Սոս Սարգսյան. «Մեր և թուրքիայի միջև իրական սահմանը ուրիշ տեղ է...»

Մեր մշակույթի թթխմորը, հայի որակը փոխանցող Արտիստն այսօր կդառնար 91 տարեկան

«Քսաներորդ դարի մշակութային տաշտից նախախնամությունը, որպես մերան, որպես մայա, որպես մակարդ, որպես պատվաստ, որպես թթխմոր, Սոս Սարգսյանին պահեց քսանմեկի համար: Իրեն վիճակվեց բոլոր դարասկզբներին հատուկ անկանոն, հեղափոխական և կեղծ հեղափոխական քաոսի մեջ փորձել պահպանել արդեն ձեռքբերվածը՝ հայի որակը, հայի կերպարը, հայի տեսակը»:

Ռուբեն  Հովսեփյան

 

Եթե ծիծաղ, ապա՝ հոմերական, եթե արցունք՝ միայն շեքսպիրյան, իսկ բեմում և էկրանին ապրած յուրաքանչյուր ակնթարթը՝ աստվածային պարգև, որ տրվում է Արտիստ ծնվածներին: Ի վերուստ տրված այդ աստվածային պարգևը վերածվեց համազգային հպարտության և հենց Սոս Սարգսյան անունով կոնկրետ կերպար ստացավ, որը նրա արտիստական տաղանդին նաև ինտելեկտի հմայքն էր հավելում: «Ես կյանքում զբաղվել եմ միայն նրանով, ինչը չէի կարող չանել», Սոս Սարգսյանի այս բանաձևումը հաճախ էին հիշում նրա մտերիմներն ու բարեկամները, երբ տարբեր առիթներով փորձում էին իրենց համար հստակեցնել՝ Արտի՞ստ է հայ թատրոնի ու կինոյի նահապետը, ռեժիսո՞ր, քաղաքական գործիչ թե՞ գրող: Որովհետև ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանի երկու հանրապետությունների ազգային մշակույթի դիմագիծը ներկայացնող արտիստն իր առինքնող ու պատկառելի ներկայությամբ ներազդեց նաև ազգային, հասարակական-քաղաքական մտածողության, գործելակերպի ու զարգացումների վրա: Ինչ էլ որ նա աներ՝ հայ մարդու բացառաիկ կերպարների մի ամբողջ պատկերասրահ ստեղծեր, թե անկախ Հայաստանի առաջին ոչ պետական թատրոնը հիմնադրեր, թե գրիչը ձեռքը վերցներ, նա հայկական ստեղծագործ մտքի խորհրդանիշն էր: Երբ ստեղծվում էր Համազգային թատրոնը, 90-ականների դժվար տարիներն էին. թատրոնի համար լավագույն ժամանակները չէին: Մայր թատրոնում մեծ արտիստների բարդ փոխհարաբերությունների ու հակասությունների շրջանն էր: Սունդուկյանցիների տրոհման ու պառակտության ցավագին զգացումին Սոս Սարգսյանը հակադրեց նոր մտածողությամբ ու նոր որակի թատրոնի ծնունդը: Առաջինը Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետն» էր՝ հենց Սարգսյանի բեմադրությամբ: Հետո Համազգային թատրոնի ընտանեկան մթնոլորտում ծնվեցին «Լեռնային կակաչները», «Մենքը», «Մի գավաթ բարությունը», «Օսկարը» և «Լիր արքան»: Թատրոնի կայացման երկար տարիների ընթացքում ցավով ու մեծ ափսոսանքով նշում էր՝ անկախության շրջանում գոնե մեկ շենք հատուկ թատրոնի համար չկառուցվեց:  

Դեռ խորհրդային տարիներին, երբ արդեն հայկական կինոյի դեմքը համարվող արտիստը ճեղքեց խորհուրդների երկրում տիրող մեծապետական սնոբիզմի պատնեշը և հայտնվեց Տարկովսկու մեծ կինոյի տիրույթում, նա արդեն հրաշալի գիտեր թե ինչ ծածուկ, բայց կոշտ դիմադրության է հանդիպելու խորհրդային արվեստի գաղափարախոսների կողմից: Ի դեպ, հենց այդ ժամանակ սկիզբ առավ Տարկովսկու հետ նրա ջերմ բարեկամությունը, որ արվեստի, կինոյի և հոգևոր միասնության նույնական ընկալումներով ժամանակի քննությունը բռնեց: Տարիներ անց դառնությամբ հիշելու էր, թե ինչպես մոսկովյան մամուլում դժգոհություններ էին հնչել Տարկովսկու հասցեին, թե ինչ կարիք կար Գիբարյանին հայ դարձնել ու նրան տիեզերք հասցնել: Վիրավորված ու նեղսրտած գանգատվել էր Տարկովսկուն և նրանից լսել՝ մեծապետական հիմարություն է, բանի տեղ մի դիր, ես եմ ուզել, որ հայ լինի և վերջ:

Մեծ արտիստի բազմատաղանդ լինելու ևս մեկ վկայությունն էր նրա գրական տարերքը, որը սկսվեց հուշագրությամբ: Իր ժամանակակիցների մասին խոհերն ու մտորումները գրական տեքստի վերածելն արտիստի գնահատմամբ նույն ստեղծագործական ընթացքն է, ինչպես թատրոնում կամ կինոյում՝ հոգու լարված ու տքնաջան աշխատանքը, որն ինչպես բեմում անտեսանելի է հանդիսատեսին, նույն կերպ և ընթերցողին է հասնում միայն գրավիչ ու էջերում թաքնված: Իր «Կանչ» գեղարվեստական հուշապատումում նա ամբողջացրեց իր կենսափիլիսոփայությունը, իր խոհերը ազգի, մշակույթի, կյանքի մասին և որպես իր ժամանակի ազնիվ վավերագիր հուշապատման էջերում ներկայացրեց հայ մտավորականության մի ամբողջ սերնդի: Գրքում կենդանանում են բեմի ու էկրանի վարպետները, որոնց հետ դերասանը կապված էր հոգու ու մտքի հարազատությամբ: Մեծ անհատականությունների Սոս Սարգսյանի պատկերասրահում՝ Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ներսիսյանը, Թաթիկ Սարյանը, Արմեն Գուլակյանը, Մհեր Մկրտչյանը, Հրանտ Մաթևոսյանն ու Տարկովսկին ներկայանում են միանգամայն նոր, մեզ անհայտ որակներով: Իր 80-ամյակի ելույթում նա ասել է՝ առանց դոնքիշոտների ու երազողների կյանքը կդառնա գորշ, անհետաքրքիր ու բազմաթիվ այլ երազանքների թվում առանձնացրել էր ևս մեկը.

«Ես երազում եմ, որ ինչ լինի, մենք չմոռանանք, որ թուրքերը 500 տարի ուզում են մեզ վերացնել: Թուրքը չի կարող մեզ սիրել, ավելի ճիշտ չի կարող մեզ չատել, քանի որ մենք մեծ վկան ենք նրա վայրագ էության: Ինչ էլ լինի, չմոռանանք էս փաստը, Եղեռնը, եթե մոռանանք և ավելի հզոր թափով չշարունակենք պայքարել, որ թուրքերն ընդունեն իրենց անմարդկային արարքը, ազգերը, ցեղերը, պետությունները մեզ կարհամարեն:

Ես երազում եմ, որ թուրքիայի հետ էս նոր գործընթացի մասին խոսելիս մենք չարտասանենք սահման բառը, մեր և դրանց միջև իրական սահմանը ուրիշ տեղ է...»

 

Հեղինակ՝ Նունե Ալեքսանյան