Վերականգնվել է հայերեն հնագույն թղթյա ձեռագիրը

Մատենադարանի վերականգնողական բաժինն իր մասնագիտական մեծ ու փոքր նվաճումների շարքում նոր ձեռքբերում է գրանցել: Արդեն երկու տարի վերականգնողների թիմն աշխատում էր հայերեն հնագույն թղթյա ձեռագրի վրա: Այժմ հսկայածավալ աշխատանքն ավարտված է, և քանի դեռ վերականգնված էջերը դարձյալ չեն միավորվել մեկ ընդհանուր մատյանում, Մատենադարանը ժամանակավոր ցուցադրությամբ էջ առ էջ այցելուների գնահատմանն է ներկայացնում արժեքավոր ժողովածուն: 10-րդ դարի մատյանը մեկ ձեռագրում միավորել է երկու ինքնուրույն մատենագրական երկեր. կազմողը Դավիթ քահանան է, գրիչը՝ նրա որդի Ղուկասը։ Ձեռագրի առաջին հատվածը, որն առանձին ժողովածու է, գրվել է 981 թվականին: Այն առաջին աշխարհիկ բովանդակությամբ ժողովածուն է, որում ներկայացված է մեծաքանակ գիտական նյութ, ինչպես նաև՝ հայ և օտարազգի հեղինակներ, որոնցից շատերի երկերից կատարված քաղվածքները միայն այս ձեռագրում են պահպանվել՝ բազմապատկելով ձեռագրի արժեքը: Գարեգին Հովսեփյանի գնահատմամբ ձեռագիրն արժանի է ուշադրության ոչ միայն իբրև 10-րդ դարի հնագույն թղթի ձեռագիր, այլ նաև որպես հարուստ բովանդակություն ունեցող գրավոր հուշարձան:
Այդ գործերն առավելապես թարգմանված են հունարենից, և բնագրերը մեզ չեն հասել այլ լեզուներով: Առաջին անգամ հենց այս ձեռագրում են հանդիպում Եղիշեի, Մովսես Խորենացու, Հովհաննես Մանդակունու, Շիրակացու, Հովհան Օձնեցու որոշ գործեր: Ձեռագրի առաջին մասում գերիշխում են գիտական նյութերը, երկրորդում՝ առավելապես պատմական և դավանաբանական նյութեր են: Մատնանշելով 10-րդ դարում հայ և քաղկեդոնական եկեղեցիների միջև ծագած դավանաբանական վեճերը՝ Մատենադարանի փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը փաստում է, որ այս ժողովածուն կազմվել է որպես օգնություն հայ հոգևորականներին այդ վեճերի ընթացքում: Ժողովածուի հիշատակարանները փաստում են, որ Դավիթ քահանան ընտրել է տարբեր հեղինակների գործեր, որոնք կնպաստեին քաղկեդոնականությունը մերժելու՝ հոգևոր հայրերի ջանքերին և կօժանդակեին հայ եկեղեցու դավանաբանական պայքարին: Այդ իսկ պատճառով, այստեղ հանդիպող հայ և օտար աշխատություններում ծավալուն պատմական, փիլիսոփայական, տոմարական, տիեզերագիտական, չափագիտական և դավանաբանական նյութ է պարունակվում:
Փաստը, որ 10-րդ դարում Հայաստանում հենց տեղում արտադրված թղթից ձեռագիր մատյան է ստեղծվել, Կարեն Մաթևոսյանին հիմք է տալիս նաև այս ոլորտում ընդգծել հայերի առաջընթացի իրողությունը: Պապիրուսից՝ մագաղաթ և մագաղաթից՝ թուղթ. չինացիներն առաջին թուղթը պատրաստեցին 101 թվականին: Հետագայում թղթի մշակման տեխնոլոգիան յուրացրեցին նաև արաբները և 8-րդ դարում դարձան թղթի պատրաստման և տարածման հիմնական դերակատարները: Կարեն Մաթևոսյանի գնահատմամբ թղթի տեխնոլոգիայի մշակմամբ հայերը նրանց չեն զիջում և աշխարհում առաջիններից էին. «Շատ կարևոր է, որ այս ձեռագրի թուղթը Հայաստանում է ստեղծվել, թղթի և թանաքի ուսումնասիրությունները վկայում են, որ և՛ ձեռագրի թուղթը, և՛ թանաքը պատրաստված են աշխարհագրական նույն միջավայրում՝ Հայաստանում։ Այո, 10-րդ դարում թուղթ ենք ունեցել, և նյութերի մեջ հայերը օգտագործել են նաև կտավատ: Հայտնի է, որ չինացիներն են թուղթը ստեղծել, հետո արդեն՝ արաբները, հույները և կարելի է ասել, որ 4-րդ ազգը, որ թղթի վրա գրված ձեռագրեր ունի՝ հայերն են: Այն հատվածներում, որտեղ թանաքն ավելի թանձր է եղել, թուղթը քայքայվել և ծակվել է, այդտեղից էլ թանաքակեր տերմինն է առաջացել»:
Թանաքակերությունը վերականգնողների հիմնական խնդիրն է եղել, քանի որ այն ձեռագրի տարաբեր հատվածներում քայքայիչ ազդեցություն է ունեցել: Վերականգնողները հիմնավորապես ուսումնասիրել են թանաքի և ներկի բաղադրությունը. ասում են՝ աշխատել են յուրաքանչյուր էջի, ամեն տառի ու մասնիկի վրա և վերականգնումն ավարտել են առանց կորուստների: Վերականգնող-նկարիչ Արթուր Պետրոսյանը հիշատակում է ձեռագրի նախկին ռեստավրացիաները՝ տարբեր ժամանակահատվածներում այն նորոգվել, լրացվել, վերականգնվել և կազմվել է 4 անգամ՝ վերջին երկուսը 12-րդ և 16-րդ դարերում. « Մեր առաջնահերթ խնդիրը թանաքակերության հետագա զարգացումը կասեցնելն էր: Բավականին երկարատև և լուրջ աշխատանք է արվել, կարծում եմ՝ լավ ենք լուծել խնդիրը: Մենք փորձել ենք առավելագույն չափով անկորուստ աշխատել: Ձեռագիրը պահպանվել է այնպես, ինչպես մեզ հասել է: Ի սկզբանե, ձեռագիրն ավելի ստվար է եղել, բայց մոտ 90-92 թերթ մեզ չի հասել: Այժմ այն 361 էջ ունի»:
Ստեղծումից ի վեր, տարբեր վանքերում և եկեղեցիներում դեգերումներից հետո ձեռագիրն, ի վերջո, հայտնվել է Էջմիածնում: Մինչև 19-րդ դարի սկիզբը ձեռագիրը պահվում էր Բաղեշի վանքերից մեկում, ավելի ուշ այն տարվում է Կարին, որտեղից 1829-ին Կարինի բնակչության միջոցով տեղափոխվում է Ախալցխա: Եվ հենց Ջավախքից էլ 1869-ին բերվում է Էջմիածին: Այս դեգերումներն անկորուստ չեն անցել՝ ձեռագրի որոշ հատվածներից թերթեր են պակասել:
1981-ին, ձեռագրի բացառիկ արժեքը կարևորելով և մատյանի հազարամյակի առիթով Մատենադարանի տնօրինությունը որոշել էր այն հրատարակել ամբողջական նմանահանությամբ, վերծանությամբ և ուսումնասիրությամբ, բայց այս ծրագիրն իրագործվեց արդեն անկախ Հայաստանում՝ 1995 և 1997 թվականներին։ Այդ մեծածավալ աշխատանքը ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանից երկարամյա աշխատանք պահանջեց։ Այդուհանդերձ, արդեն 90-ականների վերջերին Մատյանը հրատարակվել է երկու մեծադիր հատորով՝ «Մատյան գիտության եւ հավատո» և Արտաշես Մաթևոսյանի առաջաբանով, վերծանությամբ ու ծանոթագրություններով: Գրեթե մեկ ամիս Մատենադարանն իր այցելուներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ այս մեծարժեք ձեռագրին: Արդեն ապրիլին այն կրկին կամբողջանա մեկ մատյանում, վերստին կամփոփվի 1585թ-ի կազմի մեջ ու իր արժանի տեղը կգտնի ձեռագրատան գանձարանում:

