Վիմ Վենդերս. «Հավատում եմ Աստծուն. չեմ հավատում եկեղեցուն»

Հովվապետի հետ աշխատելը երկնքից նվեր է

Եվրոպական կինոյի դասականներից Վիմ Վենդերսն այսօր նշում է 75-ամյակը: Գերմանացի կինոռեժիսորի վերջին կինոնախագծերից մեկը՝ «Պապ Ֆրանցիսկոս` խոսքի տեր մարդը» ֆիլմն ամեն վայրկյան թվայնացվող աշխարհի ձևափոխումներում իրական արժեքների՝ նրա մշտական փնտրտուքի շարունակությունն է: Վենդերսն ուղեկցել է Հռոմի պապին մի քանի ճամփորդությունների ընթացքում, այդ թվում նաև՝ Երուսաղեմ և Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գրասենյակ: Այս ճամփորդության ընթացքում Հովվապետը պատասխանում է  աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց հարցերին՝ ներգաղթի խնդիրների, սոցիալական անհավասարության, ընտանիքի, սեռական կողմնորոշման, կապիտալիզմի և հավատի մասին: Տիտղոսավոր կինոռեժիսորը չափազանաց տպավորված է Պապ Ֆրանցիսկոսի անկեղծությամբ և Հայրապետի հետ աշխատելը երկնքից նվեր է համարում. «Ամեն ինչ բխում է նրա հավատից և համոզմունքից, մեզ հետ կիսվելու նրա ցանկությունից: Նա չի խաղում, այլ անկեղծորեն հետաքրքրվում է մարդկանցով: Նա իսկապես խոնարհ անձնավորություն է: Ես հաստատ գիտեմ, որ Հովվապետը ֆիլմեր չի դիտում: Առաջինը, որ ասաց ինձ Պապը՝ Ես շատ եմ լսել ձեր մասին, բայց պետք է խոստովանեմ, որ չեմ դիտել ոչ մի կինոնկար»,- նշում է ռեժիսորը: Վենդերսը լիահույս է, որ «Պապ Ֆրանցիսկոս` խոսքի տեր մարդը» ֆիլմը հետաքրքիր կլինի ոչ միայն աշխարհի 1,2 միլիարդ կաթոլիկների, այլև բոլոր նրանց համար, ովքեր կարևոր են համարում ճշմարիտ արժեքները: Վիմ Վենդերսը 2018թ-ի Ցյուրիխի կինոփառատոնի պատվո հյուրն էր: kath.ch-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ռեժիսորը պատմել է իր հավատի, կինեմատոգրաֆի հանդեպ իր կրքի և Հովվապետի հետ իր հանդիպման մասին:
 

-Երիտասարդության տարիներին դուք ցանկանում էիք հոգևորական դռանալ: Ինչո՞ւ այդ ծրագրերը չիրականացան:

-Այդ երազանքը շատ արագ գոլորշիացավ, երբ իմ կյանքում հայտնվեց ռոքընռոլը: Երաժշտությունը մեծ գայթակղություն էր, որին ես տրվեցի: Դա տեղի ունեցավ 1960-ականների սկզբին՝ Բիթլզի, Բոբ Դիլանի հետ: Ինչպես երգվում է «Who» խմբի հայտնի երգում՝ դա իմ «սերունդն» էր: Եվ այդ սերունդը, ինչպես և ես, նորից բացահայտեց՝ ինչ է ուզում ինքն իր համար: Դրանով հանդերձ, ես աթեիստ չդարչձա: Ես հեռացա կաթոլիկ եկեղեցուց, երբ սոցիոլոգիա էի ուսումնասիրում՝ 1968-ին: Բայց 80-ականների վերջերին ես մի այլ դռնով վերադարձա  քրիստոնեությանը՝ դառնալով բողոքական:

-Ինչո՞ւ:

-Որովհետև հավատում եմ Աստծուն: Ես չեմ հավատում եկեղեցուն: Ես ինձ էկումենիկ քրիստոնյա եմ զգում: Կազմակերպված կրոնը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում և շատ մարդկանց խանգարում է Աստծո հետ հարաբերություններ հաստատել:

-Չեք կարծում արդյոք, որ կինոն ինքնօրինակ եկեղեցի է:

-Կինոն շատ գործառույթներ ունի, այն շատ հզոր գործիք է: Ինչպես և շատ այլ բաներ, այն կարող է նաև եկեղեցի լինել: Եվ անցյալում դա հաճախ հենց այդպես էլ եղել է: Կինեմատոգրաֆիստները, որոնցով ես հիանում եմ, իրապես հոգևոր կինո են ստեղծել: Նրանք են՝ դանիացի ռեժիսոր Կառլ Թեոդոր Դրեյերը, ֆրանսիացի Ռոբեր Բրեսոնը և խորհրդային ​​Անդրեյ Արսենիևիչ Տարկովսկին:

Այսօր ֆիլմերը կարող են շատ տարբեր լինել և պատմել ցանկացած բանի մասին: Նրանք հենց այսպիսին էլ պետք է լինեն: Միևնույն ժամանակ, ես շատ տխուր եմ, որ, որքան էլ տարօրինակ է, կինեմատոգրաֆի սահմանումը այժմ, ավելի քան երբևէ, նեղացել է: Այն ավելի ու ավելի հակվում է ժամանցին: Բայց ֆիլմերը կարող են շատ ավելին լինել: Նրանք կարող են մեզ ասել, որ մենք կարող ենք ավելի լավը լինել և երբեմն մեզ ցույց են տալիս ավելի լավ աշխարհ:

-Դուք ութ ժամ հարցազրույց եք ունեցել Հռոմի Պապի հետ: Ի՞նչ անձնական տպավորություններ ունեք այդ հանդիպումից:

-Նա խոսում է՝ դիմելով բոլորին, ոչ միայն կաթոլիկներին կամ քրիստոնյաներին: Նա  արմատական ​​չի թվում, այլ հանգիստ, բարյացակամ է: Կարծում եմ, որ  Ֆրանցիսկոս Պապը ներկայացնում է ոչ թե եկեղեցին, այլ բարի կամքի մարդկանց: Նա ջանում է նպաստել մարդկանց միջև խաղաղության աճին, որովհետև, ի վերջո, կրոնների միջև երբեք մեծ խաղաղություն չի եղել: Սա ահռելի խնդիր է, որը նա փորձում է լուծել: Պապը գնում է այնտեղ, որտեղ ցավ կա: Եվ դա խիզախություն է:

-Ի՞նչ ազդեցություն ունեցավ Պապի հետ հանդիպումը ձեր անձնական հավատի վրա:

-Այն փոխեց իմ ներքին վերաբերմունքը, որովհետև ես հասկացա, որ նա չի վախենում: Նա ոչ միայն քաջ է, նա իսկապես անվախ է: Ես նկատեցի, որ իմ ֆիլմերից մի քանիսը ոգեշնչված են վախից: Նա սովորեցրեց ինձ ավելի անվախ լինել:

-Ի՞նչ եք մտածում  Ֆրանցիսկոս Պապին հասցեագրված քննադատության մասին:

-Ֆրանցիսկոս Պապն անհավատալի բաց մարդ է: Երբ նա խոսում է մանկապղծության մասին, նա իսկապես ցանկանում է խոսել զրոյական հանդուրժողականության մասին: Նա ցանկանում է վերափոխել այդ կոշտ եկեղեցական կազմակերպությունը ինչ-որ թափանցիկ բանի: Եկեղեցու զգալի մասն  ընդդիմանում է թափանցիկությանը և պարզությանը: Նրա քննադատներից շատերը նրանք են, ովքեր չէին հավանում նրա վարած քաղաքականությունը՝ մինչև Պապ լինելը:

Ես կարծում եմ, որ մենք հզոր ճակատամարտի առանցքում ենք, այն մարդկանց  ճակատամարտը, որոնք չեն ուզում եկեղեցին, որը ներկայացնում է ներկայիս Պապը՝ այս բացությամբ և քնքշությամբ: Նա հաստատուն է իր հայացքներում, բայց  նրա համար շատ դժվար է, մի կողմից պայքարել պահպանողական ուժերի հետ սեփական շարքերում, և մյուս կողմից՝ այսպես կոչված լիբերալ աշխարհի ամբողջության հետ:

-Ի՞նչ նշանակությունը ունի Պապի խոսքը մեր ժամանակներում:

-Նրա հիմնական առաքելություններից մեկը մարդկանց մոտ լինելն է, նրանց լսելն ու կապ հաստատելը: Ժամանակակից աշխարհում մերձավորությունը դարձել է մեծ շքեղություն: Հարցազրույցի ընթացքում Պապի հնչեցրած մեծագույն բաներից մեկն ավելի քան համեստ էր դիտվում: Երբ նա խոստովանություն է ընդունում երիտասարդ հորից կամ մորից, նա հարցնում է՝ արդյոք նրանք բավականաչափ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ:

Իսկապես, շատ երիտասարդ ծնողներ իրենց երեխաներին չեն տեսնում ո՛չ առավոտյան, ո՛չ երեկոյան: Դրա պատճառը, մեծ չափով, մեզ ամեն օր հեղեղող «թվային տարափն» է: Մենք այնքան ենք ծանրաբեռնված տեղեկատվությամբ, մենք պետք է միժամանակ բազմաթիվ  գործեր անենք: Թվային կախվածությունը մեկուսացնում է մարդկանց, ոչնչացնում է մտերմությունը: Վերանում է մարդկանց  ճանաչելու, նրանց հետ ժամանակ անցկացնելու անհրաժեշտությունը: Չգիտեմ  ​​Պապը կարո՞ղ է փոխել սա: Բայց սա մեր ժամանակի մեծագույն մարտահրավերն է՝ վերստին տեսնել մարդկանց և իրերը, որոնք շրջապատում են մեզ:

 

Թարգմանությունը՝ Սեդա Հոգոցյանի

 

 

 

Франциск. Человек слова