերասանի համար Համլետ խաղալը նույն է թե գիտության մեջ դիսերտացիա պաշտպանես: Ասում են՝ սա ինչ-որ մեկի ասույթն է:

(Տալլինի հեռուստատեսության նկարահանումից, 1972թ.)

 

Ինչո՞ւ ինձ ընտրեցին Համլետի դերի համար: Բոլորը տարակուսած էին: Մինչև այդ ես հիմնականում շատ կրակոտ դերեր էի խաղում, կոշտ մարդկանց, շատ էի խաղում պոետիկ պատկերացումներ: Թերևս դա էր պատճառներից մեկը, թե ինչու Լյուբիմովն ինձ ընտրեց: Որովհետև նա կարծում է, որ Շեքսպիրը նախևառաջ վիթխարի պոետ է: Դե, ես էլ բանաստեղծություններ եմ գրում և զգում եմ պոեզիան: Բայց դա ամենակարևոը չէ, հավանաբար, նա ցանկանում էր ոչ թե դա մոտեցնել արդիականությանը, այլ պարզապես, որ շատ ծանոթ կերպար լիներ, մարդ, որը ոչ միայն կխաղա Համլետի դերը, այլև իր անհատականությամբ, իր կերպարով ինչ-որ բան կբերի, որն ինքն, անգամ, չի բեմադրել: Շատ բաների մասին մենք նրա հետ անգամ չէինք պայմանավորվել, նա ինքն ինձ այդ ազատությունը տվեց:

Ինձ մոտ կատարյալ ողբերգական պահ էր, երբ Համլետի դերն  էի փորձում: Շրջապատողներից գեթե ոչ ոք չէր հավատում, որ դա կստացվի: Շատ մեծ կասկածներ կային, մենք շատ երկար էինք փորձում: Եվ եթե ձախողվեինք, դա կնշանակեր ոչ թե իմ դերասանական կարիերայի ավարտը, որովհետև դու, ի վերջո, կարող ես ուրիշ դեր խաղալ, բայց, անձամբ ինձ համար, որպես դերասան, դա կլիներ վերջը, եթե չկարողանայի անել դա: Բարեբախտաբար, այդպես չեղավ: Բայց նման պահ եղել է... ասես սրածայր դանակի վրայով... Ես մինչև վերջին վայրկյանը չգիտեի՝ դա ձախողում կլինի, թե՝ պայթյուն: «Համլետն» անհատակ պիես է:

(Գրոզնիի հեռուստատեսության նկարահանումից, 1978թ.)

 

Համլետը, որին ես խաղում եմ, չի մտածում՝ լինել թե՞ չլինել, որովհետև՝ լինել: Նա գիտի, որ ապրելը լավ է, որ, այնուամենայնիվ, պետք է ապրել: Պատասխանը պարզ է բոլորին, որ լինելն ավելի լավ է, բայց այդ հարցը, միևնույն է, կա որոշակի մարդկանց համար: Մարդկության ամբողջ պատմության ընթացքում մարդիկ, միևնույն է, իրենց տալիս են այդ հարցը: Եթե այդ հարցը տանջում է, նշանակում է ինչ-որ բան կարգին չէ: Թվում է, թե պարզ է, որ ապրելն ավելի լավ է, բայց մարդիկ մշտապես լուծում են այդ հարցը: 

Պետք է ասեմ, որ «Համլետի» այս մեկնաբանությունը միանգամայն նոր է: Ես տեսել եմ «Համլետի» մոտ վեց բեմադրություն, և բեմի վրա նրանք, այնուամենայնիվ, փորձում էին լուծել այդ խնդիրը: Ես Համլետի մենախոսությունը կարդում եմ երեք անգամ: Մենք դա այնպես ենք անում, որ այդ հարցը նրա գլխում հնչում է ամբողջ ներկայացման ընթացքում, անվերջ բզբզում է նրան: Ի դեպ, դա ավելի նյարդային է և ավելի լավ է հասնում հանդիսատեսին:

Երբ Մեյերխոլդին հարցրել են՝ ինչ եք անում դուք այդ մենախոսության հետ, որպեսզի իրեն չհոգնեցնեն, պատասխանել է՝ մենք այն ջնջում ենք, կտրում ենք:

Իսկ մենք այն չենք ջնջում, մենք այն անգամ երեք տարբեր կերպ ենք անում:

Համլետը մարդ էր, որը պատրաստ էր գահին նստել: Եվ եթե ճակատագիրն այդպես չդասավորվեր, եթե նա չլիներ ժամանակների հատման այդ կետում, եթե նա չսովորեր համալսարանում, եթե չլիներ այդ տարօրինակ պատմությունը, նա, հավանաբար, հրաշալի թագավոր կլիներ: Գուցե նրան կսիրեին հպատակները: Նա դաստիարակվել էր շատ դաժան դարաշրջանում, այդ պատճառով Համլետի մեջ շատ բան է միախառնված:

Մյուս կողմից, նրանում հայրական, իր ամբողջ ընտանիքի արյունն է, որը բավականին դաժան է, չէ՞ որ նրա հայրը մենամարտում սպանել էր Ֆորտինբրասի հորը, այնտեղ պարզապես հարցեր էին լուծվում: Նա նրան մենամարտի էր կանչել ու ազնիվ կռվում սպանել: Եվ Համլետն էլ, հավանաբար, նույնպես ունակ էր և՛ պայքարի, և՛ պետական գործերի... բայց նա արդեն եղել էր  համալսարանում և վարակվել էր ուսանողական օդով, իսկ հետո, ընդհանրապես, սկսեց մտածել կյանքի իմաստի մասին:

Ինձ թվում է, որ նա աշխարհում առաջին մարդկանցից մեկն էր, որոնք այդքան լրջորեն մտածում էին կյանքի իմաստի մասին: Այդ պատճառով նրա դերի մեկնաբանությունը բաղկացած էր այդ երկու, թերևս, հիմնական բաղադրիչներից: Մեկը վերաբերվում է նրա կյանքին, դաստիարակությանը, նրա արյանը, արյան կանչին, բնավորությանը: Եվ մյուսը վերաբերվում է նրան, որպես մարդու, որը վաղուց անցել է այդ ռուբիկոնը: Նա մտածում է ոչ ինչպես մյուսները, ատում է ամենը, ինչ անում են պալատականները, ինչպես է ապրում իր հորեղբայր արքան, ինչպես է ապրում մայրը, ինչպես են ապրում իր նախկին  ընկերները: Իսկ ինչ անել դրա հետ, նա չգիտի: Եվ նրա մեթոդներն էլ բացարձակ նույնն են՝ ինչ նրանցը, այսինքն՝ թեև նա մտածում է՝ հնարավոր է թե՞ անհնար սպանել, շատ հաճախ է այդ մասին մտածում, բայց արդյունքում նա սպանում է և ուրիշ ոչինչ չի կարող մտածել: Համլետը չի սիրում սպանությունը, բռնությունը և միևնույն ժամանակ նա կարող է միայն այդ կերպ վարվել, նա չգիտի, թե ինչպես վարվել այլ կերպ:

(Բուլղարիայի հեռուստատեսության նկարահանումից)

 

...Համլետն իմ սիրելի դերն է: Այն ինձ հեշտ չի տրվել, և հիմա էլ ամեն անգամ նվիրվում ես մինչև վերջ: Երբեմն թվում է՝ սա վերջին անգամն է, այլևս չեմ դիմանա... Ես չեմ խաղում Դանիայի արքայազնին: Ես ձգտում եմ ցույց տալ ժամանակակից մարդուն՝ այո, գուցե`ինձ: Բայց դա ինչ դժվարին ճանապարհ էր դեպի ինձ...

(«Կոմսոմոլեց Թաթարին», 10.16.1977.)

 

Համլետի դերը, թերևս, ամենասիրվածն է: Ինչո՞ւ: Նախ, սա աշխարհի լավագույն պիեսն է, և երկրորդ՝ սա Համլետն է: Պիեսի բովանդակությունը բոլորը գիտեն, և  գալով թատրոն, ֆիլմեր դիտելով, նրանք երբեմն հետևում են դերասանների խաղին: Մենք ուզում էինք, որ հեռուստադիտողը հետևի ոչ թե ինչպես ենք մենք խաղում, այլ՝ մարդկանց կյանքին: Ինձ թվում է, որ Լյուբիմովը պիեսը մաքուր է կարդացել, առանց որևէ ավելորդության: Եվ իմ Համլետն ամենևին էլ ինֆանտիլ  չէ: Նա շատ բան գիտի, ինքը չի որոշում՝ լինել թե չլինել, սպանել թե չսպանել: Նրան հունից հանում է այն փաստը, որ մարդկությունը որոշում է այդ հարցը ծննդյան օրից և ոչ մի կերպ չի կարողանում լուծել, և պետք է սպանել, սպանել... Նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ այս աշխարհում:

Համլետն ատում է վրեժը, ստորությունը, բայց չի կարող հրաժարվել դրանից և ամեն ինչ անում է այն մարդկանց նման, ում դեմ պայքարում է, չնայած երջանիկ կլիներ որ չաներ: Նա չի ուզում սպանել, բայց՝ կսպանի, և ինքը դա գիտի: Նա չի կարող հեռանալ իր միջավայրից, հրաժարվել օրենքներից և պայմանականություններից, որ առաջարկում է միջավայրը: Ահա թե ինչու է նա հուսահատվում, ինչից է խելագարվում:

(«Լենինսկայա սմենա», 1973, Ալմա-Աթա)

 

Ես Համլետ եմ խաղացել: Սա բարձրագույն դերն է, որի մասին կարող է մտածել դերասանը: Իմ բախտը բերել է, որ ես Համլետ խաղացի հենց  այն   տարիքում, որը դանիացի արքայազնի համար նշել է Շեքսպիրը: Ես ինձ նրա հասակակիցն էի զգում: Դա օգնեց ինձ: Ես մտածում էի. գուցե մարդկանց աշխարհայացքն, ըստ էության, նույն կերպ է ձևավորվում: Իմ տարիքն օգնում էր ինձ ճիշտ գնահատել իշխանի գործողություններն ու մտքերը:

Մենք բեմադրում էինք «Համլետն» այնպես, ինչպես, հավանաբար, ինքը  Շեքսպիրը կցանկանար: Ռեժիսորը, ամբողջ թիմը ցանկանում էին ողբերգությունն այնպես բեմադրել, որ Շեքսպիրն ուրախ լիներ: Նախ, մենք հրաժարվեցինք շքեղությունից: Դաժան ժամանակ էր: Սվիտերներ, բուրդ. սա էր հագուստը: Հասանք նրան, որ նույնիսկ վարագույրն էր խաղում. այն մեկ նորմալ վարագույր էր, մեկ էլ՝ ճակատագրի մարմնավորում, որը մարդկանց նետում էր գերեզման: Նա դառնում էր կյանքի անցողիկության խորհրդանիշ... Ես չէի խաղում տղայի, որը չգիտի, թե ի՞նչ է իրեն պետք: Նա մանկուց դաստիարակվել էր արքա լինելու համար: Նա պատրաստ էր գահ բարձրանալ, բայց նա երկատված է: Նա հեռացել է այն աշխարհից, որն իրեն շրջապատում է. նա շատ կրթված է, գուցե՝ մեղմ: Բայց նա պետք է գործի այն հասարակության մեթոդներով, որը նրան խանգարում է, որից նա կտրվել է: Ուստի, նա կանգնած է մի ոտքով այնտեղ, իսկ մյուսով՝ այստեղ...

(«Վեչերնայա Ալմա-Աթա», 1973)

 

... Բարու և չարի հավերժական խնդիրները այսպիսի մաքուր վիճակում, ինչպես  դրանք ներկայացնում է Շեքսպիրը, այսօր մեր անհանգիստ, խռովված աշխարհում հատկապես սուր են հնչում: Ես կցանկանայի, որ հանդիսատեսը, մեր թատրոնի դահլիճում հանդիպելով Համլետին, հուզվեին, ինչպես ես, որպեսզի նրանք հասկանային, թե որքան դժվար և դրամատիկ է մարդկային հարաբերությունների ներդաշնակության ճանապարհը: Իմ ստեղծագործությունների նպատակը՝ կինոյում, թատրոնում, երգում՝ մարդկային հուզմունքն է: Միայն դա կարող է օգնել հոգևոր կատարելագործմանը:

...Համլետը նախևառաջ տղամարդ է, դաժան ժամանակով դաստիարակված տղամարդ: Բայց նաև՝ ուսանող: Եվ ավելի խելացի, քան իր բոլոր հասակակիցները: Նրան նախապատրաստում էին գահին, նա պետք է ղեկավարեր պետությունը: Իսկ գահին տիրեց արքայասպանը: Համլետը մտածում է միայն վրեժխնդրության մասին: Բայց նա դեմ է սպանությանը: Եվ սա նրան սարսափելի տանջում է: Եվ այստեղ, ինձ թվում է, ես գտա անհրաժեշտ ներքին հնարքը: Համլետները, որոնց ես տեսել եմ, ամբողջ ներկայացման ընթացքում փնտրում էին Կլավդիոսի մեղքի ապացույցներ, որպեսզի նրան սպանեն և արդարացում ստանան՝ իրենց վրեժխնդրության համար: Իսկ ես թագավորի անմեղության ապացույց եմ փնտրում: Ես լարում եմ թակարդը՝ հույս ունենալով համոզվել, որ նա մեղավոր չէ, որպեսզի արյուն չթափվի: Երբ Համլետին ասում են, որ ամենուրեք թափառում է իր հոր ուրվականը, ինչը նշանակում է, որ նրա հոգին խաղաղված չէ, ես գլխով եմ անում այնպես, կարծես ինքս եմ նրան տեսնում. իսկ ես իսկապես նրան կարող եմ տեսնել երբ ասես: Իմ Համլետն այնքան է սիրում հորը, այնքան կապված էր նրան, որ ցանկացած պահի կարող է տեսնել նրան: Կանչիր նրան, և նա կհայտնվի: Բայց այս ամենը տեղի է ունենում Համլետի երևակայության մեջ: Իմ կարծիքով, սա շատ պարզ և հասկանալի մեկնաբանություն է: Եվ ինձ թվումէ, որ այն  շեքսպիրյան է:

 

Հղում՝ http:vysotskiy-lit.ru

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի