Վլադիմիր Պոզներ.« Արյան ծարավն ու ատելության մարմաջը որ նկատվում է սոցցանցերում, ամոթալի երևույթ է»

Մոսկվայի կենտրոնում՝ քաղաքի հնագույն և խոշոր գրախանութում՝ «Բիբլո-Գլոբուսում» ներկայացվեց Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանությունը: Անշլագ էր, և Վլադիմիր Պոզներն ասաց. «Չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք եկել: Գիրքը գրվել է անգլերեն, 80-ականների վերջերին՝ Ամերիկայում: Երկար ժամանակ լույս չէր տեսնում ռուսերեն, որովհետև ինքս չէի թարգմանում և չէի ցանկանում, որ ուրիշ մեկը թարգմաներ: Գիրքը ռուսերեն հրատարակվեց 2008-ին և ներկայացվեց բոլոր այն հնարավոր տեղերում, որտեղ  պետք է ներկայացվեր: Հետո արդեն ցանկացան թարգմանել նաև հայերեն: Մինչև հիմա չեմ հասկանում՝ ինչո՞ւ: Եվ ես պատիվ ունեցա ու մեծ բավականությամբ նախորդ տարի Երևանում ներկայացրեցի այդ գիրքը: Բայց փոքր-ինչ չեմ հասկանում Մոսկվայում գիրքը հայերեն  ներկայացնելու անհրաժեշտությունը: Համաձայնեցի միայն այն պատճառով, որ ինձ այդ մասին խնդրեց Ռուբենը (Ռուբեն Իշխանյան՝ «Օրակուլ» հրատարակչության տնօրեն), որի հետ լավ հարաբերություններ ունեմ: Ահա և ամենը»:

Այդուհանդերձ, դահլիճում ոչ միայն նստելու, այլև կանգնելու տեղ չկար: Գրախանութի ամբողջ տարածքում տեղադրվել էին էկրաններ, որոնցով կարելի էր ուղիղ հեռարձակմամբ հետևել իրադարձությանը: Երևանում էլ նման   հնարավորություն էր ընձեռվել լրագրողներին՝ «Զանգակ» գրատանը: Եվ ուղիղ  միացմամբ հնարավոր էր հարցեր տալ Պոզներին:

Ընթերցողները շատ հարցեր ունեին: Առաջինը հնչեց վերջերս սոցցանցերում հայ  սոպրանո Ռուզան Մանթաշյանին և ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովին առնչվող սկանդալի մասին հարցը: Մեկնաբանելով այն, Պոզները նշեց, որ ամոթալի  է համարում արյան ծարավը սոցցանցերում և միմյանց հանդեպ ատելությունը: Նաև  հավելեց. «Իհարկե, արվեստն ունի ազգություն, այն իմաստով, որ կա ռուսական արվեստ, ֆրանսիական արվեստ: Ես հրաշալի հասկանում եմ, թե ինչ նկատի ուներ Սաթի Սպիվակովան, այդ իմաստով ես նրա հետ համաձայն եմ: Ես անգամ  չգիտեի, թե ինչ է տեղի ունեցել, այդ ինչ սկանդալ է»: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Յուսիֆ Էյվազովը համառորեն հրաժարվում է ներկայացնել ապացույցներ այն մասին, որ ինքը չի հրաժարվել երգել Մանթաշյանի  հետ, Պոզները տարօրինակ  պատմություն որակեց այդ ամենը. «Տարօրինակ պատմություն է, այնպես չէ: Ընդհանրապես այդ արյան ծարավը, որ նկատվում է մեր սոցցանցերում և ատելության այդ մարմաջը, շատ ամոթալի երևույթ է: Այո, երկու երկրները խնդիրներ ունեն՝ լուրջ խնդիրներ: Բայց, ներեցեք ինձ, ինչ հաճույքով են մարդիկ  նետվում դեպի այդ կեղտը: Այս պատմության մեջ ես ճշմարտության կողմն եմ, իսկ  ճշմարտությունն այն է, որ ինչ-որ մեկին շատ հարմար է ուռճացնել այդ պատմությունը»:

Հայ-ադրբեջանական հակամարտության մասին հարցին Պոզները փորձեց  հնարավոր կոռեկտ պատասխանել .«Ես ամերիկագետ եմ, և Ամերիկան երկիր է, որն ինձ շատ է հետաքրքում, չեմ վախենա ասել, որ ես այն շատ լավ գիտեմ: Ինձ շատ է  հետաքրքրում նաև Եվրոպան, ես ծվել եմ Փարիզում, ես Ֆրանսիայի քաղաքացի եմ... Կվիրավորվեք թե ոչ, ես չեմ կարող ասել, որ Հայաստանը այն  երկրների թվում է, որ իմ ուշադրությունն է գրավում, ինչպես և Վրաստանը, և  շատ ուրիշ երկրներ: Տեղյակ եմ արդյոք այդ հակամարտությունից: Դուք գիտեք՝ այո, տեղյակ եմ: Ինչ-որ զգացողություններ ունե՞մ՝ ունեմ, բայց դրանք միայն զգացողություններ են՝ ոչ ավելին: Համակրանքներ ունե՞մ՝ ունեմ: Եվ ի՞նչ: Ես շատ զգույշ եմ իմ արտահայտություններում: Պետք է շատ ճշգրիտ լինել, երբ խոսում ես նման  իրողությունների մասին, որովհետև կարող ես մարդկանց ցավ պատճառել: Այն ինչ կատարվում է՝ ողբերգություն է: Շատ զոհեր կան երկու կողմերում էլ: Այդ ամենի  մեջ ոչ մի լավ բան չկա...»

 

Մերի Եգորյան՝ Մոսկվայից